(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=19722)
09 Sep 2016 – ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ», Մովսէս Նաճարեան
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
ՅՕԴՈՒԱԾ «1»
Գիր, Գրանշան եւ Նշանագիր բառերի իմաստները ոսկեդարեան
մատենագրութիւնում, եւ դրանց սխալ թարգմանութեան
աւերիչ հետեւանքները պատմագրութեան մէջ:
(Կարդացուած 2003 թուականին՝ Վարդանանք ՀԿ-ի նախաձեռնած եւ նրա հետ համատեղ Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի կազմակերպած գիտաժողովում)
Մեր թարգմանութեամբ, Կորիւնի «Վարք Մաշտոցի» երկի նախաբանում կարդում ենք.-
«Մտածում էի առանձին մատենանշան յիշատակարան ծաղկեցնել այն մասին՝ թէ ե՞րբ եւ ո՞ւմ ժամանակում Ասքանազեան Ազգին եւ Հայաստան աշխարհին մատակարարուեց զօրութիւնը Աստուածապարգեւ գրի, եւ ինչպիսի՞ այրի միջոցաւ այսպէս նորոգատուր երեւաց Աստուածեղէն շնորհը»:
Ուշադրութեան արժանի առաջին խօսքը «մատենանշան յիշատակարան»-ն է, ինչից պարզւում է, թէ մատեաններում գրուածը կոչուել է «նշան» եւ ոչ թէ «գիր»:
Ուշադրութիւն գրաւող երկրորղ բառը «նորոգատուր»-ն է, որը Մանուկ Աբեղեանը թարգմանել է «նոր տրուած», մինչդեռ պէտք է լինի «նորոգուած ու տրուած», կամ էլ ըստ բառի ստուգաբանութեան՝ «նոր ոգիով» կամ «նոր շնչով տրուած», այլապէս՝ «նոր հնչիւնով տրուած», ինչից էլ իմանում ենք, թէ տառերը Մաշտոցի ժամանակ «հենց նոր», առաջին անգամ չէին տրւում մեզ, այլ նորոգուած՝ նոր իմաստաւորումով եւ հնչիւններով:
Այս երկու դիտողութիւնից անցնենք «գիր» բառի բովանդակութեանը:
Հնագոյն ժամանակներում «գիր»-ը չի՛ նշանակել «տառ»: Սրա ապացոյցներից մէկը սանսկրիտերէն «Gir» բառի «խօսակցութիւն» իմաստն է, ինչը յիշատակում է Աճառեանն իր «Հայոց լեզուի արմատական բառարան»-ում: ՆՀԲ-ը դա աւանդել է աղաւաղուած «Կիր» ուղղագրութեամբ՝ եւ «ձայն, հնչիւն» իմաստներով: Էդ. Աղաեանն իր հերթին՝ «Գրաբարի Քերականություն» գործում, իր անկեղծ զարմանքն է յայտնել այն մասին, թէ Դիոնիսիոս Թրակացու «Արուեստ» կոչուող քերականական երկը հայերէնի թարգմանողը տարբերել է գիր ու տառ հասկացողութիւնները:
Համեմատութեան համար յիշենք ռուսերէն «գրոմքը» (բարձրաձայն) բառը, որի «գր» արմատը հենց նոյն «գիր»-ն է, եւ բառը անմիջականօրէն առնչւում է ձայնին եւ հնչիւնին՝ եւ ո՛չ թէ տառին կամ գրութեան: Մեր օգտագործած «գրութիւն» բառը բաղկացած է «գր» եւ «ութիւն» մասերից, ուր «գր»-ը կամ «գիր»-ը հնչիւնն է ու խօսքը, իսկ «ութիւն»-ը այդ հնչիւնը կամ խօսքը մարմնաւորողն է ու պարունակիչը, այսինքն տառը, թուղթը կամ նիւթը: Անգլ. «gramophone»-ում «gramo»-ն հնչիւնը կրողն է, իսկ «phone»-ը հնչեցնողն է:
Բառի տառացի մեկնութիւնը մեզ հանգեցնում է նրան՝ որ «Գիր»-ը նախկինում իսկապէս նշանակել է «շունչ», «հնչիւն», եւ ապա «խօսք»: Սրա ամենացցուն ապացոյցներից մէկն է «Աստուածաշունչ» բառի «Սուրբ Գիրք» տարբերակը, որտեղ «Աստուած» բառը փոխարինուել է Աստուծոյ յատկանիշ «սուրբ»-ով, իսկ «գիր»-ը՝ «շունչ»-ով:
Այս փաստերը մեզ մղեցին նոր մօտեցումով ուսումնասիրելու տուեալ բառարմատի հետ կապուած հնագոյն բառակազմութիւններն ու արտայայտութիւնները:
Պէտք է նշել, որ նոյնիսկ Մաշտոցի ժամանակներում մեր լեզուի բառապաշարը իմաստաբանական աղաւաղման ընթացքի մէջ է եղել, ուստի «գիր» ասելով հասկացել են ե՛ւ հնչիւն, ե՛ւ խօսք, ապա նաեւ տառ: Հետեւաբար մեր հնագոյն մատենագրութեան մէջ բառը պէտք է վերծանել ըստ ածանցման, ըստ բարդութեան եւ ըստ հիմնական մտքին:
Բերենք օրինակներ:
Գրիգոր Լուսաւորչի ժամանակակից Զենոբ Ասորին (Գլակ-ը) պատմում է, թէ Տարօնի Եօթնակնեան մեհեանը գրաւելուց յետոյ՝ Գրիգոր լուսաւորիչն այնտեղ է թաղել առաքեալների մասունքները, եւ նրանց տապանաքարերի վրայ գրել տուել յիշատակարան:
Ապա ասում է.
«Զայս գրեցին ասորի եւ հելլենացի գրով եւ յոյն եւ իսմայելացի նշանաւ»:
Տուեալ խօսքը անհասկանալի է մնացել մասնագէտների համար, քանզի «գիր» բառի նախնական իմաստը չեն ընկալել:
Թարգմանենք.- «Այս (յիշատակարանը) գրեցին հելլենացի ու ասորի խօսքով (լեզուով)՝ եւ յունական ու իսմայելական տառերով»:
Փաստօրէն տապանաքարերի գրութեան լեզուն եղել է.
1. Յոյների հելլենական բարբառով՝ եւ ոչ թէ մի այլ բարբառով, բայց գրուել է յունական տառերով:
2. Երկրորդը եղել է ասորերէն լեզուով՝ բայց իսմայելացիների տառերով:
Խորենացու մօտ կարդում ենք.-
«Առ նա (սբ. Սահակ կաթողիկոսի մօտ – Մ.Ն.) եկեալ Մեսրոպ յաղագս խնդրոյ նշանագրաց Հայոց՝ եգիտ զնա առաւել եւս փափագող այնմ»:
Թարգմանենք. «Հայոց նշանների հնչիւնները փնտրելու (նպատակով նրա մօտ) եկած Մեսրոպ՝ նրան (սբ. Սահակին) գտաւ առաւել եւս փափագողը դրա»:
Պարզւում է, սուրբ Մ. Մաշտոց նախօրոք մտադրուել է գտնել Հայաստանում առկայ Հայոց գրութիւնների (նշանների) բանալիները (հնչիւնները):
Երրորդ օրինակը Կորիւնի երկի «Զ» գլխից է, որտեղ նա խօսում է Սուրբ Սահակի մասին.-
«Ապա ելանէր նոցա պարգեւական(ն) յամենաբարին Աստուծոյ՝ ժողովել աշխարհահոգ խորհուրդն երանելի միաբանելոցն, եւ ի գիւտ նշանագրաց Հայաստան՝ ազգին հասանել»:
Մանուկ Աբեղեանի թարգմանութիւնը.-
«Ապա ամենաբարի աստծուց պարգեւվեց նրանց՝ երանելի միաբանյալների աշխարհահոգ խորհուրդը ժողովել եւ հայ ազգի համար նշանագրեր գտնել»:
Աբեղեանն աւելորդ է համարել եզակի օգտագործուած «ելանէր» բայը, որովհետեւ չի կարողացել գտնել ենթական: Նաեւ «Հայաստան» անունը փոխարինել է «Հայ»-ով, ինչը անտեղի է, ուստի եւ աղաւաղուել է գրուածի իմաստը:
Մեր թարգմանութիւնը.-
«Ապա ամենաբարի Աստծուց նրանց պարգեւուածը (սուրբ Սահակ Կաթողիկոսը) ելաւ ժողովելու երանելի միաբանների աշխարհահոգ խորհուրդը, որպէսզի միասնաբար գտնէին ու ազգին հասցնէին Հայաստանի նշանների (տառերի-գրութիւնների) հնչիւնները»:
«Նշանագրաց» բառում «նշան»-ը հենց տառն է, իսկ «գիր»-ը հնչիւնն է, ուստի գիւտը վերաբերւում է նշան-տառերի հնչիւններին՝ եւ ոչ թէ անմիջականօրէն տառերին:
Մաշտոցի ժամանակներում Հայաստանում այդ գրա-նշանները կամ տառերը գոյութիւն ունեցել են, բայց նշանա-գրերը կամ նշանների հնչիւնները մոռացուել են քրիստոնէացման 100 տարիների ընթացքում:
Կորիւնը շարունակում է.-
«Բազում հարցուփորձի եւ քննութեան զանձինս պարապեցուցանել, եւ բազում աշխատութեանց համբերեալ՝ ազդ առնէին ապա եւ զկանխագոյն խնդրելին իւրեանց թագաւորին Հայոց, որոյ անուն կոչէր Վռամշապուհ»:
Մանուկ Աբեղեանը թարգմանել է.-
«Շատ հարցուփորձերով ու որոնումով պարապեցին եւ շատ նեղություններ կրեցին. հետո եւ իրենց առաջուց ուզած բանի մասին իմաց տվին Հայոց թագավորին, որի անունը Վռամշապուհ էր կոչվում»:
Զարմանք է պատճառում նախադասութեան բովանդակութիւնը: Շատ հոգնութիւններ կրելով արդեօք ինչի՞ շուրջ հարցուփորձ ու քննութիւններ են արել հաւաքուածները, ու ի՞նչ են որոնել:
Եթէ խորհրդի անդամները պիտի ստեղծէին գոյութիւն չունեցող մի այբուբեն, ապա միասնաբար պիտի խորհէին, խոկային ու տքնելով հնարէին ուզուածը: Մինչդեռ հարցուփորձն ու քննութիւնները այն մասին էին՝ թէ արդե՞օք մէկն ու մէկը ոեւէ բան գիտէր գոյութիւն ունեցող այդ նշանների շուրջ. կամ կա՞ր դրանք կարդալ իմացող որեւէ մէկը: Նոյն նպատակով էլ վերջում դիմում են թագաւորին, որովհետեւ հնարաւոր էր, որ նա ժառանգաբար մի բան իմացած լինէր:
Կրկին դիմենք Կորիւնին.-
«Յայնժամ պատմէր նոցա արքայն վասն առն ուրումն ասորւոյ եպիսկոպոսի ազնուականի՝ Դանիէլ անուն կոչեցելոյ, որոյ յանկարծ ուրեմն գրեալ նշանագիրս աղփաբետաց հայերէն լեզուի»:
Բոլորիս էլ պարզ է, թէ ոչ ոք յա՛նկարծ այբուբեն չի կարող ստեղծել, այն էլ իրեն ոչ հարազատ մի լեզուի համար:
Խօսքը վերաբերւում է վաղնջական ժամանկներից գոյութիւն ունեցող հայոց այբուբենի տառերի հնչիւններին (նշանա-գիրս), որոնք «յանկարծ գրեալ» էին, այսինքն «յանկարծ հնչեաþլ» էին Դանիէլ Ասորու կողմից: Նա՝ ինչպէս Շամպոլիոնը, յանկարծ կարողացել էր կարդա՛լ գրուածները, գտել էր դրանց հնչիւնները եւ ոչ թէ յանկարծ այբուբեն էր ստեղծել: Ուստի պարզւում է, որ «Դանիէլեան գրեր» (այբուբեն իմաստով) երբեւիցէ չեþն եղել, ու դրա շուրջ ստեղծուած աշխատութիւններն ու վիճաբանութիւնները անհեթեթ են:
Սակայն փաստը մնում է այն, որ Դանիէլ Ասորին չի կարողացել լիարժէք բացայայտել Հայոց հնամեայ այբուբենի հնչիւնային համակարգը, ու այդ պատճառով էլ Մաշտոց չի կարողացել ըստ էութեան օգտագործել Դանիէլի գտածոն: Հետեւաբար նա ստիպուել է անձամբ ուղեւորուել Եդեսիայ, ուսումնասիրելու այնտեղ պահպանուող հայկական դարաւոր մեհենական ու արքայական մատեանները, եւ ապա գտել է Հայոց գրանշանների ամբողջական բանալիները:
Խորենացին բերում է Թէոդոս II կայսեր ուղարկած պատասխան նամակի պատճենը՝ ուղղուած սուրբ Սահակ կաթողիկոսին, ուր կայսրը մեղադրում է Մեսրոպ Մաշտոցին՝ որ նա (հնագոյն այբուբենի) «իմաստները» գտնելու համար դիմել է ասորիներին եւ ո՛չ թէ յոյն ճարտարներին:
«… Մեղադիր եմք, զի արհամարհեալ զճարտարօքս որ ի մերում քաղաքիս՝ յԱսորեաց ոմանց խնդրեցեր զիմաստից գիւտս»:
Թարգմանենք.-
«Մեղադիր ենք, որ արհամարհելով մեր քաղաքներում գտնուող ճարտարներին՝ իմաստները գտնելու համար նա դիմել է Ասորիներից ոմանց»:
Մեսրոպ Մաշտոց լոկ կատարելապէս տիրապետելուց յետոյ Հայոց հնագոյն տառերի իմաստաբանական բովանդակութեանն ու կառուցուածքային խորհուրդներին՝ նոյն հիմքերով կարողացել է այս անգամ իսկապէս այբուբեն ստեղծել Վրաց ու Աղուանների համար:
Այդ հիմքերը ինչ որ չափով մենք եւս բացայայտել ենք՝ բխեցնելով Մաշտոցի «Յաճախապատում Ճառք» երկի տուեալներից, եւ կը ներկայացնենք ստորեւ:
Իսկ Եդեսիայում պահուող հայկական մեհենագրութիւնների մասին տեղեկացնում է Խորենացին:
Հայոց Արշակունեաց առաջին մայրաքաղաք Մծբինը ենթարկուել է ուժեղ երկրաշարժի: Այդ ժամանակի Հայոց Աբգար Արշակունի թագաւորը պարսպապատելով ու ամրացնելով Եդեսիայ քաղաքը՝ Մծբինից տեղափոխուել է այնտեղ, իր հետ տանելով նաեւ թագաւորական դիւանը: Յետագայում երբ Եդեսիան անցել է Հռովմէացիներին՝ նրանք այդտեղ են փոխադրել նաեւ Պոնտոսի Սինոպ քաղաքում գտնուող Հայոց քրմական դիւանը: Խորենացին ասում է. «Ոչ ոք չկասկածի ասուածներին՝ որովհետեւ մենք ինքներս ականատես եղանք դրանց»:
Վերջապէս՝
«Գրերի գիւտ» ասելով պէտք չէ հասկանալ «տառերի ստեղծում»՝ որովհետեւ «գիւտ»-ը դեռեւս չյայտնաբերուած բայց գոյութիւն ունեցող մի բանի յայտնագործումն է, եւ ոչ թէ ստեղծագործութիւն:
Երկրորդ, Կորիւնն իր ուսուցչին կոչել է թարգմանիչ՝ եւ ոչ թէ Հայոց գրերի ստեղծող, հետեւաբար ունենք «թարգմանչաց տօն»՝ եւ ոչ երբէք գրերի ստեղծման տօն:
Մատենադարանի համար 2618 ձեռագրում կարդում ենք.
«Ձայնաւորաց եւ եղանակաց թագ Դ գիր են՝ որ զայլ գիրսն ինքեան քարշեն եւ կապեն զեղանակս ձայնից»:
Այստեղ «գիր» կամ «գիրս» բառերը եթէ տառ հասկանանք՝ անհեթեթ մի նախադասութիւն կ՛ունենանք, որովհետեւ «ձայնն» ու «եղանակը» վերաբերւում են ականջին ու երաժշտութեան՝ եւ ո՛չ երբէք այբուբենի տառին:
Թարգմանենք.
«Ձայնաւորների եւ եղանակների թագը չորս հնչիւններն են՝ որոնք այլ հնչիւններին իրենց ետեւից են տանում, եւ ձայների եղանակները կապում են իրար»:
Ագաթանգեղոսը նկարագրում է Տրդատ Մեծի սբ. Գրիգոր Լուսաւորչին հասցրած տանջանքները, երբ թագաւորն ասում է.
«Զարմացեալ զարմացեալ եմ, եւ կարի քաջ. զիա՞րդ կեաս դու կենդանի եւ ոչ ինչ գրեցեր դու զցաւդ, եւ խօսիս եւս»:
Թարգմանենք. «Զարմանալով զարմացած եմ եւ քաջ մտահոգ՝ թէ ինչպէ՞ս ես դու կենդանի մնում, եւ ոչ մի կերպ չես արտայայտում ցաւերդ (չես գոռում, մղկտում, աղաղակում), այլ ընդհակառակը՝ դեռեւս խօսում ես»:
«Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի» բառարանում գտնում ենք մատենագրական օրինակներ՝ «գիր», «գիրն» եւ «գիրս» բառերի օգտագործմամբ, նրանց զանազանուող իմաստներով, այսպէս.
1.«Եւ գիրն գիր Աստուծոյ դրոշմեալ ի տախտակսն»:
Նշենք առկայ «գիր» եւ «գիրն» բառերի տարբերութիւնը:
Մեր սահմանումով «ն»-ն կոչել ենք «լուսապսակաւոր սերմ»՝ ելնելով սոյն տառի բաղադրիչ մասնիկների բովանդակութիւնից, ինչը «գիրն»-ի պարագայում նշանակում է «մարմնաւորուած սերմ», որտեղ «սերմ»-ը ներկայացնում է հենց գիր-հնչիւնի մի միաւորը, իսկ լուսապսակը՝ հնչիւնը մարմնաւորողն է, տառն է: Ուստի «գիրն»-ը պէտք է ըմբռնել «տառ»:
Մեր թարգմանութիւնը.-
«Եւ գրուածը (գիրն) Աստուծոյ խօսքն է (գիր), դրոշմուած տախտակների վրայ»:
2.«Ոչ կարէին զգիրն ընթեռնուլ»:
Թարգմ. «Չէին կարող գրուածը ընթերցել»:
3.«Խնդրէին ի մատեանսն ի գիրս հարցուփորձից»:
«Գիրս»-ի «ս»-ն «գիր-խօսքի» «սերմ»-ն է, բովանդակալի մի հատուածն է, եւ ոչ թէ տառ-գրութիւնը: Այստեղ «ս»-ն նաեւ յոգնակերտ մասնիկ է:
Մեր թարգմ. «Մատեաններում փնտրում էին հարցուփորձերին վերաբերուող խօսքերը»:
4.«Կերպաձեւեալ զգիրսն առ ձեռն պատրաստ մեսրոպայ»:
Խօսքը վերաբերւում է կերպարանք ու ձեւ ստացած (մարմնաւորուած) հնչիւնների սերմերին՝ այլապէս այբուբենին:
Մեր թարգմ. «Մեսրոպն իր ձեռքն առաւ հնչիւնները մարմնաւորող ձեւաւորուած պատրաստի տառերը»:
5.«Ողջիւնագիր»:
Նշանակում է «ողջիւնի խօսք»: Նամակ նշանակելու համար պիտի գրուէր «ողջիւնագիրն»:
6.«Բարեւագիր»:
Նշանակում է «բարեւի խօսք»: «Բարեւի գրութիւն» նշանակելու համար պիտի գրուէր «բարեւագիրն»:
7.«Եկն նմա գիր յԵղիայէ մարգարէէ»:
Մեր թարգմ. «Նրան խօսք (լուր) եկաւ Եղիայ մարգարէից»:
Բանաւոր է ուղարկուել լուրը՝ եւ ո՛չ թէ գրաւոր:
8.«Գիր սիրոյ, կամ հրամանի, կամ թախծանաց»:
Մեր թարգմ. «Խօսք սիրոյ, հրամանի, կամ թախիծների»:
Քանզի «թախծի գրութիւն» չի լինում՝ այլ «թախծի խօսք» է լինում: Բայց լինում է «թախծալի գրութիւն»:
9.«Ետուն նմա գիր վկայութեան՝ զի անծանօթ էր այրն»:
Մեր թարգմ. «Վկայութեան խօսք տուին նրան՝ քանզի անծանօթ էր մարդը»:
Այսինքն խօսելով ու վկայաբանելով՝ իր ինքնութիւնը հաստատելու առիթ են տուել մարդուն:
Նաեւ պարզ է, որ վկայութիւնը բերանացի է լինում եւ ոչ գրաւոր:
Գրաւոր վաւերաթղթին ասել են «վկայագիրն»:
10.«Գրեա՛ զայդ առ ի յիշատակ ի գիրս»:
Մեր թարգմ. «Գրի՛ր այդ՝ որպէս յիշատակելի իմաստուն խօսքի մասնիկ (սերմ)»: («Իմաստուն»-ը «ի գիրս»-ի «ի» նախդիրն է):
11.«Այս է գիր արարածոց»: Մեր թարգմ. «Այս է արարածների խօսքը, լեզուն»:
Եթէ նախադասութիւնը «անասուն մարդկանց» է վերաբերուել կամ «կենդանիներին»՝ ապա գրողը նկատի է ունեցել դրանց արտադրած բացականչութիւնները:
12.«Գրողը տանի»՝ նշանակում է «շնչողը տանի», այլապէս` (անձին) «շունչ ներշնչողը», Աստուած:
13.Միջին գրական հայերէնում գտնում ենք «ջնջագիր» արտայայտութիւնը, ինչը մասնագէտը մեկնել է «անգրել թուղթ» («չգրուած, մաքուր թուղթ» իմաստով), եւ նշել է արմատները՝ «ջինջ+ա+գիր»:
Նոյնպէս եւ մե՛ր կարծիքով այդ բառը կազմուած է «ջինջ=մաքուր» եւ «գիր» արմատներից՝ բայց նշանակում է «մաքուր խօսք», «բերանացի ասուած անկեղծ խօսք», ինչպէս պիտի ասէինք՝ «տղամարդու խօսք», հետեւաբար դա բերանացի ասուած «հաստատուն խօսք» է՝ եւ «թուղթ»-ը գոյութիւն չունի այնտեղ:
14.Գրաբարեան «Գրեա թէ» (համարէ թէ)՝ որից առաջացել է «գրեթէ» բառը, երբ «համարէ թէ»-ն «գրելու» հետ առնչութիւն չունի, բայց «ասենք թէ»-ի բովանդակութիւնն ունի, հետեւաբար խօսքի, ձայնի կամ մտածողութեան հետ է առնչւում:
15.Մաշտոցի «Յաճախապատում Ճառք» գրքում գտնում ենք.
«Եւ ոգիք կատարելոց՝ սիրելեաց Աստուծոյ, ուր եւ են՝ ի նորա սուրբ սիրոյն ի գիր կան»:
Այստեղ բացայայտօրէն «ի գիր կան»-ը նշանակում է «խօսում են, արտայայտւում են, պատմում են»: Այսինքն՝ «Աստծուն սիրելի կատարեալների ոգիները ուր էլ գտնուեն՝ Նրա սուրբ սիրով են մնում եւ Նրա սուրբ սիրոյ մասին են խօսում»:
16.Գտնում ենք նաեւ.
«Նոյնպէս եւ մարմինք ի նորա գիրսն կեալ՝ ի խնամոցն պահին, եթէ ի ցամաքի եւ եթէ ի ջուրս, ուր եւ իցեն»:
Խօսքը հանգուցեալների մարմինների մասին է, եւ վերաբերւում է հաւատացեալ հանգուցեալներին: «Մարմինք ի նորա գիրսն կեալ»-ը նշանակում է «Նրա (Աստուծոյ) խօսքով ապրածների մարմինները՝… Նրա խնամքներով են պահպանւում»:
«Ի գիրսն»-ի «ն»-ն «ի» նախդիրի հետ կազմում է գործիական հոլովաձեւը, ուստի բառահիմքը «գիրս» է, այսինքն՝ «խօսքեր»:
17.«Որդէգրել»-ը կամ «որդեգրել»-ը ընդհանուր առմամբ նշանակում է «որդի կոչել»՝ եւ ո՛չ թէ անպայման «որդի գրանցել»:
18.«Երկաթագիր մատեան»-ի «երկաթագիր»-ը ոչ թէ երկաթով քերուածն է՝ այլ «արեան գիրը կամ խօսքն» է, ուստի եւ այդպիսի մատեանը «արեան խօսքը» պարունակող»-ն է, հետեւաբար այբուբենն էլ արեան խօսքը մարմնաւորողն է (թերեւս արեան «կոդ»-ն է):
Քանզի «երկաթ»-ը «եր»-ի «կաթ» է՝ «արեան կաթիլ» է, ինչպէս «երակ»-ը «արեան ակ»-ն է, «երես»-ը «արեան ես»-ն է՝ արեան դրսեւորումը:
Անգլ. «Iron=երկաթ» բառի հիմքը «եր-ան» է, եւ նշանակել է «արիւն անող»՝ երբ երկաթ-մետաղը արեան հիմնական բաղադրիչն է:
«Երկաթ»-ը մատենագրութեան մէջ ունի նաեւ «շղթայ» իմաստը (բայց ոչ մետաղը, ինչպէս «պղնձեայ երկաթօք» արտայայտութեան մէջ), որի պարագայում «երկաթագիր»-ը համազօր է լինում նաեւ «շղթայագիր» բառին, «շղթայական խօսք»-ին` «առանց ընդհատումների խօսք»-ին: Հետեւաբար երկաթագիր(ն) մատեանները նրանք են՝ որոնք խօսքի մասերի բաժանում չունեն, ինչպէս անընդհատական արիւնը երակներում:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
www.magaghat.am/archives/36807