Մովսէս Նաճարեան – Տիր աստուածութիւնը՝ ըստ յունական, եգիպտական եւ հնդկական առասպելաբանութեան

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:


9.Տիր աստուածութիւնը՝ ըստ յունական, եգիպտական եւ հնդկական
առասպելաբանութեան
«Դեմետրոս աստուածուհին մարդկանց սովորեցրեց հացաբեր արտեր մշակել: Նա Էլեւսինի արքայի պատանի որդուն՝ Տրիպտոլեմոսին ցորենի սերմ տուեց, իսկ վերջինս գութանով 3 անգամ վարեց մերձակայ դաշտը՝ ու սերմերը ցանեց հողում: Նա առատ բերք ստացաւ: Ապա աստուածուհու թելադրանքով՝ նա նստեց թեւաւոր օձերով (վիշապներով) լծուած երկանիւը, ու շրջեց երկրներ՝ եւ ամէն տեղ մարդկանց երկրագործութիւն սովորեցրեց»54:
Մեկնաբանութիւն.-
Դեմետրոս աստուածուհին Հայոց Ծովինարն է, որի երկրորդ Պաղտասար55  որդին կոչուել է «Ատրամելէք», որ բաղադրուած է «Ատիր» կամ «Ատուր» եւ «մելէք» բաղադրիչներից, ուր «Ատիր»-«Ատուր»-ը «տիեզերական հոլովոյթ» է նշանակում՝ այսինքն տիեզերական մարմինների պտոյտներն ու տեղաշարժերը, իսկ «մելէք»-ը հրեշտակ է: Հետեւաբար Ատրամելէք-Բաղդասարը եղել է տիեզերական լուսատուների շարժումներին հետեւող, ուսումնասիրող ու գրարող աստղագէտն ու տօմարագէտը:  Իսկ «Տրիպտոլեմոս» անուան առաջին վանկում պահպանուած է «Տրէ»-ն՝ որի հիմքը «Տիր» կամ «Տուր»է, իսկ մնացեալ «պտոլեմոս»-ը եգիպտական «Պտղոմէոս» անունն է («Պտահ»-«Պտաղ»-ից), որն ըստ մեզ՝ նշանակում է «սերմնացան», եւ յատկանշում է Տիր աստուածութեան գործունէութեան գլխաւոր տիրոյթը:
Ինչ վերաբերւում է «Էլեւսին» քաղաքի տեղադրութեան՝ այն մի գուցէ Մնձուրեան տարածքի «Աղեւն»-«Անի-Աղիւն»-ը լինի, որին կցուել է յունականացուած «սին»-ը՝ հայերէնի «ծին»-ը, եւ քաղաքանունն իր ամբողջութեան մէջ կարող է նշանակել «հացահատիկ ծնող»:

«Էլեւսին» անուան բառահիմքին հանդիպում ենք մի գիւղի անուան մէջ՝ Տրապիզոնի նահանգի Աղճապատի գաւառակում, աւանդուած «Ելեւի» ձեւով, նաեւ Կիլիկիայի հարաւային շրջանում՝ Կոռիկոս քաղաքի մօտ, «Ելեւսա»56  կոչուող բնակավայրի անուան մէջ: Սրանք ցոյց են տալիս յետագայ ժամանակներում Անի-Աղիւնցիների հիմնած նոր բնակավայրերը:
Սակայն մեր մատենագրութեան մէջ «Տիր»-ը ներկայանում է որպէս «գրչութեան» ու «դպրութեան» աստուած:
Սա կարելի է բացատրել այն հանգամանքով՝ որ հողի մշակումը, ցանքն ու բերքահաւաքը անմիջականօրէն առնչւում են տօմարին՝ երբ այդ բոլոր գործերն էլ կախում ունեն տարուայ եղանակների շրջապտոյտից: Ուստի եւ մշակը պարտաւոր էր ճշգրտօրէն ծանօթ լինել տօմարին՝ ու արձանագրել ժամանակի հոլովոյթը (ցիկլերը), եւ հետամուտ լինէր՝ որպէսզի աշխատանքը կատարուէր պատշաճ պահին, եւ ստացուէր ակնկալուած արդիւնքը:
Հետեւաբար կարելի է ասել՝ որ Տիրը յատկապէս տօմարի, նաեւ վարուցանքի աստուածութիւնն է եղել միաժամանակ:
Յունական առասպելներում «Տրիպտոլեմոս»-ը ներկայանում է նաեւ «Տրիտոն»57  անուամբ, որպէս «ծովային խորութիւնների տիրակալ»:
Այստեղ «ծովային խորութիւնների տիրակալ»-ը կարելի է հասկանալ նաեւ «երկնային ովկիանոսի խորութիւնների տիրակալ»՝ այլապէս աստղաբաշխութեան տիրակալ:
«Տիր» բառարմատի «ցիկլ»-«հոլովոյթ» կամ «պտոյտ» իմաստը պահպանուել է վրացերէնի «տրիալեփս= կը պտտուի» բայում, անգլերէնի «tyre»-«անիւ, ակ» բառում, «turn=պտտուել, պտտել» բայում եւ «Tour=շրջապտոյտ» բառում, եւայլն:
«Տիր» աստծուն հանդիպում ենք Փիւնիկէի «Tyr» կամ «Տիւրոս» կոչուած (այսօր` «Սուր» – «ﺭﻮﺻ»), ծովափնեայ քաղաքանուան մէջ, Փիւնիկէի առաջին մայրաքաղաք «Սիդոն»-«Սայդա»-ից մի քիչ հարաւ: Հաւանաբար այդ քաղաքը Տիր աստծուն նուիրուած լինի, եւ սա պատահականութիւն չէ58:
Հնդկական-Բուդդայական առասպելներում Տիրը հանդէս է գալիս «Կարապների արքայ Դրիտարաշտու» անուան տակ՝ ուր «Դրիտարաշտու»-ն բաղադրուած է «Տիր»+«տարայ»+«աստծու» մասերից, ու ցոյց է տալիս Տիրի «տօմարի (տարիների) աստուած» լինելը:59 , 60 :
Եգիպտական դիւցաբանութեան մէջ եւ տօմարում Տիր-ը ներկայացուել է «Աթիր» կամ «Ատիր»  ամսանուամբ՝ ինչպէս Պաղտասարի «Ատր»-«Ատրա-մելէք» պատուանուան մէջ, երբ «Աթիր» ամսուան ընթացքում էլ կատարուել են աշնանային «Ատիրի վարուցանք»-երը՝ որոնք հայկական նոյն «Տրի ցանքս»-երն են:
Բ. Վան-դեր-Վարդենն իր «Ասղագիտութեան Ծագումը» գրքում խօսում է Եգիպտոսում Եւդոկսի կատարած ուսումնասիրութիւնների մասին,  որոնց որպէս արդիւնք՝ վերջինս գրել է իր «Օկտաէտերիդու» գործը, որը վերաբերւում է կենդանակերպի «8-ամեայ շրջագայութեան», եւ նրա կազմած 8 տարուայ օրացոյցին:
Այս «Օկտաէտերիդու» բառի «Օկտ»-ը «ութ» բառն է, իսկ «Աէտերիդու»-ի «Աէտեր» հիմքը «Աթիր» կամ «Ատիր»-«Տիր»-ն է՝ որպէս շրջապտոյտ-ցիկլ, որով ուղղակիօրէն հաստատւում է մեր վարկածի ճշմարտացիութիւնը:
10.Ատրուշան, Ատրպատական
Ինչպէս վերը տեսնաք՝ «Ատր» բառի հիմքը եգիպտական «Ատիր»-ն է, եւ հայկական «Տիր»-ը՝ որոնցից առաջինը «Տիեզերական մարմինների ցիկլ-պարբերաշրջանների աստուածութիւնն է», իսկ երկրորդը «Երկիր մոլորակի եւ երկրային պարբերաշրջանների աստուածութիւնն է», ուստի եւ տօմարի աստուածութիւնն է, հետեւաբար «Ատր» բառով կառուցուած «Ատրուշան»-ը ներկայացնում է այն տեղը՝ ուր «ուշ» են դարձրել, կամ հետեւել են երկնային մարմինների պարբերաշնջաններին, այսինքն «Ատրուշան»-ը եղել է աստղադիտարան՝ եւ ո՛չ թէ կրակի պաշտամունքի կենտրոն կամ «կրակարան»:

 


[54] «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», Ն. Կուն, Երեւան, 1979, թարգմ. Լ.

Հախվերդյան, էջ 72:

[55]Պաղտասարին հանդիպում ենք Գիլգամեշի դիւցազներգութեան մէջ՝ «Բելեթցեր»    տառադարձութեամբ, որն եղել է «Սանդարամետի գրող»-ը՝ գրագիրը: Տես՝ Հովիկ Ներսիսեան,    «Աստվածների Բնակավայր ու Կաճառ», Գլենդել, 2010, էջ 83:

[56]«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւան, Եր. համալս.    հրտ.,1986:

[57]Մենք պիտի ասէինք՝ «Տիրի տուն»:

Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am/archives/42101

Facebooktwitterredditpinterestlinkedinmail