ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ – Պատերազմը սոսկ ղարաբաղեան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին
Nazareth Berberian – ««ՆԱԽՈՐԴ ԲԱՐԻ ԼՈՅՍԸ»»
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԻ ԼՈՅՍ»Ը
ԲԱՐԻ ԼՈՅՍ
«Պատերազմը սոսկ ղարաբաղեան
լինել չի կարող, այն պատկանում է
ողջ հայ ժողովրդին»
14 Փետրուար 2020
*Որպէսզի փոքրիկ Ղարաբաղը կարողանայ յաջողութեամբ դիմակայել Ադրբեջանին, այն պէտք է ունենայ իր մարտական, ժամանակակից զէնքերով զինուած բանակը, որը կարող է ստեղծուել միմիայն մեր բոլորի, ամբողջ հայութեան ջանքերով: Պատերազմը սոսկ ղարաբաղեան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, եւ այդ ճշմարտութիւնը պիտի դառնայ մեր առաջնորդն ու ոգեկոչողը:
*«Պետոն երբեք չի սիրել իր հետ մարդ տանել պատերազմ՝ յիշում է Դանիէլը (Պետոյի մարտական ընկերը)։ Այնպես էր ստացուել, որ առաջին անգամներն ում տարաւ՝ զոհուեցին… Դրանից յետոյ ասում էր՝ տեղս գիտէք, թէ ուզում էք՝ եկէք, բայց ես չեմ տանելու»,- պատմում է Դանիէլն ու շարունակում, որ Պետոն միշտ բոլոր մարտերի ժամանակ առաջին գծում էր։
«Ինչ կռիւ եղել ա, ինքն առաջինը, զինուորի հետ գրաւել ա պոստը, մի քանի ժամ պահել ա, նոր իջել ա թիկունք: Սա՛ էր Պետոն: Ինքը կեանքում ուրիշ հրամանատարներին նման վիլիսից ռացիայով գործողութիւն չէր ղեկավարում: Մարդիկ կային՝ նստում էին Ստեփանակերտում կամ Շուշիում ու կապ էին տալիս` խոխա խփի սրան, դու էս վերցրա՛, դու` էն: Բայց Պետոն միշտ զինուորի հետ էր ու միշտ ինքն էր առաջինը գնում, նոր` յետևից տանում զինուորին»:
*«Ինչպէ՞ս էք»,- հարցնում եմ Արշալոյս հայրիկին (Պետոյի հօր):
«87 տարեկան եմ, ինչպէ՞ս պիտի լինեմ: Էն ժամանակ ջահել էինք…»,- պատասխանում է Պետոյի հայրը. փորձում եմ տեղափոխուել «էն ժամանակ»:
«Կռուի տարիները յիշու՞մ էք»,- հարցնում եմ:
«Յիշում եմ, որ կռիւ կար: Երեխէքը գնացել էին ընդեղ: Ինչ եղել՝ ընդեղ ա եղել: Ինչ արել՝ իրանք են արել, ես ի՞նչ պատմեմ»,- պատասխանում է ու շարունակում.
«Որ տնից գնաց Պետոն… Ով ինչ ուզում ա թող ասի, հա` հայրենիքի պաշտպաններն են, գնացել են, շատ լաւ են արել, բայց որ ասեմ ծնողներն ուրախ-ուրախ են ճանապարհել` չէ՛: Միաժամանակ չէինք էլ արգելում: Իրանք ընկերներով ստեղ մի քանի օր հաւաքւում էին, գնում գալիս էին, ինչ-որ բաներ էին խօսում: Մի օր էլ ուշ ժամ էր, եկաւ տուն, մենք արդէն պառկած էինք: Ասեց` գնում եմ: Ասեցի` չեմ ուզում գնաս, բայց որ գնում ես` քեզ յաջողութիւն… Հարցրի՝ ինչո՞վ էք գնում, Պետօ: Ասեց` զէնք կը գտնենք, կը գնանք: Յետոյ էլ երբեք ոչինչ չէր պատմում կռուի մասին: Երբ էլ կ՚ասէինք` ի՞նչ կայ Պետօ, կ՚ասէր` դէ կռիւ ա էլի պապ…»,- յիշում է Արշալոյս հայրիկը, նայում Պետոյի մարտական ընկերներին ու բոլորը լռում են:
(Եանա Շախրամանեան, «Տղերքը․ Պետոն․ Զինուորի առջեւից գնացողն ու հզօր ժպիտով հրամանատարը», Aysor.am – 12 Փետրուար 2014)
*
* *
Բարի լոյս՝ Հայոց հերոսապատումի անկորնչելի էջերէն մէկը իր անունով՝ ԱՐՈՒԹԵԱՆ ու ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹԵԱՆ ՎԱՐՔով շնչաւորած Պետրոս (ՊԵՏՕ) Ղեւոնդեանի (1964-1994) անմոռանալի բարի ժպիտով։
Փետրուար 14ին հայաշխարհը կ՚ոգեկոչէ անմեռ յիշատակը 1994ի այս օրը, Արցախեան Ազատամարտի ռազմի դաշտին վրայ, հերոսաբար ինկած ԱՌԻՒԾԱՍԻՐՏ Պետոյի, որուն կեանքին ու գործին մասին ամփոփ անդրադարձ մը ներկայացուած է Յուշատետրի փոստով։
Բարի լոյս՝ Ազգի եւ Հայրենիքի ծառայութեան համար ԳԵՐԱԳՈՅՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹԵԱՆ պատրաստ գտնուելու ՈՒԽՏը Պետոյի ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՎ վերանորոգող հայոց ԱՆՁՆՈՒԷՐՆԵՐՈՒՆ։
Պետօ իր խղճի պարտքը կատարող ԱՆԿԵՂԾ ԶԻՆՈՒՈՐի եւ ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍի վարքով ու գործքով քալեց հայ ժողովուրդի ազգային ազատագրութեան ճանապարհէն, ՄԻԱՅՆ ԶՈՀԱԲԵՐԵՑ եւ ո՛չ միայն հայրենի եզերք ազատագրեց, այլեւ իւրայատուկ խստակրօնութեամբ մեր ՍՐԲԱԶԱՆ ԿՌԻՒը զերծ պահեց ամէն կարգի մակաբոյծներէ ու փառքի վաշխառուներէ։
Բարի լոյս՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանի վրայ» ռազմականչին ՀԱՒԱՏԱՐԻՄ հայոց հերոսներուն, որոնք ՊԵՏՈՆԵՐՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՄԲ արթուն կը հսկեն հայ ժողովուրդի ՈԳԵՂԷՆ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ սահմաններուն վրայ, որպէսզի ո՛չ մեր թշնամին իր սադրանքին առջեւ անպատրաստ ու անպաշտպան գտնէ մեր Հողն ու Տունը, ո՛չ ալ որեւէ պատեհապաշտ կամ մորթապաշտ սեփական ագարակի պէս չարաշահել փորձէ հայոց բանակը եւ հաւաքական ուժի մեր ազգային կռուանները։
Բարի լոյս՝ ՊԱՐՏՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹԵԱՄԲ մեր կողքէն քալած, գացած ու անմահացած՝ Ազգին եւ Հայրենիքին միայն նուիրաբերած ՊԵՏՈՆԵՐՈՒՆ, որոնք ներշնչման ու ոգորումի անսպառ աղբիւր են ինքնամաքրման ու վերանորոգման ճանապարհով յաւերժի իր երթը յառաջ մղող անկախ Հայաստանին ու ազատ հայութեան։
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ