Մովսէս Նաճարեան – «Ինչ որ երկնքում է՝ նրա պատկերը երկրի վրայ» առեղծուածի իսկութիւնը

Մովսէս Նաճարեան համաստեղութիւնների քարտէս

«Ինչ որ երկնքում է՝ նրա պատկերը երկրի վրայ» առեղծուածի իսկութիւնը

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:

ՅՕԴՈՒԱԾ «3»

Աստղային Երկինքն ու Աշխարհագրութիւնը

Երբ զուգահեռներ անցկացրինք լեռների եւ աստղերի միջեւ, լեռնաշղթաների ուրուագծերի եւ համաստեղութիւնների միջեւ՝ ոմանք մեզ համեմատեցին սուրճի գաւաթ կարդացող գուշակների հետ: Սակայն փաստերը այնքան խօսուն են՝ որ նրանք ստիպուած էին լրջանալ ու տեղի տալ:

1.Նախագիտելիք

Նախապատմական ժամանակներում քուրմ-ակադեմիկոսները երկրի մակերեւութային ուրուագծերը (տոպոնիմիան) համեմատելի են դարձրել երկնքի տոպոնիմիայի պատկերին: Նրանք իմացել են, որ երկնակամարի աստղերը երկրի վրայ արտացոլւում են լեռնագագաթներով, համաստեղութիւնները՝ լեռնաշղթաներով եւ գետերով, ըստ այնմ էլ վերջիններս կրել են երկնային մարմինների համապատասխան անուանումները:

Այդ պատճառով էլ աստղաբաշխութիւնը[510] համարուել է կարեւորագոյն գիտելիք՝ քանզի իր մէջ է ընդգրկել նաեւ երկրի «աշխարհագրութիւն»-ը:

Հետեւաբար լեռների, լեռնաշղթաների եւ գետերի հնագոյն անուանումներն ունեն պատմական կարեւոր նշանակութիւն՝ մարդկային խորագոյն անցեալի իրադարձութիւնները վերականգնելու գործում:

Մի տարուան ընթացքում նոյն կէտից երկնակամարի համաստեղութիւնները դիտարկելու պարագայում՝ պարբերական մի տեղաշարժ է նկատւում երկրի նկատմամբ նրանց ընդհանրական դիրքում, ինչն առաջանում է արեւի շուրջ երկրագնդի թաւալումից՝ երբ իրար են յաջորդում չորս եղանակները, որոնցից իւրաքանչիւրի ժամանակ՝ երկնակամարն ունենում է մասնակիօրէն տարբերուող մի պատկեր:
Ինչպէս իմացանք Յօդուած «2»-ում՝ երկրագնդի վրայ ցամաքը նախապէս եղել է միակտուր եւ ո՛չ տարածուն, ի տարբերութիւն Նօյեան ջրհեղեղից յետոյ առաջացած ցամաքամասերին:

Սա կարեւոր մի հանգամանք է՝ քանզի ջրհեղեղից առաջ երկնակամարը պատկերուել է մայր ցամաքի այդ նեղ սահմանների վրայ, այսինքն Հայկական Բարձրաւանդակի եւ նրան յարակից անմիջական տարածքների վրայ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՊԱՏԿԵՐ «25»

Եւ քանի որ նշուած ցամաքը եղել է եւ գտնւում է երկրագնդի հիւսիսային կիսագնդում՝ որտեղից կարելի է տեսնել երկնքի միայն հիւսիսային կէսի աստղազարդ հատուածը, ապա երկրային առաջին քարտէսը պատկերել է երկնակամարի միայն այդ կէսը[511]:

Նախքան ջրհեղեղը մայր ցամաքի մասնակիօրէն ընդարձակման պատճառով՝ Առիւծ Մհեր-Պրոմեթեւսը ստեղծել է երկնքի համաստեղութիւնների եւ երկրի ուրուագծերի երկրորդ համեմատական քարտէսը (ռուսական մատրյոշկայ-տիկնիկների օրինակով), որի համար որպէս կողմնորոշման հիմք է ծառայել իր կառուցած Եգիպտոսի մեծ Սֆինքսը՝ որպէս երկրային «երկրորդ Առիւծ»:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ՝ երկնքից դիտուած Պատկեր «25/1»

Համաշխարհային մեծ ջրհեղեղեան աղետի հետեւանքով Մայր ցամաքի տրոհումից եւ ընդարձակումից յետոյ՝ քրմերը ստիպուել են վերաձեւել երկրի տոպոնիմիան ըստ ցամաքամասերի իրադրութեան, այն էլ մի քանի անգամ[512]:

Դրա հետեւանքը այն է եղել, որ նոյն աստղանունը տրուել է մի այլ նորայայտ լեռան՝ ինչպէս հայոց Սիփանն ու կենտրոնական Ամերիկայի (Հոնդուրասի) կարմիր հնդիկների Սիփանը, նոյն գետանունը տրուել է մի այլ նորաբուղխ գետի, ինչպէս «Մծուր»-«Մսըր»-«Նեղոս»-ը՝ հիւսիսային Ամերիկայի «Միսուրի»-ին, եւայլն:

Երկնային-երկրային առաջին համեմատական քարտէսը ներկայացնող Հայկական լեռնաշխարհից յետոյ՝ երկրորդ քարտէսի կողմնորոշիչը եղել է Եգիպտոսը, իսկ երրորդինը՝ Հնդկաստանը[513]:

Բայց քրմերը որոշ նախադրեալներ են ստեղծել՝ որպէսզի շփոթ չառաջանար կրկնուող անուների պատճառով, օրինակ՝ «Ասիայ» կոչուող իրենց նախնական բնակտարածքը վերակոչել են «Փոքր Ասիայ», իսկ «Ասիայ» անունը պարգեւել են նոր իւրացուած արեւելեան տարածքներին:

Երեւոյթը լաւ պատկերացնելու համար աչքի առաջ կարելի է ունենալ ռուսական «մատրյոշկա»-ները (մէջ-մէջի տեղաւորուող տիկնիկները)՝ որոնց փոքրագոյնը համեմատելի է երկրի վրայ երկնքի առաջին քարտէսի հետ, Հայկական Բարձրաւանդակի հետ:
Այս առումով էլ աստղաբաշխութիւնը մեծ դեր է խաղցել գիշերային ճանապարհորդութեան համար՝ թէ՛ ցամաքի վրայ, եւ թէ՛ ծովի: Ծառայել է նաեւ որպէս գիշերային ժամանակացոյց:

12 կենդանակերպերը քննարկելիս պէտք է նկատի ունենալ, որ նրանցից 6-ը պայմանականօրէն արական բնոյթի են՝ եւ միւս 6-ը իգական[514]:

Իւրաքանչիւր արական բնոյթի կենդանակերպի հանդիպակաց բեւեռում կանգնած է նրա իգական զուգահեռը:
Յաջորդ տողերում կը ներկայացնենք այն աստղերի եւ համաստեղութիւնների երկրային պատկերները՝ որոնք յայտնաբերել ենք մեր լեռնաշխարհի տարածքում, «Ձմեռային» երկնակամարի հիմքով:

Երկինքը՝ հիւսիսային կիսագնդից դիտուած – Պատկեր «26»

[510]«Աստղաբաշխութիւն» բառը կապ չունի գուշակութեան հետ: Դա երկնքում աստղերի

«բաշխուածք»-ի մասին գիտելիք է, նրանց գտնուած կամ գրաւած դիրքերի մասին է:

[511]Տես՝ «Ատլաս»-ի «Բաբելոնեան քարտէզ»-ը, էջ 90:

[512]Ըստ մեզ, վեց շրջանակներով կամ ծիրերով է վերաձեւուել երկիրը, իսկ եօթերորդը՝ երկնքի

պատկերն է, դրա համար էլ կայ «եօթ երկինքներ»-ի մասին ժողովրդական խօսք՝ «եօթերոդ

երկինք բարձրանալ», եւայլն:

[513]Տես՝ Andrew Collins, նոյն, էջ 263, «Սարասվաթի» աստուածութեան գծապատկերը:

Հնդկական «Սարասվաթի» աստուծոյ մեզ տեսանելի «ձախակողմեան» զոյգ ձեռքերում

դրուած է այդ խորհուրդը: Նրա արեւահայեաց աներեւոյթ դէմքին ու մարմնին առնչուող վերին

ձախ ձեռքի (իրականում նրա աջ ձեռքի) համրիչը բաղկացած է 108 հատիկներից, երբ

աստղաբաշխական համրիչն ունեցել է 36 հատիկ (աւանդական 33 հատիկովը Է-ի կամ կենաց

ծառի խորհուրդն ունի)՝ որպէս հիւսիսային կիսագնդից տեսանելի երկնային

համաստեղութիւնների թիւը: Իսկ 108-ն իր մէջ ունի 3 (երեք) 36՝ որը ցոյց է տալիս թէ

Սարասվաթի անուանուած լեռն ու նրանից բխող գետն էլ երկնային քարտէսի հետ

համեմատելի 3-րդ երկրային քարտԷսի կողմնորոշիչն է: «Սարասվաթի» աստուծոյ մեզ

տեսանելի դէմքին ու մարմնին առնչուող ձախ ձեռքում էլ կայ նիւթականացուած

համապատասխան եռայարկ շինութեան պատկերը՝ Զուարթնոց տաճարի նմանակը:

[514] Հակադիր զոյգերը անպայմանօրէն «արական» եւ «իգական» չեն բառացիօրէն: Նրանք նոյն առանցքային գծի «վերին» եւ «ստորին» բեւեռներն են ներկայացնում:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am/archives/44658

Facebooktwitterredditpinterestlinkedinmail