2013/02/07 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹ:
Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններն ըստ շրջանների. առանձին անհատների դատաքննություններ
Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու
Հայերի կոտորածների կազմակերպիչների պատասխանատվության խնդիրը Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանների կողմից քննվել է նաև` ըստ Օսմանյան կայսրության տարբեր շրջանների: Գլխավոր դատավարությունները ներառյալ[1]` կարելի է արձանագրել շուրջ 63 առանձին դատական գործերի դեպքեր, որոնք բոլորն էլ հարուցվել էին հայերի տեղահանման ու կոտորածների (tehcir ve taktil) մեղադրանքով: Խոսքը միայն Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում կայացած դատավարությունների մասին է, քանի որ 1919-1921 թթ. նման դատաքննություններ են իրականացվել ոչ միայն Օսմանյան կայսրության մայրաքաղաքում, այլ նաև` տարբեր նահանգներում ու գավառներում[2]:
Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում քննված` Օսմանյան կայսրության տարբեր նահանգների և գավառների հայության տեղահանության և կոտորածների դատավարությունների մասին տեղեկություններ են պահպանվել տվյալ ժամանակաշրջանում այստեղ հրատարկվող ինչպես օսմաներեն, այնպես էլ հայալեզու, ֆրանսալեզու, հունալեզու և անգլալեզու մամուլում[3]: Շատ օրաթերթեր ամենայն մանրամասնությամբ ներկայացրել են Ռազմական արտակարգ ատյանում կայացած դատական նիստերի ընթացքը: Եղել են նաև պարբերականներ, որոնցում տպագրվել են միայն դատաքննության կարևոր հատվածների մասին հրապարակումներ:
Յոզղատի դատավարությունն առաջինն էր հայերի տեղահանության և զանգվածային սպանությունների մեղադրանքով հարուցված դատական գործերի շարքում: Դատը (18 նիստ) տեղի է ունեցել 1919 թ. փետրվարի 5-ից մինչև ապրիլի 7-ը: Կարծես թե ճակատագրի հեգնանքով որպես դատարանի դահլիճ էր ընտրված հենց այն վայրը, որտեղ 10 տարի առաջ Աբդուլ Համիդի ներկայությամբ հանդիսավոր կերպով բացվել էր օսմանյան խորհրդարանը[4]:
Մեղադրյալները սկզբնապես 3 հոգի են եղել` Յոզղատի մութասարիֆ (սանջակի կառավարիչ), Բողազլըյանի կայմակամ (գավառապետ) Քեմալը, Յոզղատի ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թևֆիկը և Յոզղատի վաքֆային վարչության նախկին պաշտոնյա Ֆեյյազ Ալին: 17-րդ նիստում վերջինիս գործն առանձնացվել է` հետագայում քննելու նպատակով, բայց մնացել է թղթի վրա[5]: Դատավճիռը կայացվել է ապրիլի 8-ին, համաձայն որի` ամբաստանյալներից Բողազլըյանի կայմակամ Քեմալը դատապարտվել է մահվան[6], իսկ ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թևֆիկը` 15 տարվա տաժանակիր աքսորի[7]:
Հարկ է նշել, որ Յոզղատի դատական նիստերի ժամանակ և, հատկապես, 1919 թ. փետրվարի 22-ի նիստում ընթերցվել են բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, հատկապես` ծածկագիր հեռագրեր, որոնց վավերականությունը հաստատելուց հետո է միայն ռազմական դատարանը մահվան դատապարտել Քեմալին[8]:
Դեռևս 1918 թ. դեկտեմբերի 12-ին Յոզղատի կառավարիչ (մութասարիֆ) Ջեմալ բեյը գրավոր ցուցմունքներ էր տվել հետաքննող հանձնաժողովին, համաձայն որոնց` տեղահանության գործի մեջ ընդգրկված էին եղել նաև տեղի ոստիկանները: Յոզղատ քաղաքից ու շրջակա գյուղերից տարագրված հայերը կոտորվել և բնաջնջվել էին ոստիկանների, հրոսակախմբերի ու բնակչության կողմից[9]:
Սույն դատաքննության առաջին նիստում (1919 թ. փետրվարի 5) դատախազն արձանագրել է, թե տեղի հայ բնակչության 1800 հոգուց ընդամենը 80 հոգին է ողջ մնացել[10]:
Յոզղատի դատավարության երրորդ նիստում հաստատվել է, որ Յոզղատի հայերի կոտորածներին տեղի բնակչության մասնակցությունն ապահովվել ու խրախուսվել էր մեղադրյալներ Քեմալի և Թևֆիքի կողմից: Այսպես` քաղհայցվորի ներկայացուցիչ Լևոն Ֆերիդը վկայել է. «Քեմալը հայոց ողբերգության թատերաբեմերից Գյուլլեր գավառակում (նահիեում)[11] կատարված կոտորածի առնչությամբ ասել էր. «Թատերական ներկայացման ենք գնում»: Մեղադրյալը, Գյուլլերի մահմեդական բնակչության ֆանատիկ զգացմունքները գրգռող ելույթ ունենալով, ապահովել էր, որպեսզի ջարդերին մասնակցեր նաև տեղի բնակչությունը: Քեմալը, տառապող ժողովրդի հեծեծանքները և տանջանքները դիտելով, նարգիլե էր ծխել, իսկ ժանդարմերիայի հրամանատար Թևֆիկը, ելույթ ունենալով, խրախուսել էր բնակչության մասնակցությունը կոտորածին և հրացանով անձամբ սպանել երեք հոգու»[12]:
Միևնույն նիստում Լևոն Ֆերիդը նշել է. «Կոտորածի թատերաբեմ դարձած Գյուլլերում 6000 հոգու սպանությունը հայտնի է այն դիակների շնորհիվ, որոնցից յուրաքանչյուրի մարմնի անդամները կտրատված են եղել որևէ տեղից: Դա հայտնաբերվել է բժշկական հանձնաժողովի կողմից կատարված դատաբժշկական զննումների շնորհիվ»[13]:
Նույն նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև բողոքական հայերի տեղահանությանը, ովքեր, ըստ օրենքի, չպետք է ենթարկվեին աքսորի: Քաղհայցվոր Հայկի համաձայն` «…երբ իր մայրը Քեմալ բեյին ասել էր, թե ինքը բողոքական է, և խնդրել տեղահանության չենթարկել իրեն, Քեմալը պատասխանել է, թե իր կարծիքով բոլորը մեկ են` բողոքական, թե կաթոլիկ. բոլորը հայ են և հեռանալու են»[14]:
1919 թ. փետրվարի 11-ին տեղի ունեցած չորրորդ նիստում հանդես է եկել վկա Արթինը, որը հայտնել է. «…հայերին ութ-ութ կապել են իրար և Յոզղատից դուրս տարել, խլվել են հայերի մոտ գտնվող թանկարժեք իրերը, դրամը, կողոպտիչները կանանց հարբեցրել են Օսման փաշա դերվիշների մենաստանի մոտակայքում, Յոզղատի մութասարիֆի տեղակալ, Բողազլըյանի կառավարիչ Քեմալ բեյը 500 հեծյալ ավազակախմբով եկել է Գյուլլեր, մահապատժի են ենթարկել նախ` քահանայի փոքրիկ երեխային, ապա` կնոջը և այնուհետև` քահանային, որից հետո Քեմալը, դուդուկ նվագելով, քաջալերել է մարդասպաններին` ասելով` «Դուք չգիտեք` ինչպես կոտորել»: Չեթեները (ավազակախմբերը) Քեմալ բեյի այս խոսքերից հետո սկսել են ամենայն դաժանությամբ կոտորել ամեն պատահածի»[15]:
Միևնույն նիստում, որպես վկա, ցուցմունքներով հանդես է եկել նաև Յոզղատի նախկին պատգամավոր Շաքիր բեյը, որը դատարանին հայտնել է, թե ինքը տեղի կառավարչին դիմել է հայերի կոտորածները դադարեցնելու համար, սակայն` ապարդյուն[16]:
Յոզղատի դատաքննության 1919 թ. փետրվարի 12-ի նիստում դատարանին տրված վկայությունների շարքում հիշատակման են արժանի հատկապես հայ վկա Օժենի Վառվառյանի ցուցմունքները, որոնք առնչվում էին նաև բռնի կրոնափոխման դեպքերին. «…Այդպես բերվեցինք Օսման փաշա դերվիշների մենաստան, այնտեղ էր գտնվում նաև յոզղատցի ոստիկան Նուման էֆենդին, և ահա այստեղ գտնվող Ֆեյյազ բեյն ու Նուման էֆենդին վերցրին մեզ մոտ գտնվող դրամները և հրամայեցին մեզ ուղարկել Ֆեներ: Գիշերը ինձ և մեկ-երկու աղջկա ևս ասացին` «Ձեզ մահմեդական ենք դարձնելու. մնացե’ք այստեղ», և պահեցին: Մյուսներին տարան 50-60 սայլերով: Այդ օրն այնտեղ էր նաև մեղադրյալ Քեմալ բեյը: Ձեռքին թուր` եկավ մեզ մոտ և հետևյալն ասաց իր մարդկանց. «Եթե դուք սրանց բոլորին էլ, ինչպես որ հարկն է, չսպանեք, ե’ս ձեզ կսպանեմ: Մի՞թե մեր մայրերն այսօրվա համար չեն ծնել մեզ: Դե’հ, ի՞նչ եք կանգնել, գնացե’ք, կոտորե’ք: 6 տարեկանից մինչև 70 տարեկան` բոլորի’ն կոտորեք»: Այնտեղ հենց իմ աչքի առաջ կոտորեցին բոլոր մարդկանց` ցորեն հնձելու պես, իսկ ինձ խլեցին մորս գրկից` սպանելու համար, ապա հարվածեցին գլխիս: Սպանվածների գրպանները դատարկեցին, երեկոյան մեզ տարան ուղիղ կայմակամություն (գավառապետարան): Այդ կառավարիչ Քեմալ բեյն այնտեղ մեկ անգամ ևս ծեծեց ինձ և սեփական ձեռքերով խլեց զգեստիս տակ գտնվող 1 լիրայի հասնող գումարը, ապա ուղեկցորդներին հրամայեց սպանել ինձ, սակայն վերջիններս ինձ փախցրեցին ու տարան Փուլ գյուղը, որտեղ Ադըգյուզել անվամբ մի ժանդարմ, ինձ իր հետ վերցնելով, տարավ Ինջիրլի գյուղը, այստեղ տասնապետ Ահմեդն ինձ 6 ամիս պահեց իր տանը, ապա ես փախա այն ախոռից, որտեղ ինձ փակել էին»[17]: Դատախազի այն հարցմանը, թե Օժենին ինչպես է ազատվել կոտորածից, վերջինս պատասխանեց, թե իսլամ է ընդունել և այդպիսով փրկվել մահից[18]:
Նույն նիստում հանդես եկած վկա Ազնիվ Իբրանոսյանը Ռազմական ատյանին հայտնել է, թե մոտ 860 տուն ոչ մահմեդական բնակչություն էր բռնագաղթեցվել, ինքն էլ էր եղել նրանց մեջ, մի մասն ուղարկվել էր Թաշփընար և այստեղ կոտորվել, իսկ մեղադրյալ Քեմալ բեյն իր ոճիրների համար վաստակել էր «մսագործ գավառապետ» (“kasap kaymakam”) մականունը[19]:
1919 թ. փետրվարի 15-ին կայացած 6-րդ նիստում վկա Ստեփանը ցուցմունքներ է տվել առ այն, որ նախ` Գյուլլեր, ապա` Էլեքչիլեր աքսորված հայերը կացիններով, քլունգներով և գերանդիներով սպանվել են տեղի գյուղացիների կողմից[20]: Վկան հայտնել է, որ ջարդին ներկա են եղել նաև ամբաստանյալները, և որ կոտորվել է իրենց ողջ գյուղը[21]: Նույն նիստում հայերի կոտորածների փաստը հաստատող վկայություններ է տվել նաև տիկին Աննիկը, որը նշել է, թե առաջին և երկրորդ քարավաններից առանձնացվել են տղամարդիկ, իսկ երրորդից` գեղեցիկ կանայք, և մնացած հայերը` կոտորվել[22]:
1919 թ. փետրվարի 18-ին կայացած 7-րդ նիստում հանդես եկած վկաներից Անկարայի 15-րդ կորպուսի հրամանատար, գնդապետ Հալիլ Ռեջային վկայել է, որ «ըստ մայոր Շահաբ բեյի[23] ստացած ծածկագիր-հեռագրի` Բողազլըյանում բնաջնջվել էին 2-ից 3 հարյուր հայեր»[24].
«Հալիլ Ռեջայի– Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովում էլ են ինձ հարցրել, թե Բողազլըյանից հեռագիր ստացել եմ, թե ոչ: Կարծեմ` նման մի հեռագիր է ստացել Շահաբ բեյը, այն վերաբերել է 2-3 հարյուր հայերի բնաջնջմանը: Հեռագիրն ինձ մոտ չէ: Այն պետք է որ Կայսերիից հղված լինի Անկարա:
Դատախազ– Ի՞նչ պատճառներից ելնելով է Ռազմական գերատեսչությունը զբաղվել տեղահանության խնդիրներով:
Հալիլ Ռեջայի– Տեղյակ չեմ: Ինձ նման հեռագիր հասավ, ես էլ այն հանձնեցի գլխավոր հրամանատարությանը: Շահաբ բեյից չեմ հարցրել պատճառների մասին: (…)
Դատախազ– Որտեղի՞ց է Շահաբ բեյը նման տեղեկություն ստացել:
Հալիլ Ռեջայի– Բողազլըյանից»[25]:
Նույն նիստում լսել են նաև ազգությամբ հույն վկա Հրիսթաքի Անդրեյադիսին, որը հանդես է եկել հետևյալ վկայությամբ. «331 թ. (1915) հուլիսի 24-ին` ուրբաթ առավոտյան, հրաման եկավ, և Ջեմալ բեյը[26] տեղահանությունն սկսեց: Աքսորյալների առաջին խումբը հաջորդ օրը տարագրվեց Սըվաս: Երկրորդ խումբը նույնպես Սըվաս ուղարկվեց: Հայերի երրորդ խումբն աքսորվեց Կայսերի: Այդ ժամանակ Միություն և առաջադիմություն կուսակցության պատվիրակը[27] հայերին բնաջնջելու վերաբերյալ բանավոր հրամաններ տվեց: Ջեմալ բեյը չհամաձայնեց դրան: Գնաց Չորում: Լսեցինք, որ պաշտոնից հեռացվել է. նրան փոխարինեց Քեմալը: Լսեցինք, որ բնաջնջվել են միայն Բողազլըյանի հայերը: (…)
Այնուհետև ժողովրդին զույգ-զույգ տարել են Բաղլըջայի և Բեզլիհանի կողմերը: Լցրել են մի փարախի մեջ, որի շուրջը ճահճոտ է եղել, և այնտեղից երեք-երեք կամ հինգ-հինգ հանելով` սպանել: Փախած-թաքնվածներին էլ բացահայտելու նպատակով ասել էին, թե իսլամ ընդունածները փրկվելու են, սակայն երբ փախածները դուրս էին եկել իրենց թաքստոցներից, նրանց էլ էին կոտորել»[28]:
Յոզղատի դատաքննության 9-րդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. փետրվարի 22-ին, դատարանի նախագահ Հայրեթ փաշան դատական քարտուղարին խնդրել է ընթերցել մի շարք ծածկագիր հեռագրեր, որոնցից մեկում դիվիզիոնի հրամանատարը կորպուսին էր հաղորդում Բողազլըյանում 1500 հայերի սպանության մասին, իսկ մյուսում, որը կրում էր 207 համարը, նշվում էր, որ Բողազլըյանում և շրջակա բնակավայրերում բնաջնջվել էին 360 հայեր[29]:
Սույն դատական գործընթացի 10-րդ նիստում, որը կայացել է 1919 թ. մարտի 5-ին, վկաներից ունկնդրության է արժանացել Թոքաթի մութասարիֆը, որը ասել է, թե հայերի սպանությունների փաստը հայտնի է եղել բոլորին[30]:
Նույն նիստում, որպես վկա, ունկնդրության է արժանացել նաև վարչական տեսուչ Նեդիմ բեյը, որը հայտնել է, թե ըստ իրեն հասած խոսակցությունների` տարագրված 140 հոգանոց հայկական քարավանին գիշերը փակել են մի փարախում և գավազաններով ոչնչացրել: Վկան նաև շեշտել է, որ հայերին աքսորել են որոշ գյուղերից, և որ ճանապարհին նրանք ենթարկվել են ավազակախմբերի (çete) հարձակումներին[31]:
Այս նիստում ևս ընթերցվել է Շահաբ բեյի ցուցումը, ըստ որի` Բողազլըյանի տեղահանության ժամանակ կատարվել են սպանություններ և չարաշահումներ: Ներկայացվել են ևս երկու ցուցում: Դրանցից առաջինում, որը հաղորդվել էր ժանդարմերիայի կողմից, նշվում էր, թե 36 հայերից 11-ը սպանվել էին հրոսակախմբերի կողմից, և մյուսները կոտորվել էին հետագայում, իսկ երկրորդը, որի վրա նշված էր «գաղտնի» բառը, վերաբերում էր Բողազլըյանի տեղահանությանը[32]:
Յոզղատի դատավարության ընթացքում բացահայտվել է, որ հայերի քարավանները հսկելու նպատակով պետության կողմից ուղարկված մարդիկ ևս տեղի բնակչությանը հրահրել են հայերի դեմ: Այսպես` 1919 թ. մարտի 24-ի նիստում դատախազ Հարալամբո Էֆենդին ամբաստանյալ Քեմալին հարցել է, թե հայերի քարավանները հսկելու և կարգուկանոնը պահպանելու նպատակով ուղարկված Աբդուլլահը ինչու էր խառնակչություններ հրահրել բնակչության մեջ: Դատախազը եզրակացրել է, թե պետական պաշտոնյաների առկայության պայմաններում պետության կողմից նման անձանց ևս ուղարկելը հատուկ նպատակ էր հետապնդել[33]:
Ամբաստանյալ Քեմալ բեյի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն` ինքը ստորադասներին հրամայել էր տեղահանությանը վերաբերող հրամանների մի մասն ընթերցելուց հետո այրել: Այդ մասին Քեմալին հիշեցվել է նաև 1919 թ. մարտի 24-ի նիստում: Թեև Քեմալ բեյը փորձել է հերքել իր իսկ ցուցմունքը, սակայն դատախազ Հարալամբո էֆենդին հաստատել է այդ փաստը[34]:
Միևնույն նիստում դատարանի նախագահի կողմից հիշատակվել է Յոզղատի հոգևոր առաջնորդի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` մյուֆթին փորձել էր խրատել Քեմալին, իսկ վերջինս ասել էր. «Դու կառավարությունից բարեգու՞թ ես»[35]:
Սույն դատաքննության ընթացքում ամբաստանյալները փորձում էին իրենց արդարացնել` վկայակոչելով կառավարության կողմից ստացված հրամանները: Դատալսումների ընթացքում նրանց տված ցուցմունքների համաձայն` կառավարությունը գոյության միջոցներ չէր տրամադրել հայերի քարավաններին[36]:
Յոզղատի դատավարության 1919 թ. մարտի 27-ի նիստի ժամանակ նույն փաստարկով է իրեն փորձում արդարացնել ամբաստանյալներից Քեմալ բեյը[37]:
Միևնույն նիստում դատարանին ցուցմունքներ տված վկա Մեհմեթ բեյը, որն անգլոհպատակ գնդապետ էր, հայտնել է, թե ինքն անձամբ է տեսել, թե ինչպես են կացիններով ու դաշույններով հայերին կոտորում[38]: Մեհմեթ բեյը նշել է, որ հայերին կոտորել են Քարաքուշ լեռնահովտում[39]:
Դարձյալ 1919 թ. մարտի 27-ի նիստում հանդես եկած վկա Սկյուտարի մութասարիֆ Մեհմեթ Ալի բեյը չի բացառել հայերի կոտորածներին պաշտոնյաների և տեղի բնակչության մասնակցության հավանականությունը, սակայն ըստ վկայի ցուցմունքի` դա հնարավոր էր կառավարության կողմից տրված գաղտնի հրամանի դեպքում միայն[40]:
Նույն նիստում նաև ընթերցվել է ամբաստանյալ Թևֆիկի ստորագրությունը կրող մի տեղեկագիր, որում մասնավորապես առկա էր «Հայերի արմատը չորացնել» արտահայտությունը[41]:
Տրապիզոնի դատական գործը (20 նիստ) տեղի է ունեցել 1919 թ. մարտի 26-ից մինչև մայիսի 20-ը: Դատավճիռը կայացվել է մայիսի 22-ին: Դատին ներկա գտնվող ամբաստանյալները 7 հոգի էին` Մուստաֆա Նուրին, Մեհմեդ Ալին, Յուսուֆ Ռըզան, կայմակամ Թալեաթը, Ալի Սայիբը, Նիազին և Նուրին: Տրապիզոնի դատավարության 16-րդ նիստում Յուսուֆ Ռըզայի գործն առանձնացվել է ու հետագայում քննվել Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատական գործում: Տրապիզոնի դատավարության ընթացքում հեռակա կարգով քննվել են նաև Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի և կուսակցության պատասխանատու քարտուղար Նայիլ բեյի գործերը: Դատավճռի համաձայն` Ջեմալ Ազմին և Նայիլը հեռակա կարգով դատապարտվել են մահվան, Մեհմեթ Ալին` 10, իսկ Մուստաֆան և Նուրին` մեկական տարվա ազատազրկման[42]: Դատարանի կազմը, Նիազիի և Թալեաթի մեղավորությունը հաստատող փաստերը շրջանցելով, արդարացրել է նրանց[43], իսկ առողջապահության տեսուչ Ալի Սայիբի դատաքննությունը, իբրև թե «որոշակի հանցանշան չլինելու պատճառով», կարճվել է: Հարկ է նշել, որ Ալի Սայիբը մեղադրվում էր ոչ միայն հայ երեխաների սպանության, այլ նաև` տիկին Արսլանյանի զարդեղենը հափշտակելու մեջ: Ալի Սայիբին ներկայացված մեղադրանքների մեջ կար նաև մեկ այլ` շատ ուշագրավ մեղադրանք, ըստ որի` Ալի Սայիբը հիվանդանոցում թունավորել էր Վարդան անվամբ ռուսահպատակ մի հայի[44]: Հետագայում նրա դեմ առանձին դատաքննություն է կատարվել` Տրապիզոնի Կարմիր մահիկ հիվանդանոցում գազի և այլ միջոցներով հայերի թունավորման մեղադրանքով[45]:
1920 թ. հոկտեմբերին ավարտվել է Տրապիզոն նահանգի Յոմրա գավառի հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունը[46]: Սույն դատական գործի մեղադրյալներն են եղել հարյուրապետ Թևֆիքը, կրտսեր լեյտենանտ Սալիմը և ստամբուլցի Մուհլիսը: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` Թևֆիքը դատապարտվել է 10 տարվա տաժանակիր աքսորի: Մյուս մեղադրյալների դատավարությունը շարունակվել է: Յոմրայի դատավճռում նշվել է, որ Թևֆիքը 1915 թ. հունիսի 15-ին տեղահանության մասին 19 կետից բաղկացած մի հրահանգագիր է ստացել Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիից: Հարկ է ընդգծել, որ Յոմրա գավառի դատավարության ժամանակ հանդես եկած վկաների մեծ մասը եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր վկայել են, թե այստեղ հայերին լցրել են մակույկները և Սև ծովում խեղդամահ արել[47]:
Տրապիզոնի դատավարության մեղադրյալներից բժիշկ Ալի Սայիբի առանձնացված գործը քննվել է 1919 թ. հուլիսի 8-ից դեկտեմբերի 21-ը: Ալի Սայիբը մեղադրվում էր Տրապիզոնի Կարմիր մահիկ հիվանդանոցում գազի և այլ միջոցներով հայերի թունավորման մեջ[48]: Սույն դատաքննության նիստերում ունկնդրության արժանացած վկաները հայտնել են, թե ըստ իրենց հասած տեղեկությունների` ամբաստանյալը մորֆինով թունավորել էր հայ երեխաներին և պարկերի մեջ լցնելով` սպանել նրանց: Ավելին` դեռևս դատի առաջին նիստում (1919 թ. հուլիսի 8) մեղադրյալի դեմ ուղղված զեկուցմամբ հանդես եկած բժիշկ Զիյա բեյը վկայել է, որ Ալի Սայիբը մանուկներին սպանել էր ներարկման միջոցով, ապա պարկերը լցնելով` ոչնչացրել: Չնայած այս բոլոր վկայություններին` դատարանն արդարացրել է մեղադրյալին` վերոնշյալ մեղադրանքները հաստատող ականատես վկա չգտնվելու հիմքով[49]: Բժիշկ Ալի Սայիբի արդարացումը Ռազմական ատյանի կողմից մեկն է այն բազմաթիվ օրինակներից, երբ դատարանն ազատ է արձակել մեղադրյալին` չնայած վերջինիս մեղավորությունը հաստատող փաստերին ու վկաներին: Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի հրահանգով Ալի Սայիբի կատարած թունավորումների և սպանությունների մասին իրենց ուսումնասիրություններում վկայում են նաև հայ հետազոտողներ Ս. Ակունին, Մ. Գուշակճյանը և ուրիշներ: Այսպես` Ակունին Ալի Սայիբին տալիս է մանկասպան բնորոշումը[50], իսկ Գուշակճյանը հայտնում, որ Տրապիզոնի հույների մետրոպոլիտի խնդրանքով նրա մոտ հավաքված մոտ 600 որբացած հայ երեխաները մանկատներում տեղավորվելու պատրվակով խլվել են մետրոպոլիտի ձեռքից, նրանցից 150-ին անձամբ թունավորվել է բժիշկ Ալի Սայիբը, իսկ մնացածները հանձնվել են մակույկավարների պետ Բայրաքթարօղլի Ռահմիին, որը երեխաներին լցրել է պարկերը և ծովում խեղդամահ արել[51]: Բացի այդ` Տրապիզոն նահանգի տեղահանության և կոտորածների դատաքննության համար կազմված մեղադրական ակտում նշվում էր, որ Ալի Սայիբին պետք է մեղավոր ճանաչել «հայ երեխաներին մեծ կողովներով տեղափոխողների հանցագործ գործողություններին աջակից լինելու մեջ»[52]: Ինչ վերաբերում էր թունավորման դեպքերին, սույն ամբաստանագիրը կազմած դատախազ Ֆերիդունը թույների տեսակը պարզելու համար առաջարկում էր կատարել դատաբժշկական փորձաքննություն` տեղում դիազննություն կատարելով[53]:
Հարկ է նշել, որ Տրապիզոնի հիվանդանոցում հայերի թունավորման դեպքերի կապակցությամբ 1921 թ. հունվարին դատական գործ է հարուցվել նաև բժիշկ Ավնիի դեմ, որի դատավարության ընթացքի վերաբերյալ մամուլում տեղեկություններ չեն հաղորդվել[54]:
Տրապիզոնի դատական նիստերի ընթացքում լսված վկայությունների շնորհիվ լիովին հաստատվել է, որ այստեղ տեղի ունեցած ջարդերը, թունավորումները, ջրախեղդ անելու գործողություններն ուղղորդվել են Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի կողմից, որն իր հերթին հրահանգներ էր ստացել կենտրոնական կառավարությունից[55]:
Սույն դատավարության ընթացքում մեղադրյալներն անգամ չէին թաքցնում, որ հայերի կոտորածների կազմակերպիչների մեծ մասը դեռ չէր ձերբակալվել, և հազարավոր հայասպաններ էին գտնվում ազատության մեջ: Օրինակ` ամբաստանյալներից Նիազին Տրապիզոնի դատաքննության 1919 թ. մարտի 26-ի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ձեզ ավելի հարմար է բոլոր գավառներում մեկական հետաքննիչ հանձնաժողով կազմել և մեզ պես անմեղների դատել` այն դեպքում, երբ հազարավոր մարդասպաններ ազատ թրև են գալիս»[56]:
Տվյալ դատաքննության ընթացքում բազմաթիվ վկայություններ են եղել հայերի քարավանների` ճանապարհներին կոտորածների ենթարկված լինելու և ծովում ջրահեղձ արվելու մասին: Մասնավորապես 1919 թ. ապրիլի 1-ին կայացած նիստում հանդես եկած վկաներից Նևարեթի ցուցմունքների համաձայն` հայերի քարավանները «պաշտպանելու» նպատակով որպես ուղեկցորդ էր նշանակվել 50 ժանդարմ, որոնք, սակայն, ճանապարհին սպանդի էին ենթարկել անդամալույծ և ուժասպառ հազարավոր մարդկանց, իսկ պարկերի մեջ լցված երեխաներին` գետերում խեղդել[57]:
Դատաքննության 1919 թ. ապրիլի 3-ի նիստում ընթերցվել է քաղհայցվոր Սիրանուշի գրավոր ցուցմունքը, ըստ որի` Միություն և առաջադիմություն կուսակցության որոշ անդամներ կոտորել էին հայ տղամարդկանց[58]: Միևնույն նիստում ներկայացվել է նաև մեկ այլ քաղհայցվոր կնոջ ցուցմունքները, համաձայն որոնց` Ջեմալ Ազմիի հրահանգով Քումքալե ուղարկելու պատրվակով ձերբակալված տղամարդկանց ոչնչացրել էին` մի մասին գնդակահարելով, իսկ մյուսներին` ջրախեղդ անելով[59]: Քաղհայցվորը նշում էր նաև, որ ռուսահպատակ Վարդանին թունավորել էին հիվանդանոցում, հայ երեխաների մի մասին ուղարկել Դեյիրմենդերե գետի ուղղությամբ, իսկ մյուս մասին, Նիազիի ղեկավարությամբ նավակներով հեռացնելուց հետո, ծովն էին նետել[60]: Նույն նիստում մեղադրյալներից գավառապետ Թալեաթն իր զարմանքն է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ վերոհիշյալ քաղհայցվորը տեղյակ է եղել նման կարևոր որոշումների մասին, քանի որ, ըստ ամբաստանյալի, «այդ գործը խիստ գաղտնի բնույթ է կրել»[61]:
Դատավարության 1919 թ. ապրիլի 7-ի նիստում ունկնդրության արժանացած ֆրանսահպատակ վկա Վիտալիի ցուցմունքների համաձայն` Տրապիզոնից բռնագաղթեցվել էր մոտ 18.000 հայ[62]: Այս նիստում նույն վկան դատարանին հայտնել է, որ ինքը սեփական աչքերով էր տեսել, թե ինչպես էին հայ երեխաներին, տակառների մեջ լցնելով, ծովը թափում: Ըստ Վիտալիի` ծովի ալիքները երբեմն ցամաք էին բերում այդ անմեղ մանուկների դիակները: Ափ նետված երեխաների դիակները հավաքող մի հույն կին, որը նրանց վզերից խաչեր էր կախել և թաղել նրանց, կասկածվել էր տեղի իշխանությունների կողմից: Վերջիններս հրամայել էին բացել հողը և դուրս հանել մանուկների դիակները, իսկ հույն կինը նույնիսկ ձերբակալվել և խոշտանգման էր ենթարկվել իր արարքի համար[63]:
Հաջորդ նիստում, որը կայացել է 1919 թ. ապրիլի 8-ին, ազգությամբ ֆրանսիացի վկա Փերլորանը հայտնել է, որ տեղահանությունը Տրապիզոնում կատարվել է 5 օրվա ընթացքում և թաղամաս առ թաղամաս, և հայերի իրերը խլվել են նրանցից` սահմանից դուրս գալուն պես[64]:
1919 թ. ապրիլի 12-ի նիստում վկայությամբ հանդես եկած ժանդարմերիայի ավագ լեյտենանտ, հայերի տեղահանության համար պատասխանատու հրամանատար Մյունիբը ցուցմունքներ է տվել առ այն, որ Պետական պարտքի գրասենյակի տրապիզոնյան մասնաճյուղի պաշտոնյայից իրեն հասած տեղեկությունների համաձայն` հայերին բեռնավորել են լաստանավերը և ծովը նետելով` խեղդել[65]:
1919 թ. ապրիլի 19-ի նիստում վկաներից ցուցմունքներ է տվել Վիրժին Օդաբաշյանը (Նայիլե)[66], որը վկայել է. «Հայերը տարագրուելէն յետոյ, 30-40-ի չափ 2-3 ամսու և 2-4 տարեկան տղաք Ամերիկեան վարժարանը լեցուցին և զիս ալ հսկող կարգեցին: Այս քառասուն պզտիկներուն օրական միայն երկու տուփ կաթ կուտային, այնպէս որ շատերը անօթութենէ մեռան: Օր մը Տոքթ. Ալի Սաիպ եկաւ և ըսաւ թէ «ես գիտեմ ասոնցմէ ազատուելու ճարը» ու անմիջապէս երկու քիւֆէ[67] բերել տալով, պզտիկները խամսի ձուկի պէս իրարու վրայ լեցուց և հրամայեց որ տանին ծով թափեն: Հազիւ 2-3 հոգի լեցուած, ես հեռացայ, չկրնալով դիմանալ անօթի ու անսուաղ պզտիկներու լաց ու կոծին»:
Ինչպես իրավամբ նկատում էր «Ճակատամարտ» օրաթերթը, դատարանի նախագահն այս վկայության առնչությամբ հանդես էր եկել տարօրինակ դիտողությամբ. «Ի՞նչ պէտք կար պզտիկները ծովը թափելու, միթէ չէի՞ն կրնար անօթութենէ մեռցնել զանոնք»[68]:
Սույն դատաքննության ընթացքում որպես վկա ցուցմունքներով հանդես եկած բարձրաստիճան պաշտոնյաներից պետք է հատկապես առանձնացնել Վանի նախկին նահանգապետ Նազըմ բեյին և Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ավնի փաշային: Վանի կուսակալը 1919 թ. ապրիլի 30-ի նիստում դատարանին տեղեկություններ է տվել Ջեմալ Ազմիի կատարած բռնությունների, ինչպես նաև` Նուրի և Մեհմեթ Ալի բեյերի` մի հայ կնոջ ու երեխաներին ջրահեղձ անելու մասին[69]: Ըստ Նազըմ բեյի` 18 հայ ծերունի էլ ջրախեղդ էին արվել Օրդուի գավառապետ Ֆայիքի հրամանով[70]:
Նույն նիստում վկայություններ է տվել նաև Տրապիզոնի Վերաքննիչ դատարանի նախագահ, Լքյալ գույքի հանձնաժողովի անդամ Հիլմի բեյը, ըստ որի` տարագրված հայերը բնաջնջվել են ճանապարհներին և խեղդամահ արվել ծովում[71]: Միևնույն նիստում դատարանի նախագահը շեշտել է «ողբերգական դեպքերին» տեղի դատախազի միջամտության անհրաժեշտությունը, որին ի պատասխան` վկա Հիլմի բեյը նշել է, որ դատախազը չէր կարող միջամտել[72]:
Նույն օրը հայերի` մակույկավարների պետ Յահյայի[73] կողմից ջրախեղդ արվելու մասին վկայություններ է տվել Տրապիզոնի Ռազմական առաքումների հանձնաժողովի նախագահ Էթհեմը[74]:
1919 թ. մայիսի 5-ին ընթերցվել է ռազմածովային նախարար Ավնի փաշայի գրավոր վկայությունը, համաձայն որի` Ջեմալ Ազմին հայերին կոտորելու նպատակով հատուկ ավազակախմբեր էր կազմել ու սպանել տվել հայ բժիշկներին և առողջապահական պաշտոնյաներին[75]:
Տրապիզոնի դատավարության ընթացքում գրանցվել է մեկ այլ հետաքրքիր վկայություն, որը վերաբերում էր Կովկասից գաղթած մահմեդական և քրիստոնյա վրացիների` հայերի կոտորածներին մասնակցելուն: Ըստ «Ժողովուրդի ձայնը» օրաթերթի` Տրապիզոնի դատավարության 14-րդ նիստում (1919 թ. մայիսի 5) ընթերցված ռազմածովային նախարար Ավնի փաշայի գրավոր վկայության համաձայն` Կովկասից Տրապիզոն գաղթած քրիստոնյա և մահմեդական վրացիներից այստեղ կազմվել էր “Légion géorgienne” («Վրացական լեգեոն») անունը կրող հատուկ մի գունդ, որը ճանապարհներին հարձակումներ էր գործել հայերից բաղկացած քարավանների վրա[76]:
Նույն նիստում ցուցմունքներ տված Հյուսեյինի խոսքերով` Տրապիզոնի գլխավոր բանտապահ Սուլեյմանը հրոսակախմբեր էր կազմել` հայերին կոտորելու նպատակով, իսկ Օրդուի գավառապետ Ֆայիքը 2 «մավունա»[77] կին ու երեխա ջրախեղդ անելու հրաման էր տվել: Ականատեսը հայտնում էր, որ նրանց լաստանավ էին նստեցրել իբրև թե Սամսուն ուղարկելու պատրվակով, մինչդեռ հաջորդ օրը ծովեզերքը լցված էր եղել նրանց դիակներով[78]: Հայերին և հույներին ջրահեղձ անելու միջոցով ոչնչացնելու մասին վկայություններ է տվել նաև Լազիստանի, Ջանիկի և Տրապիզոնի շրջանների հետաքննությամբ զբաղված դատական քննիչ Քենանը, ըստ որի համոզմունքի` վերոնշյալ դեպքերի հեղինակն է եղել հենց ինքը` նահանգապետը[79]:
1919 թ. մայիսի 13-ի նիստում վկաներից ունկնդրության է արժանացել Հատուկ կազմակերպության ղեկավարներից գերմանացի փոխգնդապետ Շթանգեի համհարզն ու թարգմանիչը եղած հեծելազորային լեյտենանտ Հարուն բեյը, որը ցուցմունք է տվել այն մասին, թե ինքը լսել է հիվանդանոցում հայերի թունավորման դեպքերի և Սամսունում ու շրջակայքում հայերի ոչնչացման մասին[80]:
Օսմանյան «Ալեմդար» օրաթերթի 1919 թ. ապրիլի 16-ի համարում հրապարակված` Տրապիզոնի հայերի տեղահանությանն ու կոտորածներին վերաբերող ամբաստանագրում ընդգծվում էր տվյալ նահանգում կատարված ահասարսուռ կոտորածների զանգվածային բնույթը.
«…Տրապիզոն վիլայեթում Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կառավարության կողմից հայերի տեղահանության վերաբերյալ ընդունված որոշումների գործադրման ընթացքում նախ` հայ տղամարդկանց և ապա` կանանց ու երեխաներին նշանակված վայրեր տեղափոխելիս նրանց մի մասն անգթաբար սպանվել է Դեյիրմենդերեի[81] կողմերում, իսկ կանայք ու երեխաներն էլ բեռնավորվել են նավակները և ջրախեղդ արվել: Հայերի մի մասին էլ, իբր բուժման նպատակով, թունավորել են տարբեր միջոցներով Կարմիր մահիկ հիվանդանոցում, որից հետո կողոպտվել են նրանց գույքը, դրամը և թանկարժեք իրերը: Ողջ մարդկության կողմից անեծքով ու նողկանքով հիշվելու արժանի նման անամոթ արարքների ու հանցագործությունների հանդգնած և այժմ փախուստի մեջ գտնվող Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի և կուսակցության պատասխանատու քարտուղար Յենիբահչելի Նայիլի, ինչպես նաև` դատարանում ներկա գտնվող Մեհմեթ Ալիի, Մուստաֆայի, Նիազիի, Նուրիի և մյուս հանցակիցների մասնակցությունն այդ վիթխարի կոտորածին հիմք են տալիս պատիժ սահմանելու համար: Նրանց հետաքննությունը, նախ և առաջ, բխում է օրենքի անհրաժեշտությունից: Եվ ի վերջո` ովքե՞ր են Ազմին ու Նայիլը: Սրանք ոչ թե պետական կամ վարչական պաշտոնյաներ են, այլ` ինը տարի առաջ պետության ղեկը պատահաբար ձեռք գցած, առանձին կամ միասին կատարված բռնությունների, կոտորածների, անօրինականությունների, անհատնում չարաշահումների արդյունքում սուլթանական կառավարությանն այսօրվա ողբալի վիճակին հասցրած կործանիչ ձեռքերից ու վայրենի ուղեղներից բաղկացած Միություն և առաջադիմություն կոչված ավազակախմբի հանցագործ ներկայացուցիչներն են Տրապիզոնում»[82]:
«…Բնականաբար, միայն Ջեմալ Ազմին ու Նայիլը չէին կարող այդ ահռելի սպանդն իրականացնել: Վերոհիշյալ ավազակախմբի ոճրային մտահղացումները կյանքի կոչելու համար բազմաթիվ գործիքների կարիք էր զգացվում: Գաղափարը և կիրառվող մեթոդն էլ այն էր, որ որպես գործիք ընտրվեն պրիմիտիվ, սահմանափակ, արագ ազդեցության տակ ընկնող, սեփական ջանքերով առաջընթած գրանցելուն անկարող մարդիկ: Անկասկած է, որ քիչ թե շատ զարգացած մեկը չէր կարող ողջ մարդկությանը հուզած այդ ոճիրների մասնակիցը դառնալ…»[83]:
Բյույուք Դերեի կամ Բողազիչիի դատավարությունը[84] տեղի է ունեցել 1919 թ. մարտի 23-ից մինչև մայիսի 24-ը: Մեղադրյալներն էին Բյույուք Դերեի ոստիկանապետ Աբդուլ Քերիմը, Բաքերի խանութպան սալոնիկցի Ռեֆիք Հըֆզը բեյը և թաղապետ (muhtar) Ջելալ էֆենդին: 1919 թ. մայիսի 6-ի նիստում մեղադրյալների թիվն ավելացել է ևս մեկով` ի դեմս Հաֆըզ Մահմուդի: Դատավճիռն ընդունվել է 1919 թ. մայիսի 24-ին, ըստ որի` Աբդուլ Քերիմը դատապարտվել է 1, իսկ Ռեֆիքը` 2 տարվա ազատազրկման: Մյուս մեղադրյալներն արդարացվել են[85]:
Մամուրեթ-ուլ Ազիզի կամ Խարբերդի դատաքննությունն իրականացվել է 1919 թ. հուլիսի 28-ից մինչև 1920 թ. հունվարի 10-ը: Խարբերդի դատը հարուցվել էր հետևյալ մեղադրյալների նկատմամբ` Խարբերդի նախկին նահանգապետ Սաբիթի, Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Բեհաեդդին Շաքիրի, կուսակցության պատվիրակ Ռեսնելի Նազըմի, Խարբերդի նախկին գավառապետ Ասըմի, Խարբերդի նախկին պատմագավորներ Սաֆվեթի ու Հաջե Սայիդի, Դերսիմի պատգամավոր Մեհմեդ Նուրիի և Մամուրեթ-ուլ Ազիզի հանրակրթական տեսուչ Ֆերիդի: Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների մեղադրական ակտում նշվում էր, թե փախուստի մեջ գտնվող Բեհաեդդին Շաքիր և Ռեսնելի Նազըմ բեյերը 1915 թ., ինչպես այլուր, այնպես էլ Խարբերդ նահանգում տարագրել են հայերին և Դերսիմի քրդերին ու շրջակա գյուղերի մահմեդական բնակչությանը զինելով` տեղահանության ճանապարհին սպանել տվել բոլոր հայերին: Ըստ ամբաստանագրի` Խարբերդի գավառապետ Ասըմը կտտանքների է ենթարկել և տանջամահ արել հայ բանտարկյալներին, Խարբերդի պատգամավոր Սավֆեթը մասնակցել է հայ տարագիրների խմբերը կազմելուն և պահակազորին նրանց վրա կրակելու հրաման արձակել, նահանգապետ Սաբիթը թույլ է տվել յուրացնել հայերի ինչքը, իսկ Դերսիմի պատգամավոր Մեհմեթ Նուրին Մոլովանք գյուղի հայության տեղահանության ժամանակ ժանդարմներին դրդել է կոտորել հայերին[86]:
Խարբերդի դատաքննության 1919 թ. օգոստոսի 20-ի նիստում վկայություն է տվել նաև ազգությամբ ասորի Ժորժիոն, ըստ որի` Խարբերդի տեղահանության ժամանակ տեղի բոլոր քրիստոնյաները բանտարկվել են, խոշտանգվել, ապա` խումբ-խումբ տարագրվել[87]:
Խարբերդի տեղահանության և կոտորածների դատավճիռը կայացվել է 1920 թ. հունվարի 13-ին, համաձայն որի` Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվել է մահվան, իսկ Ռեսնելի Նազըմը, դարձյալ հեռակա կարգով, 15 տարվա տաժանակիր աքսորի: Դատարանն արդարացրել է դատին ներկա գտնվող մեղադրյալներին[88]: Մինչդեռ, դատախազը պահանջել էր ամբաստանյալներից Մեհմեթ Նուրիին Խարբերդ ուղարկել` վերջինիս գործը տեղում քննելու նպատակով, քանի որ մի շարք հայեր այնտեղ դատական գործ էին հարուցել նրա դեմ` կողոպուտի մեղադրանքով: Սակայն ամբաստանյալի փաստաբանը պատճառաբանել է, թե իր պաշտպանյալի դեմ հարուցված այս երկու դատական գործերը հնարավոր չէ միացնել, քանի որ Ստամբուլում կայացած դատավարությունը տեղահանության և կոտորածների մեղադրանքով էր, իսկ Խարբերդում հարուցվածը` գույքի հափշտակության: Ռազմական դատարանը մերժելով դատախազի պահանջը` ազատ է արձակել Մեհմեթ Նուրիին[89]:
Բաբերդի դատավարությունը տեղի է ունեցել 1920 թ. մարտի 15-ից մինչև հուլիսի 4-ը: Տվյալ դատական գործը հարուցվել էր Ուրֆայի նախկին գավառապետ Բեհրամզադե Նուսրեթի և Փիրե Մեհմեթ անվամբ հայտնի լեյտենանտ Մեհմեթ Նեջաթիի նկատմամբ: Վերջինս դատաքննության ժամանակ փախուստի մեջ էր գտնվում: Ըստ դատավճռի` երկու ամբաստանյալներն էլ դատապարտվել են մահվան: Բաբերդի դատավճիռը չի արձանագրվել “Tâkvim-i Vekayi” օրաթերթում. պաշտոնաթերթում հրապարակվել է միայն սուլթանի կողմից դատավճռի վավերացումը, իսկ դատավճիռն ամբողջությամբ տպագրվել է “Tercüman-ı Hakikat” («Ճշմարտության մեկնաբան») օրաթերթի` 1920 թ. օգոստոսի 5-ի համարում, որը թարգմանել և հրապարակել է Հայկազն Գ. Ղազարյանը: Բաբերդի դատավճռում դարձյալ ընդգծվում էր այն փաստը, որ հայերի կոտորածների հրամանը տվել էր Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեն և հատուկ սուրհանդակների միջոցով ուղարկել շրջաններ. «…բազմազան վայրերու մէջ տեղի ունեցած ողբերգական ջարդերու շուրջ մինչեւ հիմա Պատերազմական ատեանին կողմէ կատարուած դատավարութեանց եզրակացութիւնը եղած է այն, թէ յիշեալ ոճիրները նախ եւ առաջ Իթթիհատ վե Թերագգը ճեմիյէթին Ընդհանուր Կեդրոնին մէջ կանխամտածուած եւ որոշուած են»[90]: Բաբերդի դատավճռում նշվում էր նաև, որ մեղադրյալը կազմակերպել էր շուրջ 20.000 հայերի կոտորածը, ինչի համար նրա պաշտոնը բարձրացրել էին[91]: Ըստ «Ճակատամարտ» օրաթերթի, դատավճռի համաձայն` մի շարք անձանց վկայությամբ հաստատվել էր, որ Բաբերդի հայերի տեղահանության ու ջարդի իրագործումը կազմակերպել են Նուսրեթը և Մեհմեթ Նեջաթին: Նուսրեթի հրամանով մի գիշեր տեղի ոստիկաններն ու ժանդարմները ծեծով և բռնությամբ հավաքել են Բաբերդի հայերին և աքսորել նրանց ամենավայրագ պայմաններում, որից հետո խուզարկել են հայերի տները և բռնագրավել նրանց ողջ ունեցվածքը: Աքսորի ճանապարհին հայերին խմբերի են բաժանել և գրեթե բոլորին կոտորել: Նուսրեթը 150 հայ երեխաների լցրել է Բինբաշը հանը կոչված վայրը և թույլ տվել, որ բոլորը տանեն իրենց ուզած մանկանը[92]: Բեհրամզադե Նուսրեթը մահապատժի է ենթարկվել 1920 թ. օգոստոսի 5-ին Ստամբուլի Բայազետ հրապարակում[93]:
Բաբերդ գավառի և շրջակա բնակավայրերի տեղահանության պատճառով մեղադրվել է նաև այստեղի գավառապետ Յուսուֆ Զիյան, որի առանձին դատաքննությունն սկսվել է 1921 թ. հունվարին և ավարտվել փետրվարին` ամբաստանյալի արդարացման մասին դատավճռով[94]:
Երզնկայի դատական գործը հարուցվել է «տեղահանության ընթացքում հայերի սպանությունների և բնաջնջման», ինչպես նաև` նրանց ունեցվածքի կողոպտման մեղադրանքներով[95]: Երզնկայի տեղահանության և կոտորածների գործով սկզբում դատական հետապնդման են ենթարկվել Երզնկայի նախկին գավառապետ Մեմդուհը, ժանդարմերիայի հրամանատար, նաև հյուրանոցատեր Հաֆըզ Աբդուլլահ Ավնին[96], Երզնկայի նախկին պատգամավոր Հալեթը, Հաջի Վահիդզադե Ռըզան, Դերսիմի ցեղապետերից Քըրմո Յուսուֆը, ժանդարմերիայի ենթասպա Արսլանը և Դանզիկ նահիեի (գավառակ) կառավարիչ, ցեղապետ Քյաքոն[97]:
Սակայն, ինչպես նշվում է սուլթանի կողմից դատավճռի վավերացման մեջ, Հաջի Վահիդզադե Ռըզան դատաքննության ընթացքում վախճանվել էր, ինչի պատճառով նրա դեմ հարուցված դատական գործը կարճվել էր, իսկ Երզնկայի գավառապետ Մեմդուհն աքսորվել էր Մալթա, և նրա գործն առանձնացվել էր` հետագայում քննվելու նպատակով: Երզնկայի դատավճռով քաղաքացիական քրեական օրենսգրքի 170-րդ և զինվորական քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածներով հեռակա կարգով մահապատժի են դատապարտվել Երզնկայի պատգամավոր Սաղըրզադե Հալեթը, ավազակապետ Քըրմո Յուսուֆը և Երզնկայի ոստիկանության ենթասպա Արսլանը:
Երզնկայի ժանդարմերիայի հրամանատար Հաֆըզ Աբդուլլահ Ավնիի ներկայությամբ անցկացված դատաքննության արդյունքում վերջինիս նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, որն ի կատար է ածվել Ստամբուլի Բայազետ հրապարակում 1920 թ. հուլիսի 22-ին[98]: Մահապատժի ժամանակ մահապարտի վզից կախված թղթի վրա գրված էր, թե նա կախաղանի է դատապարտվել Երզնկայի հայերի ջարդն ու բնաջնջումը կազմակերպելու համար[99]:
Չաթալջայի փոստի և հեռագրատան տնօրեն Օսման Նուրիի դատավարությունն սկսվել է 1919 թ. օգոստոսի 4-ին: Ամբաստանյալը մեղադրվում էր հայերի տեղահանությանը և կոտորածներին վերաբերող փաստաթղթերն այրելու մեջ[100]: Հաջորդ նիստում գլխավոր դատախազը դատարանից խնդրել է ազատ արձակել մեղադրյալին, քանի որ վերջինս վերոհիշյալ փաստաթղթերը այրել էր իր ղեկավարի հրամանով[101]:
Չանքըրըում Միություն և առաջադիմություն կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ Օղուզի և հարյուրապետ Նուրեդդինի դեմ դատական գործ է հարուցվել Ստամբուլից Չանքըրը տարագրված հայերի սպանության մեղադրանքով: Ջեմալ Օղուզն ընդգրկված է եղել նաև կուսակցության պատասխանատու քարտուղարների դատաքննության մեղադրյալների ցանկում: Նրա գործը պատասխանատու քարտուղարների դատավարությունից` տասներորդ նիստում (1919 թ. դեկտեմբերի 29) «հիվանդության» պատճառով առանձնացվել է, և 1920 թ. հունվարի 27-ից սկսվել է նրա առանձին դատաքննությունը: Դատավճիռը կայացվել է 1920 թ. փետրվարի 8-ին, համաձայն որի` Ջեմալ Օղուզը հանցավոր է ճանաչվել հայ բժիշկ Չիլինգիրյանի և վերջինիս 4 ընկերների սպանության մեջ: Ըստ դատավճռի` Ջեմալ Օղուզը դատապարտվել է 5 տարի և 4 ամիս, իսկ փախուստի մեջ գտնվող մեղադրյալ Նուրեդդինը` 6 տարի և 8 ամիս տաժանակիր աքսորի[102]:
Նահիեների (գավառակների) կառավարիչների[103] դատական գործը հարուցվել էր Դերբենդ նահիեի կառավարիչ Վեջիհիի, Բահչեջիք նահիեի կառավարիչ Ալի Շուուրիի, Իզմիթի (Նիկոմեդիա) նախկին բանտապետ Իբրահիմի և վերջինիս ընկերների դեմ` «թալանի, կողոպուտի, տեղահանության ու կաշառակերության» մեղադրանքներով: Ընդհանուր թվով 6 ամբաստանյալների սույն դատաքննությունն սկսվել է 1919 թ. նոյեմբերի 27-ին: 1919 թ. դեկտեմբերի 3-ին կայացած նիստում վկա սերժանտ Սյուլեյմանը հանդես է եկել բանտապետ Իբրահիմի դեմ ուղղված մանրամասն ցուցմունքներով, ըստ որոնց` Իբրահիմը զենքեր գտնելու պատրվակով հայերին հավաքել է մի դպրոցում և ծեծել բոլոր նրանց, ովքեր ասել են, թե զենք չունեն: Հենց առաջինն էլ ծեծի է ենթարկվել հայ քահանան[104]: Հարկ է նշել, որ բանտի նախկին տնօրեն Իբրահիմի հանցագործությունները հաստատող վկայություն է գրանցվել նաև Ադաբազարըի անվանիներից Միություն և առաջադիմություն կուսակցության պատասխանատու քարտուղար Համիդ բեյի դատաքննության ժամանակ: Մեղադրյալ Համիդը տվյալ դատավարության 1919 թ. օգոստոսի 6-ի նիստում վկայել է, թե տեղահանության ժամանակ ինքը գտնվել է Ադաբազարըում, այդ ընթացքում «զենք գտնելու» մտադրությամբ Ստամբուլից այստեղ է ժամանել բանտապետ Իբրահիմը, որը հայերին հավաքել է եկեղեցում և այստեղ սկսել զենք հավաքել գավազանի հարվածներով[105]:
Նահիեի կառավարիչների դատաքննության չորրորդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. դեկտեմբերի 7-ին, ամբաստանյալների մեղավորությունը հաստատող ցուցմունքներ են տվել ոչ միայն հայ, այլ նաև թուրք վկաներ, ովքեր հայտնել են, որ բանտապետ Իբրահիմն ու Բահչեջիք գավառակի կառավարիչ Ալի Շուուրին կտտանքների են ենթարկել հայերին և կողոպտել նրանց գույքը: [106]: Իզմիթի հայերի տեղահանության և կոտորածների պատասխանատուների դատավճիռը կայացվել է 1920 թ. մարտի սկզբին: Ըստ Իզմիթի դատավճռի` բանտի նախկին տնօրեն Իբրահիմը դատապարտվել է 15 տարվա թիապարտության և աստիճանազրկության, Ֆայիք Չավուշը` 3 ու կես տարվա ազատազրկման, Ալի Շուուրին` 1, իսկ Վեջիհին` 2 տարվա բանտարկության, Ահմեթ Չավուշը և Հասանը` չորսական ամսվա ազատազրկման ու գավազանի քսանական հարվածի: Մեղադրյալներից արդարացվել են և ազատ արձակվել Սյուլեյման Չավուշը, Հաջը Հալիթը և Սալիհը[107]:
Ադաբազարըի երևելիներից Միություն և առաջադիմություն կուսակցության պատասխանատու քարտուղար Համիդ բեյի դատի առաջին նիստը կայացել է 1919 թ. օգոստոսի 4-ին: Համիդ բեյի դեմ դատական գործ էր հարուցվել` Ադաբազարըի հայերի տեղահանության և վերջիններիս գույքի կողոպտման մեղադրանքով: Սույն դատաքննության շրջանակներում ուշագրավ վկայություններ է տվել Ադաբազարըի կայմակամ Ռեջայի Նյուզհեթ բեյը, ով դատարանին հայտնել է, թե ինքը հետաքննություն է կատարել այստեղ, և պարզել, որ Համիդը և ուրիշներ սպառնալիքներով յուրացրել են հայերի գույքը: Ըստ Նյուզհեթի` այդ մասին բողոքներ էին հասել տեղի անգլիական հրամանատարության թարգմանչի և 130-ից ավել հայերի կողմից[108]: Չնայած գավառապետ Ռեջայի Նյուզհեթի` ամբաստանյալի մեղավորությունը հաստատող ցուցմունքներին` դատաքննության վերջին նիստում, որը կայացել է 1920 թ. փետրվարի 16-ին, դատախազը պահանջել է արդարացնել մեղադրյալին: Դատարանն ազատ է արձակել Համիդին[109]:
Ամասիայի դատական գործը հարուցվել է Ամասիայի կառավարիչ (մութասարիֆ) Սըրրըի, ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թևֆիկի, Ամասիայի երևելիներից Հասանի դեմ: Տվյալ ժամանակաշրջանում հրապարակվող թերթերի համաձայն` սույն դատավարության շրջանակներում հեռակա կարգով քննվել են նաև բազմաթիվ այլ մեղադրյալների գործեր: Դատարանի կազմում կատարված փոփոխությունների պատճառով Ամասիայի դատավարությունը երկար է տևել և ավարտվել ամբաստանյալների արդարացմամբ[110]:
Դեր Զորում հայերի կոտորածների առնչությամբ Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում կայացել են երեք տարբեր դատավարություններ: Դրանցից մեկը հարուցվել էր Դեր Զորի ոստիկանապետ Մուստաֆա Օքքեշի դեմ, որի դատաքննությունն սկսվել է 1921 թ. հունվարի 20-ին: Նույն տարվա մարտին մեղադրյալն արդարացվել է` «նրան հասցեագրվող մեղադրանքները չհաստատվելու» հիմքով[111]:
Դեր Զորում կազմակերպված հայերի ջարդերի հաջորդ դատական գործը հարուցվել է փախուստի մեջ գտնվող` Դեր Զորի նախկին կառավարիչ (մութասարիֆ) Սալիհ Զեքիի դեմ[112]: Բավականին կարճ տևած սույն դատաքննության արդյունքում մեղադրյալը հեռակա կարգով դատապարտվել է մահվան: 1920 թ. ապրիլի 28-ին ընդունված դատավճռում ընդգծվում էր, որ «դատաքննության ժամանակ հարցաքննված բազմաթիվ վկաների ցուցմունքների համաձայն` Դեր Զորի կառավարիչ Զեքին Օսմանյան կայսրության տարբեր շրջաններից դեպի Դեր Զորի սանջակ տեղահանված բազմաթիվ հայերի, դարձյալ տեղահանության պատրվակով, աքսորել է այլ շրջաններ` իր իսկ կողմից հրոսակներից կազմված հեծյալ ու հետիոտն չեթեների միջոցով, և որ նրա պարտադրանքով այս հրոսախմբերը ճանապարհին մեղադրյալի ներկայությամբ հարձակվել են հայերի վրա, հափշտակել վերջիններիս մոտ գտնվող դրամները և իրերը, շատերին դաժանաբար սպանել ու ոչնչացրել Խաբուր գետի ավազանի հեղեղատներում»[113]:
Դեր Զորում կազմակերպված հայերի կոտորածների առնչությամբ երրորդ դատական գործը հարուցվել է կոմիսար Իբրահիմի դեմ: 1921 թ. փետրվարի 27-ին սկսված այս դատի հետագա ճակատագրի մասին մամուլում տեղեկություններ չեն հրապարակվել[114]:
Էդիրնեի (Ադրիանապոլիս) հայերի տեղահանության մեղադրանքով դատական գործ է հարուցվել նաև կուսակցության պատասխանատու քարտուղարների դատավարության ժամանակ դատված Էդիրնեի տեսուչ Աբդուլ Գանիի[115], վաքֆային վարչության տնօրեն Սադրեդդինի, գյուղատնտեսության հարցերով տնօրեն Ավնիի, Ռըֆաթի և Հայրուլլահի դեմ: Մեղադրյալների շարքում է եղել նաև Սերվեթը, որը դատավարության ընթացքում մահացել է, և նրա գործը կարճվել է: Այս դատի վերջին նիստը կայացել է 1921 թ. հունվարի 1-ին: Դատավարությունն ավարտվել է բոլոր մեղադրյալների, այդ թվում նաև` Էդիրնեի տեսուչ Աբդուլ Գանիի արդարացման մասին դատավճռով[116]: Այնինչ կուսակցության պատասխանատու քարտուղարների դատավճռի համաձայն` վերջինս մեծ ազդեցություն էր ունեցել տեղահանության գործի վրա, զինված հրոսակախմբերի հետ շրջել ամենուր, բռնագրավել հայերի դրամը, դիզել մեծ հարստություն[117]:
Էղինի[118] (Ակն) հայերի տեղահանության առնչությամբ 1921 թ. հարուցվել են երկու տարբեր դատական գործեր: Դրանցից առաջինը վերաբերել է Մեհմեթօղլու Իբրահիմին, իսկ երկրորդը` Քասափ Մուստաֆային: Այս երկու դատաքննություներն էլ տեղի են ունեցել գրեթե միաժամանակ: Երկու ամբաստանյալներն էլ արդարացվել են[119]:
Կրետացի Նեջաթի էֆենդու դատավարությունն սկսել է 1919 թ. հուլիսի 13-ին: Միություն և առաջադիմություն կուսակցության անդամ Նեջաթին մեղադրվում էր Դիարբեքիրի շրջակայքում կազմակերպված հայերի կոտորածներին մասնակցելու և Հատուկ կազմակերպությանն (Teşkilât-ı Mahsusa) անդամակցելու մեջ[120]: Մեղադրյալն արդարացվել է և ազատ արձակվել[121]:
Խարբերդի կայմակամ Ասըմ բեյի դատն սկսվել է 1920 թ. դեկտեմբերի 30-ին և ավարտվել 1921 թ. մարտի վերջերին` մեղադրյալի արդարացմամբ[122]:
1920 թ. հունվարի 20-ին Քարամյուրսելի տեղահանության ժամանակ հայերի գույքի կողոպտման մեղադրանքով սկսվել է Ռըֆաթի, փախուստի մեջ գտնվող բանտապետ Իբրահիմի[123], քարամյուրսելցի Ալիի, գործակալ Իսմայիլի և իմամ Սելահեդդինի դատաքննությունը: Քանի որ մեղադրյալներից Ռըֆաթը եղել է Մալթա աքսորված ոճրագործների շարքում, նրա գործն առանձնացվել է: Դատին ներկա ամբաստանյալներին դատարանն արդարացրել է[124]:
Քըղիի հայերի տեղահանության և կոտորածների կապակցությամբ Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում իրականացվել են երկու տարբեր դատաքննություներ: Առաջին դատական գործը հարուցվել է Թիմուր բին Իսմայիլի դեմ` Հակոբ անվամբ հայի սպանության մեղադրանքով: Սույն դատավարության վերջին նիստում, որը կայացել է 1921 թ. փետրվարի 28-ին, ամբաստանյալն արդարացվել է` վկաների ցուցմունքներում առկա հակասությունների և բավարար չափով ապացույցների բացակայության հիմքով[125]: Քըղիի հայերի տեղահանությանն առնչվող հանցագործությունների կապակցությամբ դատական գործ է հարուցվել նաև Դեմիրի և Զիլելի Դուրսունի դեմ: Դատաքննության վերջին նիստում (1921 թ. մարտի 6) Զիլելի Դուրսունն արդարացվել է, իսկ Դեմիրի հանդեպ սահմանված պատժի մասին մամուլում տեղեկություններ չեն հրապարակվել[126]:
Մոսուլի նախկին գլխավոր հրամանատար Նևզաթի դատավարությունն սկսվել է 1919 թ. ապրիլի 8-ին: Առաջին նիստում ընթերցվել է հետաքննիչ ատյանի տեղեկագիրը, ըստ որի` ամբաստանյալը մեղադրվում էր Մոսուլի հայ աքսորյալների ունեցվածքը կողոպտելու, հազար հոգուց բաղկացած հայկական քարավանը կոտորելու և Մոսուլում բազմաթիվ հայեր սպանելու մեջ[127]: Նևզաթի դատաքննության շրջանակներում վկայություններ են արձանագրվել մեղադրյալի` աքսորյալ հայերի մոտից մետաղյա դրամներ խլելու մասին: Մոսուլի քաղաքապետի խորհրդական Չերքեզ Բեքիրի տված ցուցմունքի համաձայն` Նևզաթը փակել է տվել հայերին պատկանող բոլոր խանութները, նրանց աքսորել դեպի անապատները և կոտորել տվել նրանց: 1919 թ. ապրիլի 22-ի նիստում մի շարք վկաներ հաստատել են, որ սույն մեղադրյալը ամեն կերպ կեղեքել է ժողովրդին[128]: 1919 թ. ապրիլի 26-ին տեղի ունեցած նիստում ընթերցվել է Ստամբուլի մաքսատան վարչության վիճակագրական գրասենյակի քարտուղարներից Ջեմալի գրավոր ցուցմունքը, ըստ որի` Մոսուլում «հայ կանայք ծեծի են ենթարկվել ողջ գիշեր»: Քանի որ Նևզաթը 1919 թ. մայիսի 28-ին բրիտանացիների կողմից Մալթա աքսորված մեղադրյալների շարքում է եղել, նրա դատավարությունը հետաձգվել է և այլևս չի շարունակվել: Վերոհիշյալ մեղադրյալը հետագայում` 1921 թ. սեպտեմբերի 6-ին, փախել է աքսորավայրից[129]:
Մոսուլում հայերի հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ դատական գործ է հարուցվել նաև հարյուրապետեր Ֆերիթի և Զեքերիայի դեմ, որոնց դատն սկսվել է 1919 թ. հունիսի 2-ին: Մեղադրյալներից Զեքերիան դատավարության ժամանակ գտնվել է փախուստի մեջ, որի պատճառով նրա դատավարությունը կայացել է հեռակա կարգով: Երկու ամբաստանյալներն էլ արդարացվել են[130]: Մոսուլի տեղահանության կապակցության դատական գործ է հարուցվել նաև Մոսուլի պատգամավոր Ֆևզիի դեմ, որն ավարտվել է 1920 թ. հունվարի 30-ին` մեղադրյալի արդարացմամբ[131]:
1921 թ. հունվարի 20-ին սկսվել է Սըվասի և Քոչհիսարի հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունը: Սույն դատական գործով մեղադրվում էին Քոչհիսար գավառի նախկին կայմակամ Նաբին, Սըվասի ժանդարմերիայի հրամանատար, հարյուրապետ Ալի Շեֆիքը և առևտրական Բալըզադե Օմեր Ռաուֆը: Դատավճիռը կայացվել է 1921 թ. փետրվարի 1-ին, ըստ որի` մեղադրյալներն արդարացվել են[132]:
Հայերի տեղահանության գործին մասնակցության մեղադրանքով դատական գործ է հարուցվել Սիրիայի փոխնահանգապետ Թևֆիքի դեմ, որն ավարտվել է 1921 թ. փետրվարի 24-ին: Մեղադրյալը դատապարտվել է 6 ամիս ազատազրկման[133]:
Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում կատարված հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով 1919-1921 թթ. Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում կայացել են նաև նահանգների և գավառների կառավարիչների ու առանձին անհատների այնպիսի դատավարություններ, որոնց հանգուցալուծման մասին մամուլում տեղեկություններ չեն հրապարակվել[134]:
Նման դատաքննությունների շարքում հիշատակման են արժանի Բիլեջիքի[135], Չանաքքալեի, Դիարբեքիրի, Գիրեսունի (Կերասուն), Քասթամոնուի, Քըրքքիլիսեի, Քոնիայի, Մուշի և Յալովայի դատական գործերը[136]:
Կայսրության տարբեր շրջանների հայության տեղահանության և կոտորածների դատական գործերի առնչությամբ կարելի է արձանագրել հետևյալ օրինաչափությունը. եթե առաջին դատավարությունների դեպքում դատարանը համեմատաբար խիստ պատիժներ է սահմանել մեղադրյալների նկատմամբ, ապա հետագա դատաքննությունների ժամանակ նկատելի է ամբաստանյալների ազատ արձակման դեպքերի աճ: Այս առումով, բնականաբար, նշանակալի դեր են կատարել երկրում ազգայնական շարժման ծավալումը և պարտվողական տրամադրությունների թոթափումը:
Ժամանակաշրջանի մամուլը ևս հետզհետե կորցրել է սկզբնական մեծ հետաքրքրությունը դատաքննությունների հանդեպ, դատավարություններ, որոնք օսմանյան օրաթերթերի կողմից 1919 թ. սկզբներին ստացել էին «պատմական» որակումը: Մամուլի հետաքրքրության նվազումը պայմանավորված էր ոչ միայն քեմալականների հաղթանակի ակնկալիքով, այլ նաև այն հանգամանքով, որ 1920 թ. ապրիլի 23-ի որոշմամբ` հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններն սկսել էին դռնփակ անցկացվել, որոնցից մամուլն ու հանրությունը անտեղյակ էր մնում:
Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում կատարված հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով կայացած վերոնշյալ դատավարությունների մեջ առավելապես կարևորվում են առաջինը տեղի ունեցած Յոզղատի և Տրապիզոնի դատական գործերը, քանի որ այս դատաքննությունների ընթացքում ամենաշատ վկայություններն ու ապացույցներն են բերվել կառավարությունից հրահանգներ ստացած տեղական իշխանությունների կողմից հայերի տեղահանման ու ոչնչացման համակարգման ու վերահսկման վերաբերյալ: Բացի այդ` տվյալ դատավարությունների ժամանակ հանդես եկած վկաները հիմնականում եղել են թուրքեր և այլ ազգությունների պատկանող մահմեդականներ, և ոչ թե` «միայն հայեր»[137], ինչպես փորձում են ներկայացնել թուրք պատմաբան ու դիվանագետ Բիլալ Շիմշիրը[138] և թուրքական պաշտոնական պատմագրության ներկայացուցիչ Ֆերուդուն Աթան[139]: Ավելին` Տրապիզոնի դատավարության ընթացքում մեղադրյալների դեմ վկայություններ են տվել բարձրաստիճան այնպիսի պաշտոնյաներ, ինչպիսիք են Վանի նախկին նահանգապետ Նազըմը, Էրզրումի նախկին նահանգապետ Թահսինը, ռազմածովային նախարար Ավնին, դատական քննիչ Քենանը, Տրապիզոնի և Լազըստանի զորքերի շտաբի պետ, գնդապետ Մուհթարը, լեյտենանտ Ահմեթը և շատ ուրիշներ[140]:
Այսպիսով` 1919-1921 թթ. Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով քննվեցին շուրջ 63 տարբեր դատական գործեր: Թեև հայերի կոտորածների հետաքննությունը շրջան առ շրջան իրականացնելը գործնական տեսանկյունից ավելի նպատակահարմար էր, սակայն, ըստ էության, տեսականորեն այդ դատավարությունները կարող էին ամփոփվել նաև մեկ դատական գործի շրջանակներում և ավարտվել մեկ ընդհանուր դատավճռով, քանի որ խնդրո առարկան միևնույն ոճրագործությունն էր: Ուշագրավ է, որ մեկ ընդհանուր դատաքննություն իրականացնելու առաջարկներ հնչել են նաև ժամանակի մամուլում: Այսպես, օրինակ, «Ալեմդար» օրաթերթի խմբագիր Ռեֆի Ջևադ Ուլունայը 1919 թ. մարտի 28-ին վերոնշյալ պարբերականում հրատարակված «Տեղահանության և կոտորածների դատավարությունները» հոդվածում գրում էր. «Դատավարության` Յոզղատին վերաբերող հատվածն ավարտվելու է, ապա սկսվելու է Տրապիզոնի խնդիրը, այնուհետև` Դիարբեքիրը և այլն, և այլն: Քանի որ տեղահանություն և կոտորածներ են կատարվել Օսմանյան կայսրության բազմաթիվ վիլայեթներում, դե’հ պատկերացրեք` երբ կավարտվեն դրանք ամբողջությամբ: Այդ դեպքում անհրաժեշտ է որևէ բանական, օրինական և տրամաբանական ելք գտնել: Այդ ելքը կա: Ավելի ճիշտ` այն ընկալում ենք ոչ թե ելք, այլ` միակ օրինական ճանապարհը, որին մինչև այժմ էլ պետք է հետևած լինեինք: Տեղահանություններն ու կոտորածները կրում են համընդհանուր բնույթ: (…) Այդ իսկ պատճառով առանձին-առանձին հետաքննություններն անհրաժեշտ չենք համարում: Պետք է կազմակերպել մի դատավարություն, որը կլինի հասարակական հայցի հիման վրա: Խնդիրը պետք է լուծվի ընդհանուր դատավճռով»[141]:
Մինչդեռ հայերի կոտորածների կազմակերպիչների դատաքննությունները շրջան առ շրջան իրականացնելը Ռազմական արտակարգ ատյաններին ժամանակ շահելու և դատավարությունները դաշնակից պետությունների առաջ շահարկելու հնարավորություն էր տալիս, հանգամանք, որը չէր վրիպել նաև հակաիթթիհադական մամուլի ուշադրությունից: Նույն Ռեֆի Ջևադը «Ինչպիսի՞ն են եղել ուղեկառքի ձիերը» հոդվածում շեշտում էր, որ 1913 թ. Մահմութ Շևքեթ փաշայի սպանության հեղինակներին դատապարտելու և վերջիններիս մեջ նաև թագավորական ընտանիքի անդամին կախաղան բարձրանելու համար ընդամենը մի քանի օր էր պահանջվել երիտթուրքական կառավարությունից, իսկ Յոզղատի դատավարության ժամանակ Ռազմական ատյանը ձգձգում էր դատը` անիմաստ հարցեր ուղղելով մեղադրյալներին, որոնց հանցավորությունն ապացուցված էր բազմաթիվ փաստաթղթերով ու վկայություններով[142]:
Դատավարությունների ընթացքում երկրում փոխվեց նաև քաղաքական մթնոլորտը: Արդեն հիմնականում ազգայնականներով ներկայացված վերջին օսմանյան խորհրդարանի պատգամավորները 1920 թ. փետրվարի 20-ին հանդես եկան Դամաթ Ֆերիթ փաշայի դեմ դատական գործ հարուցելու առաջարկով, քանի որ վերջինս բավականին հետևողական էր հայերի կոտորածների պատասխանատուներին բացահայտելու առումով[143]: Քեմալականների ճնշումների պատճառով Դամաթ Ֆերիթը 1920 թ. հոկտեմբերի 17-ին հարկադրված եղավ հրաժարական տալ: Նրան փոխարինեց քեմալականների հանդեպ բայրացակամ տրամադրված Թևֆիկ փաշան: Վերջինիս պաշտոնավարման ընթացքում` 1920 թ. նոյեմբերի 8-ին, ձերբակալվեցին Բաբերդի դատավճիռն արձակած դատավորները:
Հարկ է նշել, որ մինչ այդ էլ Ռազմական արտակարգ ատյանի դատավորները, դատախազները և դատարանում որպես վկա հանդես եկած անձինք ահաբեկումների էին ենթարկվում երիտթուրքերի կողմից, որոնց մեծ մասը դեռ շարունակում էր պաշտոններ զբաղեցնել Ռազմական, Ներքին և Արդարադատության նախարարություններում, սակայն դատավորների ձերբակալման դեպքն աննախադեպ էր: Նրանց դեմ քրեական գործ հարուցվեց` Բեհրամզադե Նուսրեթին մահվան դատապարտելու կապակցությամբ: 1921 թ. փետրվարի 2-ին դատավոր Նեմրութ Մուստաֆա փաշան դատապարտվեց 7, դատարանի անդամներից Ռեջեփ փաշան և Ռեջեփ բեյը` 5-ական, իսկ Ֆեթթահ բեյը` 3 ամիս ազատազրկման: Ըստ Գրիկերի` դատավոր Մուստաֆա փաշան դատապարտվել էր` ռազմածովային նախարար Ավնի փաշային խստորեն հարցաքննելու համարձակություն ունենալու պատճառով[144]:
Իսկ հայերի բնաջնջման համար մահապատժի ենթարկված ընդամենը 3 ոճրագործներից 2-ը` Մեհմեթ Քեմալը և Բեհրամզադե Նուսրեթը, հերոսացվեցին քեմալականների կողմից: Այսպես, Բեհրամզադե Նուսրեթի մահապատժի օրը` 1920 թ. օգոստոսի 5-ին, Անկարայի մեջլիսը, ի նշան հարգանքի, 10 րոպեով դադարեցրեց իր աշխատանքը: Դարձյալ Անկարայի մեջլիսի 1920 թ. դեկտեմբերի 9-ին ընդունած որոշման համաձայն` թոշակ տրամադրվեց Քեմալի ընտանիքին, նույն տարվա դեկտեմբերի 25-ին որոշում կայացվեց Բեհրամզադե Նուսրեթի ընտանիքին թոշակ նշանակելու մասին[145]:
Akunq.net
[1] Պատմագրության մեջ 1919 թ. Օսմանյան կայսրության ռազմական արտակարգ ատյաններում կայացած երիտթուրքական կուսակցության և կառավարության անդամների դատավարությունները հայտնի են նաև գլխավոր դատավարություններ անունով:
[2] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i Örfî Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, Bilgi Üniversitesi Yayınları, İstanbul, 2008, s. 149.
[3] Սույն դատավարությունների մասին տեղեկություններ հաղորդած բոլոր թերթերի անվանումները տե’ս Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, Նիւ Եորք, 1980, էջ 34:
[4] Փիլիպոսեան Ն., Քէստէքեան Ա. (Կապենց Ա.), Յուշարձան եօզղատցիներու (Եօզկատ), Ֆրէզնօ, 1955, էջ 405:
[5] Ֆեյյազ Ալին բանտից ազատ էր արձակվել, որպեսզի հնարավորություն ունենար ներկայանալ մեկ այլ շրջանում գտնվող դատարանին, որը պետք է քններ իր գործը, սակայն նա ուղևորվել է Անկարա և պատգամավոր ընտրվել այստեղի նորաբաց Ազգային ժողովում, տե’ս Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 194.
[6] Հարկ է նշել, որ Քեմալը մասամբ ընդունել էր իր մեղքը` ասելով, թե ինքն ընդամենը բարեխղճորեն կատարել է կառավարությունից ստացված հրահանգը, տե’ս Tehcir ve Taktil Muhakemesi, “Alemdar”, 28 Mart 1919. Նա կախաղան բարձրանալուց անմիջապես առաջ ևս փորձել է արդարանալ նույն փաստարկով, տե’ս Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, էջ 1:
[7] Takvîm-i Vekayi, No 3617, 7 Ağustos 1919 ss. 1-2.
[8] Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, էջ 66:
[9] Նույն տեղում, էջ 125:
[10] «Թուրքերուն աչքկապուկը. դահիճները դատել կձևացնեն հայերը ամբաստանելու համար», «Ճակատամարտ», 7 փետրվար, 1919:
[11] Գավառակ, որը գտնվում էր Յոզղատից 12 ժամ հեռավորության վրա:
[12] Tarihî Muhakeme, “Alemdar”, 10 Şubat 1919.
[13] Նույն տեղում:
[14] Նույն տեղում: 1915 թ. մարտի 2/15-ի գաղտնի հրահանգի համաձայն` Դեր Զոր աքսորմանը ենթակա էին նաև օտարահպատակ հայերը, տե’ս Ավագյան Ա., 1915 թ. Օսմանյան Թուրքիայում օտարահպատակ և վատառողջ հայերի տեղահանման խնդրի վերաբերյալ (թուրքական արխիվի մեկ փաստաթղթի հիման վրա), Բանբեր Հայաստանի արխիվների, թիվ 2 (106), Երևան, 2005, էջ 194-197:
[15] Tarihî Muhakeme, “Alemdar”, 12 Şubat 1919.
[16] Նույն տեղում:
[17] Tarihî Muhakeme, “Alemdar”, 13 Şubat 1919.
[18] Նույն տեղում:
[19] Նույն տեղում:
[20] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 16 Şubat 1919.
[21] Նույն տեղում:
[22] Նույն տեղում:
[23] Շահաբ բեյը եղել է Կեսարիայի 15-րդ կորպուսի հրամանատարը:
[24] Tarihî Muhakeme, “Alemdar”, 19 Şubat 1919.
[25] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 19 Şubat 1919.
[26] Յոզղատի մութասարիֆը:
[27] Յոզղատում Միություն և առաջադիմություն կուսակցության պատվիրակը եղել է Նեջաթի բեյը:
[28] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 19 Şubat 1919.
[29]Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 23 Şubat 1919. Սույն նիստում ընթերցված մյուս ծածկագիր հեռագրի մասին տե’ս Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, էջ 61:
[30] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 6 Mart 1919.
[31] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 7 Mart 1919.
[32] Նույն տեղում
[33] Divan-ı Harb’de Tehcîr Muhakemesi Başladı, “Alemdar”, 25 Mart 1919.
[34] Նույն տեղում:
[35] Նույն տեղում:
[36] Նույն տեղում:
[37] Tehcîr ve Taktil Muhakemesi, “Alemdar”, 28 Mart 1919.
[38] Նույն տեղում:
[39] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 28 Mart 1919.
[40] Tehcîr ve Taktil Muhakemesi, “Alemdar”, 28 Mart 1919.
[41] «Պէտք է Հայերուն արմատը չորցնել» ըսեր է ամբաստանեալ Թէվֆիկ», «Ճակատամարտ», 28 մարտ, 1919, N 115 (1936):
[42] Takvîm-i Vekayi, No 3616, 6 Ağustos 1919, ss. 1-3.
[43] Օրինակ` Տրապիզոնի դատաքննության 1919 թ. ապրիլի 26-ի նիստում ընթերցվել է տրապիզոնցի Մուրադի գրավոր վկայությունը` Նիազիի կողմից լքված գույքի յուրացման վերաբերյալ, տե’ս Divan-ı Harb-i Örfi’de Trabzon Tehcîr ve Taktil Muhakemesi, “Alemdar”, 27 Nisan, 1919.
[44] Ռուսահպատակ Վարդանին Տրապիզոնում ջրասույզ էին արել 40 հայ կուսակցական գործիչների և մտավորականների հետ մեկտեղ, սակայն Վարդանը, լինելով շատ ճարպիկ լողորդ, կարողացել էր կապված ձեռքերով լողալով` ափ հասնել: Դա այնքան էր զարմացրել հայերի ոչնչացումը հսկող ոստիկաններին, որ վերջիններս որոշել էին չսպանել նրան, այլ տանել Կարմիր մահիկ հիվանդանոց: Սակայն, 1919 թ. ապրիլի 7-ին դատարանին ցուցմունքներ տված վկա ֆրանսահպատակ Վիտալիի խոսքերով, այստեղ Վարդանին թունավորելով սպանել էր բժիշկ Ալի Սայիբը, տե’ս Trabzon Tehcir ve Taktil Muhâkemesi, “Alemdar”, 8 Nisan, 1919. Թեև Ալի Սայիբի` հիվանդանոցում կատարած թունավորումները հաստատող վկայություններ են տվել նաև Տիգրան Նարդիյանը, տիկին Մանիկը, Տրապիզոնի վերաքննիչ դատարանի նախագահ Հիլմինև ուրիշներ, սակայն դատարանը թունավորումների մասին Ալի Սայիբի դեմ եղած վկայությունները «բավարար» չի համարել:
[45] Akçam T., Ermeni Tabusu Aralanırken Diyalogtan Başka Çözüm Var mı?, İstanbul, 2002, s. 90.
[46] Նույն տեղում, էջ 91:
[47] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 179.
[48] Akçam T., Ermeni Tabusu Aralanırken Diyalogtan Başka Çözüm Var mı?, s. 90.
[49] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 168.
[50] Ակունի Ս., Միլիոն մը հայերու ջարդի պատմութիւնը, Կ.Պոլիս, 1920, էջ 179:
[51] Գուշակճեան Մ., Տրապիզոնի եւ Սամսոնի նահանգներու տեղահանութիւնն ու ջարդերը, Գերսամ Ահարոնեան (խմբագրապետ «Զարթօնքի»), Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), Պէյրութ, Ատլաս տպարան, 1965, էջ 472: Տրապիզոնի առողջապահական տեսուչ Ալի Սաիբի` հայ երեխաներին թունավորելու մասին տե’ս նաև` Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, գիրք երկրորդ, Երևան, 1983, էջ 216:
[52] Trabzon Taktil ve Tehciri. İddianamenin Kıraatı, “Alemdar”, 16 Nisan, 1919.
[53] Նույն տեղում:
[54] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 183.
[55] Երիտթուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության որոշման ընդունման մասին մանրամասն տե’ս Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.), էջ 168-189:
[56] Trabzon Tehcîri, “Alemdar”, 27 Mart 1919.
[57]Divan-ı Harb-i Örfi’de Trabzon Tehcîr Muhakemesi, “Alemdar”, 2 Nisan 1919.
[58]Divan-ı Harb-i Örfi: Trabzon Taktil ve Tehcîr Muhâkemesi, “Alemdar”, 4 Nisan 1919.
[59] Նույն տեղում:
[60] Նույն տեղում:
[61] Նույն տեղում:
[62]Trabzon Tehcîr ve Taktil Muhâkemesi, “Alemdar”, 8 Nisan 1919.
[63] «Մանուկներ կողովներով ծովը կը թափուին», «Ճակատամարտ», 8 ապրիլ, 1919, N 124 (1945):
[64] Trabzon Tehcîr ve Taktil Muhâkemesi, “Alemdar”, 9 Nisan 1919.
[65] Divan-ı Harb-i Örfi’de Trabzon Tehcîri Muhakemesi, “Alemdar”, 13 Nisan 1919.
[66] «Ծծկեր տղաներ խամսի ձուկի պէս սթիֆ ըրած ծովը կը թափեն», «Ճակատամարտ», 20 ապրիլ, 1919, N 135 (1956):
[67] Թուրքերեն` մեծ կողով:
[68]«Ծծկեր տղաներ խամսի ձուկի պէս սթիֆ ըրած ծովը կը թափեն», «Ճակատամարտ», 20 ապրիլ, 1919, N 135 (1956):
[69] Trabzon Tehcîr Muhâkemesi, “Alemdar”, 1 Mayıs 1919.
[70] «Ժողովուրդի ձայնը», Կ.Պոլիս, 1-ը մայիսի, 1919, N 77-168:
[71] Նույն տեղում:
[72] Նույն տեղում:
[73] Էնվերի համախոհներից Յահյա Քահյան հետագայում դարձել է ազգայնական շարժման ակնառու գործիչներից մեկը: Սպանվել է մեկ այլ ականավոր ներկայացուցիչ Թոփալ Օսմանի կողմից` Մուստաֆա Քեմալի հրահանգով, տե’ս А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции (вторая половина XIX-первая четверть XX вв.), Ереван, изд. “Гитутюн”, 2001, с. 344-345.
[74] Ժողովուրդի ձայնը, 1-ը մայիսի, 1919, N 77-168:
[75] «Երկու «մավունա» կին ու տղայ ծովը կը թափեն», «Ժողովուրդի ձայնը», 6 մայիս, 1919, N 81-172:
[76] Նույն տեղում:
[77] Թուրքերենից թարգմանաբար` բեռնանավ, լաստանավ:
[78]«Երկու «մավունա» կին ու տղայ ծովը կը թափեն», «Ժողովուրդի ձայնը», 6 մայիս, 1919, N 81-172:
[79] Divan-i Harb-i Örfide Trabzon Tehcîri Muhâkemesi, “Alemdar”, 11 Mayıs, 1919. Այդ մասին նաև տես` «ԺԶ դատավարութիւն Տրապիզոնի ջարդարարներուն», «Ժողովուրդի ձայնը», 11 մայիս, 1919, N 86-177:
[80]Divan-ı Harb-i Örfide Trabzon Tehcîri Muhakemesinde İsticvâbâtının Hitamı “Alemdar”, 14 Mayıs, 1919.
[81] Գետ Տրապիզոնում:
[82] Trabzon Taktil ve Tehcîri. İddianamenin Kıraatı, “Alemdar”, 16 Nisan, 1919.
[83] Նույն տեղում:
[84] Ստամբուլի թաղամասերից է: Մամուլում հանդիպում է նաև որպես Յենիքյոյի և Թարաբիայի տեղահանության դատավարություն:
[85] Takvîm-i Vekayi, No 3618, 9 Ağustos 1919, ss. 1-2.
[86] «Ճակատամարտ», 31 հուլիս, 1919, N 220 (2041):
[87]«Խարբերդի ջարդարարներուն դատավարութիւնը», «Ճակատամարտ», 21 օգոստոս, 1919:
[88] Takvîm-i Vekayi, No 3771, 9 Şubat 1919, ss. 3-6.
[89] «Խարբերդի ջարդարարներուն դատը», «Վերջին լուր», 30 հոկտեմբեր, 1919:
[90] Ղազարեան Հ., Ցեղասպան թուրքը, Պէյրութ, 1968, էջ 298:
[91] Նույն տեղում:
[92] «Բաբերդի Հայոց ջարդարարը կախուեցաւ», «Ճակատամարտ», 6 օգոստոս, 1920, N 521 (2342):
[93] “Alemdar”, 6 Ağustos 1919.
[94] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 179.
[95] Mahkumiyet, “Takvîm-i Vekayi”, N 3917, 31 Temmuz 1920.
[96] Հաֆըզ Աբդուլլահ Ավնին Էդիրնեում երիտթուրքերի պատվիրակ Աբդուլ Գանիի եղբայրն էր, տե’ս «Երզնկայի ջարդարարը կախաղան հանուած», «Ճակատամարտ», 30 հուլիս, 1920:
[97] Mahkumiyet, “Takvîm-i Vekayi”, N 3917, 31 Temmuz 1920.
[98] Bir Caninin İdamı, “Peyâm-ı Sabah”, 30 Temmuz, 1336 (1920).
[99] «Երզնկայի ջարդարարը կախաղան հանուած», «Ճակատամարտ», 30 հուլիս, 1920:
[100] «Ժողովուրդ» քաղաքական եւ հասարակական օրաթերթ, Կ.Պոլիս, 6 օգոստոս, 1919, N 7 (253):
[101]ՙ«Ժողովուրդ», 7 օգոստոս, 1919, թիւ 8 (254):
[102] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 160-161.
[103] Մամուլում հանդիպում է նաև որպես Իզմիթի, Բահչեջիքի կամ Դերբենդի դատավարություն:
[104] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 165.
[105] Divan-i Harp’te Hamid Bey’in Muhakemesi, “Tasvir-i Efkâr”, 7 Ağustos 1919.
[106] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 165.
[107] «Իզմիտի ջարդարարներուն պատժավճիռը», «Ճակատամարտ», 2 մարտի, 1920, N 392 (2213):
[108] Ճակատամարտ, 15 օգոստոս, 1919, N 233 (2054):
[109] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 168.
[110] Նույն տեղում, էջ 169:
[111] Նույն տեղում, էջ 170:
[112] Դեր Զորի կառավարիչ Սալիհ Զեքիի կատարած ոճրագործությունների մասին հիշատակվում էր նաև երիտթուրքերի կուսակցության անդամների մեղադրական ակտում, տե’ս Takvîm-i Vekayi, No 3540, 5 Mayıs 1919, s. 6. Զեքիի կողմից այստեղ հայերի զանգվածային ոչնչացման կազմակերպումը և իրագործումը մանրամասն նկարագրված են Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը» գրքում, տե’ս Արամ Անտոնյան, Մեծ ոճիրը, Պօսթըն, 1921, էջ 105-112:
[113] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, ss. 715-716.
[114] Նույն տեղում, էջ 180:
[115] Թեև Աբդուլ Գանին երիտթուրքերի կուսակցության պատասխանատու քարտուղարների վերաբերյալ դատավճռով մեղավոր էր ճանաչվել, սակայն վճռվել էր նրա գործը կցել Էդիրնեի դատավարությանը, և ըստ այդմ վճիռ կայացնել, տե’ս Takvîm-i Vekayi, No 3772, 10 Şubat 1920, s. 6.
[116] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 171.
[117] Takvîm-i Vekayi, No 3772, 10 Şubat 1920, ss. 5-6.
[118] Խարբերդի վիլայեթի Ակն գավառակը, ներկայիս Քեմալիյեն:
[119] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, ss. 171-172.
[120] Akçam T., Ermeni Tabusu Aralanırken Diyalogtan Başka Çözüm Var mı?, s. 92.
[121] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, ss. 172-173.
[122] Նույն տեղում, էջ 173:
[123]Բանտապետ Իբրահիմի գործը հեռակա կարգով քննվել է նաև նահիեի (գավառակ) կառավարիչների կամ Իզմիթի դատաքննության ժամանակ, որի արդյունքում ամբաստանյալը դատապարտվել է 15 տարվա թիապարտության, տե’ս «Իզմիտի ջարդարարներուն պատժավճիռը», «Ճակատամարտ», 2 մարտ, 1920, N 392 (2213):
[124] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 174.
[125] Նույն տեղում:
[126] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, ss. 174-175.
[127]«Իթթիհատի եղեռններուն մէկ գործիքը Պատերազմական ատեանին առջեւ», «Ճակատամարտ», 9 ապրիլ, 1919:
[128] «Նէվզատի դատավարութիւնը», «Ճակատամարտ», 23 ապրիլի, 1919, N 136 (1957):
[129] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, ss. 175-177.
[130] Նույն տեղում, էջ 178:
[131] Նույն տեղում:
[132] Նույն տեղում:
[133] Նույն տեղում, էջ 179:
[134]Քեմալական զորքերի` Ստամբուլ մտնելուց հետո դատավարությունների նյութերն առգրավվել են, և դրանց հետագա ճակատագիրն անհայտ է: Ըստ որոշ տեղեկությունների` ներկայում դրանք պահպանվում են Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի ATASE փակ և գաղտնի արխիվում, որտեղ գիտնականների մուտքն արգելված է:
[135]Բիլեջիքի հայերի բնաջնջման մեղադրանքով ձերբակալվել էր նաև թուրք հայտնի գրող Օրհան Քեմալի հայրը` Աբդուլքադիր Քեմալը, որը բանտից սպառնացել էր հայերի տեղահանության և ոչնչացման մասին «Ալեմդար» օրաթերթում հուշեր տպագրած Հասան Ամջային (Չերքեզ Հասան): Այդ սպառնալիքի ազդեցությամբ վերջինս դադարեցրել էր իր հուշերի հրատարակումը, տե’ս Հասան Ամջա, Տեղահանություն և ոչնչացում (տեղահանության իրական պատկերը), օսմաներենից թարգմանությունը, ներածականն ու ծանոթությունները` Ա.Գ. Ավագյանի, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2007, էջ 14-15:
[136] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, ss.179-183.
[137] Տրապիզոնի դատաքննության ժամանակ լսվել են նաև ֆրանսիացի վկաներ, տե’ս Trabzon Tehcîr ve Taktil Muhâkemesi, “Alemdar”, 8 Nisan 1919. Trabzon Tehcir ve Taktil Muhâkemesi, “Alemdar”, 9 Nisan 1919.
[138] Şimşir B., Malta Sürgünleri, İstanbul, Bilgi Yayınevi, 1985.
[139] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, Ankara, 2005.
[140] Ваагн Дадрян, Обзор материалов турецкого военного трибунала по обвинению в Геноциде армян: характер и значимость четырех основных серий судебного разбирательства, “Геноцид-преступление против человечества” (Материалы первого Московского Международного Симпозиума 18-19 апреля 1995 г.), Отв. редактор: академик НАН Республики Армения В. А. Микаелян, Москва, 1997, с. 33-34.
[141] Refi Cevad, Tehcîr ve Taktil Muhakemeleri, “Alemdar”, 28 Mart 1919.
[142] Refi Cevad, Arabanın Beygirleri Nasıl İmiş?, “Alemdar”, 20 Şubat 1919.
[143] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu. İttihat ve Terakki’den Kurtuluş Savaşı’na, 2. Baskı, İstanbul, 2002, s. 585.
[144]Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, էջ 307: Ըստ Ֆերուդուն Աթայի` Նեմրութ Մուստաֆա փաշան և դատարանի անդամները մեղադրվում էին Բեհրամզադե Նուսրեթի վերաբերյալ երկու` միմյանցից տարբեր դատական արձանագրություններ կազմած լինելու մեջ: Նեմրութ Մուստաֆան չէր ընդունել իրեն հասցեագվող այդ մեղադրանքը և բողոքարկել էր այն, տե’ս Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, ss. 284-285.
[145] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 556. Այսօր ևս Բոզազլըյանում կարելի է հանդիպել հերոսի կոչմանն արժանացած հայասպան Քեմալի արձանը, ինչ վերաբերում է մյուս ոճրագործին` Բեհրամզադե Նուսրեթին, ապա Ուրֆայում նրա անվամբ է անվանակոչվել տարրական դպրոց ու պողոտա:
akunq.net/am/?p=28676