ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (Նախորդը)
ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/
Զորքի նահանջի հետ նահանջեց և քուրդը:
Քուրդն էլ նահանջեց, բայց անհուն զայրույթով ու կատաղությամբ լցված, իր քենը թափեց քավության նոխազ, անզեն հայի վրա…
Շեյխ Ամարը, Բաղդադի խալիֆաների ժառանգը, փախավ Տարոն, Սասուն:
Շեյխ Ամարը պատերազմի գնալիս, որ սովորական թալան էր համարում, իր ձեռքի տակ 18 000 զինված քուրդ ուներ, բայց այժմ հազիվ դրա կեսն էր մնացել. ոչնչացվել էին Տեր-Ղուկասովի և Շելկովնիկովի ձեռով:
Մշո դաշտում Հոնան գյուղը փորձեց ավերել, իր աջ բազուկ Զեյնալին հրաման տվեց քանդել Սուլուխը… բայց հոնանցի քաջ տեր Հարությունը, որ սասնցի Հոլոյաններից էր, մի քանի քաջերով նրան մոտիկ իսկ չթողեց: Սուլուխում շեյխ Ամարը տեսավ, որ հայը զենք բանեցնել գիտե… Անհաջողության մատնվելով Ղզլ-Աղաճ, Արազ, Բերդակ, Ջրիկ, Ցրոնք և այլ գյուղերոմ, նա պատգամավոր ուղարկեց Մանկցոց, Սլիվանցոց, Բագրանցոց և Բալաքցոց էշիրեթներ բեյերին ու թոսուններին, որ գան, հավաքվեն, հանդիսավոր առաջնորդեն իրեն Բագրանցոց բեյի վրանը, որի մոտ որոշել է մնալ միառժամանակ, որոշել իր անելիքը, ընտրել իր զոհը…
Սասուն: Ամառվան վերջն է: Իրիկնադեմի արևը թեքվել է դեպի Սև սարը: Լեռան հսկայական ստվերը հետզհետե ձգվում է դեպի Մուշ քաղաքը:
Քաղաքի Ձորի թաղի գլխին կանգնած է մեծատարած, զինավառ քրդական ամբոխը: Ամբոխի մեջ իրարանցում է նկատվում, սկսվում է թափորի պես մի բան ձևավորվել: Նախ դուրս է գալիս մի ջլապինդ քուրդ, ահագին ձողի վրա կանաչ, արաբերեն ոսկետառ դրոշ պարզած, անցնում թափորի գլուխը: Նրա աջ ու ձախ կողմերը հայտնվում են երկու հոգի, ձեռքերին փաշայական թուղ` ձողի ծայրին անցկացրած ոսկեզոծ գունդ և ձիու ագի: Սրանց հետևից անմիջապես շարվում են հարյուրավոր կիսամերկ դերվիշներ` վրաները մորթի առած, տապարաձև ու նիզակաձև ասաները աջ ձեռքերին, ձախին` կոկոսի կեղևից սարքած քեշկիլներ քաշ տալով: Սրանցից մի քանիսն սկսում են թմբուկ զարնել, մյուսները երգում են, ոմանք պարում: Սրանց հետևում են զույգ-զույգ շարված ֆախիներ և սուֆիներ`սպիտակ չալմաներով, ապա հասարակ իմամներ ու շեյխեր: Վերջում չորս հուժկու քուրդ ուսերի վրա բերում են կանաչ բեհեզ վարագույրով սքողված մի պատգարակ, որի կիսաբաց վարագույների հետևից երևում է նստած վաթսունն անց միջահասակ, ջղային, արագաշարժ, միջին կազմության, հուրհրատին տվող աչքերով մի մարդ, որի գլուխը զարդարված է բրգաձև արծաթյա ակնակուռ թագով ու ծրարված կանաչ ատլաս ապարոշով: Կզակի ծայրին երկար ցանցառ այծամորուս ունի, ցանցառ ալեխառն բեղեր, այտերը քյոսա են:
Հագին երկար էնթերի է ու ջյուպպե` կարված կանաչավուն ընտիր մահուդից, ոսկեթել երիզներով, մեջքին` քիշմիր-քիրվան շալե ահագին և անհեթեթ գոտի, որի ծալքերից փայլատակում է ոսկեպատյան դաշույնի ադամանադակուռ գլուխը: Գոտին զրահի պես ծածկում է նրա նեղ կուրծքն ու փորը: Գլխին` ոսկեթել խույրի վրայից բրգաձև արծաթյա ականակուռ թագ է, ճակատը փաթաթած է 1Օ մ. հասնող կանաչ բեհեզով` ապարոշով: Նա, որպես Մուհամմադի ժառանգ, ոտից գլուխ կանաչ է հագնված:
Սա շեյխ Ամարն է, այս ամբոխի քաջալերողն ու պաշտելի սուրբ ղեկավարը: Նրան տեսնելով, մարդկանց ծովակը խոնարհում է գլուխները: Զեյնալ բեյի առաջնորդությամբ բագրանցիների Մալե-պատրիկ Ֆեթուլլահը, Մանըքանցի, Քադրկցի, և այլ էշիրեթների առաջնորդներն իրենց շքախմբերով ևս ի նշան խոնարհ երկրպագության, իջեցնում են գլուխները: Ապա Ֆեթուլլահ բեյի երկու զավակը, որպես իշխանազուններ, ճոխ ոսկեթել բեհեզ հագնված, գլուխները գունավոր ապարոշ փաթաթած, գոհարազարդ փոքր դաշույններով ու ոսկեպատյան թրերով զինված ներկայանում են Ամարին, որը սիրալիր ժպիտով հրամայում է տեղավորել երեխաներին իր դեսպակի մեջ` աջ ու ահյակ: Հրամանը կատարվում է և Բագրատունյաց երկու կորյունը ձեռքերին բռնում են մի-մի արծաթե ոսկեզոծ խոր ափսե, որոնց մեջ զիքրի ժամանակ թքնելու է շեյխը` Ալլահի մարդը:
Բանակ-ամբոխը լուռ է: Հանկարծ Ամարը օձի պես շչացող ձայնով գոռում է. “Ալլա~հ, յալլա~հ, Ալլա~հը”: Նրան անմիջապես արձագանքում է թափորը, ապա` բանակը: Թափորի գլխին կանգնած վահանավորներն սկսում են սրերը շկայել, միմյանց վահանի զարնել, մերթ ծունր դնել դրոշի առաջ, մերթ ոստնել ու դարձյալ շարունակել սրամարտը, վահանով պաշտպանվել…: Թափորն ու բանակը հետևում են նրանց, “Ալլա~հ, յալլա~հ, Ալլա~հը” գոչյունները տարածվում են ամբողջ բանակի մեջ, բոլոր ձայները խառնվում են իրար, վերածվում ժխորի, արձագանքը լցնում է սար ու ձոր:
Թափորը շարժվում է առաջ, դեպի Բագրանցոց ցեղի հազարավոր վրանները:
Արևը մայր մտնելու մոտ հասնում են վրաններին, ուր թափորին և Ամարին առաջ է գալիս ամբողջ էշիրեթը: Աղաղակներն ավելի են սաստկանում:
(ՇԱՐ 2)