ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (ՆԱԽՈՐԴԸ)
-Այո:
– Իհարկե, ինձ և մորս սիրելուց էր, որ մեր աչքի առաջ սպանեցիք հորս, եղբայրներիս, նշանածիս… մարդասպան, դահիճ, ճիվաղ… շնական կիրքը սեր ես համարում…
– Դու հանդգնում ես…
– Այո, հանդգնում եմ: Ես անիծում եմ քեզ, բորենի… Դու սիրում ես… Լավ է մեռնենք, քան քո շնական վավաշոտ մորուքը տեսնենք… Սպանիր, դե, սպանիր, ինչ ես սպասում…
Շեյխը բորբոքվում է այս բառերից: Հին, կիսովին մեռած երակների մեջ եռում է արյունը: Քոսա, լպիրշ դեմքի մկանները շարժվում են, ապա քարանում, դեմքը հալած կապարի գույն է ստանում, իծամորուսը ցցվում կզակի վրա: Սակայն տիրապետում է իրեն, վառում չիբուխը, սկսում է ծխել:
Մտքերը ծանր են, հատու.
Այս ցածազգին իր մոր նման անպատվում է ինձ, կրոնս ու Ալլահիս… Հրամայեմ Զեյնալին, թող երկուսին էլ սպանի… բայց… սպանել, առանց սրա գեղեցկության համն առնելու… Հայհոյել է, բայց ինձանից բացի լսող չի եղել… Ես իմ մուրազը կառնեմ, հետո կսպանեմ…
Երկար թվացող այդ րոպեների լռության ժամանակ Լորեն անշարժ կանգնած է, աչքը սևեռած կիսագազան այդ վավաշոտ քաֆթառի վրա:
Լորե, – համոզելու վերջին փորձն է անում շեյխը, – ես իսկապես սիրում եմ քեզ, հնազարդվիր կամքիս` վարդի պես կպահեմ երկուսիդ էլ…
Չէ, չէ ու նորից չէ:
Ախր ջահել ես, գեղեցիկ ես…
Չէ:
Լսիր, անօրենի զավակ, դուք իմ գերին եք, ինչ ուզենամ` կանեմ ձեզ…
Ուրեմն մեր համաձայնությունն ինչիդ է…
Բռնանալ չեմ ուզում, բռնության պտուղը դառն է…
Չէ:
Նախ անպատիվ կանեմ…
Իմ պատվի մեջ մեռնելը միակ փառքս է…
Ամարը կատաղած վեր է կենում, մի քանի անգամ կանչում է Զեյնալին: Գալիս է Զեյնալը:
Ուր էիր:
Ասացի շեյխին, որ Ֆեթուլլահ բեյ վրանի մոտ էի, խորոված էինք սարքում: Մի հետաքրքիր բան պատահեց…
Ասա, տեսնեմ…
Երկու արի քուրդ մոտեցան, խարզանցիներից պիտի լինեին, մեկը` հազիվ 20 տարեկան, մյուսը` 30 մոտ, միակնանի: Մոտեցան, ջահելը կիսաեփ խորովածը կրակից վերցրեց, ուտելով գնաց, առանց բառ ասելու, առանց թույլտվություն հարցնելու…
Ուխտած կլինեն չխոսել… Ինչ տարօրինակ բան կա:
Ինձ ինչ եք ասում, տեր…
Բոլոր պահապաններին հեռացրու վրանի մոտից, դու էլ գնա…
Արդեն հեռացրել եմ, ես էլ եմ գնում:
Զեյնալը հեռանում է գլուխ տալով:
Այժմ դու կտեսնես, թե ով է շեյխ Ամարը, – կատաղությամբ գոռում է շեյխը և հարձակվում աղջկա վրա:
Լորեն, իսկույն հասկանալով պառավ շան մտադրությունը, փորձում է պաշտպանվել: Վրանից լսվում են պայքարի խուլ ձայներ, աղաղակ…
Մի ժամ հետո ներս է մտնում Զեյնալը, գրկում ուշաթափ, արնաներկ աղջկա անզգա մարմինը, տանում մոր մոտ և դժբախտ դստերը գցում նույնքան դժբախտ մոր առաջ…
Մայրն սկսում է ողբալ դստեր վրա, փորձում է ինչ-որ կերպ ամոքել նրան, սիրտ տալ… Աղջիկը քիչ-քիչ ուշքի է գալիս…
Լորե ջան, միթե էս օրվա համար էի քեզ մեծացրել… Լորե ջան, օրորոցից քեզ պատիվ ու ազնվություն էի սովորեցրել… Քո նշանածին սպանեցին աչքիդ առաջ, քո հորը, եղբայրներիդ… Դու պիտի երազելի մայր դառնայիր… Մեր տունը Բայազեթում հայտնի տներից էր, ես քեզ հիմա ցնցոտիներով ծածկել չեմ կարող… Սպանեցին, թալանեցին, ավերեցին… Միայն պատիվն է մնացել, որ առնել չկարողացան… Լորե, նշանածիդ, հորդ, եղբայրներիդ պատվին տեր մնա… չուրանաս, կրոնդ, հայրենիքդ չմատնես… Հայի աղջկան վայել ես ապրել, հայի աղջկա պես մեռնել կարողացիր… Օ, իմ դժբախտ զավակս… Աղոթիր, եկ միասին աղոթենք…
Մայր ու աղջիկ ծնկի են գալիս, սկսում են աղոթել, քիչ-քիչ սրտապնդվելով:
Սակայն աղջկա աղոթքը կարծես խլացնում է հոգու խորքից եկող մի ըմբոստ ձայն.
Սա ճակատագիր է, Լորե, դուք եք այն ընտրել… Երբ հրոսակները հարձակվեցին ձեր տան վրա, միայն նշանածդ դիմադրեց… Խլեց ավազակների զենքը, քանիսին փռեց անկենդան, ինքն էլ հերոսի պես մեռավ… Իսկ հայրդ, եղբայրներդ մորթոտվեցին ոչխարի պես…
Ես ուժ ունեմ, – պատասխանում է աղջիկը մտովի զրուցակցին, – ես ուժ ունեմ, ես կամք ունեմ… Ես կմեռնեմ, բայց այդ շները ինձ հարեմում չեն տեսնի:
Ոտքի է կանգնում, կանչում մորը.
Ել, մայրիկ, ել, չէ, ինձ համար էլ աղոթիր, որ միասին մեռնենք, ես չեմ ուզում որբ ապրել… աղոթիր, եթե հնար է, որ ես այս շների մեջ չմնամ…
Մայր ու աղջիկ իրար պինդ գրկած, լալիս են անձայն: Մխիթարիչ խոսք չկա այլևս, ամեն ինչ ասված է: Լուսաբացին մոտենալու հետ նրանց գլխին սև գիշերվա պես ստվարանում է մահվան ուրվականը: Երկար, ձիգ ժամեր են անցնում:
Արիացիր, աղջիկս, – երկար լռությունն ընդհատում է մայրը, – արիացիր, սիրտ արա, իմ Լորե, ես քեզ մենակ ու անպաշտպան չեմ թողնի այս գազանների մեջ… Չմոռանաս այս օրը, Լորե… Կգա այն ժամանակը, երբ հայը զենք կվերցնի իր ձեռքը, կպաշտպանի ինքն իրեն: Քեզ պեսների ստվերները պաշտպան կկենան անպաշտպաններին, ինչպես ասված է Ավետարանի մեջ….
Օ, մայրիկ, նորից Ավետարան: Ես հիմա կուզենայի իմ նշանածիս պես զենք ունենալ ձեռքս… Միթե դու հիմա էլ չես հասկանում, որ մեզ ուրիշ Ավետարան է պետք… Ուր գրված լինի. “Զույգ ակն ընդ ական, բոլոր ատամներն ընդ ատաման”…
– Աման, աղջիկս…
Վրանի մուտքը բացվում է, երևում են տասի չափ զինյալ քուրդ, Զեյնալի հետ առաջ է գալիս մի սպիտակազգեստ ծերուկ` թուրք իմամը, որ դիմում է կնոջը.
Վերջին անգամ եմ գալիս ասելու քեզ. ընդունիր ճշմարիտ կրոնը…
Ոչ:
Երևի լսելիքդ գոց է Ալլահի քիալեմի առաջ…
Ես քեզ լսել չեմ ուզում…
Ուրեմն կմեռնես…
Կմեռնեմ, շուն, էլ ինչ է ուզածներդ…
Կեղտոտ քաֆր, գոնե սելավեթ բեր սատկելուցդ առաջ…
Քեզ ինչ է հրամայված:
Համոզել քեզ…
Ուրեմն չհամոզեցիր..:
Ես շարիաթի օրենքով երեք անգամ եմ հարցնում. “Համաձայն ես”:
Ոչ, ոչ ու ոչ::
Տարեք սրանց, – դառնում է իմամը քրդերին, – տարեք ու սատկացրեք մարգարեին ու Ալլահին հայհոյողներին…
Երթանք, աղջիկս, – ասում է կինը, ոտքի կանգնելով:
Բոլորը դուրս են գալիս վրանից:
Լուսադեմ է, երկինք մռայլ է, սև կապարագույն ամպերը քերում են լեռների կատարները: Լուսադեմին խավարն ավելի է թանձրացել, մատդ աչքդ մտցնես` չես տեսնի: Երկինքը սև, երկիրը` սև, միայն տեղ-տեղ փայլփլում են քրդերի արդեն հանգող խարույկները:
Թափորի դուրս գալուց մի քանի րոպե անց բազմադալար վիթխարի վիշապի նման փայլատակում է կայծակը, մի ակնթարթ տեսանելի են դառնում Սասնա ահարկու լեռները և թափորը, որ ուղղվում է դեպի մոտակա ապառաժ ձորը: Շեյխի հրամանով մորը պիտի սպանեն դստեր աչքի առաջ, որ նա ահաբեկված հնազանդվի շեյխին, դառնա նրա կանանոցի զարդը…
Ոտներս ուժ չունին, մայրիկ, – աղերսող ձայնով ասում է Լորեն, – խնդրենք մի քիչ հանգչինք…
Սիրտ առ, աղջիկս, սրանք գութ չունեն…
– Այստեղ հարմար չէ, – հարցնում է քրդերից մեկը Զեյնալին, լեռան մերկ լանջը ցույց տալով: – Ես այս տեղերը լավ գիտեմ, մյուս կողմից Մհերի ահավոր ձորն է, հենց այնտեղից էլ վայր կգլորենք մորը…
– Վատ չէ, – պատասխանում է Զեյնալը, – անախորժ գիշեր է, մահը չարչարանքով չերկարենք, մենք էլ շուտ դառնանք…
Լորեն մի քիչ հասկանում է քրդերեն, գլխի է ընկնում` ինչ է լինելու:
– Մայրիկ, մայրիկ…
– Աղոթիր, զավակս, աղոթիր, մեռնենք արժանապտիվ քրիստոնյայի պես…
Խումբը արդեն հասել է սարավանդի գլուխը:
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 8)