1921Թ. ՓԵՏՐՈՒԱՐԵԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՒ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ՝ ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ (Հատուած)

1921Թ. ՓԵՏՐՈՒԱՐԵԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՒ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ՝ ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
(Հատուած)

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – //ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ

1921թ. Փետրուարեան ապստամբութիւնը բազմակողմանի քննութեան ենթարկուեց տարագրութեան մէջ հաստատուած ապստամբութեան ղեկավարների կողմից: Այս տեսակէտից հետաքրքիր են Ս. Վրացեանի մօտեցումներն ու մեկնաբանութիւնները:

Փետրուարեան ապստամբութեան պատճառների մասին խօսելիս անհրաժեշտ է նախ անդրադառնալ Հայաստանի խորհրդայնացմանը:

Ս. Վրացեանը նշում է, որ ժողովուրդը լուրջ դրական ակնկալիքներ ունէր խորհրդային իշխանութիւնից: «Յոռետես թէ լաւատես՝ սպասում էին, որ

1. վերջ կը գտնէ երկրում պատերազմի առաջ բերած քայքայումը,
2. վերջ կը գտնէ պատերազմը, եւ թուրքը կը հեռանայ Հայաստանի սահմաններից,
3. Խորհրդային Ռուսաստանի միջամտութեամբ բարեկամական յարաբերութիւնները կը հաստատուին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ. Խորհրդային Ռուսաստանի աջակցութեամբ, այս կամ այն ձեւով կը լուծուի եւ թրքահայկական հարցը,
4. կը վերականգնուի երկրի ներքին անդորրութիւնը, եւ ժողովուրդը նորից հնարաւորութիւն կը ստանայ լծուելու խաղաղ ու շինարար աշխատանքի: Բոլշեւիկները իրենց հերթին պաշտօնական թէ անպաշտօն շռայլ խոստումներով ուժեղացնում էին այս տրամադրութիւնները»,– գրում է նա:

Փաստօրէն, իշխանութիւնը բոլշեւիկներին յանձնելիս, դաշնակցական ղեկավարներն ակնկալում էին երկրի առջեւ ծառացած բազմաթիւ խնդիրների լուծում կամ թեթեւացում: Ժողովուրդը յոյս ունէր, որ նոր իշխանութիւնները կը կարողանան կարգաւորել երկրի քայքայուած տնտեսութիւնը, յարաբերութիւնները հարեւանների հետ, ինչպէս նաեւ պայմաններ ստեղծել խաղաղ եւ ստեղծագործ կեանքով ապրելու համար: Սակայն ժողովրդի յոյսերը չարդարացան:

Փետրուարեան ապստամբութեան պատճառների թւում կարեւոր էին խորհրդային իշխանութիւնների իրականացրած անհարկի ձերբակալութիւններն ու բռնութիւնները: Իսկ այդ հարցում հիմնական դերակատարը Չեկան (Արտակարգ Յանձնաժողով) էր: «1920թ. Դեկտեմբերի 6ին կազմուեց եւ անմիջապէս գործի անցաւ Չեկան, ու սկսուեցին ձերբակալութիւնները»,– գրում է Ս. Վրացեանը: Ըստ նրա՝ Չեկայի համար ստեղծուեցին բոլոր պայմանները, «նրան յատկացուեցին Ռոստոմի եւ Կարճիկեան փողոցի անկիւնում երկու խոշոր շինութիւններ: Չեկայի նախագահութեան համար բռնագրաւուեց Խորհրդարանի փոխ-նախագահ Աւ. Սահակեանի բնակարանը»: Կարելի է եզրակացնել, որ բոլշեւիկեան իշխանութիւնների համար ձերբակալութիւնները եղել են իրենց հիմնական նպատակներից մէկը: Ժողովրդի համար ստեղծուած ծանր իրավիճակում արտակարգ յանձնաժողովները անհարկի ձերբակալութիւններով ու գործադրած բռնութիւններով աւելի էին սրում կացութիւնը:

Վրացեանի վկայութեամբ՝ հասարակութեան վրայ առաւել ճնշող տպաւորութիւն թողեց Վրաստան անցնելու նպատակով Երեւանից հեռացած կուսակցական եւ պետական ղեկավար գործիչների ձերբակալութիւնը (Հ. Օհանջանեան, բժ. Յ. Տէր-Դաւթեան, Արտ. Չիլինգարեան, Կոր. Ղազարեան, Վ. Նաւասարդեան, Վ. Բաբայեան, Ա. Աստուածատրեան, բշ. Յ. Մելիքեան, Գ. Վարշամեան եւ ուրիշներ): Առաւել նուաստացուցիչ էր ձերբակալուածների մի մասին բեռնատար մեքենաներով, իսկ միւս մասին ոտքով Երեւան բերելը: Ս. Վրացեանը գրում է, որ առաջին իսկ օրերից Չեկայում խօսում էին գնդակահարութիւնների անհրաժեշտության մասին: Նոյնիսկ հնչեցուել են գնդակահարութեան ենթակայ թեկնածուների անուններ. Ռուբէն Դարբինեան, Սերգէյ Մելիք-Եոլչեան, Համազասպ (Սրուանձտեան), Բախշի Իշխանեան եւ ուրիշներ:

Այսպիսով՝ Ս. Վրացեանն առանձնացնում է բոլշեւիկեան իշխանութիւնների գործադրած բռնութիւնների ու ձերբակալութիւնների քաղաքականութիւնը ժողովրդական ըմբոստութեան հասունացման գործում: Բռնութիւնների հիմնական ալիքն ուղղուած էր Դաշնակցութեան դէմ: Պատահական չէր, որ Ս. Վրացեանը յիշատակում է բոլշեւիկների գործողութիւնների «Ֆիզիկական մահ Դաշնակցութեան» կարգախօսը:

Փետրուարեան ապստամբութեան պատճառների մէջ Ս. Վրացեանն առանձնայատուկ տեղ է յատկացնում նաեւ բոլշեւիկների կողմից իրականացուած բռնագրաւումների քաղաքականութեանը: Նախ՝ Վրացեանն անդրադառնում է այն խնդրին, որ բոլշեւիկների կողմից խոստացուած տնտեսական օգնութիւնը Ռուսաստանից չեկաւ եւ իրենց կարիքները հոգալու համար բոլշեւիկները սկսեցին բռնագրաւել բնակչութեան ունեցուածքը: Իրօք, բոլշեւիկները իշխանութեան գալիս խոստացել էին, որ Ռուսաստանի օգնութեամբ պէտք է վերականգնուէր Հայաստանի տնտեսութիւնը: Սակայն յետոյ պարզ դարձաւ, որ այդ օգնութիւնը գոնէ որոշ ժամանակով չէր լինելու:

Աւելին, Հայաստանի նոր ղեկավարութիւնը իր կարիքները հոգալու համար սկսեց կեղեքել առանց այդ էլ ընչազուրկ բնակչութեանը:

Խորհրդային Հայաստանի իշխանութիւնները տարբեր պատրուակներով բռնագրաւում էին ժողովրդի ունեցուածքը: Խորհրդային բանակին օգնելու անուան տակ գիւղացիներից եւ քաղաքային բնակչութիւնից թալանում էին ամէն ինչ` «սպիտակ ալիւր, խտացուած կաթ, կակաօ, շաքար, կօշիկի կաշի, հագուստեղէն եւ այլն»: «Բռնագրաւումը թալանի պաշտօնական անունն էր»,– այսպէ՛ս է բնորոշում Վրացեանը բոլշեւիկների իրականացրած քաղաքականութիւնը: Գնալով բռնագրաւումներն աւելի անհեթեթ են դառնում: Վրացեանի նկարագրմամբ՝ յեղկոմները գիւղերից պահանջում էին ոչ միայն ոչխար, կով ու հաւ, այլեւ իւղ, պանիր եւ ձու: Սեւանայ լճի աւազանի գիւղերում պարտաւոր էին ձուկ մատակարարել բոլշեւիկներին: Անիմաստ էր որսի կենդանիներ պահանջելը: Օրինակ` Ջրվէժ գիւղի վրայ կաքաւի տուրք էր տրուել: Իսկ որոշ դէպքերում էլ խուզարկուած տներից տանում էին ոչ միայն կենդանիներ եւ պարէն, «այլեւ դրամ, ոսկեղէն ու գոհարեղէն, գորգեր, մետաքսի եւ այլ թանկարժէք կտորներ, շաքար, սապոն, զանազան հագուստ»:

Վրացեանը գրում է, որ բռնագրաւումների մէջ «ամենավարպետ ծրագրուած ու կազմակերպուած գործերից մէկն էլ, անշուշտ, եղաւ «Պարէնի շաբաթը» կամ՝ ինչպէս Երեւանցիք աւելի ճիշտ բնորոշել էին, «Թալշաբաթը» (թալանի շաբաթը), Յունուար ամսի վերջերին»: Ոգեւորուած «թալշաբաթ»ի «յաջողութիւններից»՝ բոլշեւիկները ծրագրում էին այլ «շաբաթներ» եւս իրականացնել, օրինակ` «սպիտակեղէնի շաբաթ»:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Վրացեանը հեգնանքով մատնանշում է, որ այս կերպ «Երեւանը թօթափում էր իր վրայից բուրժուական նախապաշարումները եւ ամուր կերպով ոտք կոխում «կոմունիստական շինարարութեան» ճանապարհի վրայ: Առաջաւոր Ասիայի շեմքին, հայ «պրոլետարիատը» կատարում էր իր պատմական առաքելութիւնը»: Մինչդեռ ժողովուրդը Ռուսաստանից էր օգնութիւն սպասում, սակայն իրենից վերջին պատառը խլելով՝ ուղարկում էին Ռուսաստան:

Բռնագրաւումների խնդրին անդրադառնալիս Ս. Վրացեանը յիշատակում է նաեւ բոլշեւիկ պատմաբան Բագրատ Բորեանի աշխատութիւնը եւ, յղելով նրան, եզրակացնում, որ բոլշեւիկ պատմաբաններն անգամ քննադատում էին այդ քաղաքականութիւնը: Բ. Բորեանը խորհրդային այն եզակի պատմաբաններից էր, որ, դեռ ապստամբութիւնից մէկ տասնամեակ չանցած, համարձակութիւն էր ցուցաբերել վեր հանելու ապստամբութեան իրական պատճառները, որոնց մէջ ընդգծւում էին նաեւ բռնագրաւումները: «Առանց կազմակերպուած եւ կարգապահ վարչամեքենայի, առանց քարոզչական նախապատրաստական աշխատանքի եւ առանց հաշուի առնելու երկրի իւրայատուկ պայմանները Յեղկոմը կարգախօս է հրապարակ նետում. Բռնագրաւել եւ գրաւել քաղաքների մասնաւոր անձանց պարէնն ու գիւղացիութեան հացի պաշարը»,– գրում է Բ. Բորեանը:

Փաստօրէն, Ս. Վրացեանը բոլշեւիկների բռնագրաւումների քաղաքականութեան հակաժողովրդական բնոյթը փաստում է նաեւ խորհրդային պատմաբանի եզրակացութիւններով: Վրացեանը նշում է նաեւ, որ շատ տեղերում բռնագրաւումների պատճառով տեղի էին ունենում «տարերային ըմբոստութիւններ, որոնք ճնշւում էին Երեւանից ուղարկուած պատժիչ զօրամասերի կողմից:

Կարծում ենք, նախընթաց պատերազմի, սովի, համաճարակների պատճառով տնտեսապէս քայքայուած Հայաստանի բնակչութեան հանդէպ բոլշեւիկեան իշխանութիւնների կողմից կիրառուող բռնագրաւումների քաղաքականութիւնը լիովին անիմաստ էր: Խորհրդային Ռուսաստանում փորձարկուած եւ արդէն ձախողուած «ռազմական կոմունիզմի» քաղաքականութեան դառը պտուղները քաղել էին տեղի իշխանութիւններն ու ժողովուրդը: Եւ ինքնին անմտութիւն էր նոյն քաղաքականութեան կիրառումը Հայաստանում:

Փետրուարեան համաժողովրդական ըմբոստութեան հասունացման վրայ մեծապէս ազդեց բոլշեւիկեան իշխանութիւնների անմարդկային վերաբերմունքը դէպի հայկական բանակն ու հայ սպայութիւնը: Հայ կոմունիստները Ռուսաստանի հրահրմամբ բառացիօրէն ոչնչացրին հայ զինուորականութեանը: Վրացեանն անդրադառնում է այդ «անարդարութիւններին»: Հայկական բանակի գլխատման հիմնական մեղսակիցներ է համարում ՀայՅեղկոմի անդամներ Գ. Աթարբեգեանին եւ Աւիսին (Նուրիջանեան):

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Նա գրում է, որ այս տմարդի արարքը եւս անհետեւանք չմնաց: Առաւել ծանրացաւ սպաների ընտանիքների վիճակը: Կարծում ենք, որ հայկական բանակի եւ հայ սպայութեան քայքայումն ու ոչնչացումը բոլշեւիկեան իշխանութիւնների գործած մեծագոյն սխալներից էին: Նախընթաց ժամանակաշրջանում հայ ժողովրդին սեփական հողի վրա վերջնական բնաջնջումից փրկել էր հայ զինուորականութիւնը: Իսկ վերջինիս հանդէպ նոր իշխանութիւնների որդեգրած հալածական քաղաքականութիւնն աններելի էր ժողովրդի համար: Յատկապէս անհրաժեշտ էր հաշուի առնել նաեւ այն հանգամանքը, որ երկիրը դեռ պատերազմական դրութեան մէջ էր, եւ ցանկացած պահի հնարաւոր էր թշնամու ներխուժումը մեր պետութեան տարածք:

Փետրուարեան ապստամբութեան պատճառների շարքին դասւում է նաեւ ազատ խօսքի, մամուլի սահմանափակումը բոլշեւիկեան իշխանութիւնների կողմից: Այս առումով Ս. Վրացեանը գրում է, որ «Հայաստանի ամբողջ տարածութեան վրայ բոլորովին մեռաւ ազատ միտքն ու հասարակական կեանքը»: Նա խօսում է նաեւ մամուլի սահմանափակումների մասին.- «Մամուլը ներկայացուած էր «Կոմունիստ», «Աղքատ գիւղացի» ու «Կարմիր բանուոր» անբովանդակ ու ողորմելի հայհոյաթերթերով, որոնք փակցւում էին պատերին եւ դաշնակցականների գլխին թափուած ջղագար լուտանքներից ու կոմունիստական անհամ յօդուածներից զատ ոչինչ էին պարունակում»: Փաստօրէն, հայ բոլշեւիկները բռնութիւն էին գործադրում նաեւ մամուլի միջոցների վրայ, ինչը նոյնպէս խորացրեց ժողովրդի դժգոհութիւնը:

Տես՝
http://hpj.asj-oa.am/6121/1/139.pdf

facebook.com/nazaretberberian/posts/2885824041508551

Facebooktwitterredditpinterestlinkedinmail