ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (ՆԱԽՈՐԴԸ)
Դեռ արևը չի ծագել, քաղաքի շուկաներն ու խանութները դեռ չեն բացվել: Կրպե, Աստուր, Հովհաննես, միատեսակ հագնված ու զինված կանգնած են գայմագամի խարխուլ ու մեծատարած տան առջև, որ սնապարծորեն Սերայ` պալատ է կոչվում: Դռան առաջ ոտաբոբիկ նստած է մի քուրդ զափթիա ողորմելի, պատառոտված հագուստով, ծխամորճ է ծխում:
Ինչ եք ուզում, – եկողների բարևին պատասխանելու տեղ դժգոհ հարցնում է նա:
Կրպե. “Շեյխ Ամարից նամակ եմ բերել”:
Ինձ տուր…
Ասել է` անձամբ իրեն հանձնեմ… հետն էլ բանավոր ասելիք ունեմ:
Ուրեմն այստեղ սպասեցեք:
Զափթիան դանդաղակամ մտնում է ներս:
Տղեք, – ցածր, հազիվ լսելի ձայնով ընկերներին է դիմում Կրպեն, – սերայում միայն գայմագամն է ու էս անպիտան զափթիան… Ներս մտնելիս լուռ ու անխոս կանգնում եք դռան աջ ու ձախը: Ոչ մի բառ կամ միջամտություն…
Ուրեմն մենք էլ ներս գանք…
-Անպատճառ: Մտնում ենք բոլորովս:
Զափթիան քիթը դռնից դուրս է հանում, նույն ալարկոտ ձայնով, գլուխը քորելով, ասում է. “ Բեյը ձեզ է սպասում: Խեղճ մարդուն քնից հանեցիք, նինջը հարամ եղավ…”
– Գնանք, – քրդերեն դիմում է Կրպեն ընկերներին:
Սենյակի մի անկյունում, թախտի վրա գիշերազգեստը հագած կծկվել է անկողնուց նոր ելած գայմագամը` պոլսեցի շվայտակյաց մի երիտասարդ: Մտնողներից երկուսը կարգնում են դռան աջ ու ձախ կողմից, երրորդը ժպտադեմ մոտենում է ու բարևում:
Ուր է նամակը, – ձեռքը երկարում է գայմագամը:
Նամակը ես եմ, – նույն թուրքերեն պատասխանում է մոտեցողը: – Եկել եմ Ալլահի սիրելի շեյխ Ամարի կողմից: Ձեր կարծիքն է ուզում…
Ինչ է ուզում իմանալ իմ հայր Ամար էֆերնտին…
Իմանալ, թե դուք` որպես կառավրության ներկայացուցիչ իշխան, Սասունում որ կոտորած սկսվի, միջամտելու եք, պաշտպանելու եք քաֆրներին…
Ես արդեն ասել եմ Նորին սրբությանը, որ չեմ խառնվելու… Գործը գլուխ գալուց հետո միայն…. երբ ամեն ինչ ավարտվի, կհայտնեմ ուր հարկն է, թե նոր եմ լսել, ուշացել եմ: Թող անի, ինչ ուզում է…
Ուրեմն հայերի բողոքները չեք լսելու…
Իհարկե` ոչ:
Խոսողի դեմքը մի պահ մռայլվում է, հետո նա հայացքը կտրում է գետնից, մի վայրկյան տխուր հառաչում է և հանկարծ կերպարանափոխվում. կատաղությամբ լցված աչքերը ահասարսուռ նայում են գայմագամին: Այդ հայացքի տակ նրա մարմնով դող է անցնում:
Դու… ով ես, – այլայլված ու դողացող ձայնով, – դուք հո… չեք խաբում ինձ…
Օձի ծնունդներ, դուք աշխարհը խաբել ու լափում եք, ինչու ես` հայս, ձեզ խաբելու իրավունք էլ չունեմ…
Շան որդի քաֆր, – հանկարծ ոգևորված և ինչ-որ մտքից սրտապնդված, գոռում է գայմագամը: – Ալի, Ալի…
Ներս է մտնում ալարկոտ զափթիան, գլուխը քորելով: Ալին նա է:
Զափթիաներին կանչիր, ձերբակալեցեք այս քաֆր շան որդոցը…
Տեր իմ, – շարունակելով քորել գլուխը անհոգ պատասխանում է Ալին, – զափթիա որտեղից: Երկուսին` Մանոյին ու Սլոյին դու Բուլանըխ ուղարկեցիր քուֆրացի շեյխի մոտ…:Ես եմ միայն, ուրիշ ով կա, որ կանչեմ…:
Սերայում էլ մարդ չկա:
Ով լինի, քո օգնականն էլ է այնտեղ, մյուս պաշտոնյաները դեռ չեն եկել, ախր շատ վաղ է, լույսը նոր է բացվում…
Զորանոց վազիր…
Տեր իմ, – առանց տեղից շարժվելու, դինջ պատասխանում է Ալին, ծխամորճը վառելով, – ես քո վրա զարմանում եմ, դու հո գիտես, որ այնտեղ 20 զինվոր կար, դրանք էլ երկու օր առաջ քաֆրի ահուն զենքը թողին փախան…
Փողոցից մի քանի իսլամ կանչիր…
Այդ կարելի է:
Ալին ուզում է դուրս գնալ, բայց Կրպեն, ոչ մինչ այդ կիսաժպիտ դեմքով լսում էր գայմագամի հրամաններն ու Ալիի դինջ պատասխանները, մի հայացքով հրամայում է ընկերներին կանգնեցնել զափթիային:
– Կհոգնես, Ալի, մնա տեղումդ:
– Թողեք դրան, – գոռում է գայմագամը, ձեռքով զենքը փնտրելով, – թողեք, թե չէ…
– Ձայնդ կտրիր, այլանդակ, – անվրդով ասում է Կրպեն, – կտրիր ու լսիր, թե ուզում ես ողջ մնալ…
Գայմագամը սմքում է.
Ինձանից ինչ եք ուզում…
Հիմա դու հեռագիր կտաս սուլթանին, քո ձեռով կգրես…
Ինչ, ինչ…:
Հեռագիր կտաս սուլթանիդ, որ քո սուրբ շեյխ Ամարդ ռուսից գող կատվի պես փախչելով, նրա մուռը Սասունի ռամիկներից է ուզում հանել… հասկացար:
Անհնար բան ես ասում…
Հնարավոր է, հնարավոր: Չէ որ դու խելացի ու բարի մարդ ես, լավ գայմագամ, – ծաղրելով ու սպառնալով հանդարտ արտասանում է Կրպեն, պատյանից դաշույնը քաշելով: – Կգրես, թե չէ այստեղից դուրս չես գա…
Սարսափած գայմագամը հասկանում է, որ եկվորները չեն կատակում և միանգամից փոխվելով, հնազանդ գրում է Կրպեի թելադրածը: Տիրացուն ուշադիր հետևում է, որ հանկարծ սխալ բաներ չգրի:
“Բաղդադի խալիֆաների ցեղական և ժառանգ հաճի շեյխ Ամար էֆենտին իր բաշիբոզուկների հետ փախել է մարտի դաշտից, բարձրացել Տիգրանակերտի Սասուն լեռները և այժմ մտադիր է 60-ի չափ հայ գյուղ կոտորել: Հայերը դիմում են Ձեր վեհափառությանը և խնդրում, որ թույլ չտաք կոտորածը, իրենց կյանքն ու գույքը մատնել ավերածության: Հայերը Ձեր վեհափառության բարի հպատակներն են, և Ձեր երջանկահիշատակ պապերից, սուլթաններից և այլ մահմեդական հաղթողներից 500 տարուց ի վեր իրենց պապերի` Հոլո և Գորգե ամիրաների անունով իրենց շրջանի տեր և իշխան են ճանաչված: Մենք` կառավարության ներկայացուցիչներս, այստեղ` Մուշում, զորք ու զափթիա չունենք, և մեծ շեյխի դիտավորությանը միջամտել և այն խափանել չենք կարող: Սպասում ենք բարձրագույն կարողության:”
Վերջը մի օր թուրքերեն գիտենալս պետք եկավ, – ասում է տիրացուն:
Ճիշտ իմ ասածը գրեց…
Այո, բայց շարադրեց, ինչպես դիվանում է ընդունված:
Մեկ է, իմ ճանկերիցս չես պրծնի, քաֆր, – որ գրողի ծոցն էլ մտնես, գտնելու եմ… – մրթմռթում է գայմագամը:
Հետո, հետո, – այժմ ստորագրիր, կնքիր, հեռագիրն ուղարկենք…
Գայմագամը այլևս լուռ ստորագրում ու կնքում է:
Տիրացու,ուշադիր ես…
Ուշադիր եմ, եղբայր իմ..
Մի օր մեկ է, ձեռս ես ընկնելու, – սպառնում է գայմագամը հեռագիրը տալով:
Լսիր, բեյ էֆենդի, – հանդարտ արտասանում է Կրպեն, – ես էլ գիտեմ, որ անօգուտ բան է այս հեռագիրը: Շունը քարը նետողի հետևից չի վազում, այլ նետած քարի: Դուք` թուրքերդ ու քրդերդ, այդ անասունի անմտությունն ունեք: Ռուսը ձեզ հետ կռիվ ունի, տղամարդ եք` նրա դեմ կռվեցեք, դուք ձեր վրեժը մեզանից ինչի եք լուծում: Քո սուլթանն էլ քեզ պես է, գիտեմ, որ նրա իմացությամբ ու հրամանով եք այս բանն անում: Մենք որպես օրինապաշտ հպատակ պարտական ենք դիմել նրան, բայց որ վաղը կռիվն սկսվի, դուք եք կոտորվելու, լսում ես, դուք` թուրքերդ, արաբներդ, քրդերդ: Մենք` սասունցիներս կազմ ու պատրաստ ենք կռվելու, մենք քաջաբար կռվել ու մեռնել գիտենք` ձեր անթիվ մեռելներին հարցրեք: Այս ամենը իմաց տուր քո խառնածին հրեշին, որին դուք շեյխ Ամար եք ասում…
Դու ապստամբ ես, դու իսլամին ես անպատվում…
Անպատվել կարելի է պատիվ ունեցողին… Ես ապստամբ եմ, որովհետև իմ կյանքն եմ պաշտպանում, իմ գյուղացիների, իմ ազգիս կյանքը: Մենք անզեն ռայա չենք… չխաբվես մեր երկրագործի բարքերով… Դու ինչ ազգ ես, բեյ…
Ես: Իսլամ եմ:
Գիտեմ: Ես հարցնում եմ` ինչ ազգ ես:
Ասացի` իսլամ եմ:
Ես էլ քրիստոնյա եմ, բայց նաև հայ եմ: Դու իսլամ ես, իսկ ինչ ազգ ես:
Ազգն ինչ է: Ասացի` իսլամ եմ:
Տեսնում ես, դու նույնիսկ քո ինչ ազգ լինելդ չգիտես: Եվ դու, որ քո սերայի մեջ ես մեզանից վախենում, մեզ` հայերիս սպառնում ես մեր սարերի կատարներին, ուր միայն մենք ենք կանգնում…
Դառնում է ընկերներին.
Տարեք, խփեցեք հեռագիրը: Ալիին կապանքներ դրեք, իսկ բեյը… բեյն ազնվական գազան է, թեկուզ իր ինչ ազգի լինելը չգիտի, թող արձակ մնա…
Կես ժամում ամեն ինչ ավարտված է:
Աստուրն ու Հովհաննեսը բերում են հեռագրի անդորրագիրը, Կրպեն վեր է կենում, անխոս մոտենում գայմագամին, երկու արծաթ մեճիտիե խոթում բուռը և մեղմիկ ասում.
Ես անվարձ մարդ չեմ բանեցնում: Հիմա ձեռ ու ոտդ կակպենք, որ հանգիստ գնանք: Վստահ եմ, այնքան խելք ու բարություն կունենաս, բեյ եֆենտի, որ հրամանիցս դուրս չես գա:
Կտրիճ քաֆր, – այսպիսի ավարտից ուրախացած ասում է բեյը, արծաթներն առնելով, – ներում եմ հանցանքդ, բարով երթաս:
Կրպեն մի արծաթ էլ տալիս է Ալուն.
Էս էլ քեզ, քո ծուլության ու անփութության համար:
Սասունցիք դուրս են գալիս: Գայմագամը նախ զննում է արծաթները, համոզվելու համար, որ կեղծ չեն, ապա դառնում զափթիային բռնազբոսիկ ժպիտով.
Ալի, ինչ անենք այս քաֆրերին, բռնությամբ ստիպեցին…
Դուք գիտեք, – ալարկոտ պատասխանում է Ալին, – Ալլահը նրանց ճամփան կանաչ անի, երեք ամիս է վարձ չեմ ստացել, արծաթի երես չեմ տեսել, մի մեճիտիե ինձ էլ ով էր տվողը… Ոչ զորք ունինք, ոչ զափթիա կա, ոնց հետապնդենք…
Ներս է մտնում մի բարձրահասակ հայ հոգևորական, բարևում գայմագամին: Ալեաթճյան Գրիգորիսն է` Թռչնիկը, Մշո հոգևոր առաջնորդը: Գայմագամը, նրան տեսնելով, հազիվ է զսպում կատաղությունը.
Ձեռներս արձակեք:
Տ. Գրիգորիսը, առանց զարմանքի արտահայտության, քանդում է կապերը, կարծես սովորական, առօրյա մի բան է տեսածը:
– Գիտես, մուրախխաս /առաջնորդ/, ովքեր էին կապողները…
– Ոչ, ես հենց նոր եկա…
– Լավ: – Գայմագամն արձակում է Ալիի կապերը, երկու գիր է գրում հապճեպ, տալիս նրան, ասելով. – այս մեկը տար հեռագրապետին, իակ այս մեկը հավատարիմ մի իսլամի հետ շեյխ Ամարին ուղարկիր…
Ալին դանդաղորեն դուրս է գալիս:
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 6)