Մովսէս Նաճարեան. ՁԻՈՒ ՔԱՅԼ՝ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ –ՍՓԻՒՌՔ:
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
ՅՕԴՈՒԱԾ «2»
ՁԻՈՒ ՔԱՅԼ՝ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ
Ձօնում եմ լուսափառ Տիկին Արուսեակ Սահակեանին
(Մասնակիօրէն կարդացուած ՛՛Վարդանանք՛՛ ՀԿ-ի եւ ՀՀ Գիտ. Ազգային Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի 2004 թուականին կազմակերպած ասուլիսների [սէմինարների] շարքում)
“Հազար տարուայ ընթացքում ձեր կառուցած սուտերի տաճարը
մի ակնթարթում կը քանդեմ՝ ու երեք ակնթարթում
կը կանգնեցնեմ Ճշմարտութեա՛ն Տաճարը”
Աւետարանն Քրիստոսի
Նախաբան
Միամտութիւնը չունենք արհամարհանք ցուցաբերելու, թերագնահատելու կամ ստուեր գցելու մեր մատենագիրների, մեզ նախորդող հայագէտների, պատմաբանների, լեզուաբանների ու տօմարագէտների աշխատանքների վրայ: Խոնարհւում ենք նրանց գործի եւ յիշատակի առաջ, քանզի նրանք իրենց հնարաւորութեան սահմաններում ուղի են հարթել մեզ համար, ու մեր մտքերն են բորբոքել ճշմարտութեան հասնելու ճանապարհին:
Սակայն այդ բնագաւառներն ունեն չլուծուած խնդիրներ, որոնք լուսաբանելու եւ պարզելու համար պահանջւում է նոր մօտեցում, ինչն էլ փորձել ենք անել ստորեւ:
Մեր օրերից շուրջ 20 տարի առաջ Թիֆլիսում մի վրացի պատմաբանի հետ հանդիպման ժամանակ շատ էի վրդովուել՝ երբ յայտարարեց, թէ հայերս երբէք ազգային պետականութիւն չենք ունեցել, քանզի Հայկն ու հայերը՝ նախքան Բաբելոնից կը հեռանային, ենթակայ էին Բելին, ապա Ուրարտացիներն են տիրել Հայաստանին, յետոյ իշխել են Պարսիկ Պարթեւները, Հրեայ Բագրատունիները, ինչից ետք էլ մեր սահմաններից ներս ընդհանրապէս չենք ունեցել ազգային մի պետականութիւն:
Այս վիրաւորանքն ու ստորացումը տարիներով կրել են իմ սրտում, մինչեւ լեզուաբանական պրպտումներով կը գտնէի պատասխանները:
Ուսումնասիրելով մեր հնագոյն մատենագիրների գործերը գրաբարով՝ նկատեցի որ մի շարք տուեալներ չեն համապատասխանում աշխարհաբար թարգմանութիւններին, քանզի որոշ բառեր ընկալուել են արդի ըմբռնումներով, եւ տեղի է ունեցել պատմական եւ իմաստային աղաւաղում:
Երկրորդ, Խորենացու գործում ի հարկէ կայ խառնաշփոթ, որը գալիս է ոչ թէ Պատմահօր կամայականութիւնից կամ անփութութիւնից՝ այլ իրեն աղբիւր ծառայած 17 մատենագիրների իսկ տուեալներից: Ուստի Խորենացուն ուղղուած հերիւրանքներն ու պարսաւանքները պէտք է հասցէագրել նրանցից մի քանիսին: Ի հարկէ պատահել են նաեւ ակամայ աղաւաղումներ՝ երկն ընդօրինակող գրիչների կողմից:
Երրորդ, Խորենացին Մար Աբաս Կատինայի խօսքը մէջ բերելով յիշատակում է՝ որ «Հպարտ եւ անձնասէր Նինոս… հրամայէ զբազումս մատեանս եւ զզրոյցս առաջնոցն այրել»:
(Նինոսն հրամայել է իր ժամանակից առաջ ստեղծուած բազմաթիւ մատեաններն ու գրաւոր վկայութիւնները այրել):
Արդիւնքում՝ տարածաշրջանի (եւ մասնաւորապէս Հայոց) հնագոյն պատմութեան մատեանները մեծ տոկոսով ոչնչացուել են: Եւ Նինոսը միակը չի եղել:
Համոզուած ենք, որ Պատմահօր նախատինքները մեր նախահայրերի նկատմամբ՝ թէ գիտութեամբ չեն զբաղուել, պատմութիւնը չեն սիրել ու չեն արձանագրել՝ չափազանցութիւն են:
Չորրորդ, պատմութեան դասագրքերից գիտենք, որ անցեալի տիրակալներից ոմանք՝ նախորդ իշխանաւորների կամ թշնամիների կողմից ժայռերի վրայ կատարուած արձանագրութիւններից ջնջել են տուել յուշակոթողը կառուցող թագաւորի անունը, եւ գրել են իրենցը:
Նոյնպիսի իրողութեան ենք հանդիպում նաեւ հնագոյն մատենագրութեան պարագայում: Ըստ երեւոյթին՝ Խորենացու ձեռքի տակ եղած 17 հեղինակների մատեաններից ոմանց մէջ անցուդարձերը ետ ու առաջ են մղուել, գործող անձերի անունների աղաւաղման կամ նպատակային փոփոխման որպէս արդիւնք: Քննական համեմատութիւններ անելով ու վերադասաւորելով Պարթեւական ժամանակաշրջանի գործող անձերի անունները՝ կարելի է ճշդել պատմական դէմքերն ու դէպքերը:
Օրինակ Տիգրանի «գ» տառի ջնջումով ստացուել է Տիրան՝ կամ ընդհակառակը: Պարսից Պարթեւ Արշականն ու Արշանակը շփոթուել են իրար հետ, նաեւ մի քանի արքաների անունները փոխարինուել են Արտաշէսով, ինչպէս եւ Արտաշէս Ա. Աշխարհակալին նոյնացրել են Սաթենիկի Արտաշէսի (Բ) հետ:
Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
magaghat.am/archives/37455