ԲԱՐԻ ԼՈՅՍ – Ո՛չ մի բռնութիւն, ո՛չ մի հալածանք, ո՛չ մի սահման չէ կարող բաժանել մի ժողովուրդ – ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ԲԱՐԻ ԼՈՅՍ – ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ – Ո՛չ մի բռնութիւն, ո՛չ մի հալածանք, ո՛չ մի սահման չէ կարող բաժանել մի ժողովուրդ – ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Nazareth Berberian – ««ՆԱԽՈՐԴ ԲԱՐԻ ԼՈՅՍԸ»»

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԻ ԼՈՅՍ»Ը

Հրապարակագիր Նազարէթ Պէրպէրեան

ԲԱՐԻ ԼՈՅՍ

«Ո՛չ մի բռնութիւն, ո՛չ մի հալածանք, ո՛չ մի սահման չէ կարող բաժանել մի ժողովուրդ»։

17 Մարտ 2020

ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ՝

– …Եթէ իրաւունքը իր պաշտպանութեան համար կռիւ է պահանջում, հապա կռիւը իր յաղթանակի համար նեցուկ պիտի ունենայ ոյժը։ Ոյժն է՝ որ կառավարում է աշխարհս, եւ մենք ձեռք կը բերենք մեր ուզածները՝ երբ ո՛յժ կ՚ունենանք։

– Պատռել է հարկաւոր քարտէսներու վրայ այս կամ այն աւազակապետի կամքով գծուած սահմանները. ջնջել է հարկաւոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից եւ որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատեւ են լինում։ Ո՛չ մի բռնութիւն, ո՛չ մի հալածանք, ո՛չ մի սահման չէ կարող բաժանել մի ժողովուրդ, եթէ նա տոգորուած է ընդհանուր շահերի գիտակցութեամբ, ունի նաեւ կռուելու անսասան վճռողականութիւն եւ կապուած, միացած է դարերով սնուած ու պահպանուած ընդհանուր բնազդների ու զգացմունքների առողջ զարկերով։

*
* *

Բարի լոյս աւետելով խոնարհինք Գործին ու Վարքին, այլեւ Հաւատքին ու Աւանդին առջեւ հայ ժողովուրդի ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՈԳԻԻՆ անընկճելի մարմնաւորումին՝ ՔՐԻՍՏԱՓՈՐի, որ Մարտ 17ի այս օրը, 1905 թուին, ինկաւ Պուլկարիոյ Վիտոշ լերան լանջին՝ Կարմիր Սուլթանի ահաբեկման համար պատրաստուած ռումբի փորձարկման պահուն։

Բարի լոյս՝ յանուն հայ ժողովուրդի ամբողջական ազատագրութեան հայոց սերունդները ՅԱՐԱՏԵՒ ԿՌՈՒԻ դաշտ առաջնորդած բոլոր ժամանակներու ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿներուն, որոնք ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՕՐԻՆԱԿով՝ արեամբ ու գերագոյն զոհաբերութեամբ նուաճած են ՅԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ ԴՐՕՇԱԿԻՐի ոգեշնչող, առաջնորդող ԱՒԱՆԴը։

Վիտոշի խորհուրդին եւ Քրիստափորի գաղափարական կտակին նուիրուած է Յուշատետրի Մարտ 17ի ոգեկոչումը։ Իսկ ստորեւ քաղուածաբար արտատպուած Յովհաննէս Զատիկեանի յօդուածը ամփոփումը եւ հիմնաւորումը կը կատարէ Հայկական Յեղափոխութեան գաղափարական ԷՈՒԹԵԱՆ՝ նոյնինքն անոր պատգամաբերին ազգային-քաղաքական կտակին ընդմէջէն։

Բարի լոյս՝ ինչպէս մօտաւոր թէ հեռաւոր անցեալին, այնպէս եւ այսօր ու գալիքին՝ հայոց սերունդներու ՀԻԱՍԹԱՓՈՒԹԵԱՆ ՊԱՀերուն հաւաքական յանդգնութիւն եւ կամք կռանող ՀԱՅՈՒ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՆԵՐՈՒԺին, որ վատթար թշնամիին դէմ անհաւասար ուժերով մարտերէն յաղթական դուրս գալու անփոխարինելի երաշխիքը նուաճած է՝ գերագոյն զոհաբերութեան պատրաստ գտնուելու սեփական օրինակը ՔՐԻՍՏԱՓՈՐի արեամբ ամրագրելով պատմութեան էջերուն․․․

Բարի լոյս՝ մեր օրերու հայութեան եւ վերանկախացեալ Հայաստանի յեղափոխական ՎԵՐԱԾՆՈՒՆԴին, որ նոյնինքն հայ ժողովուրդի ՔՐԻՍՏԱՓՈՐԵԱՆ ներուժին շղթայազերծումով՝ կարողացաւ սանձել ու լուսանցք քշել Ազգի եւ Հայրենիքի պետականութիւնը սեփական ագարակի վերածած ցեցերն ու մակաբոյծները։

ԲԱՐԻ ԼՈՅՍ – ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

*
* *

ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԸ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

ԶԱՏԻԿԵԱՆ Յ. Գ.

«Լրաբեր Հասարակական Գիտութիւնների», 2007
http://lraber.asj-oa.am/399/1/2007-2_(227).pdf

1895-1896 թթ. կոտորածները՝ տէրութիւնների թղթէ արշաւների ուղեկցութեամբ, Հայկական Հարցը նորից մղեցին փակուղի: Բռնատիրութիւնը կոտորածները որակեց իբրեւ հայ-քրդական ազգամիջեան բախումներ, ապա նաեւ քրդերի պատասխանն արեւմտահայ ազատագրական շարժումներին, որոնք, իբր, ուղղուած էին քրդերի տնտեսական ու քաղաքական ազատութիւնների դէմ:

Դժբախտաբար, նման մտայնութիւնը յատուկ էր նաեւ «հայկական դպիրների ու փարիսեցիների» շրջանին, որոնք, օգտուելով ժողովրդի վրայ ունեցած ազդեցութիւնից, պատճառ էին դառնում հայ յեղափոխութիւնից, այն է՝ ազատագրական պայքարից հեռու պահելու հայութեան ստուար զանգուածներին: Հ․Յ․Դաշնակցութեան շարքերում եւս կային մարդիկ, որոնք, կիսելով այդ գաղափարը, քննադատութեան հեղեղ էին թափում․․․

Այդպիսի անյաջող, պատմական ճշմարտութիւնից հեռու տեսակէտների դէմ էր ուղղուած Ք. Միքայէլեանի «Ամբոխային տրամաբանութիւն» աշխատութիւնը, որտեղ, բացի քննադատութիւններին պատասխանելուց, կատարւում էին նոր վերլուծութիւններ, բացայայտւում էր Հայկական Հարցի էութիւնը, նախանշւում էին նրա զարգացման ու լուծման ուղիները:

Քննադատութիւններին պատասխանելու նպատակով Ք. Միքայէլեանը ձայն է տալիս եւրոպացի դիւանագէտների, քաղաքական ու պետական գործիչների, որոնց օգնութեամբ ձգտում է յստակ պատկերացում ձեւաւորել Հայկական Հարցի ծագման, դրա բովանդակութեան մասին, պարզաբանումներ տալիս «հայ յեղափոխութիւն» հասկացութեան մասին:

Այսպես, Է. Գրինի՝ «Հայե՞րը գրգռեցին թուրքերին եւ տեղի ունեցան կոտորածները» հարցին պատասխանում է հարցով՝ «Բայց ո՞վ գրգռեց հայերին…»: Այստեղից էլ, իբրեւ արդար պայքարի յատկանիշ, հայ յեղափոխական գաղափարը ներկայանում է, իբրեւ երեւոյթ՝ այս խաղաղ եւ դարերի ընթացքում հնազանդութեամբ տաճկական լուծը կրող ժողովրդի կեանքում: Կատարուածը, նշում է հեղինակը, «բնական հետեւանքն է այն սարսափելի կացութեան, որ նկատւում է Բեռլինի դաշնագրից յետոյ»…

Յովհ. Լեփսիուսը, ամբաստանագիր ուղղելով մեծ տէրութիւններին, «Ի՞նչ բան են Հայաստանի ջարդերը» հարցին պատասխանում է.- «Դա Բարձր Դրան ձեռք առած վարչական մի միջոց է, որ ուրիշ շարժառիթ եւ նպատակ չունի, բայց եթէ հայ ազգի ջնջումովը անիրագործելի դարձնել մեծ պետութիւնների պահանջած բարենորոգումները…»:

Ք. Միքայէլեանը յստակ սահմանում է «հայ յեղափոխութիւն» հասկացութիւնը.- «…հայ յեղափոխական շարժումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյնպէս մի անհրաժեշտ բնական հետեւանք միեւնոյն տնտեսական ու պատմաքաղաքական պատճառների» (ընդգծ. հեղինակինն է – Յ. Զ.):

Բեռլինի վեհաժողովից յետոյ՝ յատկապէս 1880 թ., սուլթանն ուղիներ էր փնտռում Հայկական Հարցը լուծելու համար, որովհետեւ այն կայսրութիւնում գոյութիւն ունեցող միակ հարցն էր, որն առաջ էր բերում եւրոպական միջամտութիւն: Այստեղից էլ՝ մի կողմից Եւրոպան՝ միայն իր շահերին հետամտող գործնական դիրքորոշմամբ, միւս կողմից էլ սուլթանական բռնատիրութիւնը՝ իր հայակուլ քաղաքականութեամբ, ստեղծում էին «մի խոշոր դիլեմա»՝ «կա՛մ անպայման բնաջնջում, իբրեւ մի ամբողջութիւն, իբրեւ մի ազգութիւն, իբրեւ մի հայրենիքի տէր ժողովուրդ, կա՛մ թէ դիմադրութիւն՝ կեանք, պատիւ, ստացուածք, տուն, հայրենիք, ամէն ինչ բռնաբարող ուժի դէմ»: Միջին ճանապարհ չկար. ո՛չ մշակութային ազդեցութիւնը, ո՛չ բարենորոգումները չէին ունենալու այն ազդեցութիւնը, որ կ՚ապահովէին հայութեան գոյութիւնը կամ մասնակի լուծում կը տային Հայկական Հարցին:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Եւ, ի վերջոյ, հայ յեղափոխութիւնն արդիւնքն է այն մեծ ճշմարտութեան, որը հաստատագրում է.- «Կան րոպէներ ժողովուրդների կեանքում, երբ կարելի է հաշտուել ամէն բանի հետ, բայց ոչ լռութեան»: Այս ընդհանրական միտքը պարզաբանում է հեղինակը.- «…Լռութիւն պիտի նշանակէր միայն եւ միայն ամբողջ ազգի կատարեալ բարոյական անկումը եւ յեղափոխական գաղափարների, յեղափոխական շարժման կատարեալ սնանկութիւնը:

Փա՜ռք ուրեմն այն հերոսներին, որոնք ոչ միայն այդ գարշելի լռութիւնը փոթորկեցին ու հայ ժողովրդի ամէնէն արդար, ամէնէն էական զգացումների թարգմանը եղան»: Ասել է՝ հայ յեղափոխութիւնը շարունակւում էր. ասել է՝ Հայկական Հարցը գտել էր իր իսկական տիրոջը: Տէրերի մի ամբողջ աստղաբոյլ էր ծնուել նաեւ Արեւմտեան Հայաստանում:

Անդրադառնալով տէրութիւնների, յատկապէս ռուս-անգլիական հակամարտութեանը՝ Ք. Միքայէլեանը գրում էր.- «…Թունաւորուած հրէշաւոր կասկածների ուրուականներով, ահա այն սոսկալի հողը, ուր մեր բախտը որոշելու հրաւիրուած «քաղաքագէտները» կորցրին ոչ միայն իրենց խիղճն ու ամօթը, որ չեն էլ ուզում ունենալ, այլեւ իրենց խելքն ու դատելու ընդունակութիւնները»:

61րդ յօդուածն անուանելով «ժամանակակից Եւրոպայի ճակատին հրէշաւոր դաւաճանութեան յաւիտենական արատ», պատմական այդ անարդարութիւնը շտկելու միակ միջոցը համարելով հայ յեղափոխութիւնը՝ Ք. Միքայէլեանը յոյս էր յայտնում, որ միայն հայ յեղափոխականն է ընդունակ «Պոլսից մինչեւ Վան, Ռուսաստանից մինչեւ Ամերիկա ցնցել հայութեանը՝ բոլորի սրտին միեւնույն զարկը հաղորդելով»:

Դիմելով պատմութեանը, որպէսզի հայկական շարժման նկատմամբ մեղմացնի մեղադրանքների բեռը, որ անպատրաստ շարժում էին անուանում, Ք. Միքայէլեանը բերում է բուլղարների օրինակը, որոնք պայքարել են 1828-1878 թթ.՝ 44 տարիների ընթացքում կրելով պարտութիւն, ազատագրուել են 1878 թ., յոյները պայքարել են 1770-1829 թթ.՝ 60 տարիների ձգտումը իրականացնելով 1829 թ., ապա Կրետէ կղզին, Սերբիան, Հերցեգովինան, Բոսնիան, Իտալիան, Կուբան: Նշուած երկրները, ընդգծում է հեղինակը, միանգամից չստացան ազատութիւն, կրեցին անլուր տառապանքներ, որովհետեւ «բաղձանքները չեն, որ ընթացք են տալիս կեանքին», կամ «առաջին բողբոջները ձգելուն պէս» չեն հասունանում, անհրաժեշտ են պայմաններ ու ժամանակ՝ յարատեւ կռիւ, որը «շատ բան կարող է խոստանալ մեզ»: «ՅԱՐԱՏԵՒ ԿՌԻՒ,- ահա՛ թէ ուր է մեր փրկութեան բանալին… չշեղուենք այդ միակ ճանապարհից, որ սփռուած է յուսատու ապագայի գրաւիչ ծաղիկներով…»:

«Կովկասահայի տագնապը» յօդուածի բնաբան ընտրելով Գէօթէի՝ «Ա՛յս է իմաստութեան վերջին խօսքը – նա է միայն արժանի ազատութեան եւ կեանքի, որ ամէն օր կռուով նուաճում է նրանց» խօսքերը՝ Ք. Միքայէլեանը նորից շարունակում է յարատեւ կռուի տեսութիւնը եւ անդրադարձ կատարելով դէպի Ռուսաստան՝ ընդգծում այդ տէրութեան էութիւնը, որը հաստատում է Գրիբոյեդովի խօսքերով՝ «աւերման ոգին, այդ սովորական մեր ուղեկիցը Արեւելքում եւ Արեւմուտքում», կայսերական գահից սկիզբ առնող քաղաքականութեամբ՝ բազմաթիւ ազգեր ու ժողովուրդներ է տրորել, ճնշել, խեղդել նրանց ազատութեան ձգտումները, ոտնահարել ազգային արժանապատուութիւնը, անտեսել դարաւոր սրբութիւնները, ձեռք բարձրացրել ամենանուիրական զգացմունքների վրայ: Ասել է՝ «ի զուր անցան ուրեմն «լռութեան», «խոհեմութեան», «բարեմիտ հպատակութեան» եւ«յարմարուելու» այն բոլոր պատգամները, որ կովկասահայը դաւանում էր ռուս կառավարութեան վերաբերմամբ»:

Համեմատութիւն անցկացնելով ռուս եւ թուրք տիրակալների քաղաքականութեանց միջեւ՝ Ք. Միքայէլեանը նշում է, որ հայութեան երկու հատուածներում էլ տիրում է գրեթէ նոյն վիճակը, հարստահարութիւնների ու հալածանքների նոյն ալիքն է սրբում համբերութիւնը.- «Հայ ժողովուրդը իր գլխաւոր եւ երկրորդական մասերում այսօր արդէն տեսնում է, թէ որքան նման են Համիդը եւ Նիկոլան, քուրդը եւ կազակը…»:

Դրութիւնից դուրս գալու միակ միջոցը, Հայկական Հարցը վառ պահելու միակ եղանակը, հայութեանը զգաստ պահելու միակ ճանապարհը նորից մնում է յարատեւ կռիւը, որի նշանաբանը պէտք է լինի «իրար խառնուելու, իրար հետ միանալու, իրօք մի ամբողջութիւն կազմելու» գաղափարը:
Վերջապէս, ո՞րն է Հայկական Հարցի լուծման ճանապարհը:

Ք. Միքայէլեանը, ելնելով ժամանակի պահանջներից, պատմութեան փորձը հիմք ընդունելով՝ գրում էր.- «Ոչ մի բռնութիւն, ոչ մի հալածանք, ոչ մի սահման չի կարող բաժանել մի ժողովուրդ, եթէ նա, տոգորուած ընդհանուր շահերի գիտակցութեամբ, ունի նաեւ կռուելու անսահման վճռականութիւն… Մէկ նպատակ, մէկ ամբողջութիւն՝ յեղափոխական անհաշտ կռուի համար…»:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail