ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ – Աշխարհ է եկել դատարկ ձեռքերով եւ այդպէս էլ մեկնում է, ո՛չ պարտք ունի, ո՛չ առնելիք

ՆԵՐՍէՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԵԼԻՔ – ԹԱՆԳԵԱՆ

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ – Աշխարհ է եկել դատարկ ձեռքերով եւ այդպէս էլ մեկնում է, ո՛չ պարտք ունի, ո՛չ առնելիք

Nazareth Berberian – ««ՆԱԽՈՐԴ ԲԱՐԻ ԼՈՅՍԸ»»

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԻ ԼՈՅՍ»Ը

Հրապարակագիր Նազարէթ Պէրպէրեան

ԲԱՐԻ ԼՈՅՍ

«Աշխարհ է եկել դատարկ ձեռքերով եւ
այդպէս էլ մեկնում է․
ո՛չ պարտք ունի, ո՛չ առնելիք»։

16 Մարտ 2020

Բարի լոյս եւ օրհնութեան լուսապսակ՝ հայ եկեղեցւոյ ժամանակակից ՔԱՋ ՀՈՎԻՒ ՆԵՐՍԷՍ ԱՐՔ․ ՄԵԼԻՔ-ԹԱՆԳԵԱՆին, որ Մարտ 16ի այս օրը, 1948 թուականին, առյաւէտ հրաժեշտ տուաւ ԻՐ ՊԱՇՏԱԾ, ՊԱՀՊԱՆԱԾ ու անձնուիրաբար ԱՌԱՋՆՈՐԴԱԾ ժողովուրդին։

Բարի լոյս՝ հայ հոգեւորականի ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ անփոխարինելի ԱՒԱՆԴը հարստացնող ԱՆՄԱՀՆԵՐու փաղանգին մէջ ո՛չ միայն մեր ժողովուրդի ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉՈՒԹԵԱՆ սպասարկող վաստակաւորներուն, այլեւ ՀԱՅՈՒՆ ՀԱՒԱՏՔը ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՅԱՆՁՆԱՌՈՒԹԵԱՄԲ հունաւորած արժանաւոր մեր եկեղեցականներուն, որոնց համաստեղութեան մէջ անմար է աստղը Մելիք-Թանգեան Սրբազանին։

Յուշատետրի փոստով ներկայացուած են կեանքն ու գործը Ատրպատականի հայոց ՔԱՋ ՀՈՎԻՒին։

Այստեղ՝ բարի լոյսի արժանի է ՎԱՐՔը սեփական ժողովուրդին հետ բառին ամբողջական իմաստով ՄԻԱԽԱՌՆՈՒԵԼՈՒ ուղին ընտրած ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ, որ ո՛չ միայն իր կեանքի ժամանակը իմաստաւորեց իր առաջնորդած ժողովուրդին անմնացորդ ծառայելու ԳՈՐԾՔով, այլեւ՝ նոյնիսկ կտակեց, որ մահէն ետք ալ զինք թաղեն իր ՀՕՏԻ հանգուցեալներու ԿՈՂՔԻՆ։

Բարի լոյս՝ Ազգի եւ Հայրենիքի այսօրուան այն բոլոր սպասարկողներուն, որոնք մեր ժողովուրդի Անմահներուն ներշնչումով՝ կը յաջողին ամէն բանէ վեր դասել սեփական ժողովուրդին հետ ըլլալու, սեփական ժողովուրդին կեանքը կիսելու, այլեւ ու մանաւանդ ՔԱՋ ՀՈՎԻՒի ԱՆՁՆՈՒՐՈՒԹԵԱՄԲ գործելու իրենց ժողովրդանուէր ծառայութեան կոչումն ու առաքելութիւնը։

Ներսէս Արք․ Մելիք-Թանգեանի ժառանգութեամբ հաղորդուելու եւ վերանորոգուելու թող ծառայեն քաղուածաբար տրուած հետեւող վկայութիւնները․

ՆԵՐՍէՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԵԼԻՔ – ԹԱՆԳԵԱՆ

*
* *

Խրիմեան Հայրիկը բարձր է գնահատում Նիկողայոս Սարկաւագին՝ տեսնելով նրա եռանդուն գործունէութիւնր եւ նուիրումը Մայր Աթոռին: 1901 թ. Մարտի 16ին Վեհափառ Հայրապետի կարգադրութեամբ Արիստակէս Եպիսկոպոս Դաւթեանը Նիկողայոս Սարկաւագ Մելիք-Թանգեանին ձեռնադրում է կուսակրօն հոգեւորական՝ վերանուանելով Ներսէս Վարդապետ Մելիք-Թանգեան: Նոյն թուականին Մկրտիչ Ա.ն Ներսէս Վարդապետին նշանակում է Տաթեւի վանահայր եւ Սիւնեաց փոխանորդ:

1903 թ. Յունիսի 12ին ցարական կառավարութիւնը հայոց եկեղեցական գոյքի եւ հողերի բռնագրաւման օրէնք հռչակեց: Այդ ծանր օրերին Ներսէս Վարդապետը շրջում է Սիւնիքի գիւղերում՝ փորձելով ամէն կերպ խոչընդոտել վանքապատկան կալուածքները կառավարութեանը յանձնելուն, որը չի վրիպում կառավարութեան աչքից: 1903 թ. 979 կոնդակով Խրիմեան Հայրիկը Ներսէս Վարդապետ Մելիք-Թանգեանին հայրենանուէր գործունէութեան համար պարգեւատրեց լանջախաչով:

1905 թ. կառավարութեան հրահրած հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Ներսէս վարդապետը Սեբաստացի Մուրադի հետ կազմակերպեց Ղափանի 50 հայկական գիւղերի պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ կազմեց նոր կամաւորական խմբեր Կորիւնի, Կայծակի եւ այլոց գլխաւորութեամբ, որոնք յաջողութեամբ յետ մղեցին թուրք ջարդարարներին:

Դրանից յետոյ Սիւնիքի եւ Արցախի պատկերը կտրուկ փոխւում է: Հայկական բոլոր գիւղերի միջեւ սկսւում է հաղորդակցութիւնը, բացւում են ճանապարհները դէպի Շուշի, Եւլախ, Բաքու, Թիֆլիս եւ այլ վայրեր, սկսւում է ազատ երթեւեկը:

1906 թ. Խրիմեան Հայրիկը Ներսէս Վարդապետին նշանակում է Մայր Աթոռի դիւանապետ, սակայն ցարական իշխանութիւնները, չհանդուրժելով վարդապետի նոր նշանակումր, նրա վրա բարդելով անհիմն մեղադրանքներ, 1907 թ. ամրանը նրան աքսորում է Ղրիմ՝ Ս. Խաչի վանք, ուր նա ստանձնում է վանքի վանահայրութիւնը: 1908թ.

Նոյեմբերին Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրւում Մատթեւոս Իզմիրլեանր, որը, ծանօթանալով Մայրավանքի ներքին կացութեանը եւ ցանկանալով համատեղել վանքի թափուր պաշտօնները, միջնորդագիր է ուղարկում Կովկասի փոխարքային՝ խնդրանքով, որ Ներսէս Վարդապետ Մելիք-Թանգեանին թոյլ տրուի վերադառնալ Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

1910 թ. նա նշանակւում է վանական կառավարութեան նախագահ: 1912 թ. Սեպտեմբերին Ներսէս Վարդապետն ընտրւում է Ատրպատականի թեմի առաջնորդ: Այստեղ նա բուռն գործունէութիւն է ծաւալում, վերանորոգում է Թաւրիզի եկեղեցիների զանգակատները, կառուցում Արամեան թատրոնի շենքը եւ այլն: 1914ի Սեպտեմբերին Գեւորգ Ե. Կաթողիկոսը Ս. էջմիածնի Մայր Տաճարում Ներսէս Վարդապետին ձեռնադրում է եպիսկոպոս:

Առաջին Աշխարհամարտի տարիներին, երբ թուրքական բանակը ներխուժում է Ատրպատական, գիտակցելով պարսկահայերի գլխին կախուած վտանգի մեծութիւնը՝ Ներսէս Եպիսկոպոս Մելիք-Թանգեանն անմիջապէս հեռագիր է յղում պարսից Շահին եւ Պարսկաստանում Ամերիկայի դեսպանին՝ խնդրելով նրանց իրենց հովանաւորութեան տակ վերցնել հայերին:

Ռազմական անբարենպաստ իրադրութեան հետեւանքով Ատրպատականի ռուսական զօրամասի նահանջի ժամանակ Ներսէս Սրբազանը կազմակերպում է Ատրպատականի քրիստոնեաների գաղթը դէպի Ռուսական կայսրութեան տարածքը:

Գաղթողները թուով 44․000 էին, որից 24․000ը հայեր էին տարբեր վայրերից՝ Թաւրիզից՝ 3000, Խոյից՝ 2000, Սալմաստից՝ 15․000 եւ Ուրմիայից՝ 4000: Մնացած 20․000ը ասորի եւ այլազգի քրիստոնեայ գաղթականներ էին:

1915 թ. Վանի հայութեան նշանաւոր գաղթի ժամանակ Ներսէս Սրբազանր կազմակերպում է Ատրպատական գաղթած մի քանի տասնեակ վանեցիների խնամքի գործը: 1917 թ. Գեւորգ Ե. Կաթողիկոսի կոնդակով Ներսէս Սրբազանը նշանակւում է նաեւ
Վասպուրականի հայոց առաջնորդ: Նոյն թուականին Ատրպատականի թեմական պատգամաւորական ժողովի խնդրանքով Գեւորգ Ե.ն Ներսէս Եպիսկոպոսին շնորհում է արքութեան աստիճան:

1919 թ. պարսից կառավարութիւնր, բարձր գնահատելով Ներսէս Արքեպիսկոպոս Մելիք-Թանգեանի անձնուէր աշխատանքն այդ ծանր ու դժուար տարիներին, պարգեւատրում է նրան Շիր-խուրշիտի (առիւծ-արեւ) շքանշանով:

Հայաստանում խորհրդային իշխանութեան հաստատումից յետոյ Հայաստանի նախկին իշխանութիւնը, հեռանալով Զանգեզուր, այստեղ Գ. Նժդեհի գլխաւորութեամբ ստեղծում է «Լեռնահայաստանի Հանրապետութիւն»: Կապ հաստատելով Լեռնահայաստանի սպարապետի հետ՝ Ներսէս Արքեպիսկոպոսը հանգանակում եւ Զանգեզուր է ուղարկում սննդամթերք եւ 2000 թուման փող:

Ներսէս Արքեպիսկոպոսին համարելով հակայեղափոխական եւ հակախորհրդային տարր՝ Հայաստանի խորհրդային իշխանութիւններր ստիպում են Գեւորգ Ե. Կաթողիկոսին նրան յետ կանչել Հայաստան’ հաշուեյարդար տեսնելու համար․․․

Սակայն Ներսէս Սրբազանը չի ենթարկւում նրանց ահաբեկումներին եւ յորդորներին՝ հրաժարուելով վերադառնալ Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Նա լաւ էր պատկերացնում, թէ ի՛նչ է սպասում իրեն բոլշեւիկեան Հայաստանում: Բայց նա «…դեսպանների միջոցով Վեհափառ Հայրապետին է ուղարկում իր բացատրագիրր, որը չեկիստները, սակայն, չեն յանձնում Հայրապետին:

Այնուամենայնիւ, Ատրպատականի հայութիւնը, գիտակցելով, թէ ի՛նչ վտանգ կարող է սպառնալ Ներսէս Սրբազանին Խորհրդային Հայաստան վերադառնալուց յետոյ, թոյլ չեն տալիս նրան գնալ Հայաստան»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ներսէս Սրբազանը միջոցներ հայթայթեց, «Սասունցի Դաւիթ» եւ «Գեներալ Բաղրամեան» տանկային շարասիւններ կառուցելու համար, ինչպէս նաեւ Ստալինգրադի վերակառուցման եւ զոհուած հայ կարմիր բանակայինների երեխաների համար միջոցներ հանգանակեց:

Քաղուած՝ Բաբկէն Աբեղայ Սալիբեանի «ՆԵՐՍէՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԵԼԻՔ – ԹԱՆԳԵԱՆ (Կեանքն ու գործունէութիւնը)» յօդուածէն, «ԷՋՄԻԱԾԻՆ», 2013։

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

*
* *

Իր մահից կարճ ժամանակ առաջ, Մելիք-Թանգեան Սրբազանը շատ յուզիչ մի կտակ է թելադրել, որի ներքոյ ինքն էլ իր դողդոջ ձեռքերով աւելացրել է մի քանի բառ։ Ըստ որոշ վկայութիւնների՝ կտակը գտնւում է Թեհրանում եւ, իրազեկների պատմածով, Սրբազանն իր այդ կտակում ի միջի այլոց ասել է․- Աշխարհ է եկել դատարկ ձեռքերով եւ այդպէս էլ մեկնում է․ ո՛չ պարտք ունի, ո՛չ առնելիք»։ Եւ իբրեւ վերջին ցանկութիւն խնդրել է իրեն չթաղել եկեղեցու բակում կամ զանգակատան ներքեւում, այլ իր մարմինը պէտք է հանգչի գերեզմանատնում, իր ժողովրդի քովն ի վեր»։

Մեծութիւններ կան, որոնց թողած բացը հնարաւոր չէ լցնել։ Այդպիսի մեծութիւն էր «Մեր Սրբազանը», «Իրանահայոց Հայրիկը», Ատրպատականի հայոց անվեհեր ու անձնուրաց առաջնորդը, որն իր բովանդակ կեանքը նուիրեց հայ ժողովրդին եւ ցանկացաւ իր յաւիտենական հանգիստը գտնել հասարակաց հանգստարանում։

Երախտագէտ ժողովուրդը կատարեց իր սիրելի առաջնորդի վերջին ցանկութիւնը եւ նրա շիրիմի վրայ արձանագրեց՝ «Աստ հանգչի տ․ Ներսէս արք․ Մելիք-Թանգեան, արիւնոտ օրերի ազգանուէր առաջնորդ եւ պաշտպան հայոց Ատրպատականի․ 1866-1948»։

Դ․ Մելիքեան, «Ատրպատականի Հայոց Առաջնորդ Տ․ Ներսէս Արք․ Մելիք-Թանգեանի Գործունէութիւնը 1914-1918թթ․», «21րդ Դար», թիւ 2 (72), 2017թ․։

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail