Աթեշյանի վիճելի խոսքերը

(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)

2015/02/26 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, Կ.ՊՈԼԻՍ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Ֆերիքյոյի (թաղամաս Ստամբուլում-Ակունքի խմբ.) Սուրբ Վարդանանց եկեղեցու անվանակոչությանը և «Վարդանանց» երգչախմբի հիմնադրման 83-րդ ամյակին նվիրված ընդունելության ժամանակ ելույթ ունեցած Պոլսո հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն անդրադարձել է բազմաթիվ խնդիրների` իսլամացած հայերից մինչև խառնամուսնություններ:

Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցու անվանակոչության օրը և «Վարդանանց» երգչախմբի հիմնադրման 83-րդ տարելիցը նշվել է կիրակի օրը` փետրվարի 15-ին, կայացած ընդունելության ժամանակ: Եկեղեցու «Նազար Շիրինօղլու» սրահում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ

Աթեշյանը, ով անդրադարձել է տարատեսակ հարցերի, այդ թվում` իսլամացած հայերի և խառնամուսնությունների թեմաներին:
Արքեպիսկոպոս Աթեշյանի ելույթի հիմնական շեշտադրումները հետևյալներն են.

«Հայ եմ ասելով` հայ չես դառնա»

«Ընդունենք թե ոչ` որպես համայնք հեռացել ենք մեր կրոնական հավատքից: Կրոնը ետին պլան է մղվել մեզ համար: Եթե հնարավոր է հայերեն խոսելով հայ դառնալ, ապա ինձանից շատ ավելի լավ հայերենով հաղորդակցվող մի շարք մահմեդականներ կան: Հա՞յ են նրանք: «Իմ մեծ մայրը հայ է եղել»… Քո մեծ հայրն էլ մուսուլման էր: Ո՞ւմ արյունն ես կրում դու: Հայը կրոնից անքակտելի մի ամբողջություն է: Եթե ուզում ես հայ լինել, կգաս կմկրտվես, Հայոց եկեղեցու անդամը կդառնաս և միայն այն ժամանակ կասես` «Ես հայ եմ»: Այդ հավատքի համար պատերազմներ են մղվել, այդ դավանանքի համար մինչև 20-րդ դարի սկիզբ զոհեր ենք տվել: Հիմա չենք կարող մեր պապերի թափած արյունը ժխտել»:

«2170 եկեղեցուց 42-ն են մնացել»

«Մեկտեղվել ենք` Վարդանանց եկեղեցու անվանակոչության օրը և եկեղեցու երգչախմբի հիմնադրման ամյակը նշելու նպատակով: Եկեղեցին ունի մեկ ու կես հարյուրամյակի, իսկ երգչախումբը` մեկդարյա պատմություն: Հայացք գցեք 1914 թվականի օրացույցներին. Օսմանյան կայսրության սահմանների ներսում կան հայկական 2170 եկեղեցիներ ու 100 դպրոցներ: Որտե՞ղ են այժմ դրանք: Մեր ձեռքին 42 եկեղեցի և 13 դպրոց է մնացել: Մեր դպրոցների և եկեղեցիների նկատմամբ Ձեր սերը ո՞ր չափանիշով է սահմանվում: Դրա՞նք էլ ենք մեր ձեռքից փախցնելու: Մեր պապերն իրենց զոհեցին` հանուն նրա, որ մեր եկեղեցիներն ու դպրոցները կանգուն մնան»:

«Խառնամուսնությունները սպիտակ ցեղասպանություն են»

«Եվրոպայում քրիստոնեությունը մեռած վիճակում է: Գնացեք Ֆրանսիա. դպրոցներում արգելված է խաչ կրել: Այստեղ մուսուլման երկրում ես. ուզածիդ չափ խաչ կրիր, ոչ ոք քեզ բան չի ասի: Այնինչ, մենք մեր իսկ հանդեպ սպիտակ ցեղասպանություն ենք իրականացնում: Խառնամուսնությունները սպիտակ ցեղասպանություն են: Օտարազգիներին մեր դպրոցներ, հաստատություններ ընդունելը ևս սպիտակ ցեղասպանություն է: Մենք մեզ ոչնչացրեցինք: Մի փոքր գիտակից լինենք»:

«Պարտավոր ես ապացուցել քո հայ լինելը»

«Հայաստանը մի քանի տարի է, ինչ քաղաքացիություն է շնորհում սփյուռքի բոլոր հայերին, սակայն` մկրտության մասին փաստաթղթի առկայության պարտադրանքով… Պարտավոր ես ապացուցել քո հայ լինելը: Չես կարող քաղաքացիություն ստանալ` «Ես հայ եմ»ասելով: Չես կարող քաղաքացի դառնալ` հայերեն խոսելով միայն: Հայաստանն ասում է` «Մկրտության մասին փաստաթուղթդ բեր, ապացուցիր քո հայ լինելը, որ քեզ քաղաքացիություն շնորհեմ»… Մենք ումից ի՞նչ ենք պահանջում: Աշակերտներից մկրտության փաստաթու՞ղթ ենք ուզում: Ղեկավար խորհրդի անդամներից մկրտության փաստաթու՞ղթ ենք պահանջում: Որտեղի՞ց ենք իմանում, թե ինչ է: Ասում է` «Հայ եմ», հայերեն է խոսում, հերիք է: Մեր կրոնն այդչափ էժանագին չպետք է լինի:

Եթե մենք հայ ենք, քրիստոնյա ենք, ապա պետք է պահպանենք մեր կրոնն ու ինքնությունը: Տեր կանգնենք մեր բոլոր ազգային և կրոնական արժեքներին: Թե չէ դատարկ խոսք է «Ես հայ եմ» ասելը: Այս հարցի շուրջ ասելիք շատ կա. մեր տառապանքները չափից դուրս շատ են: Սակայն այսօր այդքանով եմ բավարարվելու, քանզի այսօր ուրախության օր է: Շնորհավորում եմ «Վարդանանց» երգչախմբի յուրաքանչյուր անդամին: Միևնույն ժամանակ, քանի որ եկեղեցու անվանակոչության օրն է, շնորհավորում եմ նաև ղեկավար խորհրդին: Աստված ամուր պահի կանգուն մնացած մեր եկեղեցիները, քանզի 1915-ից հետո չափից դուրս շատ ենք եկեղեցի կորցրել»:

http://www.agos.com.tr/tr/yazi/10690/atesyandan-tartisilacak-sozler

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Աթէշեանի Վիճելի Խօսքերը
www.yerakouyn.com/?p=73845

Facebooktwitterredditpinterestlinkedinmail