«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ԵՎ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ, ԵՎ ՔԵՄԱԼԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ, ԻՍԿ ՆՐԱՆՔ ԳՈՐԾՈՒՄ ԷԻՆ ՄԻԱՍՆԱԲԱՐ։»

sarkis hadsbanian_n

Սարգիս Հացպանեան

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ի՞նչ էր այդ ընթացքում կատարվում Թուրքիայում:

-Քեմալիստական շարժմանը հաջողվեց ոչ միայն 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում ստորագրված պայմանագիրը միջազգային փոխհարաբերություններում առ ոչինչ դարձնելուն անհրաժեշտ բոլոր քայլերը ճիշտ ժամանակին կատարել, այլև երիտթուրքական նախկին կադրերին Մալթայի աքսորից ազատելով, նրանց ստեղծվելիք հանրապետության հիմնադրման ակտիվ մասնակից դարձնել:

Քանի որ խոսքը հայ ժողովրդի համար իր պատմության ամենաճակատագրական ժամանակահատվածի երևի ամենակարևոր իրադարձությունը հանդիսացող Սևրի պայմանագրի մասին է, հարկավոր է, դրա չիրականացմանը նպաստող բոլոր անցուդարձերը թվարկելով, հիշել կատարվածը և անցյալի դասերը արժևորելով գնահատել մեր այսօրը:

-Ինչպե՞ս իշխանության եկավ Մուստաֆա Քեմալը:

-Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրները սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների հետ հաշտության պայմանագիր կնքեցին, որով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրև ազատ և անկախ պետություն։

1920-ի գարնանը քեմալականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ և բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։ Քանի որ Խորհրդային Ռուսաստանը պայքարում էր Անտանտի տերությունների (իմպերիալիստների) դեմ, Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, նրանց քաղաքական շահերը համընկնում էին։ Դրա հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920 թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ ընթանում էին Խորհրդային Ռուսաստանի և թուրքական պատվիրակությունների բանակցությունները: 1920 թվականի երկրորդ կեսը` օգոստոսից մինչև դեկտեմբեր, հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջաններից մեկն է: Ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան և ադրբեջանական ուժերը հարձակումներ էին իրականացնում Իջևանի, Դիլիջանի, Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի ուղղություններով: Փաստացի, Հայաստանը միաժամանակ ստիպված էր պատերազմել և՛ բոլշևիկների, և՛ քեմալականների դեմ, ու ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նրանք գործում էին միասնաբար:

-Բայց մինչ այդ ստորագրվել էր Սևրի պայմանագիրը, ինչո՞ւ այդ պայմանագիրը ոչինչ չփոխեց Հայաստանի համար:

-1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը և եթե կյանքի կոչվեր, Հայաստանի Հանրապետությունը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սակայն պայմանագիրը ոչ միայն մնաց որպես հայկական չիրականացված երազանք, այլև ստորագրումից ընդամենը մի քանի ամիս անց` դաշնակից պետությունների լուռ համաձայնությամբ և թուրք-բոլշևիկյան դավադրության պատճառով Հայաստանի առաջին Հանրապետությունը կործանվեց` տեղը զիջելով Խորհրդային Հայաստանին, որն էլ կարճ ժամանակ անց մաս կազմեց Խորհրդային Միությանը` կորցնելով անկախությունը: 1920 թվականի կեսերին Հայաստանի առաջին Հանրապետությունը ընդարձակվելով՝ դարձել էր 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով պետություն` ներառելով ոչ միայն այսօրվա Հայաստանի հողատարածքները, այլև Կարսը, Արդահանի մեծ մասը, Սուրմալուն և Նախիջևանը: Սակայն, մի կողմից, բոլշևիկյան կարգերի հաստատումը Ռուսաստանում, մյուս կողմից` քեմալական շարժումը, Հայաստանի համար ստեղծեցին քաղաքական նոր իրավիճակ: Ավելին` սկսվել էր բոլշևիկների ու քեմալականների սերտ համագործակցությունը, որը վերջնարդյունքում պետք է հանգեցներ Հայաստանի առաջին Հանրապետության կործանմանը:

Սևրի պայմանագրի ստորագրումից երկու շաբաթ անց, օգոստոսի 24-ին, Խորհրդային Ռուսաստանը Քեմալի հետ կնքեց «Բարեկամության նախնական համաձայնագիր», որով Ռուսաստանը պարտավորվեց Քեմալին տրամադրել մեծ ծավալի ռազմամթերք և ֆինանսական միջոցներ՝ «բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով»: Այդ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով (ոսկով), զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունն օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ Հայաստանի և Կիլիկիայի հայության և Պոնտոսի ու Անատոլիայի տարածքում ապրող հույների դեմ։ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց երկու զորեղ ուժերի՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի արանքում, իսկ Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև: 1920 թ. սեպտեմբերի 1-7-ին Կոմունիստական ինտերնացիոնալի որոշմամբ Բաքվում անցկացվեց Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որտեղ առավել քան տարօրինակ էր, որ բարձրացված հարցերից մեկը Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից հայկական սեպը վերացնելն էր։ Համագումարին մասնակցում էին Արևելքի 37 ազգեր ներկայացնող 2045 պատգամավորներ, Կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի, Եվրոպայի մի շարք կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների պատվիրակությունները։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի 101 պատգամավորներ։ Հայաստանի պատվիրակների զեկուցումներում արծարծվել են Հայաստանի տնտեսական և քաղաքական ծանր իրավիճակի, հայերի ցեղասպանության, թուրքական վայրագությունների, արևմտյան դիվանագիտության երեսպաշտության հարցեր։ Հնարավորինս մերկացվել են երիտթուրքերի և քեմալականների զավթողական ձգտումները։ Դատապարտելով երիտթուրքերի հակահայկական քաղաքականությունը՝ Կոմինտերնի գործկոմի ներկայացուցիչը համագումարում նշել է Բրեստի կոնֆերանսում թուրք ներկայացուցչի զայրացուցիչ վարքագծի, թուրք ազգայնականների կողմից պայմանագրով չբավարարվելու և Հայաստանի վրա արշավելու մասին։

Հայասպան Էնվերին չի թույլատրվել մասնակցել համագումարի նիստերին, սակայն նրա հայտարարությունը, այնուամենայնիվ, ընթերցվեց։ Համագումարի մի շարք պատգամավորների ելույթներում մերկացվեցին երիտթուրքերի և քեմալականների իրական նպատակները, որոշակիորեն նշվեց, որ քեմալական շարժումը ոչ ժողովրդական է և ոչ էլ կոմունիստական։ Համագումարին Էնվեր փաշային հրավիրելը առաջացրել էր նաև Եվրոպայի մի շարք երկրների կոմունիստ և սոցիալիստ կուսակցությունների տարակուսանքը։ Ինտերնացիոնալի պարագլուխներից Ժան Լուրեն սխալ էր համարել համագումար հրավիրել մեկին, «որի ձեռքերին միլիոնավոր հայերի արյուն կա»։ Համագումարի ընդունած որոշումներում և հայ պատվիրակների՝ համագումարին ներկայացրած փաստաթղթերում հայ ժողովրդի ազատագրական պայքարին և պատմական ճշմարտության վերականգնման ձգտմանը տրվել է ոչ ճիշտ, միտումնավոր գնահատական։ Հայաստանի Հանրապետության փորձերը հայկական հարցի լուծման ուղղությամբ գնահատվել են որպես «դաշնակ իմպերիալիստների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ», որոնք, իբր, ժողովրդին մղում են պատերազմի ընդդեմ «բուրժուական լծից ազատագրված Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովրդի»։ Խոշտանգված և կործանման եզրին հասցված Հայաստանը հայտարարվել էր «իմպերիալիստական»։ Հետագա իրադարձությունները` բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանը խորհրդայնացնելու ծրագիրը և քեմալական հարձակումը եկան հաստատելու, որ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի պետք է զոհաբերվեր «միջազգային իմպերիալիզմի գործակալ» Հայաստանը:

-Այսինքն՝ հետագա գործողությունները ելակետ ունեին «իմպերիալիզմի» դեմ ռուս-թուրքական դաշի՞նքը, որը քեմալականները բացահայտ խախտում էին:

-1920 թ. սեպտեմբերի 23-ին թուրքական բանակը առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա, նրանց զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ հարձակումներ սկսեցին Կողբի, Սարիղամիշի ու Օլթիի ուղղություններով: 1920 թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին։ 1920 թ. հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։ Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին 6000 հայեր։ 1920 թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին Հայաստանի համար։ 1920 թ. նոյեմբերի 23-ին կազմվեց նոր կոալիցիոն կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, էսէռների հետ։ 1920 թ. նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, երբ Կարմիր բանակը մտել էր Հայաստան, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարական էր տվել: Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած Հայաստանի Բյուրո-կառավարության պատվիրակության ղեկավարը Ալեքսանդր Խատիսյանն էր, որ քեմալականների սպառնալիքի տակ հրաժարվեց Սևրի պայմանագրից: Պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914 թ. դրությամբ Արևելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20000 քառակուսի կմ տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերի հունով։ Իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչև այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չէր կարող մասնակցել։

Մինչ Հայաստանը բզկտվում էր թուրքերի և ռուսների միջև, 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակում էր ավելի քան 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի քարտեզը, կնքելով և ստորագրելով բոլորիս հայտնի Իրավարար վճիռը: 1920 թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր՝ Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին։

-Ինչո՞ւ իրավիճակ չփոխվեց Հայաստանի խորհրդայնացումից հետո:

-1920 թ. դեկտեմբերից, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, իսկ Բաքվից Երևան հասած Հայհեղկոմը բարեկամական հարաբերություններ էր հաստատում և բոլշևիկյան Ռուսաստանի, և քեմալականների հետ, այդ «բարեկամությունը» Հայաստանին ոչինչ չտվեց: 1920 թ. դեկտեմբերին ռուսները ձերբակալեցին Հայաստանի բանակի 1000-ից ավելի սպաների, նրանց թվում էին Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով, ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։ 1921 թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ-Փիրումյանը։ Նրա եղբայր Պողոս (Պավել) Բեկ-Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց։

1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում բոլշևիկներն ու քեմալականները կնքեցին Մոսկվայի պայմանագիրը, վճռելով Նախիջևանի ճակատագիրը, իսկ նույն տարվա հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղը ևս դրվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:

1921 թ. մարտի 25-ին սկսվեց բոլշևիկների հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան։ Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց կռվի։

1921 թվականի հոկտեմբերի 13-ին մի կողմից` Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, ԱԽՍՀ և ՎԽՍՀ-ների և բոլշևիկյան Ռուսաստանի հետ Կարսում կնքվեց «եղբայրության և բարեկամության» պայմանագիրը, որով Թուրքիային հանձնվեց պարտված Հայաստանի Հանրապետության տարածքների կեսը՝ Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը: Պայմանագրի դրույթները պարտադրվել են Խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ: Խորհրդային Հայաստանին պարտավորեցվեց նաև հրաժարվել Սևրի պայմանագրից, «եղբայր ու բարեկամ» ընդունել Հայաստանին թշնամի մնացող քեմալական Թուրքիան: Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատեց վերջինիս դրույթները և սահմանեց Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև նոր սահմանները, որոնք կան մինչև այսօր: 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրված պայմանագիրը վավերացվել է 1922 թվականի սեպտեմբերի 11-ին` Երևանում:

Ահա և այն ամենը, ինչ կատարվեց Սևրի պայմանագրի ստորագրումից առաջ և հետո, առանց մեկնաբանության ներկայացնելն իսկ, համաձայնեք, սարսափելի ցավոտ է։

(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

 

http://www.irates.am

 

https://www.facebook.com/salexandrette/posts/797079763751229

Սարգիս Հացպանեան «Քեմալիստական շարժմանը հաջողվեց ոչ միայն 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում ստորագրված պայմանագիրը միջազգային փոխհարաբերություններում առ ոչինչ դարձնելուն անհրաժեշտ բոլոր քայլերը ճիշտ ժամանակին կատարել, այլև երիտթուրքական նախկին կադրերին Մալթայի աքսորից ազատելով, նրանց ստեղծվելիք հանրապետության հիմնադրման ակտիվ մասնակից դարձնել:

Քանի որ խոսքը հայ ժողովրդի համար իր պատմության ամենաճակատագրական ժամանակահատվածի երևի ամենակարևոր իրադարձությունը հանդիսացող Սևրի պայմանագրի մասին է, հարկավոր է, դրա չիրականացմանը նպաստող բոլոր անցուդարձերը թվարկելով, հիշել կատարվածը և անցյալի դասերը արժևորելով գնահատել մեր այսօրը:»

 

Սարգիս Հացպանեան

Սարգիս Հացպանեան «1920 թ. ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան և ադրբեջանական ուժերը հարձակումներ էին իրականացնում Իջևանի, Դիլիջանի, Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի ուղղություններով: Փաստացի, Հայաստանը միաժամանակ ստիպված էր պատերազմել և՛ բոլշևիկների, և՛ քեմալականների դեմ, ու ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նրանք գործում էին միասնաբար:»

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail