Դեռ 15 տարի կարող ենք շահագործել ատոմակայանն անվտանգ ռեժիմով. Սերգեյ Բագրատյանը՝ Ատոմակայանի փակման մասին

20 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2017 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Tert.am-ը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ զրուցել է Մեծամորի ատոմակայանի փակման հնարավորության մասին: Բագրատյանը նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում նշված է փակման մասին, սակայն ժամկետներ ասված չեն: Նրա խոսքով՝ սա ցուցիչ է, որ ժամանակ է տրվում այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ որոնել: Սերգեյ Բագրատյանը հույս ունի, ավելին՝ համոզված է, որ ԱՄՆ-ի՝ վերականգնողական էներգետիկ ոլորտում 8 մլրդ ներդրումը կյանքի կկոչվի: Բագրատյանի խոսքով՝ եվրոպական երկրներում Ատոմակայանի այլընտրանք գտնելուն պես փակում են դրան, քանի որ առանց ատոմակայանի ավելի անվտանգն է:

– Պարո՛ն Բագրատյան, օրերս հրապարակվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը, որտեղ տեղ էր գտել Մեծամորի ատոմակայանի փակման հարցը՝ հաշվի առնելով նաև այն, որ շահագործման ժամկետն անցել է: Ի՞նչ եք կարծում ՝ սա վտանգավոր չէ ՀՀ-ի համար։

– Այո՛, ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում կա Ատոմակայանի փակման հարցը, բայց ժամկետներ նշված չեն: Սա նշանակում է, որ ԵՄ-ն հաշվի է առնում ՀՀ էներգետիկ անվտանգության հրատապ խնդիրը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ ժամանակ պետք է տրամադրել փակելու համար, բայց, անպայման, մինչ այդ հարկավոր է ստեղծել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, որպեսզի փոխլրացվեն մեր էներգետիկ կարիքները: Եթե մենք ԵՄ-ի շնորհիվ կարող ենք այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կառուցել և հզորությունները մեծացնել, այսինքն՝ կոնպենսացնենք Ատոմակայանի կողմից արտադրվող Էներգիայի չափը, որը էներգետիկ հզորության մոտ 40 տոկոսն է, ապա ավելի անվտանգ է առանց ատոմակայան շարունակել արդյունաբերության, տնտեսության զարգացումը: Հակառակ դեպքում` մենք կունենանք էներգետիկ ճգնաժամի խնդիր:

– Հայաստանում Ատոմակայանը միայն էներգետիկ հարց չի լուծում, այն նաև դիտարկվում է ռազմավարության ու անվտանգության համատեքստում: Ի՞նչ եք կարծում՝ ավելի շահեկան է գնալ վերանորոգմա՞ն , թե՞ փակման ճանապարհով՝ հաշվի առնելով նաև այն, որ ատոմակայան ունեցող երկրների վրա հարձակվելիս երկար են մտածում։

– Այնպես չէ, որ մենք, գտնվելով պատերազմի մեջ, ունենք այնպիսի քաղաքակիրթ հակառակորդ, որը հաշվարկի ռիսկերը, որ Ատոմակայանի վնասման դեպքում կվնասվեն ոչ միայն հայկական, այլ Ադրբեջանական տարածքներ: Չեմ կարծում, որ մեր հակառակորդն այդքան խոհեմություն ունի: Այստեղ մենք պետք է ավելի շատ հաշվարկենք այն վտանգներն ու վնասերը, որը կարող է կրել մեր հասարակությունն ու երկիրը: Տարիների ընթացքում ապացուցվել է՝ որևէ ատոմակայան անվտանգ չէ, բայց ատոմակայանի շահագործման կանոնների հետ կապված մենք այս պահին ունենք միջազգային փորձագետների դրական եզրակացությունը, այսինքն՝ ատոմակայանը կարող է շարունակել իր աշխատանքը: Չեմ կարծում, թե այսօր Ատոմակայանի խնդիրը հրատապ է, բայց, իհարկե, պետք է ընդգրկել ռազմավարական ծրագրում և մտածել այլընտրանքներ փնտրելու մասին: Նույն Եվրոպայում` մասնավորապես Գերմանիայում, ատոմակայանների փակման խնդիր է դրվում, քանի որ առաջնային մտածում են իրենց հասարակության անվտանգության մասին: Եվրոպական երկրներում հենց Ատոմակայանին կարողանում են այլընտրանք ստեղծել, անմիջապես փակում են:

– Ատոմակայանին այլընտրանք են ՀԷԿ-երը, իսկ այսօր բնապահպանների կողմից լուրջ դժգոհություն է առաջացում ՀԷԿ-երի գործունեությունը, քանի որ գետերն են չորանում և այլն: Հնարավո՞ր է՝ շուկայում նոր ՀԷԿ-եր հայտնվեն, նոր խնդիրներ չե՞ն առաջանա:

– Որպեսզի նոր խնդիրների առաջ չկանգնենք, պետք է շատ արագ արևային էներգետիկայի ոլորտը զարգացնենք ՀՀ-ում, գերոթերմալ ջրերի էներգետիկան զարգացնենք և այլն: ԱՄՆ-ն հենց այս ուղղությունները նկատի ուներ, երբ հայտարարեց, թե նախատեսում է մինչև 8 մլրդ ներդրում անել էներգետիկ ոլորտում։ Փոքր ՀԷԿ-երը սահմանափակ ռեսուրսն են, ասել, որ կշարունակվի փոքրի ՀԷԿ-երի շահագործումը, ճիշտ չի լինի: Ծրագիրը նայել եմ, ու կարծես թե քիչ քանակով նոր ՀԷԿ-եր պետք է կառուցվեն: Շատ մեծ նոր ծավալ չկա, բայց այն, ինչ կա պետք է կարգի բերել՝ համապատասխանեցնելով բնապահպանական նորմերի: Վստահաբար կարող եմ ասել, որ որոշակի ՀԷԿ-երի պարագայում խաթարվում է տվյալ տարածքի բնականոն զարգացումը, բայց դրանք լուծելի խնդիրներ են:

– ԱՄՆ դեսպանի՝ 8 մլրդ դոլարի ներդրման մասին հայտարարությունը վերաբերում էր վերականգնողական էներգետիկային ոլորտին, իսկ ՀՀ-ում համակարգը մենաշնորհված է: Ինչպես նաև կա ռուսական գործոնը, չե՞ն բախվելու ռուս-ամերիկյան շահերը:

– Այս հարցը քննարկել ենք, բայց նկատենք, եթե Միացյալ նահանգների դեսպանի մակարդակով է հայտարարություն արվում, ապա դա քաղաքական հայտարարություն է և առանց պետդեպարտամենտի հետ համաձայնեցնելու նման հայտարարություն չէր արվի: Առաջարկը չի արվել ցանկությունների դաշտում, այլ արվել է ռեալ ծրագրերի դաշտում: Վստահ եմ՝ ի վերջո ԱՄՆ–ն իրականացնելու է այդ ծրագիրը:

– Պարո՛ն Բագրատյան, որտեղի՞ց նման վստահություն, հաշվի առնելով, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը հայկական կողմը չարձագանքեց:

– Եթե այդ պահին չի եղել, դեռ չի նշանակում, որ մոտ ժամանակներս չի լինի, կարծում եմ՝ արձագանք կլինի անպայման: Մենք մոտ ժամանակներս պետք է հստակ այլընտրանքներ ունենանք, մենք չենք կարող միայն մի ընկերության կամ պետության շահերի դաշտում լինել, մենք պետք է ունենանք այլընտրանքներ, որը մեր ազգային շահը միշտ զգոն կպահի: Երբեք չի կարելի որևէ մեկի, նույնիսկ ռազմավարական դաշնակցի վրա հույս դնել, մեզ այլընտրանք է անհրաժեշտ, մենք մեր հարաբերությունները պետք է կառուցենք նաև մյուս հզոր խաղացողների հետ: Նաև սրա շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել արտաքին անվտանգության հետ կապված ռիսկերը:

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Մեծամորի Ատոմակայանը փակվելու է և որքա՞ն ժամանակ հետո:

– Իմ հաշվարկներով՝ դեռևս մինչև 15 տարի մենք ի վիճակի ենք անվտանգ ռեժիմով շահագործել Ատոմակայանը:

– Հաշվի առնելով, որ Ձեր խմբակցությունում ՀԷԿ-ունեցող պատգամավորներ կան, ի՞նչ եք կարծում՝ Ձեր քաղաքական միավորը կարո՞ղ է անաչառ դիտարկել Ատոմակայանի փակման հարցը, չէ՞ որ փակումն իրենց շահերից է բխում:

– Որևէ գործարար, լինի մեր կամ այլ խմբակցությունից, չի կարող և իրավունք չունի իր շահը բարձր դասել պետական շահից: Այդ գործարարը կհամարվի կոնկրետ երկրի շահերի դավաճանող գործիչ, բայց որևէ մեկը նման պիտակավորմամբ չի կարող ապրել երկրում: Հետևաբար, մեր խմբակցության գործարարներն էլ իրենց շահը չեն կարող բարձ դասել պետական շահից:

www.tert.am/am/news/2017/10/20/Sergey-bagratyan/2515174

99 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*