ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (ՆԱԽՈՐԴԸ)
Բեյերից մեկը շուռ էր տալիս կրակի վրա շամփրված խորովածը, երբ երիտասարդը շեղվում է իր ճանապարհից, անհողդողդ մոտենում կրակին, առանց բառ արտասանելու խլում է բեկի ձեռից շամփուրը, պոկում խորովածն ու սկսում ուտել…
Քրդերն ապշած սկսում են զննել այդ հանդուգնին, որի լուրջ, անտարբեր դեմքի վրա հուզմունքի որևէ նշույլ իսկ չկա: Մինչ նա ուտում է, վրա է հասնում ու կողքը կանգնում նրա միակնանի ընկերը:
Ովքեր եք, որտեղացի եք, որ էշիրեթից եք, – հարցնում է Զեյնալը:
Ոչ մի պատասխան: Խորովածն ուտելուց հետո երկու անծանոթը շարունակում են իրենց ճամփան, քրդերին տարակուսանքի մեջ թողնելով:
Ալլահը չանի` սրանց կռվի մեջ պատահես, – ասում է Զեյնալը:
Ինձ կարծես ծանոթ էին երևում, – ասում է Ֆեթուլլահը, – մերոնցից կլինեն, ֆլահին /հային/ այդքան քաջություն որտեղից, երևի բաղձանք ունեն, ուխտել են չխոսել մինչև բաղձանքը կատարեն: Իսկ մեր կրակից խորոված ուտելը մեզ համար բարի նշան է…:
Ճիշտ ես ասում, ուխտված կլինեն…
Երկու անծանոթը անցնում են վրանների շարքը, հեռանում:
Հիմա նրանք բլրի գագաթին են, որտեղից երևում է Մշո ս. Առաքելոց վանքի լուսավորված մեծ աշտարակը:
Աստուր, – ասում է շեկը, արագ մի ակնարկը չորս կողմը նետելուց հետո: – Աստուր, կաց մի քիչ հանգստանանք:
Հորին, մալըմիրաթ, – կրքոտ առարկում է միակնանին, – դուն Գորգե պապու ճետ իս, Կրպե, քզի սազական չի: Երթենք, ըծո, հմկա աղոթրան լուս վըր գլխուդ էղի, մընք Մուշ տի հասնինք:
Նոր զգացի, որ հոգնել եմ, Աստուր, – քրդաց խարույկները մեր Սասնո հայերիս հարսանեկան ջահերն են, իսկ Մուշը կարծես մեռած լինի, քնած է անդորր խավարի մեջ: Մշեցիք չգիտեն իրենց գլխին գալիքը… մենք մենակ ենք կռվելու քրդերի էդ բանակի դեմ…
Էդ ինչ բաներ ես ասում, ըծու, ըտոնց մեջ հայ մեռուկ է, ս. Կարապետը վկա, հաշտ եղիր, սասնեցին գիտի կռվել ու հաղթել:
Գնանք, Աստուր, դու չգիտես իմ գիտցածը, դու չես ըմբռնում իմ միտքը: Մենք հիմա միացած, մի բռունցք դարձած պիտի լինեինք, մի մարդու պես ազգովին կանգնեինք թշնամու դեմ… այս ինչ է մեր չարչարանքն ամեն տեղ…
Այսպես խոսելով իջնում են դեպի վանքը:
Կրպե, իմըլ վանուց դարկախ տի բանան մըր առեշ:
Կբանան: Կբանան, հենց որ իմանան մեր ով լինելը:
Իշկե, Կրպե, հընտը վանուց մինծ աշտարակ լուսավոր է:
Այո: Վանահայրը ընտիր մարդ է, աննման վարդապետ, նա վտանգի պահին ննջողը չէ:
Երկու սասնիկ կանգնած են վանքի արտաքին պարսպի երկաթե դռան առաջ, որի վերև ատամնավոր աշտարակն է: Ներսում կարծես սպասում էին. հազիվ մի անգամ բախում են մուրճով, ներսից սպառնալի ձայն է լսվում քրդերեն. “Ով է, ինչ եք ուզում:”
Հովհաննես վարդապետ, ես եմ, Կրպեն եմ, Սեմալա միր Մատեի որդին եմ, – պատասխանում է Կրպեն հայերեն, ապա դառնում ընկերոջը. – Տեսար, ես քեզ ինչ էի ասում, վարդապետը քուն չունի…
Ծխնիների վրա ճռնչալով դանդաղ բացվում է վանքի դրունքը:
Խավարի մեջ թերագծված, լապտերը ձեռին կանգնած է մի հսկա վանական, ոտից գլուխ զինված, երկար մորուքը բաժանված է երկու մասի ու կապված ծոծրակի վրա:
Էդ դուն ես, Թոփո, – ուրախանում է Կրպեն:
Մալըմիրաթ, ըզլմնիս բետ ասլան, ճագիր իմալ խորոտ ին, ըծու, – ավելացնում է Աստուրը:
Անցանք առաջ, Թոփո վարժապետ, վանահայրն ուր է…
Տիրացուների հետ աշտարակի մեջն է:
Գիտեմ, որ նա էր մեզ ձայն տվողը..
Ներս եկեք:
Թոփոն լապտերը ձեռին եկվորներին առաջնորդում է աշտարակ, ուր նստած են վանահայրը տիրացուների հետ, բոլորն էլ սպառազեն:
Բարով եկաք, զավակներս…
– Վարդապետ, ասա, որ չէիր սպասում, անժամանակ եկանք, – ասում է Կրպեն:
– Զարմանում եմ, թե ինչու եք եկել:
– Մի զարմանա: Եկել եմ հորեղբորս` տիրացու Հովհաննեսին տեսնելու, ապա Մշո գայմագամին ու մեր առաջնորդ Թռչնիկին ներկայանալու: Այժմ Սասնո սարերում քրդերը հայոց մեծ հարսանիք են պատրաստում, իսկ մենք առանց բարեկամի սեղան չենք նստում, եկել եմ հորեղբորս կանչեմ, նա մեզ այնտեղ է պետք, թող ներկա լինի:
– Տիրացուն թող մնա, այստեղ ավելի ապահով է…
– Ապահով է, ճշմարիտ ես, բայց այնտեղ զենք բռնող է պետք, մարդկանց քաջալերող է պետք: Նա Հոլոյի արժանի թոռն է, նրա տեղը արյան հարսանիքումն է, մեր սարերում… Հայրենիքը վտանգի մեջ է, իր զավակները վանքի պատերի հովանու տակ չեն կարող մնալ…
– Եղբայր իմ, – մեջ է մտնում երիտասարդ, վտիտ տիրացուն, ձեռը Կրպեի ուսին դնելով, – լավ է, որ եկար… մտածելով ես ինձ մաշեցի… չլինի թե դուք առանց ինձ զենք վերցնեք գազան Ամարի դեմ, ինձ հարամ կլինի Հոլոյի թոռան անունը, միր Մարտեի հացը…
– Ուրեմն պատրաստ եղիր, դու էլ քո բաժինն ունես ստանալու…
– Բայց, Կրպե, – ասում է տագնապած վանահայրը, – դուք պիտի կռվեք այդ ավազակապետի դեմ…
– Անպատճառ, հայր սուրբ, այլ ելք չկա..
– Բայց շնից շատ են նրա հրոսակները…
– Իրենը` տաս-տասներկու, մյուս էշիրեթների հետ` հիսուն-վաթսուն հազարից ավելի են…
– Իսկ դուք… ձեր ուժերը….
– Մենք սասնցի ենք, վանահայր, այդ բավական է… Գալե-Կուզան, Շենիկ, Սեմալ կտան չորս-հինգ հարյուր, Դալվորիկի յոթ գյուղը և Տափկ, Աղբի, Հիթենք, Շուշնամերկ` հազար երկու հարյուր, ընդամենը հազար յոթ հարյուր կլինենք, չհաշված ծերերն ու պատանիները, հերիք է…
– Երկու հազարը` հիսուն հազարի դե~մ` հերիք է…
-Այո:
– Կրպե, կհաղթվեք:
– Չէ, հայր սուրբ, կտուժենք, բայց կշահենք: Վարդապետ, դու քրդի սովորությունը գիտես` եթե դեմերը չառնենք, չպատասխանենք, կավերեն երկիրն ու տները: Մեր փրկությունը զենքի ծայրին է:
– Անխուսափելի է մահդ, իմ Սասուն, – հառաչում է վարդապետը, – ինչ անենք, աստված իմ…
– Կմեռնենք սասնեցու պես կռվելով, վարդապետ, ոչ թե դաշտի շինականի պես վիզներս յաթաղանին մեկնած, կյանք աղերսելով… Եթե մշեցիք ուժ ունենան, միանան մեզ ներքևից, մենք էլ վերևից մի պատվական դաս կտանք քրդին էլ, արաբին էլ…
– Հիմա քաղաքի մեջ գայմագամի մոտ մի զափթիա իսկ չկա, ուր մնաց զորք… – մեջ է մտնում Թոփոն:
– Տեսնում եք… գուցե մեկ ուրիշ այսպիսի հնարավորություն էլ չունենանք: Ափսոս, մեզ անգիտակ են սեպում, ով է սասնցու խելքին հավանում… Մենք կարող ենք իսպառ ջնջել իսլամը մեր երկրից, քսանչորս ժամում տիրել Մուշ, Սասուն, Խնուս ու Բուլանըխ գավառներին, դաշտեցի ռամիկը վախենում է, մեզ “Էշ գավռցի” է ասում, ծաղրում է…
– Կրպե, – ընդհատում է նրան վանահայրը, – խնդիրը լուրջ է, ես քեզ հետ կգամ Մուշ, կխոսեմ առաջնորդին, հեռագրենք պատրիարքին, քաղաքում ժողովենք էֆենտիներին, աշխատենք ընդհարման առաջն առնել…
– Միամիտ բաներ ես ասում, հայր սուրբ…
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից
(ՇԱՐ 5)