Մովսէս Նաճարեան – Եւիլայ երկիրը, Փիսոն, Եդեմի պարտէզն ու Մեծրաց լեռները, Մսըր եւ Միսուրի
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ /ՆԱԽՈՐԴԸ/:
2.Եւիլայ երկիրը, Փիսոն, Եդեմի պարտէզն ու Մեծրաց լեռները, Մսըր եւ Միսուրի «Եւ Տէր Աստուած արեւելեան կողմը՝ Եդեմի մէջ պարտէզ տնկեց ու իր շինած մարդը հոն դրաւ: …Եւ պարտէզը ջրելու համար Եդեմէն գետ մը կ՛ելլէր ու անկէ չորս ճիւղի կը բաժնուէր: Մէկուն անունը Փիսոն է. ասիկա Եւիլայի բոլոր երկիրը կը պտտի, ուր ոսկի կայ: Եւ այն երկրին ոսկին ազնիւ է. սուտակ ու եղնգնաքար կայ հոն: Ու երկրորդ գետին անունը Գեհոն է.. ասիկա Քուշի բոլոր երկիրը կը պտտի: Ու երրորդ գետին անունը Տիգրիս է. ասիկա Ասորեստանի արեւելեան կողմը կ՛երթայ: Եւ չորրորդ գետը Եփրատ է»:
Եբրայական կամ ասորական հնչողութեամբ Աստուածաշնչեան «Եւիլայ» երկրի անունը հայերէնի տառադարձելով՝ կը ստանանք «Եբիղայ»: Ըստ մեզ այդ բառի առաջին «Ալեֆ» տառը սխալ է ընկալուել՝ եբրայերէնում կամ ասորերէնում նրա բազմերանգ հնչիւնների պատճառով: Հետեւաբար «Եւիլայ»-ի հիմքը կը լինի «Աբիղայ», կամ նոյնիսկ «Աբեղայ»՝ որովհետեւ այդ լեզուներում «ի» ձայնաւորը ներկայացնող տառը նոյնպէս բազմերանգ է, ու կարող է հնչել նաեւ «ե»:
Ուստի «Եւիլայի երկիրը» Հայոց «Աբեղեանք»-ն է՝ որտեղ իսկապէս եղել է ոսկով ու թանկարժէք քարերով հարուստ Օլթի քաղաքը Կարսի մարզում, երբ «Օլթի» տեղանունն իսկ բխում է «աբեղ»-ից140:
Ուրարտական արձանագրութիւններում Աբեղեանքը կոչուել է «Աբիլիանե, Աբիլիանի կամ Աբիլիանինի», եւ «Ն. Ադոնցը այն տեղադրել է Ախուրեանի հովտում»:
Այդ տարածքի սարահարթը կոչուել է «Անփայտ Բասէն», իսկ դրա հարաւային սահմաններով է անցել Արաքսի արեւմտեան վտակ Երասխը, որն էլ հնագոյն ժամանակներում կոչուել է «Բասէն»:
Սրանով ուրուագծւում է «Փիսոն»-«Բասէն» եւ «Եւիլայ»-«Աբեղեանք» զոյգերի նոյնութիւնը:
Քսենոֆոնն իր «Նահանջ Բիւրոց»-ում նկարագրելով յունական զօրքի նահանջն ու անցումը Կորդուքից Մեծ Հայք ու ապա Սեւ Ծովի ափերը՝ առաջին հերթին յիշատակում է տեղի «Tiribazus» կառավարչին, որը ոչ այլ ոք է՝ եթէ ոչ «Տէր Բզնունեաց»-ը: Յոյները Մեծ Հայք են մտել Վանայ (Բզնունեաց) ծովի հարաւ-արեւմտեան կողմերից, ու ապա հեռանալով Տիգրիսի աւազանից՝ կտրել անցել են Արածանիի ակունքները, որտեղից 7 օր քայլելով՝ հասել են Phasis գետին:
Ըստ անգլերէնի թարգմանչի՝ Phasis-ը «Արաքսի մի վտակն էր կամ էլ նոյն ինքն Արաքսը»: Տես՝ Պատկեր «12»:
Պատկեր «12»
Յունական զօրքի անցումը Հայաստանից
Այսպիսով մօտեցանք այն մտքին՝ որ Բասէնը յունարէնում ապա անգլերէնում աւանդուել է Փասիս կամ Ֆասիս, իսկ Սուրբ Գրքում առաւելապէս աղաւաղուելով՝ դարձել է Փիսոն:
Իրականում Բասէն-ը անգլերէնի «basin=աւազան»-ն է, ռուս. նոյնիմաստ «բասէին»-ը, որ ֆրանսերէնում դարձել է «փիսին»՝ ինչը շատ չի տարբերւում «Փիսոն»-ից:
Թէ ի՞նչ «աւազանի» է ակնարկում տեղանքը:
Բասէն գաւառի շրջակայ լեռներից են բխում երեք գետեր՝ Երասխը (որ Բասէնի դաշտից անցնելուն համար կոչուել է նաեւ Բասէն/Փիսոն գետ), նաեւ Եփրատն ու Ճորոխը, ինչի համար էլ գետերի Բասեն-աւազան է կոչուել գաւառը:
Բասէնի դաշտի հիւսիսը եզերող «Մեծրաց լեռներ»-ը պատահականութեամբ չէ որ այդպէս են անուանուել:
«Մեծրաց»-ի կառուցուածքն է՝
1.«Մեծ+ուր+աց»,
2.«Մեծ+ար+աց»,
Երբ «ուր»-ը վերգետնեայ հոսող ջուր է, գետ է, նաեւ հոսող ջրի ափին հիմնուած «բնակատեղի» է, ուստի խօսքն իր ամբողջութեան մէջ նշանակում է՝
ա.«Մեծ գետերի լեռներ», երբ իսկապէս այդ լեռներից սկիզբ են առնում նշուած երեք գետերը:
բ.«Մեծ այրերի լեռներ եւ բնակատեղի», այլապէս՝ «հսկայ մարդկանց լեռներ ու բնակատեղի»:
«Մեծրաց»-ի եզակի «Մեծուր» հիմքն իր աղաւաղուած «Մըծըր»-«Մըսըր» ձեւով՝ պահպանուել է արաբների մօտ, նաեւ մեր Սասնայ Ծռեր վիպերգութեան մէջ՝ որպէս Եգիպտոսին տրուող անուն:
«Մեծուր»-«Մըսըր»-ը որպէս «մեծ հոսող ջուր»՝ Նեղոսն է, նաեւ որպէս «մեծ տեղ»՝ «մեծ բնակատեղի» է, որով նկատի է առնուել գետը եզերող երկիրը:
Նոյն հիմքն ունի հիւսիս-Ամերիկեան ցամաքամասի «Միսիսիպի» գետի օժանդակ «Միսսուրի»-ի անուանումը…:
Կարծես շատ հեռացանք նիւթից՝ բայց մօտեցանք Աստուածաշնչեան Եդեմ-պարտէզին: Մնաց գտնել Գեհոնը:
Ըստ Աստուածաշնչի՝ Գեհոնը Քուշի երկրում է եղել:
Քուշը Քամի որդին է, իսկ Քամը Տիտանն է՝ Խորենացու սկզբնաղբիւրներով:
Փորձենք գտնել Տիտանեանների տիրոյթը՝ Նօյի Զրուան կամ Սէմ որդու ժամանակներից մինչեւ Հայկազնեան Արամի ժամանակները:
Խորենացին ասում է թէ Հայկեան Արամը Հայաստանի արեւելեան սահմանների մօտ պատերազմել է ու յաղթել Մեդացւոց Մադէսին՝ որը մինչ այդ երկու տարի սմբակակոխ է արել Հայոց սահմանները: Ապա արշաւել է հարաւ՝ Ասորիքի (Հայկական Ասորիքի – Մ. Ն.) կողմերը, որտեղ իշխել է հսկաների (սկայիցն) տօհմից Բարշամը:
Այս արշաւանքի պատճառն եղել է այն, որ Բարշամը ծանր հարկեր գանձելով՝ անապատի է վերածել իրեն ենթակայ տարածքը, ու պատուհասել է նաեւ հարեւաններին: Արամը նրան հալածել է Կորդուքից մինչեւ Ասորիքի դաշտերը՝ որտեղ Բարշամն սպաննուել է Արամի առաջապահ զօրքի կողմից:
Վերջում Արամն արշաւել է դէպի արեւմուտք:
Խորենացին շարունակում է.
«Այլ որ ինչ յարեւմուտս կոյս՝ ընդ Տիտանեանսն է սորա գործ քաջութեան …»: Այսինքն՝ Արամը արեւմուտքում գործ պիտի ունենար Տիտանեանների հետ:
Ընդարձակելով տուեալները՝ Խորենացին հաղորդում է, թէ Արամը Մեծ Հայքի արեւմտեան սահմաններից դուրս գալով՝
«Հասանէ ի կողմանս Կապադովկացւոց, ի տեղի մի, որ այժմ ասի Կեսարիա …պատահէ նմա Պայապիս Քաաղեայն Տիտանեան պատերազմաւ, որ բռնացեալ ունէր զմիջոց երկուց ծովուց մեծամեծաց, զՊոնտուն եւ զՈվկիանու…»:
Այստեղ «զՈվկիանու» ասելով՝ նա նկատի ունի Միջերկրական ծովը, իսկ «Պոնտուն»՝ Սեւ ծովն է:
Այսու ուրուագծւում է Տիտան-Քամի տիրած տարածքը, որն ընդգրկել է Սեւ ծովից Միջերկրական ծով ընկած միջոցը՝ արեւելքից ներառնելով Կապադովկիան, իսկ արեւմուտքից՝ Պատմահօր ասելով, հասնելով «մարդկանց բնակութեան ծայրամաս» Օլիմպոսին:
Ի մի բերելով Խորենացու տուեալներն ու Աստուածաշնչեանը՝ պարզւում է, որ Կիլիկիայի տարածքը Քամեան-Տիտանեանների տիրապետութեան տակ է մտել սկսած Զրուան-Սէմի օրերից մինչեւ Արամի ժամանակները:
Եւ քանի որ Գեհոն գետը «Քուշի բոլոր երկիրը կը պտտի» (Քուշը Քամ-Տիտանի որդին է)՝ ապա Գեհոնը նոյնանում է Կիլիկիայի Ջեյհան գետի հետ: Տես՝ Պատկեր «13»:
Պատկեր «13»
Կիլիկիայի Ջեյհան գետը
Աւելացնենք, որ «գ»-ն եւ «ջ»-ն բարբառներում իրար փոխարինող բաղաձայններ են, եւ Գեհոնը կարող էր հնչել Ջեհոն (Ջյէհոն), աղաւաղումով՝ Ջէյհոն:
Ըստ մեզ, բառի հեռաւորագոյն ձեւը եղած պիտի լինի «Գեհաւն» ուղղագրութեամբ եւ «Գեհօն» հնչիւնով, ապա «աւ»-ից «ւ»-ի սղմամբ՝ վերածուել է «Գեհան-Ջէյհան»-ի:
Այս լոյսի տակ, Եդեմ-դրախտի տարածքը կ՛ընդգրկի Եփրատ, Տիգրիս, Երասխ եւ Ջեյհան գետերի աւազանները՝ Բասէն պարտէզով:
Եւիլայ անուան շուրջ հաւելեալ տուեալներ կան նաեւ «Բառարան Սուրբ Գրոց»-ում՝ այսպէս.
«Սուրբ Գիրքը կը յիշէ Եւիլա ոմն սերեալ ի Քամայ, Ծննդ. Ժ. 7, եւ ուրիշ մը՝ ի Սեմայ, Ծննդ. Ժ. 29: Ուստի ըստ այսմ պարտինք ընդունել երկու Եւիլա:
1.Առաջնոյ Եւիլայի բնակութեան տեղը կից է Եդեմոյ դրախտին տեղւոյն: Ըստ ոմանց այս Եւիլայի տեղն էր հաւանականապէս Սեաւ ծովուն հարաւային արեւելեան ծայրը. ըստ այլոց՝ ի գլուխ Պարսկային ծոցին:
2.Միւս Եւիլայն կը թուի թէ էր յԱրաբիա, Թագաւորաց Ա. գրոց ԺԵ. 7 համարին խօսքէն.
“Եւ Սաւուղ Եւիլայէն մինչեւ Եգիպտոսին դիմացի Սուրը՝ Ամաղէկը զարկաւ”:
Կ՛երեւի թէ այս Եւիլա էր գաւառ Արաբիոյ հիւսիսային արեւմտեան մասին մէջ, քանզի Սաւուղի պատերազմին պարագաները չեն թողուր մեզ ենթադրել թէ Եւիլա աւելի հեռուն կը տարածուէր Արաբիոյ ցամաքակղզւոյն վրայ»:
Մեկնաբանութիւն.-
Ճշդենք որ Եւիլեան-Աբեղեանները սկզբունքօրէն եղել են մարդկանց նախահայր Ադամ-Էակոսի Աբել որդու սերունդները, թէեւ հրեշտակածին Նoյի սերունդներում էլ յիշատակւում են Աբել կամ Բել անուանուած անձեր, ինչպէս Սուրբ Գրքում յիշատակուած Տիտան-Քամի սերնդից Քուշի որդի «Եւիլա»-ն՝ որ Հայկին սպառնացող Աշտարակաշինութեան Բելն է:
Վերոյիշեալ իրողութիւնները նկատի ունենալու դէպքում՝ բացայայտւում է որ Աբեղեաններից ոմանք իրենց հայրենի Հայկական լեռնաշխարհից իջնելով կայք են հաստատել արաբական թերակղզու հիւսիս-արեւմտեան սահմաններում:
Նրանք կարող են Ֆիլիստինցի-Պաղեստինցիները լինել, քանզի ըստ բարբառայնացման օրէնքի՝ «աբեղ»-ի «ա»-ի անկումով մնում է «բեղ»-ը («Բել»-ը), որը աղաւաղուելով դարձել է Փիլ>ֆիլ՝ ինչպէս տեսանք «Բասեն»-«Փիսոն»-ի պարագայում (Ահա եւ Կիլիկիայի «Փիլարտոս» իշխանի անուան արմատը):
Մեր ենթադրութիւնը ամրապնդւում է մի երկրորդ հանգամանքով էլ, երբ Պաղեստինը զուգորդւում է «Բասէն»-«Բասան»-ի հետ, ապա եւ Բասէնից արեւելք ընկած «Գայլատու» լճակի անուան հետ, աղաւաղ՝ «Գաղաադու» ձեւով, այս անգամ որպէս լեռնանուն:
Այսպէս, Սուրբ Գիրքը յիշատակում է «Բասանի թագաւորութիւն»-ը, որ՝
«Էր բլրային երկիր Պաղեստինու մէջ, Յորդանանու արեւելեան կողմը, ի մէջ Հերմօն լերանց ի հիւսիսոյ, եւ Գաղաադու լերանց եւ Ամմոնացւոց երկրին՝ ի հարաւոյ»:
Աւելացնենք նաեւ Սիրիոյ «Տել Մարդիխ»-ի «Էբլա» հնավայրը Հալէբ եւ Համա քաղաքների միջեւ, որն ունի նոյն «եւիլա» արմատը, եւ չի բացառւում որ լինի Սուրբ Գրոց յիշատակած տեղանքը՝ Սաւուղի արշաւանքների հետ կապուած:
Եթէ պատմութեան խորքերը թափանցենք՝ ապա կարող ենք ասել, որ Վանայ լճի արեւմտեան կողմում հաստատուած Բասէնեան-Աբեղեաններից ոմանք (Բզնունիները) հիմնել են Բաղէշ քաղաքը՝ որի բնակիչների մի մասն էլ իջել է Պաղեստինի տարածք, ուր հիմնել է մի նոր «Բաղէշտուն»՝ որը յետոյ դարձել է «Ֆալեստին»:
Աբեղեաններին հանդիպում ենք նաեւ արեւմուտքում:
Յունաստանի նախապատմական շրջանի բնակիչներն են եղել «Պելասգեան»-ները՝ որոնք ոչ այլ ոք են քան «Աբելազգեան»-ները: Յունաստանում նրանց զբաղեցրած հիմնական տարածքը կոչուել է «Պելոպոնես»՝ որը բովանդակում է «Աբելեան բոյն» իմաստը: Թեսալիայում «Պիլոն» է կոչուել Օլիմպոսից ոչ հեռու մի լեռ:
«Իլիական»-ը յիշատակում է մի շարք մարդկանց անուններ՝ նոյնարմատ հիմքով:
Յունական դիւցաբանութեան մէջ Զեւսի որդի «Ապոլլոն»-ի անունը համեմատելի է «Աբել»-ի հետ, իսկ Ապոլլոնի որդի բժիշկ Ասքլեպի կամ Էսքուլապի բնակավայր «Պիլոն»-ը՝ «Աբեղեանք»-ի հետ:
«Պելասգ»-ը առաւել ճշգրիտ տառադարձութեամբ՝ գտնում ենք Սպանա-լատինական Velazquez անուան մէջ, որտեղ օրինաչափօրէն «Աբել»-ի «Ա»-ն ընկել է, «բ»-ն դարձել է «V», «ղ»-ն էլ՝ «L»:
Այս տեսանկիւնից դիտելով՝ կարելի է մտածել, որ մերձաւոր արեւելքի ամբողջ տարածքում դարաւոր ու անանց «Բել»-«Բա՛ալ»-ի պաշտամունքը եղել է Աբելի սերունդների յիշողութիւնն ու յարգանքը իրենց նախահօր հանդէպ, եւ ո՛չ թէ Քուշի որդի Բելի պաշտամունքը:
Հայկական առասպելում Խորենացին յստակօրէն նշում է՝ որ Հայկի մրցակից Բելը Տիտանեան է եղել, Նօյի Քամ որդու ժառանգներից , ուստի նրան պէտք չէ շփոթել Աբեղեանների Աբելի եւ մերձաւոր արեւելեան աստուած «Աբել»-«Բել-Բա՛ալ»-ի հետ:
«Աբել»-ից է առաջացել ռուս. «բելի=սպիտակ», ֆր. «բելլ=գեղեցիկ», «Բելլա=գեղեցկուհի», «Բելիսածին Աքիլլես»-ը՝ այսինքն «Աբելեան ծնունդ Աքիլլես»-ը: Ըստ Հոմերոսի՝ վերջինս Բելի (Աբելի – Մ.Ն.) որդին է, Էակոսի (Ադամի – Մ.Ն.) թոռը, եւայլն:
Աբեղեանների ընդարձակումները այսքանով չեն աւարտուել:
Ռուսիոյ տարածքում, Մոսկուայի, Ռոստովի, Նօվգորոդի Պետրոգրադի, Դնեպրոպետրովսկի շրջակայքներում եղել է պաշտամունքը Աբել-Velesa աստուածութեան: «Սլաւոնական-արիական բազմաթիւ ազգերի նախահայրն է եղել Վելեսա-ն» : Սա պէտք չէ շփոթել Volos աստուածութեան հետ:
Աբեղեանների տարածումը հասնում է Վիլնիւս՝ Բալտիկեան երկիր, նաեւ Անգլիայի Wales՝ առնչուելով Ուէլշ ժողովրդի հետ:
———————————————–
[139]Աստուածաշունչ, Գիրք Ծննդոց 2:
[140]«Օլ-թի>Աւլ-թի>Աբլ-թի>Աբղ-թի» հակադարձ անցումներով: Տես՝ նաեւ յօդուած «3»-ում «Մեծ Արջ»-ը:
[141]«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»:
[142]Տես՝ «Ատլաս», Ա մաս, էջ 18:
[143]«The Persion Expedition», translated by Rex Warner, Penguin Books, Great Britain, 1977, էջ 202:
[144]Տառադարձութեան օրէնքով՝ այլ լեզուներում կամ նոյնիսկ մեր բարբառներում մեծ մասամբ օրինաչափ է գրական հայերէն բառից սկզբնատառ «Ա»-ի անկումը: Ուստի «Աւազան»-ի «Ա»-ն ընկել է, իսկ «ւ»-ն դարձել է «բ», եւ ստացուել է «բազան»՝ որից էլ «Բասան-Բասէն»-ը, «basin»-ը, «փիսին»-ն ու «Փիսոն»-ը: Այս փաստով էլ հաստատւում է Բզնունիների ծագումը՝ Բասէնից:
[145]Մ. Խորենացի, նոյն, էջ 43:
[146]«Ովկիանոս» բառի հնագոյն ուղղագրութիւնը եղել է «ուկիանոս», որ բաղադրուած է «ու»+«կեանս» արմատներից, ուստի եւ բովանդակել է «Կեանքի ջուր» իմաստը:
[147]Բառը կազմուած է «գեւ+հաւն» արմատներից, ուր «գեւ»-ը նոյն անգլ. «give=տալ, նուիրել» բայն է, եւ «Գեւ-հաւն»-ը նշանակում է «նախահօր նուէրը» կամ «սերմատու»: «Գեւ» արմատը օտար չի հայերէնին, քանզի պահպանուել է առնուազն «պարգեւ» բառում եւ «Գեւորգ» անուան մէջ: Սոյն բառանունը պահպանուել է նաեւ սկանդինաւեան ժողովուրդների մօտ՝ «Gefjon» ձեւով, որպէս դիւցուհու անուն – տես՝ Արմէն Գէորգեանի «Ի փառս Արամազդայ եւ Ոդինոսի» յօդուածը:
[148]Տես՝ Յօդուած «14», «Փոր» բառը, էջ 344:
[149]«Բառարան Սուրբ Գրոց», 1881թ., Կոստանդնուպօլիս, հրատ. Յակոբ Պօյաճեանի:
[150]Եւ ո՛չ թէ աստուածաբանների կողմից ենթադրուած Նեբրովթը:
[151]«Բառարան Սուրբ Գրոց», նոյն:
[152]Աբեղեանների այս ճիւղն է՝ որ հնագոյն պատմական աղբիւրներում կոչուել է «ծովի ժողովուրդ», որն էլ Միջերկրական ծովով եկել ու հիմնադրել է նոր «Բաղեշտուն»-ը՝ Պաղեսինը:
[153] Ռոբըրտ Տեմպլ-ի նշուած գրքում (էջ 242) մի մէջբերում կայ Ու. Հ. Պարկ-ից՝ ուր ասւում է. «Ապոլլոնը՝ ո՛չ առանց դժուարութեան է մուտք գործել յունական պանտէոն… Դելֆեան քուրմերը ստիպուել են յայտարարելու՝ թէ Ապոլլոնը Զեւսի ընտրեալ մարգարէն է: Այս տեսակէտը առաջին անգամ հնչել է Հոմերոսեան “Հիմն՝ Ապոլլոնին” գործում»:
Եթէ Ապոլլոնը իսկապէս Զեւսի որդին լինէր՝ չէ՛ր կոչուելու «Զեւսի մարգարէն», ու առաւել եւս՝ առանց այլեւայլի պիտի մտնէր յունական պանտէոնից ներս: Այս հակասութիւնները ցոյց են տալիս՝ որ քրմերը Ապոլլոն-Աբելին ակամայ են մտցրել յունական պանտէոնից ներս, նախ որ նա յոյներից շատերի նախնին է եղել, երկրորդ, նա մեծ շնորհներ է ունեցել, եւ մարդկային բարօր կեանքի համար մեծ ներդրումներ է կատարել:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»