ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – Թուրքի հայրենիքն ու ազգութիւնը մնացել են անհասկանալի
17.04.2020 | Քաղաքականություն | ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ:
//ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:
Ըստ Աքչամի, «հայրենիք» եւ «ազգ» հասկացութիւններն օտար մնացին օսմանների պատմական գիտակցութեանը հսկայական կայսրութեան ստեղծման փաստի հետեւանքով[i]: Նա գտնում է, որ «պանօսմանիզմ»ն ունեցել է «օսմանական ազգային միասնականութեան» տարրեր, բայց դրանք չեն յաջողուել, որովհետեւ այդ գաղափարը միշտ պտտուել է թուրքական գերիշխանութեան առանցքի շուրջ:
Այսինքն՝ փաստացի եղել է ոչ թէ «օսմանական ազգային միասնականութեան» փնտրտուք, այլ «օսմանիզմը» «թուրքիզմով» փոխարինելու փորձեր: Իրենք իրենց թուրք չզգալով, թուրքին վերեւից նայող օսմանները չէին կարող «թրքացման» լուրջ ծրագիր յղանալ եւ իրականացնել: Արդյիւնքում դրանցից ոչ մէկը՝ ոչ «օսման» լինելը, ոչ «թուրք» լինելը չեն դարձել բազմազգ կայսրութեան բնակչութեան բացարձակ մեծամասնութեան ոչ քաղաքացիական, ոչ էթնիկական ինքնութեան մաս:
Այս դատողութիւններն անելիս, գիտակցուած կամ ոչ, յաճախ շրջանցւում, լռութեան է մատնւում այն պարզ, հասարակ իրողութիւնը, որ կայսրութեան բնակչութեան առնուազն մի մասը՝ հայերը, յոյները, Բալկանների ժողովուրդների մի մասը էթնիկապէս վաղուց կազմաւորուած, անցեալում ազգային պետականութիւն ունեցած, իրենց հայրենիքներում ապրող ժողովուրդներ էին:
Ժողովուրդներ, որոնք վաղուց գրաւոր մշակոյթ ունին, հարիւրամեակներ շարունակ օգտագործել էին եւ շարունակում էին օգտագործել անցեալը ներկային կապող մշակոյթը գրաւոր ասելիքով ժառանգորդելու աւանդոյթը:
Շրջանցւում է նաեւ այն պարզ իրողութիւնը, որ կայսրութեան յատկապէս քրիստոնեայ ժողովուրդներից իւրաքանչիւրն ունէին կանոնակարգուած հասարակական եւ ազգային ներքին կեանք, միմեանց հետ շփուելու կարգաւորուած մշակոյթ, եւ միայն թրքախօսութիւնը չէր կարող խաթարել նրանց էթնիկական միասնութինը: Նրանք իրենց «օսմանցի» չէին յամարում եւ չէին զգում:
Ամէն ինչից բացի «օսմանական ինտերնացիոնալիզմի» մասին դատողութիւններում կենտրոնում միշտ անորսալի-անհասկանալի էթնիկութեամբ «օսմանցին» է կամ «թուրքը», ուստի կայսրութեան մյոս միաւորների փաստացի կամ հնարաւոր զարգացումները ոչ միայն յետին պլան են մղւում, այլ դատողութիւններում պարզապէս բացակայում են:
Տարօրինակ է, բայց օսմանների մէջ «հայրենիք» եւ «ազգ» հասկացութիւնների բացակայութիւնը, ըստ Աքչամի, հիմք է տալիս խօսելու «բազմազգ պետութեան օսմանեան առաջնորդների ինտերնացիոնալիզմի գաղափարներին հաւատարմութեան մասին»[ii]:
Այստէղ մի փոքր, գիտակցուած կամ չգիտակցուած, տարընթերցում կայ: Սովորաբար խօսւում է այն մասին, որ «օսմանները» Օսմանեան Կայսրութեան բոլոր հպատակներն էին՝ առանց էթնիկական, լեզուական եւ կրօնական տարբերութիւնների, եւ հենց այդ «համարելն» է իրաւունք տալիս Աքչամին խօսելու վերազգայնական (ինտերնացիոնալիզմի) գաղափարին կայսրութեան առաջնորդների հաւատարմութեան մասին:
Իրականում օսմանների յիմքը կազմող սուննի մահմեդական թրքախօսներին, այդ թւում՝ սուննիաց(ու)ած-օսմանացուած քրիստոնեաներին անհասկանալի «հայրենիք» եւ «ազգ» հասկացութիւնները նրանց «ինտերնացիոնալ» չէր դարձնում:
Հասարակութիւնը յստակ ենթակայական շերտաւորում ունէր թէ ըստ էթնիկական, թէ ըստ կրօնական պատկանելութիւների: Մյոս «օսմանների»՝ Օսմանեան կայսրութեան քրիստոնեայ եւ մահմեդական ոչ-թրքախօս հպատակների մեծ մասի համար օտար չէին ո՛չ «հայրենիք», եւ ո՛չ էլ «էթնոս-ազգ» հասկացութիւնները, եւ նրանք կայսրութեան հենց այն հպատակներն էին, որոնք իրաւունք չունէին հաւասար լինել բուն «օսմանների» հետ:
Նրանք օսմաններ չէին, ծանր պայմաններով օսմանների հպատակ հարկատուներ էին եւ ամեն առիթով ենթակա էին նոյնիսկ պաշտօնական լեզուի վիրավորանքների: Ինչ արժի, օրինակ, Մարդին քաղաքի քաղաքապէտի կողմից 1855ին հայերից մէկի մահուան կապակցութեամբ հայ քահանային տրուած թաղման իրաւունքի փաստաթուղթը. «Թոյլատրւում է Մարիա եկեղեցու քահանային թաղել այսօր հաւիտենական տառապանքի դատապարտուած (մահացած) նշանակեալ Սաիդի անպատիվ եւ գարշելի դիակը:
Ստորագրել է՝ Սաիդ Մուհամեդ Ֆեյզի, 29 Մարտի 1855թ.»: Կամ՝ ոչ մահմեդական հպատակների՝ «ռայաների» հարցումներին պատասխանելիս պատասխան գրութիւնն ավարտել հատուկ նրանց համար սահմանուած բանաձեւով՝ «Թող երջանիկ լինի <այսինչը>», ինչն այլաբանորէն նշանակում էր «<այսինչը> մահմեդական դառնա»[iii]: Կայսրութիւնում քրիստոնեան միշտ «անպատիվ եւ գարշելի» էր, վերազգայնականութեան մասին խօսք լինել չէր կարող:
Աւելին, նոյնիսկ սուլթանին հաւատարիմ համարուող սուննի մահմեդական ու թրքախօս թուրք գիւղացիները օսմաններ չէին, «օսմանների» համար նրանք «կեղտոտ», «փնթի», «տգէտ» թուրքեր էին: Ո՛չ, Օսմանեան կայսրութիւնը շատ հեռու էր «վերազգայնականութեան գաղափարներին հաւատարիմ լինելուց»: Վերազգայնական կը լինէին, եթէ գոնէ ընդունէին կամ առնուազն հադուրժէին այլոց ինքնութեան եւ արժանապատւութեան իրաւունքը:
Ազգութիւն չճանաչող, «վերազգայնական» Աբդուլ Համիդը կայսրութիւնը պահելու ելքը տեսնում էր մահմեդականացման մէջ, բայց քանի որ արդեն նկատւում էր քրդերի էթնիկական ինքնութեան ուրուագծուելը, մահմեդականները պիտի նոյնանային թուրքական ինքնութեան հետ. «Պէտք է մտադիր ըլլանք աճեցնելու թրքական տարրին ուժը: Մահմետականութեան տարածման դէմ կանգնող հոսանքը՝ Պոսնիայէն, Հերցոկովինայէն, ինչպէս նաեւ Պուլկարիայէն պէտք է կասեցնենք յատուկ ծրագրով:
Այս ներգաղթողներով ոչ միայն ազգային ուժը կը տկարանայ, այլեւ պետութեան ղեկավարութիւնը կը գունատի: Պէտք է զօրացնենք Ռումելիի մահմետական տարրը, բայց նաեւ ի մասնաւորի Փոքր Ասիոյ մէջ քիւրտերը պիտի մեզի հետ նոյնացնենք:
Իմ նախորդներուս ամէնամեծ սխալն այն եղաւ, որ մեր եւրոպական պետութեան սլաւ տարրը անտեսեցին մահմետականացնել: Ամէն պարագայի դժուար էր այդ: Սակայն դիւրին է յոյներն ու հայերը սիրաշահիլ, զի շատ արիւն կայ ասոնցմէ մեր երակներուն մէջ»[iv]:
Շատ արիւն, իհարկէ, կար, բայց մահմեդականացած գաւառական հայերն ու յոյները արագօրէն սերտաճում էին մահմեդական բարքերին, նոյնականանում մահմեդական հանրութեան մշակոյթին եւ նրանց անցեալի քաղաքակրթական նուաճումները նուազում, երբէմն էլ առհասարակ անհետանում էին (վերանում էին ազգային կառոյցները, դպրոցները, կանոնակարգուած տօնա-ծիսական կյանքը, լեզուն փոխելը պարտադիր էր, նոյնիսկ տնտեսութիւնն էր փոխւում, քանի որ մահմեդականներին վայել չէր արհեստներով եւ առեւտրով զբաղուել, փոխւում էին ներընտանեկան եւ ազգակցական յարաբերութիւնները, սկսում էին ամուսնանալ մօտ ազգականները, դադարեցւում կամ քօղարկւում էին քրիստոնեաների հետ յարաբերութիւնները եւն.):
Այո, Աբդուլ Համիդը, Օսմանեան կայսրութեան այլ առաջնորդները «ազգ» չէին ճանաչում, այդ թւում՝ «թուրք ազգ» չէին ճանաչում, իրենք իրենց թուրք չէին համարում: Բայց քանի որ «օսմանլը» անւան հիմքը դրած Էթօղրուլի որդի Օսմանը թուրք է եղել, եւ հիմայ «ազգային պատկանելութեան» խնդիրը դարձել է օրակարգային, ուրեմն ըստ էութեան «քաղաքական կուսակցութեան» դերակատար «օսմանլըները» կարող են «թուրք» կոչուել, եւ պահպանել այլոց «թուրքերին ենթակայացնելու» օրակարգը: Մնում էր հասկանալ՝ ո՞վ/ովքե՞ր էին ընթացիկ պահի թուրքերը, ում պէտք է ենթարկուէին ոչ- թուրքերը:
«Վերազգային Օսմանեան Թուրքիան» իրականում «վերազգային» էր միայն էթնիկութիւն չընդունելու հարցում, եւ գլխաւոր պատճառն այն էր, որ չկար «թուրքական էթնիկութիւն»:
Բայց աստիճանակարգման այն ընդգծուած ուղղահայեաց սանդղակը, որը փաստացի կարգաւորում էր կայսրութեան բնակչութեան յարաբերութիւնները, միշտ «էթնիկական» սկզբունք ունեցել է: էթնիկութիւն չկար միայն այդ շարքի վերեւում, որտեղ սուննի մահմեդական օսմաններն էին՝ կառավարիչները:
Էթնիկութիւն չկար, բայց սուննի մահմեդական եւ թրքախօս լինելը պարտադիր էր: Շարքի մյոս շերտերը էթնա-կրօնական էին. երկրորդ տեղում սուննի մահմեդական թրքախօսներն էին՝ այսպէս կոչուած թուրքերը, այնուհետեւ՝ մյոս սուննի մահմեդականները (քրդեր, լազեր, արաբներ, «չերքէզներ»՝ հիւսիս-կովկասեան ժողովուրդներ եւն.), չորրորդ շերտը՝ թրքախօս, արաբախօս, զազախօս ալեւիները, հինգերորդ, ամէնաճնշուած շերտը՝ քրիստոնեաները՝ հայերը, յոյները, ասորիները:
Ճիշտ է՝ սուննի մահմեդական շերտերը պարբերաբար համալրումներ էին ստանում մահմեդականացող քրիստոնեաներից:
Եւ սրանք շատ յստակ վերեւից ներքեւ էթնիկական եւ կրօնական ենթակայութեան յարաբերութիւններ էին:
Թուրք-օսմանական էթնիկութեան եւ էթնիկական ծագումնաբանութեան խնդիրը դժուարանում էր նաեւ նրանց կողմից պատմութեան չիմացութեամբ: Համարւում է, որ նոյնիսկ թուրքական ազգայնականութեան գաղափարի հեղինակ Զիա Գէօքալփը թուրքերի պատմութեամբ սկսել է հետաքրքուել միայն 1896ից՝ կարդալով թուրքերի եւ թուրքական քաղաքակրթութեան մասին Ֆրանսիացի պատմաբան Լէոն Կաունի (Léon Cahun) գործերը:
Գէօքալփը հնարաւորութիւն չունէր Օսմանեան կայսրութիւնում «թուրքերի պատմութիւն», նոյնիսկ «Օսմանեան կայսրութեան պատմութիւն» սովորելու:
Թուրքերի մասին գրուած բոլոր աղբյորները պարտուած կամ նրանց դէմ կռուած ժողովուրդների շարադրանքներ էին, թուրքերի շատ բացասական որակաւորումներով, եւ նոյնիսկ դրանք 20-րդ դարասկզբին ըստ էութեան ծանօթ չէին օսմաններին:
Ըստ Աքչամի, մինչեւ 1908ի երիտթուրքական յեղափոխութիւնը կրօնական դպրոցներում նոյնիսկ թուրքերէն լեզուն էր բացակայում, իսկ աշակերտներին արաբերէնով սովորեցնում էին իսլամա-օսմանական պատմութիւն՝ սկսելով Մուհամմէդից»[v]:
Գէօքալփը երիտթուրքերի համար «յայտնաբերում է» քառասուն տարի առաջ գրուած Կաունի Ասիայի, Թուրքերի Եւ Մոնղոլների Պատմութեան Ներածութիւն աշխատանքը, որը 19րդ դարավերջերին երիտթուրքերին պատմում էր Աթիլլայի, Չինգիզ Խանի, Թիմուրի, Բաբուրի մասին, իսկ մոնղոլներին, ում յետնորդներ համարում էր թուրքերին, անուանում էր «ռասսայական ազնուականութիւն»:
Թուրք ռազմիկներին անհամեմատ բարձր էր համարում արաբական եւ իրանական ռազմիկներից, գրում էր մշակոյթի եւ արուեստի ոլորտում թուրքերի մեծ նուաճումների մասին: Ըստ այդ հեղինակի, արաբները Ղուրանով թունաւորել են թուրքական ժողովուրդներին՝ հարկադրելով նրանց մոռանալ իրենց ազգային զգացմունքները, եւ խանգարել համաշխարհային թուրքական կայսրութեան ստեղծմանը:
«Թուրքական քաղաքակրթութեան» մասին Կաունի բնորոշումները Գէօքալփի համար փնտրուած յայտնութիւն էին. «Ստամբուլ գալուցս յետոյ (Դիարբեքիրում ծնուած եւ մեծացած Մեհմէտ Զիան՝ Զիա Գէօքալփը 1896ին տեղափոխուել է Ստամբուլ՝ Անասնաբուժական Դպրոցում սովորելու) իմ գնած առաջին գիրքը Լեոն Կաժի (այսպէս է գրուած աղբյորում – Հ.Խ.) պատմութիւնն էր:
Այն կարծես գրուած լինէր թուրքիզմի գաղափարը քարոզելու համար»՝ գրում է Գէօքալփը: «Թուրքական քաղաքակրթութիւն» բառերը հմայական ազդեցութիւն էին գործում ամէնուր «կեղտոտ թուրք», «բարբարոս թուրք», «տգէտ թուրք» «աւերող թուրք» լսող թրքալեզու օսմանների վրայ՝ յուշելով «թուրք» բառի ազնուացման հեռանկարների հնարաւորութեան մասին:
Մինչ իրենց իշխանութեան գալը յստակ ինքնութիւն չունեցող երիտթուրքերը իշխանութեան գալուց յետոյ իրենց արդէն թուրք էին անուանում: Աքչամն այդ կապակցութեամբ յիշում է բազմաթիւ անեկդոտներից մէկը.
19րդ դարավերջին երիտթուրքերի ներկայացուցիչներին հարցնում էին.
– Դուք ի՞նչ ազգից էք:
– Մենք մուսուլմաններ ենք:
– Բայց չէ՞ որ դա կրօնական պատկանելութիւն է:
– Այդ դէպքում մենք օսմաններ ենք:
– Բայց դա նոյնպէս ազգութիւն չէ:
Երիտթուրքերը շփոթուած էին, բայց նրանցից ոչ մէկի գլուխը չէր եկել իրեն թուրք անուանել[vi]:
Հայ գործիչների, ինչպէս նաեւ երիտթուրքերի դէմ հետախուզական աշխատանքների գործառոյթներ իրականացնող գլխաւոր անձանցից էր երիտթուրքական շարժման աջ թեւի ղեկավար, Միզան թերթի խմբագիր Մուրադ բէյը:
Փարիզի Ֆիգարօ թերթի խմբագրի հետ նախկինում ունեցած իր հանդիպումների ժամանակ Մուրադ բէյը հայ ազգի վերաբերեալ նշել էր, որ «Հայը պարզապէս թուրքին ծառայելէ զատ ուրիշ առաւելութիւն մը չէր կրնար ունէնալ»[vii]:
Իսկ 1886 Ապրիլին այս գործիչը հայերին ոչ միայն համատեղ պայքարի կոչ էր անում, այլեւ «նիզակակցութեան մէջ հրամանատարութիւնը մեզի յանձնելու առաջարկութիւն կը ներկայացնէր»՝ գրում էր Արփիար Արփիարեանը: «Կռուին մէջ հրամայողը դուք եղէք, եւ մենք հնազանդինք ձեզի»՝ առաջարկում էր Մուրադ բէյը Արփիարեանին:
Սա առաջին դէպքն էր, որ հակասուլթանական պայքարում երիտասարդ թուրքը «Հայոց ուղղակի դիմում կ’ընէր»: …
Արփիարեանը յիշատակում է, թէ այս հանդիպումների ժամանակ Միզան թերթի խմբագիր Մուրադը ինչպիսի արհամարհանքով է արտայայտուել իր համակուսակիցների հասցէին. «Անոնք թուրք են, ի՞նչ կը հասկնան քաղաքական խնդիրներէ եւ վարչական գործերէ: Ես անոնց պէս չեմ, վասնզի դաղստանցի եմ»:
«Թուրք» անունը նա արտասանել էր «արհամարական ուժգին շեշտով»[viii]: Դժուար էր երիտթուրքերին հաշտուել իրենց նոյնականացնելու «թուրք» էթնանուան հանրային ընկալումների հետ, բայց Փարիզներում եւ Բեռլիններում նրանք սովորել էին էթնիկական անուանումների, եւ իշխանութեան գալուց յետոյ աւելի յարմար էթնանունի չգոյութեան պայմաններում ստիպուած էին ընտրել օսմաններին առաւել ընդունելի «թուրք» էթնանունը:
Այլօք արդէն իրենց այդպէս էին կոչում, եւ ուրիշ յարմար անուն էլ չկար: Դա, իհարկէ, բարդոյթաւորում էր երիտթուրքերին, ստիպում էր նրանց կամ «արդարանալ» «թուրք» կոչուելու անհրաժեշտութեան համար, կամ, ընդհակառակն, ամէն գնով ձեւաւորել «թուրքին»:
Ժամանակներն այնպիսին էին, որ պէտք էր էթնիկական պատկանելութիւն եւ էթնանուն ունէնալ, իսկ Օսմանեան կայսրութիւնում «օսմանցիների» համար «թուրքից» զատ մնացած բոլոր էթնանունները չափազանց «անյարմար» եւ անընդունելի էին՝ դրանք կամ արհամարհելի քրիստոնեաների էթնանուններ էին, կամ էթնիակապէս դեռեւս չկազմաւորուած մահմեդական խմբերի չկայունացած անուանումներ:
«Թուրք» էթնանունը օտարների կողմից օսմանենան տիրակալների նկատմամբ կիրառուող էթնանուն էր, եւ առնուազն արտացոլուած էր «թուրքերէն» կոչուող լեզուի անւան մէջ:
«Թուրք» էթնանունն օգտագործելը, սակայն, լրացուցիչ բացատրութիւնների կարիք ունէր: «Թուրք» ես ծագումո՞վ, թէ՞ ընտրութեամբ: Եւ որովհետեւ յստակութիւն չկար այս հարցում, յաճախ ապացոյցների կարիք էին զգում:
Ապացոյցներից մէկը թուրք հօրից ծնուած լինելն էր («թուրք օղլու թուրք»՝ թուրքի որդի թուրք), կամ՝ սուննի մահմեդական եւ թրքախօս լինելը, Թուրքիայում ծնուած լինելով թուրքական ինքնութեան իրաւունքի հնարաւորութիւնը, ենիչերիութեամբ թրքանալը: Երիտթուրքերից Թալէաթն իր յուշերում գրում է. «Մորգենթաուն, իմ մասին իր գրքում խօսելով, պնդել է, որ ես ո՛չ թուրք եմ, ո՛չ էլ իսլամ:
Ես միշտ կարող եմ ապացուցել իմ՝ թուրքի զաւակ եւ մուսուլման հօր մուսուլման զաւակ լինելը: Իմ համոզմամբ, ամէն մարդ պատկանում է իր ծնած եւ հաւատացած կրօնին, եւ այն ժողովրդին, որի մէջ մեծացել է:
Կրօնի եւ ազգութեան հարցերը բացառապէս ընբռնումի եւ համոզմունքի հարցեր են: Եւրոպայում էլ տիրապետողը այս սկզբունքներն են: Օրինակ, ժամանակին Գերմանիա գաղթած ֆրանսիացիները, ցեղայնօրէն ֆրանսիացի լինելով հանդերձ, Գերմանիայում ծնած լինելու եւ գերմաներէն խօսելու համար իրենք իրենց զգում են կատարեալ գերմանացիներ:
Ինձ համար այս խնդիրները ոչ մի կարեւորութիւն եւ արժէք չունէն:
Միայն Մորգենթաուի յերիւրանքները հերքելու համար կարիք զգացի խօսելու ծագման եւ ցեղային հարցերու մասին»[ix]: Որքան էլ «այս խնդիրները ոչ մի կարեւորութիւն եւ արժէք չունէն», Թալէաթն, այնուամէնայնիւ, «ապացուցում է». «Հայրս ծնուել է Բալկանեան Պատերազմից անմիջապէս յետոյ Բուլղարիային թողնուած Ղարաջալի Ալի Գաւառակի Չեպլէջի գիւղում:
Էդիրնէի նահանգում այս գաւառակի ժողովրդին դաղլի (լեռնցի) են կոչում: Սրանք պատկանում են ժամանակին Անատոլիայից գաղթած մաքուր թուրք ընտանիքների (? – Հ.Խ. ինչու՞, այդ դէպքում, «թուրք» չէին կոչում):
Սրանց եւ փոմաքների[x] միջեւ չկայ ոչ մի առնչութիւն: Փոմաքները Ռոտոփ լեռների մյոս կողմն են բնակւում եւ խօսում են բուլղարերէն:
Հայրս իր կրթութիւնն ստացել է Էդիրնէի մեդրեսէում եւ այնտէղ ճանաչուած է Չեպլէջի Ահմէդ էֆենդի անունով: Նա եղել է Աստուածաբանութեան դասախօս: Նրա պապը Ագ Հիւսէյին անուամբ էր յայտնի: Ասում են, որ Ագ Հուսէյինը Ալեմտարի յեղափոխականների հետ Պոլիս է եկել:
Երկուսի գերեզմանները նոյնիսկ Ագ Հուսէյինի հօր գերեզմանը Չեպլէջիում են գտնւում: Ցանկացողները կարող են դիւրութեամբ ստուգել այս պարագան:
Մայրս բնիկ Կեսարացի է: Նրա հօր կողմից մեծ հայրս էլ Չոլաք Մեհմէդ աղան է, որ ենիչերի լինելով՝ Էդիրնէ է եկել: Թէ՛ ինքը եւ թէ՛ տղան՝ «Թոմրուք աղան», բանտապահ են եղել: Մօր կողմից մեծմայրս էլ Գարաջալը Ալի լեռներում Դետէլէր գիւղից է:
Այս բացատրութիւններիս նպատակն է ապացուցել, որ ես իսկապէս թուրքի զաւակ թուրք (թուրք օղլու թուրք) եւ կատարեալ մուսուլման եմ»[xi]: Թալէաթի «թրքութեան ապացոյցներն», այսպիսով, յանգում են մեդրեսէ աւարտած հօր (ինչը տուեալ պարագայում նշանակում էր կատարեալ սուննի մահմեդական), նրան «էֆենդի» կոչելու (այլադաւանը «էֆենդի» կոչուել չէր կարող), մայրական պապի ենիչերութեան (որով ապացուցւում էր նրա մոլեռանդ մահմեդականութիւնը) եւ բանտապահութեան (որով նա «աղա» կոչուելու իրաւունք էր վաստակել) հանգամանքին:
Թալէաթի նախնիների այս բոլոր հասարակական դերերը կամ ձեռքբերման, ընտրութեան (մեդրեսէում սովորել, բանտապահ լինել), կամ՝ հարկադրանքի (ենիչերիութիւն) հետեւանք էին, ինչը իրաւունք էր տալիս «թուրք օղլու թուրք» լինել եւ այս բացատրութիւնն իսկապէս արտացոլում է «թուրք» եզրոյթի ընկալումը. «թուրք» էթնանուն, «թուրքի» խմբային եւ հաւաքական պատկանելութեան եւ ինքնութեան այլ ձեւեր՝ անցեալի պատմութիւն կամ առնուազն դրա իմացութիւն, մշակութային ընդհանրութիւն եւ դրանց սերնդային ժառանգորդում, չկային կամ դրանք տեղային էին (Թալէաթի դէպքում դա «դաղլը»ն էր):
Թալիաթի թրքութեան ինքնընկալման մյոս պնդումը թուրքերէն լեզուն է, նրա փաստարկմամբ հայրը պոմակ չէր կարող լինել, որովհետեւ պոմակները բուլղարերէն էին խօսում: Լեզուն, անշուշտ, շատ կարեւոր էր, բայց ամբողջը չէր:
Թրքախօս շատ քրիստոնեաներ կային, որոնք թուրք չէին դառնում: Հաւանաբար չէին դառնում նաեւ այն պատճառով, որ մահմեդական թրքախօսների կողմից թուրք չէին համարւում:
Թուրք ընկալելու համար սուննի մահմեդականութիւնը շատ աւելի կարեւոր էր դիտւում: Դա երեւում է նաեւ Թալիեաթի իքնութիւնից՝ նա անընդհատ շեշտադրում է առնուազն երեք սերունդ մահմեդական լինելու հանգամանը:
Շատ երիտթուրքերի յուզում էր այն հարցը, թէ ինչու՞ թրքախօսացուած օսմանցի քրիստոնեաները չեն մահմեդականանում, կամ՝ ոչ-բոլորն են մահմեդականանում:
Միայն Աբդուլ Համիդի ցաւը չէր այն, որ «Իմ նախորդներուս ամէնամեծ սխալն այն եղաւ, որ մեր եւրոպական պետութեան սլաւ տարրը անտեսեցին մահմետականացնել»:
Եւ քանի դեռ թուրքական ինքնութեան համար այդ խնդիրը խիստ կարեւոր էր (մինչեւ այսօր կարեւոր է), քրիստոնեայ, հրեայ, նոյնիսկ ալեւի մնացող օսմանցի թրքալեզու քաղաքացիները համարւում էին այլ ազգային-էթնիկական պատկանելութեան մարդիկ եւ այլ ինքնութիւնների կրողներ:
Թրքախօսութիւնը նրանց չէր թրքացնում: Երիտթուրքերի գաղափարները կիսող թուրք գրող Ջելալ Նուրի բէյի խառնափնթոր, հակասական մտորումներն այս իմաստով ուշագրաւ են եւ ցոյց են տալիս, որ 20րդ դարասկզբին թուրքի էթնիկութեան իշխանութեան փնտրտուքը դեռեւս յստակ իմաստաւորուած չէր:
Օսմանեան Կայսրութեան անկման պատմութիւնը գրքում Ջելալ Նուրին գրում է. «Աշխարհի մէջ ոչ մէկ ազգ չկայ, ոչ մէկ ազգ չի գտնուի, որ ունէնայ այնպիսի վերին խաւեր, որոնք թուրքերու չափ ուրիշ ազգերու եւ ցեղերու հետ իրենց արիւնն ու ցեղը միացրած լինեն…
Օսմանեան թուրքերու կազմած ազգը, ուրիշներու հետ չհամեմատուած աստիճան խառնուրդ ըլլալով, անոր անդամները ապականութեան են յարած, խաթարած են իրենց տոկունութիւնն ու ինքնութիւնը՝ հետեւաբար առաջ է եկած այժմեայ վիճակը…
Թուրքերը ձուլելու շատ աշխատանք թափեցին…
Թուրքերը իրենց հաւաքած մանուկները մահմետականացուցին, բոլոր ենիչերիները ձուլուած, թրքացած քրիստոնեաներ էին…
Լեզուի մէջ ձուլում կը տեսնենք…ինչու՞ միայն լեզուական ձուլում է եղեր ու կրօնականը, ազգայինը չի եղեր (այսինքն՝ ազգայինի հիմնական ցուցիչը կրօնականն էր – Հ.Խ.):
Այս պարագաները քննել դժբախտաբար մեր կարողութեան սահմանի մէջ չէ: Անատոլուի նահանգներուն մէջ բնակուող, այն եւս ոչ թէ ցիր ու ցան, այլ խմբովին ապրող յոյները իրենց լեզուն մոռցած, բոլորն ալ թուրքերէն կը խօսին ու կ’աղօթեն…
Նոյնպէս հայերու մէկ կարեւոր մասը միայն թուրքերէն կը խօսի, հայ լեզուն միայն նոր կ’ընդհանրանայ. «հնուց թուրքերէնը հայերու ընդհանուր լեզուն էր»…
Ընդհատումի շրջան մը չանցուած կամ նոր ազգերու եւ ժողովուրդներու հետ իրենց արիւնը չխառնող հին ազգերը դժուարութեամբ կը վերնանորոգուին… Արդ, ամբողջ Արեւելքը մեծ յոգնութեան մը, թմրութեան մը մէջ կը գտնուի:
Այս ազգերուն մէջ եթէ կայ չյոգնած եւ մաքուր արիւնով ազգերու հետ միանալով իր արիւնը մաքրագործուած ազգ մը, ան ալ թուրք ազգն է…
Ճաբոնական պետութիւնն ու ազգը թէեւ ամբողջովին ընդունեց եւրոպական քաղաքակրթութիւնը, բայց իր անհատականութեան, ցեղին եւ արիւնին մէջ պատռուածքներ, խանգարումներ չէր ունեցեր, այդ պատճառով ալ Երկնային արեգակի պետութեան մարդիկը յաջողեցան իրենց նախաձեռնութեան մէջ»[xii]
Այպիսով խեղճ Նուրի բէյը ազնուօրէն փնտրում է թուրքական ինքնութեան չափանիշները, նոյնիսկ կարծում է, որ «հնուց թուրքերէնը հայերու ընդհանուր լեզուն էր», չի հասկանում, թէ ինչու՞ են որոշ քրիստոնեաներ կառչած մնում իրենց ինքնութիւններին, կարծում է, որ ազգայինի գլխաւոր չափանիշը «կրօնականն է», խառնուրդի հետեւանքով ձեւաւորուած թուրքերին մերթ համարում է ապականուած, իրենց ինքնութիւնն ու տոկունութիւնը՝ խաթարուած, մերթ՝ չյոգնած ու մաքուր արիւնով ազգերի հետ միանալով՝ իր արիւնը մաքրագործած, մյոս կողմից էլ հիանում է ճապոնացիներով, ում յաջողութեան գաղտնիքը համարում է «իր անհատականութեան, ցեղին եւ արիւնին մէջ պատռուածքներ, խանգարումներ» չունէնալը:
Դժուար է, իհարկէ, դատել, թէ ինչու՞ է այս դաժան փնտրտուքին դատապարտուած մարդը «յոգնութեան, թմրութեան» մէջ համարում արեւելքի ժողովուրդներին, այդ թւում՝ իրեն ծանօթ հայերին ու յոյներին, ովքեր Օսմանեան կայսրութեան նման այլազգիների կոտորածներ կազմակերպող, ծանր ու դժուար երկրում շարունակում էին դպրոցներ բացել, կրթութիւն տալ իրենց զաւակներին, թերթեր էին հրատարակում, թատրոններ բացում, զբաղւում էին ակտիւ տնտեսութեամբ, ելքեր էին փնտրում իրենց ինքնութիւնները շարունակելու եւն., այն դէպքում, երբ դրա համար միշտ հանդիպում էին իշխանութեան ճնշումներին եւ երբ այդ ամէնը պահանջարկ չունէր տգիտութեան մէջ խարխափող թուրք զանգուածի մէջ, բայց սկզբունքօրէն հասկանալի է, որ Նուրի բէյի համար զարգացման գլխաւոր չափանիշը նրա միտքը սնուցող «չյոգնած եւ արիւնով մաքրագործուած միակ ազգի»՝ թուրքի չափանիշն էր՝ ռազմական ուժը:
Այս յարգարժան մարդուն, ճիշտ է, շփոթեցնում էին «չյոգնած եւ արիւնով մաքրագործուած միակ ազգի»՝ թուրքերի պարտութիւնները Բալկաններում, ինչու եւ, ըստ նրա, թուրքերը «ապականութեան են յարած, խաթարած են իրենց տոկունութիւնն ու ինքնութիւնը՝ հետեւաբար առաջ է եկած այժմեայ վիճակը…», բայց դեռեւս առաջին աշխարհամարտը չէր եղել եւ օսմանները դեռեւս չէին ճաշակել իրական պարտութեան դառնութիւնը:
Դժուար էր, իսկապէս, «ազգ» չհասկացող, «թուրք ազգի» մասին քիչ թէ շատ յուսալի պատկերացումներ չունեցող երիտթուրքերին կողմնորոշուել, թէ ինչպէս են իրենք ուզում: Ինչ ուզենալը գիտէին՝ ուզում էին ազգ-էթնոս լինել եւ ուզում էին, որ պետութիւնում բոլորը նոյն միատարր ազգ-էթնոսը լինէր: Այլ կերպ ասած՝ ուզում էին ազգ-պետութիւն: Բազմազգ կայսրութիւնում(!):
Բայց չգիտէին, թէ իրենք ինչ են եւ ինչպէս բոլորին դարձնեն իրենց նման: Այդ իմաստով նրանց հասկանալի էր միայն, որ կարեւորը թուրքերէն լեզուն է եւ սուննի մահմեդականութիւնը, բայց՝ երկուսը միասին:
Մեկնարկի համար սա քիչ չէր: 20-րդ դարասկզբին «թուրքի» էթնիկական ընկալում, առաւել եւս ինքնընկալում, պարզապէս դեռեւս գոյութիւն չունէր: Ինչպէս Աքչամն է գրում, թուրքական ազգային «Ես»ը ձեւաւորւում էր որպէս թրքութիւնից բխող անլիարժէքութեան բարդոյթի արձագանք[xiii] եւ, ես կ’աւելացնէի, անլիարժէքութեան բարդոյթի դէմ պայքարով:
«Թուրք» լինել պէտք էր, բայց դա «պատուաբեր» չէր: Երիտթուրքերը «հարկադրուած թուրքեր» էին: 20րդ դարասկզբին արդէն «օսմանցի» լինել չէին կարող, դա քաղաքակրթական եւ վարկաբեկուած անցեալ էր, եւ արդիականացող թուրք առաջնորդներն ընտրել էին երկրի էթնիկական ազգայնացման ուղին:
Սկզբունքօրէն, եթէ քաղաքական հաշուարկները շրջանցենք եւ փորձենք հասարակական-հոգեբանական հետեւութիւն անել, «թրքացող թուրքերը» վրէժ էին լուծում էթնիկացման գործընթացում «թուրք»ի քաղաքակրթական ուշացման եւ «թուրք»ի հաւաքական կերպարի բացասական բնութագրի համար:
Մեծ հաշուով կարելի է այսպէս հասկանալ Աքչամի աշխատանքի բաժիններից մէկի վերնագիրը՝ «Թուրքական ազգային «Ես»ի «ուշացումը» եւ բաց թողածը ետ բերելու ջանքերով պայմանաւորուած ագրեսիւութիւնը»[xiv]:
Երիտթուրքերը տանջալի, բայց արագ խնդիրներ ունէին լուծելու: Նրանք Սահմանադրութիւն էին ընդունում, իսկ իրենց տեսած բոլոր եւրոպական Սահմանդրութիւններում կար «հայրենիք» բառը:
Երկրի բնակչութիւնը ոչ թէ պիտի սուլթանի հպատակները լինէին եւ նրան ծառայէին, այլ լինէին հայրենիքին նուիրեալ քաղաքացիներ:
Խնդիրն այն չէր, որ թուրքերէնում հնարաւոր չէր այդ բառը գտնել, խնդիրն այն էր, թէ ինչ իմաստ եւ բովանադակութիւն պիտի այդ բառն ունէնար եւ որքանով այդ բառը պիտի էթնոս-թուրքին «հայրենիք» տար:
Մինչ այդ օսման-«թուրքը» երկրի տէրն էր, իսկ հիմայ էթնոս-թուրքն այդ «երկիր» կոչուող տարածքի որեւէ կտորի նկատմամբ հայրենիքի զգացողութիւն չունէր: Կայսրութեան տարածքում հայրենիք ունէին կայսրութեան հպատակ յոյները, հայերը, արաբները, նոյնիսիկ՝ քրդերը եւ լազերը:
Նրանց հայրենիքներն անուններ ունէին՝ Էրմիաստան, Լազիստան, Քուրդիստան: Թուրքերէն «վաթան» բառը նշանակում էր մարդու ծնուած վայր՝ տեղավայրի, բնակավայրի իմաստով: Թուրքական հայրենիքը՝ «վաթանը» սահմանափակւում էր մասնաւոր անձի կամ փոքր խմբի՝ համագիւղացիների տարածքով:
Այնուամէնայնիւ հայրենիք իմաստն արտահայտելու համար ընտրուեց «վաթան» բառը, որը պիտի լրացուէր «քատըլըմջըլըկ» (բոլոր ազգային տարրերի միաւորում) բառով եւ «վաթանդաշլըկ» (քաղաքացիութիւն) իմաստով: Սրան զուգահեռ օգտագործւում էր «եուրդու» բառը, որն արտածուած էր նախնական «ցեղային համակեցութեան վրանախումբ» իմաստից:
1920ականներին «Թուրքական հայրենիք»՝ «Թուրքի տուն», «թուրքական համակեցութեան տարածք» իմաստով էր ընկալւում քեմալական «Թուրք Եուրդու» թերթի անունը: Կրօնական խումբ նշանակող «միլլէթ» բառը սկսեց օգտագործուել «ժողովուրդ», «էթնիկական ազգ» իմաստներով՝ միանալով էթնիկական անուանը՝ «թուրք միլլէթ», «քուրդ միլլէթ», «էրմանի միլլէթ»:
Եթէ «սուննի միլլէթ»ը վերաճում է «քուրդ միլլէթ», «թուրք միլլէթ»ի, ապա «միլլէթ»ը ձեռք է բերում կրօնականից տարբերուող լրացուցիչ բովանդակութիւն, որը մօտ է թւում «էթնոս-ժողովրդին»:
Յետագայում հենց այդ բառն էլ ընկավ «ազգային» (milli), «ազգայնական»(milliyetçilik) բառերի հիմքում: Խնդիրն, իհարկէ, միայն համապատասխան բառերը գտնելը չէր, խնդիրը այդ բառերի տարողութիւնները լցնելը եւ հանրային ընկալմանը հասցնելն էր:
Դա ջանքեր պահանջող գործընթաց էր՝ պայմանով, որ երիտթուրքերն իրենք հաւատային այդ բառերի իրական տարողութիւններին եւ ուզենային դրանց գործարկումը:
Իրականում նրանց ուզածը կայսրութիւնը թուրքական վաթան՝ հայրենիք դարձնելն էր, որին հասարակ թուրքերը պատրաստ չէին (նրանց «վաթանը» իրենց գիւղից այն կողմ չէր անցնում), բոլոր ազգային տարրերին ինչ որ կերպ միաւորող «քատըլըմջըլըկ»ը բոլոր ազգային տարրերին թուրք դարձնելն էր, որին էլ պատրաստ չէին եւ դիմադրում էին վաղուց էթնիկ-ազգ կազմաւորուած եւ իրենց հայրենիքներում ապրողները:
Եւ դեռ երրորդ կողմը՝ օսմանիզմի գաղափարի կրողները, որոնց անհասկանալի էին այս «քատըլըմջըլըկ»ը, «վաթանդաշլըկ»ը, իրենց սրտին հարազատ «միլլէթ»ի իմաստափոխութիւնը, երբ օսմանիզմի առանցքում ընկած էր սուննի մահմեդականութիւնը, սուլթանի խալիֆայութիւնը, եւ նոյնիսկ «վաթանը», նրանց պատկերացմամբ, նեղացնում էր կայսրութեան սահմանները:
Եթէ «վաթան»ը հայրենիք է եւ դա ողջ երկրի տարածքն է, եւ այդ վաթանը թուրքական է՝ ինչպէս դա համատեղել իրենց հայրենիքներում՝ «վաթաններում» ապրող հայերի, յոյների, արաբների, քրդերի…գոյութեան հետ:
Եթէ նրանք բոլորը թուրքերի հետ միասին «վաթանդաշլըկ»՝ քաղաքացիներ են, բայց կայսրութիւնում ունէն իրենց հայրենիքները, ապա ուր մնաց «թուրքական հայրենիքը» եւ տարածքային իմաստով որտե՞ղ է այն:
Արեւմուտքին յոյներն են յաւակնում, արեւելքին՝ հայերը, հարաւին՝ արաբները, հարաւ-արեւելքին՝ քրդերը, մնում է յունական անցեալով բազմազգ Կ.Պօլիսը իր շրջակայքով: Խնդիրը բարդանում էր նաեւ նրանով, որ կայսրութիւնից ազատուած Բալկաններում ազգայնացման-ազգայնականացման գործընթացներ կային, նորաստեղծ պետութիւնները ձգտում էին ազգ-պետութեան եւ իրենց սահմանները մաքրում էին անցանկալի ազգային ներկայութիւններից, այդ թւում երեկուայ իրենց իշխողներից՝ թուրքերից եւ իրենց ազգակից սլաւոնական սուննիացած օսման-թրքախօսներից: Յիրաւի, հեշտ չէր երիտթուրքերին կողմնորոշուել ոչ միշտ հասկանալի գործընթացներում:
Արդիւնքում նրանց «ազգայնականութիւնը», ինչպէս ափսոսանքով ներկայացնում է ազգայնականութեան էթնիկացման՝ թրքականացման (Türkçülük) քաղաքականութեան կողմնակից Եուսուֆ Աքչուրան, մնում էր հարազատ «իսլամականութիւնը» (İslamiyet)[xv], որը դեռ պիտի ծառայեր Մուստաֆա Քեմալի «միլլիական» շարժմանը:
————————————————–
[i] Танер Акчам, Турецкое национальное «Я», էջ 4:
[ii] Նոյն:
[iii] Ибучини, էջ 6-7:
[iv] Աբդուլ Համիդի կարծիք (ըստ՝ «Թուրքերը Թուրքերի Մասին» գրքի, Հ.1, էջ 195):
[v] Նոյն:
[vi]Танер Акчам, Турецкое национальное «Я», էջ 2, http://armenianhouse.org/akcam/genocide/book1.html
[vii] Նոր Կեանք, 1900, թիւ 21 (ըստ՝ Թուրքերը Թուրքերի Մասին գրքի, Հ.1, էջ 155):
[viii] Նոյն:
[ix] Թալէաթ փաշայի յուշերը (ըստ՝ «Թուրքերը Թուրքերի Մասին» գրքի, Հ.1, էջ 258:
[x] Փոմաք, պոմակ – ներկայիս Բուլղարիայի, Թուրքական Հանրապետութեան եւ Յունաստանի միմեանց յարակից տարածքներում ապրող մասնաւոր ինքնուեամբ մարդկանց խումբ, ովքեր ունէն սլաւոնական արտաքին, սուննի մահմեդական են եւ խօսում են բուլղարական բարբառներով:
Գիտական միջավայրում ընդունուած կարծիքն այն է, որ պոմակները մահմեդականացած բուլղարներ են: Մասնաւոր կարծիքներ կան նաեւ նրանց՝ թրքութիւնից սլաւոնացուածութեան մասին:
Սա քիչ հաւանական է համարւում առնուազն այն գերիշխող փաստարկով, որ Օսմանեան Կայսրութեան շրջանում իշխանութեան միաւոր թուրքերը այլոց հետ չեն ձուլուել եւ լեզուափոխ չեն եղել:
Երրորդ կարծիք էլ կայ այն մասին, որ պոմակները Բիւզանդական Կայսրութիւնում հետապնդուող պաւլիկեան աղանդի սլաւոնացուած յետնորդներ են: «Պոմակ» նրանց կոչում են բուլղարացիները, իբրեւ թէ բուլղարական «պոմոգաչ, պոմոգատի»(օգնող) բառից, նկատի ունէնալով «մահմեդականութիւն ընդունած եւ թուրք զավթիչներին օգնող սլաւոններին» (սերբ-խորուաթներից մահմեդականացած բոսնիացիների նման): Իրենք իրենց մինչեւ 20րդ դարասկիզբ «թուրք» են կոչել:
Օսմանեան Կայսրութեան քայքայումից յետոյ 1923ին թուրքական մասում յայտնուած պոմակները արագօրէն ձուլուել են թուրքերին: Բուլղարիայում մնացած պոմակներն, որոնց նկատմամբ բուլղարական իշխանութիւնները քրիստոնեացման փորձեր են արել, ընդհակառակն, ինքնամեկուսացել են (U. Brunnbauer, «Histories and Identities: Nation-state and Minority Disco urses: The Case of the Bulgarian Pomaks» http://www-gewi.kfunigraz.ac.at/csbsc/ulf/pomak_identities.htm . նաեւ՝ Ali Eminov, «Social Construction of Identities: Pomaks in Bulgaria» http://www.ecmi.de/fileadmin/downloads/publications/JEMIE/2007/2-2007-Eminov.pdf )): Տես նաեւ Ayşe Hür, «Babam Pomak deist, annem Turk kökenli ateist. Benim de milliyetsiz ve ateist olduğumu duymayan tek siz kalmışsınız demek ki» [Հայրս փոմաք դեիստ է, մայրս՝ ծագումով թուրք աթեիստ: Ազգութիւն չունէնալուս եւ աթեիստ լինելուս մասին միայն Դուք է, որ չգիտեք]. Twitter. 1 Ekim 2012. Erişim tarihi: 4 Ocak 2013.
[xi] Թալէաթ փաշայի յուշերը (ըստ «Թուրքերը Թուրքերի Մասին» գրքի, Հ.1, էջ 258):
[xii] Ատոմ, Օսմանեան Կայսրութեան Անկման Պատճառները, Կ.Պօլիս, 1913 (Յղւում է ըստ Թուրքերը Թուրքերի Մասին, Հտր. 1ի, էջ 161-162):
[xiii] Танер Акчам, Турецкое национальное «Я», էջ 8:
[xiv] Նոյն, էջ 2:
[xv] Yusuf Akçura, Üç Tarz-ı Siyaset, «Türk tarih kuzumu yayinlari», Ankara, 1976, էջ 19-36:
www.lragir.am/2020/04/17/538473/