Մովսէս Նաճարեան – Փոքր Մհեր-Զրուանի արարչագործութեան սրբատեղին
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
23.Զրուանի արարչական գործունէութեան սրբատեղին
Վերյիշենք Ն.Վ. Մամունայի խօսքը.
«Պրոմեթեւսը հողը ջրով խառնեց ու արարեց աստուածների նմանակին՝ առաջին մարդուն: Աւանդաբար ընդունուած է, որ առաջին մարդը արարուել է Խոյ կենդանակերպի իշխանութեան ժամանակաշրջանին»295]:
Բայց արդէն ժխտուեց գիտնականների «աւանդաբար ընդունած»-ը՝ թէ «Խոյ»-ի իշխանութեան ժամանակ է արարուել Ադամը:
Հաստատուեց նաեւ, որ Զրուանեա՛ն արարումը տեղի չի ունեցել այդ պարբերաշրջանին:
Այնուամենայնիւ, «Խոյ»-ի հետ անմիջական մի կապ ունի Զրուանի՛ կողմից նոր տեսակի մարդկանց արարումը, բայց ո՛չ ժամանակագրական առումով՝ այլ արարչութեան վայրի առումով:
Ետջրհեղեղեան Զրուանեան արարչութիւնը տեղի է ունեցել Արարատի վրայ՝ որն իր երկու գագաթներով երկրի վրայ պատկերում է Խոյ կենդանակերպի առաջին եւ երկրորդ աստղերը (խոյի եղջիւրները), եւ հայերիս համար դա սրբութիւն է՝ որովհետեւ «Արարչութեա՛ն Լեռ»-ն[296] է եղել, եւ ո՛չ թէ Նօյեան տապանի հանգրուանը:
Իսկ Զրուանն իր արարչագործութիւնից յետոյ իր պապ Պրոմեթեւսի յիշատակին կառուցել է Եգիպտոսի առաջին բուրգ-Pyramid-ը՝ անձեռակերտ Խոյ-Արարատի պատկերով:
Հետեւութիւն.-
Քանի որ երկրի արարչութեան սկզբին երկիր ուղարկուած հրեշտակները բաշխուել են երկիր մոլորակը ծածկող ջրերից յայտնուած առաջին հինգ ցուլ-Տաւրոսների (լեռնաշղթաների) վրայ, ապա հետեւում է որ նոր տեսակի մարդկանց արարչութեան լեռ Արարատն իր լեռնաշղթայով հանդերձ աւելի ուշ՝ Նօյեան ջրհեղեղի ժամանակ յայտնուած մի «ցուլ-լեռնաշղթայ» է եղել, եւ Զրուանը այն կոչել է «վեցերորդ ցուլ»՝ ինչպէս եւ այնտեղ իր արարած նոր տեսակի մարդուն (Որմըզդին) կոչել է «ցլիկ»:
Այդ էլ պատճառներից մէկն է, որ մարդու ձախ ձեռքի բթամատը (վեցերորդ մատը) ներկայացնում է մարդուն՝ ու նրա թիւն է, որ եւ «պատկերն» է աջ ձեռքի բթամատին՝ Աստուծոյ թուին, «Մէկ»-ին, «One»-ին:
Նոյնիսկ ռուսերէնի «չըլաւէք» (=մարդ) բառը հայերէնի տառադարձելով՝ նրանում բացայայտւում է ցլի եւ վեցի առկայութիւնը – «չըլաւէկ» > «ցըլավեց» – «6-րդ ցուլ»-ը[297]:
Իսլամական սուրբ գիրք Ղուրանի մէջ կայ նոր արարուած մարդուն վերաբերուող չհասկացուած մի նախադասութիւն՝ ուր ասւում է.
«ﻻﻮﺠﻋ ﻥﺎﺴﻧﻻﺍ ﻥﺎﻛﻭ» («Ուկա՜նա ալ-ինսանու յաջուլան»):
Մեր թարգմանութիւնն է՝
«Եւ անձն (մարդը)[298] ցլիկ էր»:
Սա ակնարկում է ետջրհեղեղեան նորաստեղծ Որմըզդին՝ «վեցերորդ Ցուլ-հրեշտակապետի» արարած «ցլիկ»-ին,[299] երբ «5-րդ Ցուլ»-հրեշտակապետը Ադամին արարող նախաջրհեղեղեան 5-րդ հրեշտակապետ Պրոմեթեւս-Հովիւ Դումուզին է համարուել, իսկ «6-րդ Ցուլ»-հրեշտակապետը՝ արարչագործ Զրուանն է, որի անուան առաջին տառ Զ-ն էլ Հայոց այբուբենի դասակարգման մէջ «6»-րդ տեղն է գրաւում, եւ «6» թուի համարժեքն ունի:
Մեկնաբանութիւն.-
Արաբ եւ առհասարակ մահմետական կրօնաւորները միջնադարից ի վեր փորձել են մեկնաբանել Ղուրանից մէջբերուած վերի խօսքը՝ իբր «ցլիկ» բառը ներկայացնող արաբերէն «յաջո՜ւլան»-ը «շտապող» պէտք է նշանակի, մինչդեռ այդ պարագայում բառը պիտի գրուէր «յա՜ջէլան» (ﻶﺟﺎﻋ):
Ղուրանում մի ակնարկութիւն էլ կայ «Արարող»-Ցուլի մասին՝ ուր ասւում է.
«ﻞﺠﻋ ﻥﺎﺴﻧﻻﺍ ﻖﻠﺧﻭ» («Ուախալաքա ալինսանա յաջլոն»):
Մեր թարգմանութիւնն է՝
«Մարդուն ստեղծեց մի Ցուլ»:
Այստեղ էլ «ցուլ»-ը ներկայացնող արաբ. «յաջըլ» բառը վերածելով «յա՜ջել»-«շտապ»-ի՝ մեկնաբանել են թէ «մարդը արարուել է շտապօրէն» (տես ստորեւ «յաւելուած»-ը):
Մինչդեռ Աստուածն ու նրա հաւատարիմ հրեշտակները երբեւիցէ շտապելու խնդիր չեն ունեցել՝ քանզի նրանք ճշգրտապէս իմացել են ու գիտեն իրենց անելիքն ու անելիքների ժամանակը:
Իսկ հայկական պատմագրութեան մէջ Արարատ-«Խոյ»-ը ի՞նչ առնչութիւն է ունեցել «ցուլի» հետ:
Խորենացին իր «Պատմութիւն Հայոց»-ում անդրադառնում է Արարատ լեռան արեւմտեան ստորոտին գտնուող ստորգետնեայ «Ցոլակերտ» բնակավայրին՝ որն իբր թէ եղել է Ամասիայ նահապետի ձեռակերտը, որը նա յատկացրել է իր Ցոլակ որդուն՝ եւ կնքել է նրա անունով:
Այդ պարագայում բնակավայրը պիտի կոչուէր «Ցոլակակերտ»՝ եւ ո՛չ թէ «Ցոլակերտ», մինչդեռ վերջինիս հիմքը «Ցուլայ+կերտ» է, «Ցուլ»-ի կերտածը, եւ այդ «Ցուլ»-ը Զրուանն է՝ որ Արարատի վրայ մարդ արարելու համար իր տարրալուծարան-լաբորատորիան դրել է այնտեղ: Իսկ հազարամեակներ յետոյ միայն՝ Ամասիան դա վերկառուցել ու ընդարձակել է, ու այնտեղ բնակեցրել իր Ցոլակ որդուն:
Յաւելուած.-
Ղուրանում նշուած «Յա՛ջըլ»-ը իրականութեան մէջ առաջացել է «Անգեղ» (հրեշտակ) բառից, այդ էլ այն ժամանակ՝ երբ աշխարհագրական «Անգեղ տուն»-ն ու «Անգեղ» միջնաբերդը սկսել են կոչել «Էգիլ»,[300] որն էլ տառադարձուել է արաբ. «Յաջլ»-ի կամ «Յաջըլ»-ի՝ ու վերաիմաստաւորուել է որպէս «ցուլ»:
Այստեղ յստակօրէն տեղի է ունեցել «Անգեղ»-հրեշտակի եւ «Տաւր»-ցուլի նոյնացումը, մի երեւոյթ՝ որին հանդիպեցինք նաեւ Ղրիմի առաջին բնակիչների անուանման պարագայում:
Հայկական ժողովրդական մի խօսք կայ՝ որն ասում է.
«Մարդու աջալը եկել է», ինչը հասկցւում է՝ «մարդու կեանքի վերջն է եկել»:
Մինչդեռ արդէն պարզեցինք՝ թէ «աջալ»-«յաջըլ»-ն առաջացել է «Անգեղ» («հրեշտակ») բառից՝ ուստի եւ խօսքը պէտք է հասկանալ «մարդու (հոգեառ) հրեշտակն է եկել»:
Յիշեցնենք որ հին եգիպտական նկարազարդումներում էլ հոգեառ հրեշտակը պատկերուել է անգղի գլխով (կամ դիմակով)…:
Հին հնդկական մանդալաներում «Անգեղ»-«Ագիլ»-«Էգիլ»-ը տեղ է գտել երկրի չորս կողմերը պահպանող հրեշտակների շարքին՝ «Աճալա» անուան տակ[301]:
Զրուանեաններ, Սէմականներ ու Սէմիտներ.-
Ջրհեղեղց յետոյ Զրուան-սէմի ստեղծած մարդկային նոր տեսակները կրելով իրենց արարող Զրուանի «սէմ» մակդիրը՝ կոչուել են «սէմականներ» (բայց ո՛չ «սէմիտներ»): Հետեւաբար «սէմական» ասելով երբեւիցէ պէտք չէ հասկանալ «Սէմ»-«Զրուան»-ից սեռած՝ այլ նրա ստեղծա՛ծ տեսակները, որոնցից առաջինը «սեւամորթ»-ն էր, եւ երկրորդը՝ «դեղնամորթ»-ը:
Մինչդեռ Սէմ-Զրուանի սերունդները կոչուել են
1.Զրուանեաններ,
2.Քիշեցիներ,
3.Ութեանք:
Իսկ «Սէմիտներ»-ն առաջացել են ետջրհեղեղեան Քամ-Տիտանի որդիների, նաեւ ցորենագոյն Կայենականներից ոմանց խառնամուսնութիւնից՝ «սէմական»-ների հետ:
Հայկական Տօմար.-
Քանի որ ընդհանրապէս մարդկային տեսակների արարչութիւնը անմիջականօրէն առնչւում է «Աստուածային հուր»-«Ահուր»-ին, իսկ յետ-ջրհեղեղեան նոր տեսակի մարդկանց արարչութիւնը առնչւում է «Խոյ»-ի տարածքին՝ ապա մենք մեր վերականգնած Հայկական Սրբազան Տօմարում «Խոյ» կենդանակերպին համապատասխանող «Ահեկան» ամիսը[302] իրաւացիօրէն համարել ենք (Ահ)[303] -«Աստուածային հուր»-երի («aura»-ների) – (եկան)-«գալու», նաեւ՝ «հոգիների մարմնաւորման» ամիսը[304]:
Իսկ անմիջականօրէն Պրոմեթեւսին նուիրուած ամիսը՝ Հայկական տօմարում կոչուել է «Հրոտից» (Հրոյ+տից), որպէս «Հուրը տուողի» ամիսը:
Եգիպտական Տօմար.-
Ըստ մեզ, Եգիպտական տօմարում «Պարմուտի» ամիսը պիտի համապատասխանի Pyramid-ին, ուստի եւ Հայոց «Ահեկան»-ին՝ «Խոյ» կենդանակերպի ամսուան:
– – – – – – – – – – – – – – – – – – –
[295] Ն. Վ. Մամունա, նոյն, էջ 47:
[296] Տես՝ նրա անուան յունա-լատինական տարբերակները, Յօդուած «3»-ի «Խոյ» կենդանակերպի բաժնում:
[297] Ածանցման ժամանակ ռուս. «չըլաւէկ»-ի «կ»-ն փոխւում է «չ»-ի՝ «չըլաւէչ-սկի», ուստի եւ իրաւունք ունենք երկու «չ»-երն էլ «ց»-ի տառադարձելու:
[298] Արաբերէնում «ալ-ինսանու» բառի «ինսան» արմատը «մարդ արարած» է նշանակում, եւ ծագում է հայերէնի «անձն» բառից, որն էլ վրացերէնում դարձել է «իսան»՝ եւ վերջինս օգտագործւում է նաեւ հայերէն լեզուի բարբառներում:
[299] Ընդհանրացմամբ՝ «մահկանացու մարդ արարածին»:
[300] Տես՝ «Ատլաս», էջ 86: Նաեւ Յօդուած «3»-ի 14-րդ ենթամասը, էջ 200:
[301]Տես՝ «Հնդկական մատենագրութեան յուշարձաններ՝ կենտրոնական Ասիայից», LXXIII, 2, էջ 61, ռուսերէն լեզուով, Մոսկուա 1990, «Նաուկա» հրատ., աշխատասիրութեամբ Գ.Մ.Բոնգարդ- Լեւինի եւ Մ.Ի.Վորոբիովա-Դեսյատովսկու, Bibliotheca Buddhica XXXIV շարքից
[302] 21 կամ 20 Մարտից 19 կամ 18 Ապրիլ:
[303] Հին եգիպտերէնում օգտագործուած «ահ»-ը եգիպտագէտները թարգմանել են «ճաճանչափայլ հոգի»: Տե՛ս՝ Andrew Collins, «The Cygnus Mystery» – «Unlocking the Ancient Secret of Life’s Origins in the Cosmos», էջ 191, ռուս. տարբերակը՝ տպ. 2008 թ., «Թայնի Դրեւնիխ Ցիւիլիզացիա» մատենաշարով, Մոսկուա, «Էքսմո»:
[304] Խեցգետին կենդանակերպի ամիսը` 19/18 Յունիսից Յուլիսի 18/17:
Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
magaghat.am/archives/43148