ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 7)

ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (ՆԱԽՈՐԴԸ)

Հիմա, մուրախխաս էֆենտի, – դառնում է նա Թռչնիկին, – ասա, ինչ կա, որ այսքան վաղ ես եկել մոտս…

Առաջնորդը շատ լավ գիտե, թե ով է կապկպել գայմագամին և անցած բոլոր իրադարձությունները, բայց, ըստ տաճկաց մոտ ընդունված սովորության, սկսում է հեռվից.

Սասունի հայերը Վեհափառ սուլթանի հավատարիմ հպատակներն են, բեյ: Նրանք երբեք չեն ուզում ըմբոստանալ նրա դեմ: Այժմ ազգիս գլխին վտանգ է կախված: Պետք է կռվի առաջն առնել: Ես արդեն հեռագրել եմ պատրիարքին: Դուք էլ հեռագրեցեք ուր պետքն է…:
Գալիս է Ալին, սուրճ է մատուցում, երկուսը շարունակում են զրույցը:

Կրպեն ու ընկերները օրվա երեկոյան դեմ գնում են իրենց գյուղերը:

– Կրպե, – ասում է Աստուրը, – որ դու երեկ Ֆեթուլլահի խորովածն էիր ուտում, ես մոտեցա շեյխի վրանին… Բան չտեսա, բայց ներսից կանացի ճիչեր լսեցի…, հայերեն էին խոսում:

Շեյխի վրանից…

Խըխ…

Ներսը հայ կանայք են… վայ ձեզ, անօրեններ:

Ելը հմալ կսինք, հայու կիկ տ`եղի: Իմըլ կսիս, ըծու, ըմլա իմըլ թորկինք հայու կիկ անօրենի ձեռաց մեջ…
Տեսնենք, մի բան անպատճառ կանենք: Ամոթ մեզ, եթե մեր ազգի աղջիկ այդ խառնածին հրեշի հարեմն ընկնի…
Ուրեմն շուտ էնինք, հյրան իմ քզի, Կրպե, շուտ հասուցուք, բան մի էնինք, փրկինք մըր սրբութեն անօրենի ձեռաց…
Քայլերը հանգում են խավարի մեջ, անհետանում են և խոսողները:

Շեյխ Ամարի վրանը: Շեյխը նստած է նույն թախտի և նույն մորթու վրա, ձեռքին խոշոր հատիկներով թեզպեհ է, աննպատակ քաշում է քարերը, աչքն ու ականջը կանանոցի բաժինը վարագուրող գորգին: Տրփանքի ակնկալիքից ու հուզմունքից գրգռված է, դեմքը կարմրել է, սիրտը ուժեղ խփում է…

Դուռը փոխարինող գորգը շարժվում է, երևում է սպիտակազգեստ ծերունի ներքինին, իր հետևից բերելով նույնպես սպիտակազգեստ բարձրահասակ մի կնոջ: Սա, հակառակ ընդունված կարգի, չի մոտենում, չի համբուրում շեյխի շորի քղանցքը, արձանի նման անխոս կանգնում է հեռվում: Հակառակ նրան, ներքինին կատարում է բոլոր անհրաժեշտ և ընդունված գործողությունները, ապա դուրս է գալիս վրանից, կնոջը թողնելով շեյխի հետ միայնակ:

Տիկին, – կրքից դողացող ձայնով, սակայն աշխատելով քաղաքավարի և կիրթ երևալ, դիմում է նրան շեյխը, – այսօր զգաստացած եք…
Զգաստացած, – մրմռում է կինը հազիվ լսելի ցավատանջ ձայնով:

Ես վստահ եմ, որ պիտի թողնես քո պիղծ կրոնը, ընդունես մարգարեի խոսքը: Երկու ամիս է, ինչ ներքինիներս քեզ չեն կարող այդ բանը հասկացնել… Բավ չէ ծեծ ուտես, ընդունիր ճշմարիտ կրոնը, ուրացիր քո խաչը, այդ պիղծ ձեռագործ պատկերները… կփրկվես դու էլ, դուստրդ էլ…:

Շեյխ, երկու ամիս առաջ ես պատասխանեցի քեզ, երբ դու առաջին անգամ առաջարկեցիր…, նույնը ասում եմ այսօր` երկու ամիս անց: Ոչ ես, ոչ անբախտ դուստրս Քրիստոսին չենք ուրանա: Դու կարող ես մեզ սպանել, բայց իսլամ դարձնել` երբեք: Իմ աչքիս առաջ մերկացնում, ծեծում են իմ անբախտ զավկիս, իմ փափկասուն հրեշտակիս, մեզ ամեն տեսակի անասելի տանջանքների եք ենթարկում… իզուր, չես տեսնի:

Չեմ տեսնի, – օձի պես վշշաց շեյխը, – կռապաշտությունիցդ չես հրաժարվի…:

Շեյխ, – պատասխանում է կինը, – իմ աստված բարի է, քոնը` չար, մարդակեր, մենք ենք դրա ապացույցը: Մենք տգետ, անիմաց չենք, մեր հավատն ամուր է…:
Լռիր, պապանձվիր, անզգամ, – գոռում է շեյխը, – դու` քաֆր, ինչպես ես հանդգնում հայհոյել Ալլահին: Դու ապականեցիր այս վրանի սրբությունը, այս մորթու, որի վրա խալիֆներ են նստել…
Դու քանդեցիր իմ տունը, սպանեցիր իմ զավակներին, իմ ամուսնուն, հրե~շ, դու հիմա ուզում ես, որ ես երկրպագեմ քեզ…

Շեյխը ցատկում է տեղից.
Կսպանեմ, մորթել կտամ…
Ուրիշ ինչ գիտես անել: Արա: Սպանիր: Լսում ես, ինձ պետք չեն քո խոստացած վայելքները…
Մոռացար, ինչպես կոտորեցի ընտանիքդ, քանդեցի տունդ…
Հիշում եմ, դրա համար էլ մեռնել եմ ուզում…
Դու քո սիրուն աղջկա` Լորեի մահվան պատճառն ես դառնալու….
Աչքիս առաջ էլ սպանես, ես նրա ու իմ մահն եմ ուզում: Ես նրան քեզ պես պառավ շան համար չեմ մեծացրել…

-Զեյնա~լ:
Մտնում է Զեյնալը:
Տար սրան, էնքան ծեծեք, որ լեզուն կուլ տա: Բերեք աղջկան:
Կնոջը, որ հեկեկալով հայհոյում ու անիծում է Ամարին, քարշ տալով դուրս են տանում: Նրա ձայնը հեռանալով աստիճանաբար լռում է:

Ամար` ինքն իրեն.
Ուրեմն այս լիրբ քաֆրը հայհոյե Ալլահին ու անպատիժ մնա… Դե դու կտեսնես քո մահը, բայց նախ` աղջկանդ մահը քո աչքի առաջ…:

Վերադառնում է Զեյնալը, հազիվ 16 տարեկան մանկահասակ մի աղջկա հետ: Նրա գեղեցիկ, սպիտակ սևաչյա դեմքը այլայլված է, տխուր, աչքերը ուռած են. երևում է, որ երկար լացել է: Երբեմնի շքեղ, իսկ այժմ ցնցոտիների վերածված շորերը հազիվ ծածկում են մերկությունը, աղջիկը փորձում է այնուամենայնիվ ծածկվել շեյխի ցոփ հայացքից:

Ամարի մեջ վավաշոտության ալիք է բարձրանում:

Լորե, – ասում է նա, ձայնին փորձելով սեր հաղորդել, – Լորե, սեր իմ, իմ հուրի-փերի… Չես ուզում պատասխանել…
Զեյնալը, որ ներկա է այս տեսարանին, կանգնած ժպտում է, ինչպես իր ուսուցչի սխալը բռնած աշակերտ, որ չի ուզում, սակայն, հայտնել այդ մյուսներին:

Զեյնալ, – ջղայնացած նրան է դառնում շեյխը, – երևում է, օրիորդն ամաչում է քեզանից… մեզ առանձին թող…
Շնորհակալ եմ, տեր իմ, որ ազատ ես արձակում… Ֆեթուլլահ բեյն ինձ է սպասում…
Ինչ կա որ…
Բան չէ…: Շենիկցի հայերից գառ են գողացել, պիտի խորովենք…
Ֆեթուլլահի վրանի մոտ ես լինելու…
Այո:
Գնա: Պետք եղար, կանչել կտամ:

Զեյնալը գնում է: Շեյխը սկսում է ինքն իրեն խոսել, աստիճանաբար կատաղելով. “Ես ձեզ կյանք նվիրեցի, հազար անգամ աղաչեցի, սպառնացի… Երկու ամսից ավել է, չեմ կարող դիմադրություններդ կոտրել… Հուրի-փերի եք դու էլ, մայրդ էլ, հարեմիս զարդը կդառնայիք, կանանցս մեջ առավել սիրելի… Դու իմ քյապինլի կինս կլինես, դու էլ, մայրդ էլ, ոչ թե օտալըդ… Չեք համոզվում… Այս ինչ անիծյալ ցեղ եք, որ նույնիսկ կանայք, երեխաներդ այդպիսի անկոտրում կամք ունեք… որ մեռնելը հարեմում առոք-փառոք ապրելուց եք գերադասում… Չէ… Պիտի պահեմ ձեզ տանս մեջ, մինչև խելքի գաք: Սպաննելը միշտ կա ու կա…

Լորեն լսում է լուռ, դեմքին ատելության ժպիտով:

Շեյխը շարունակում է.
Լորե, երդվում եմ մարգարեի գլխով, թե չհամոզվես, չտրվես, ամբողջ կատաղությունս գլուխներիդ կթափեմ… Ոչ մի կին դեռ չի համարձակվել ծաղրել ինձ, դուրս գալ իմ կամքից…
Լորեն հանկարծ կարծես սթափվում է, ինչ-որ բան վճռած, սկսում է պատասխանել.
– Ուրեմն, շեյխ էֆենտի, սուտ են քո բոլոր ասածները, դու ստախոս ես…
– Բայց ինչու պիտի ստեմ, – աղջկա պահվածքից քաջալերված, հարցնում է շեյխը:
– Դու իսկապես սիրում ես ինձ… մեզ` ինձ ու մորս…
– Միթե դու դեռ կասկածում ես… Ես չէի, որ փրկեցի ձեզ…, քեզ համար Զեյնալ-բեյը սուր վերուց շեյխ Ջալալեդդինի դեմ…
– Այդ մեկը ճիշտ է…
– Ուրեմն ճիշտ է նաև իմ սերս, ձեզ իմ հարեմում տեսնելու ցանկությունս…

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 7)

Facebooktwitterredditpinterestlinkedinmail