ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – «Թուրքական հայրենիքի» բնակչութիւնը – «Թուրքական հայրենիքի» բնակչութիւնը

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – ԱԶԳԱԳՐԱԳԵՏ

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – «Թուրքական հայրենիքի» բնակչութիւնը – «Թուրքական հայրենիքի» բնակչութիւնը

18.04.2020 | Քաղաքականություն | ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ:

//ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:

ՄՇԱԿՈՅԹ-Արամուսի տաճարը կառուցվել է Զ-Է դարերում։ Անգամ կիսավեր վիճակում այս գողտրիկ կոթողը հիացնում է

Որքան օսմաններին՝ օսմանեան վարչարարներին, կառավարիչներին անծանօթ էին թուրքական մշակոյթ, թուրքերի պատմութիւն, հայրենիք եւ էթնիկութիւն հասկացութիւնները, դրանք աւելի անյայտ էին կայսրութեան մահմեդական, այդ թւում՝ մահմեդական թրքախօս բնակչութեանը: «Մահմեդական թրքախօս բնակչութիւնը» շեշտւում է, քանի որ նոյն կայսրութեան քրիստոնեայ, այդ թւում թրքախօս քրիստոնեայ բնակչութեանն այն անհամեմատ ծանօթ էր:

Նրանք առնուազն գրաւոր մշակոյթ ունէին, դպրոցներ, որոնցում այս կամ այն չափով ծանօթանում էին նաեւ իրենց սեփական պատմութեանը, այդ թւում այդ պատմութեան՝ թուրքերի հետ առնչուող դրուագներին: Արդիւնքում նրանց հաւաքական եւ համընդհանուր գիտելիքը, նրանց պատմական յիշողութիւնը անհամեմատ համակարգուած եւ նոյնատեսակ էր: Նրանք, որոշ իմաստով, աւելի կանոնակարգուած կոլեկտիվ գիտելիք ունէին նաեւ թուրքերի մասին, քան իրենք՝ ձեւաւորուող թուրքերը:

Նախորդ բաժնում առաջադրուած հարցին, թէ Անատոլիայի տարածքում Առաջին Աշխարհամարտի վերջում, երբ Քեմալը ձեռնարկեց «թուրքական հայրենիքի» ներդրման գաղափարը, քանակական չափումով որքան թուրք կար, այսինքն՝ որքան մարդ կար, ով ինքն իրեն թուրք էր համարում եւ թուրք էր անուանւում, ոչ ոք, կարծում եմ, չի կարողանայ պատասխանել: Այս հարցին պատասխան փնտրելուն թերեւս կօգնի 19դ. բնակչութեան կազմի մասին փոքրիկ վերլուծութիւնը:

19դարի կեսերի համար կայսրութեան բնակչութեան ազգային եւ կրօնական կազմի մասին դատողութիւններին մասամբ օգնում է 1844ի մարդահամարը, որի տուեալներին առաւել մօտ էր կանգնած «Lettres sur la Turquie»ի հեղինակներից Ուբիչինին: Ուբիչինին, սակայն, միայն ընդհանուր գծերով է ներկայացնում պատկերը:

Ընդհանուր Օսմանեան կայսրութեան բնակչութիւնը բաժանելով խմբերի՝ նա ներկայացնում է յոթ խումբ. 1. Թյուրքական (օսմաններ, թուրքմէններ եւ թաթարներ), 2. Յունա-լատինական (յոյներ, զինզարօւներ եւ ալբանացիներ), 3.Սլաւոնական (սերբեր, բուլղարներ, կազակներ, լիցօւաներ), 4. Վրացական (չերքէզներ եւ լազեր), Հնդկական (չինգաներ կամ ցիգաններ՝ գնչուներ), 5. Պարսկական (հայեր, քրդեր, դռուզներ, մեթուլիներ), 6. Սեմիթներ (հրեաներ, արաբներ, խալդիացիներ), սիրիացիներ (ասորի):

Այստէղ, ինչպէս տեսնում ենք, «թուրք» չկա: Մի բան պարզ է՝ դրանք թուրքմէնները եւ թաթարները չեն, նրանք առանձին են հաշուած:

Դժուար է առանձին միաւոր հաշված «օսմաններին» թուրք համարել նախ՝ այդ անհասկանալի ծագմամբ օսմանների իսկ ցանկութեան պատճառով, երկրորդ՝ օսմանների էթնիկութեան ինքնընկալումերի եւ դրա մասին այլոց ընկալումների ու պատկերացումների լղոզուածութեան պատճառով:

Օսմաններն, ըստ ամէնայնի, նախ եւ առաջ Օսմանեան կայսրութեան իշխող սոցիալական շերտն էին: Դժուար է նաև ասել, թե ու՞մ են «օսման» յամարել եւ անուանել մարդահամարն իրականացնողները կամ առնուազն արդիւնքերը ամփոփողները: Պաշտօնեա վարչարարներին՝ անկասկած, ողջ բանակը՝ մեծ հաւանականութեամբ, սպաեակազմը՝ հաստատ:

Ինքը՝ Ուբիչինին համարում է, որ օսմանները 13դ. սելջուկներից կայսրութիւն նուաճած թուրք Օսմանի եւ նրա զինեալների ժառանգներն են, ովքեր կարճ ժամանակում տարածուեցին Եվրոպայում եւ Ասիայում:

Միայն թե 19րդ դարի օսմանները՝ ահռելի Օսմանեան կայսրութիւնը կառավարող վարչարարները վաղուց դադարել էին «օսմանլը»՝ Օսմանի արիւնակից ժառանգ լինել, և յամալրուել էին սուննի մահմեդականութիւն ընդունած բազմաթիւ տեղաբնիկ եւ եկուոր ժողովուրդների ներկայացուցիչներով:

Նրանք օսմանլը էին իշխանութեան ուժով, փաստացի իշխող սոցիալ-քաղաքական շերտ էին, եւ որևէ էթնիկական իմաստ չունէին: 20րդ դարում գործածւող եզրերից ընտրութիւն կատարելով՝ կարելի է ասել, որ «օսմանլըները» իշխող կուսակցութիւն էին:

Հասկանալի է, որ նրանք ունէին լեզուական ընդհանրութիւն՝ թուրքերէնը, որին 19րդ դարում «օսմաներէն» Էին անվանում, եւ այդ լեզուն այնքան հարուստ էր արաբաբանութեամբ եւ իրանաբանութեամբ, որ կենցաղային թուրքերէնից շատ տարբերւում էր:

Դա ժամանակակից եզրութաբանութեամբ գրական կամ «կուսակցական», միով բանիւ իշխանութեան վարչական՝ շատ քչերին հասանելի լեզուն էր: Օսմաններն, ինչպէս վերն ասուեց, արհամարում էին «թուրքին»:

ՄՇԱԿՈՅԹ-Ավանի Կաթողիկե տաճարը կառուցվել է Զ դարի վերջին, Հովհաննես Բագրևանդցի քաղկեդոնիկ կաթողիկոսի կողմից։ Ավանի տաճարը եղել է Հայաստանում քաղկեդոնականության կենտրոնը

Բայց ահա Օսմանեան կայսրութիւնում 1844-ին իրականացւում է բնակչութեան մարդահամար, որի արդիւնքներով, ըստ Ուբիչինիի ներկայացրած տուեալների Օսմանեան կայսրութեան՝ ներկայիս Թուրքիայի հանրապետութեան տարածքը գերազանցող Ասիական մասում, ապրում էր 16 մլն 50 հազար բնակչութիւն, որից 10 մլն 700 հազար օսմաններ, 2 մլն հայեր, 1 մլն յոյներ, 1 մլն քրդեր, 900 հազար արաբներ, 235 հազար ասորիներ եւ քաղդէացիներ, 85 հազար թուրքոմաններ, 80 հազար հրեաներ, 30 հազար դրուզներ, 20 հազար թաթարներ[i]:

Այս շարքում բոլորովին անհասկանալի է «օսմաններ» խումբը: Նրանք, հասկանալի է, «թուրքերը» չեն, այլապէս «թուրքոմաններն» առանձին չէին ներկայացուի: Նրանք նաեւ սուննի մահմեդականները չեն, այլապէս առաձին չէին ներկայացուի սուննի մահմեդական քրդերը, արաբները, թաթարները:

Բացի այդ Ուբիչինին առանձին աղյոսակով ներկայացնում է կրօնական խմբերի թւերը, ըստ որի կայսրութեան Ասիական մասում մահմեդականների թիւը ցոյց է տրւած 12 մլն 650 հազար մարդ[ii]: Աղյոսակը, որում ներկայացւած են «օսմանները», կրում է RACES (ռասաներ, տուեալ դէպքում՝ ժողովուրդներ) վերնագիրը, թուարկուած խմբերն էլ, դրուզներից եւ քաղդէացիներից զատ, էթնանուններ են, իսկ «դրուզ» եւ «քաղդէացի» անունները էթնանուններին հաւասարեցված կրօնական ինքնութեան անուններ են: Ովքե՞ր են, ուրեմն, «օսմանները»:

Ըստ Ուբիչինիի, «օսմանները Կենտրոնական Ասիայից եկած սկզբնապէս թյուրաքական ռասայի ժողովուրդ են, մոնղոլների եւ տունգուսների մի ճյողը: Բայց արեւմուտքին մօտենալուն համընթաց թուրքերի նախնական տիպը փոխւել եւ վերջապէս ամբողջովին անհետացել է, հատկապէս Օսմանեան կայսրութիւնում»:

Եւ հենց այստէղ է, որ աւելացնում է, թէ Օսմանները ցանկացած այլ անուն մերժում են եւ թուրք բառը նրանց լեզւում հաւասարազօր է «անկիրթ գիւղացի, բարբարոս» բառին, որը նրանք օգտագործում են թուրքմէննէրի կամ Կենտրոնական Ասիայի նրանց այլ ցեղակիցների նկատմամբ[iii]:

Ուրեմն օսմանները ինքնութեամբ թուրք չէին: Կարելի էր ենթադրել, որ «օսմանները» օսմանեան կայսրութիւնում իշխանութեան տիրապետման կամ մահմեդականացման հետեւանքով էթնիկական ինքնութիւնը կորցրած եւ այլ էթնիկական ինքնութիւն ձեռք չբերած թրքախօսներն են: Սակայն ինքը՝ Ուբիչինին, փորձելով դիտարկել Օսմանեան կայսրութեան էթնիկական կազմը ըստ էյալէթների՝ վարչական տարածքների, «մոռանում է» թւարկել օսմաններին:

Այստէղ մենք հանդիպում ենք միայն կրօնական եւ էթնիկական խմբերի անուններին: Ամէնից ավելի դա աչքի է զարնում Կ.Պօլսի բնակչութիւնը ներկայացնելիս, որտեղ պիտի «օսմանները» ամէնաշատը լինեին: Ըստ Ուբիչինիի, Կ.Պօլսում 1844ին ապրում էր 866.000 մարդ, որից մահմեդականներ՝ 475.000, հայեր՝ 205.000, հայ կաթոլիկներ՝ 17.000, յոյներ՝ 43.000, հրեաներ՝ 37.000[iv]:

Այս ցանկում, ինչպէս տեսնում ենք, «օսմաններ» չկան: Բայց անկախ ցանկի, օսմաններ, իհարկե, կային, եւ պետք է ենթադրել, որ Կ.Պօլսում օսմաններն, ըստ երեւույթին, քաղաքի 866.000 թիւ կազմած բնակչութեան ինքնութեամբ չառանձնացուած 89.000 մարդն էին: Կրկին ենթադրութեամբ դրանք պետք է լինեին թուրք-սելջուկական, սերբական, ալբանական, բուլղարական, արաբական, յունական, հայկական, քրդական եւլն. ծագումով մարդիկ:

Յատկանշական է, որ Կ.Պօլսի մնացած ողջ բնակչութիւնը ներկայացւած է էթնանուններով, իսկ հայերի դէպքում՝ նույնիսկ երկու խմբերով (հայեր՝ հայ առաքելականները, եւ հայ կաթոլիկներ), իսկ ահա մահմեդականների թիւը ներկայացնելիս որևէ այլ ինքնութիւն, այդ թւում «օսման», չի յիշատակուել:

ՄՇԱԿՈՅԹ-Արդվի․ Համաձայն ավանդույթի, երբ Վարդան Մամիկոնյանը դեպի Աղվանք էր արշավում, նրա զորքի առաջապահ գնդերը Վարդանի որդու գլխավորությամբ այստեղ հանդիպում են պարսիկների

Կայսրութեան վարչական տարածքները եւ կառուցվածքը ներկայացնելիս Ուբիչինին իր գրքի ֆրանսերեն հրատարակութիւնում բնակչութեան կազմին չի անդրադառնում, բայց գրքի իր կողմից խմբագրուած եւ համալրուած ռուսերէն թարգմանութեան 1877թ. հրատարակութիւնում երբէմն ներկայացնում է նաեւ վարչական տարածքների բնակչութեան կազմը՝ յենուելով արդէն 1875-76 թթ. օսմանեան տարեգրքի վիճակագրութեան վրա:

Ահա այդ գրքում Էրզրումի վիլայէթը ներկայացնելիս նշում է, որ բնակչութիւնը կազմում էր 1 մլն 72 հազար մարդ, որից 658 հազար մարդ մահմեդական, մահմեդականներից 357 հազարը՝ քուրդ: Ոչ մահմեդական բնակչությունը 414 հազար էր, որից 397 հազարը՝ հայ եւ նեստորական[v]: Հեղինակը որպէս այս տեղեկութեան աղբյոր յղում է Tour du Monde, t.XXX, 1875, էջ 273:

«Օսման» եւ «թուրք» անուններին չենք հանդիպում, ինչը չի բացառում, որ նրանք առկա են մահմեդական բնակչության կազմում: Բայց քրիստոնեաներից թւարկում է «հայ» եւ «նեստորական», մահմեդականներից՝ «քուրդ», իսկ ահա շուրջ 300.000 թիւ կազմող մահմեդական բնակչութեան էթնիկական ինքնութեան կամ լեզուական պատկանելութեան մասին ոչինչ չի ասում: Կողմնակիորեն սա կարող է նշանակել, որ առաջնայինը մահմեդականութիւնն էր:

Բայց մահմեդականութիւնը առաջնային էր նաեւ քրդերի համար, իսկ քրդերի էթնիկական պատկանելութիւնը շեշտուած է: Սա առյասարակ օրինաչափութիւն է, թե «օսմանը», թե «թուրքը» շատ քիչ են հանդիպում: Քիչ են հանդիպում եւ դժուար են բնութագրւում:

Թէ կայսրութեան սեփական վիճակագիրները, թէ Եւրոպայից պաշտօնապէս Օսմանեան կայսրութիւնում գտնուող դիւանագետներն իրենց զեկոյցներում սովորաբար մահմեդականներին ներկայացնում էին որպէս մէկ ամբողջութիւն, օգտագործելով հենց «մահմեդականներ» բառը, ինչը նաեւ կայսրութեան ցանկութիւն էր:

Բայց եւրոպացիները սովորաբար յիշատակում էին առնուազն ոչ մահմեդականների էթնանունները կամ լեզուանունները, կամ՝ ինքնութեան տարբերակուած այլ եզրեր, իսկ երբեմն էլ՝ նաեւ մահմեդական տարբեր միաւորների անուններ, առնուազն՝ քրդերին:

19րդ դարի Օսմանեան կայսրութեան ժողովրդագրութիւնն ամփոփելու փորձ արած Քեմալ Կարպատը եւրոպական տեղակատուների նկատմամբ դժգոհութեան ակնարկով գրում է, որ թուրքերի մէջ սոցիալական տարբերութիւնների եւ նրանց բախշուածութեան պատճառով եվրոպացիները «օսմանլը» կամ «իսկական թուրք» համարել են միայն քաղաքաբնակներին եւ նստակեացներին, իսկ «օսմանլը եւ գործնական թուրք» հանդիսացող քոչուոր թուրքմէնները, իւրիւկները, զեյբէկները, չեթնիները, թախտաջիները, կզլբաշները (շիաները) եւլն. (Türkmen, Yörük, Zeybek, Çetni, Tahtaci, Kızılbaş (Shiites), etc.) ներկայացուել են այլ էթնիկական խմբերում[vi]:

Կարպատի դժգոհութիւնը պայմանաուորուած է նրանով, որ ոչ մի կերպ չի յաջողւում հասկանալ կայսրութիւնում «թուրք» միաւորի էթնիկական, քանկական բնութագրերը եւ բախշուածութիւնը: Ինքը Կարպատը գտնում է, որ «Օսմանեան կառավարութեան նման արեւմուտքում էլ շատերը իսլամը գրեթէ ազգութիւն էին համարում, եւ այդ պատճառով պատրաստ էին բոլոր մահմեդականներին դասակարգել նոյն խմբում:

Հաճախ նրանց պիտակաւորում էին որպէս «թուրք», որոուհէտեւ «մուսուլմանն» ու «թուրքը» հոմանիշ էին դարձել: Մյոս կողմից եւրոպացիներն անհրաժեշտութեան դէպքում մահմեդական բնակչութիւնը բաժանում էին աւելի փոքր էթնիկական կամ լեզուական հատուածների, որպէսզի վստահ լինեն, որ վիճելի տարածքներում մահմեդականները մէկ մեծամասնական խմբով հանդէս չեն գա» [vii]:

Ցաւոք, կրկին հստակութիւն չի մտնում այն հարցում, թէ «մուսուլմանի» ու «թուրքի» ենթադրեալ հոմանիշութիւնը թուրքի՞ն էր լուծում «մուսուլմանի» մէջ, թէ՞ «մուսուլման» բառին տալիս էր թրքութեան էթնիկութեան երանգ՝ նուազեցնելով ոչ թուրք մահմեդականների սեփական էթիկութեան ընկալումները եւ մեծացնելով նրանց տարրալուծումը «թուրք» միաւորի մէջ, եւ իհարկէ կրկին անհասկանալի է մնում, թէ ովքեր են իրենց թուրք համարում եւ ում «թուրք» անուանել:

Կարպատն ինքը կարծէք թէ վատ է պատկերացնում «թուրքական ինքնութիւնը» եւ «թուրք»-«թյուրք» անունը գործնական կամ ենթադրեալ կրողների քանակական եւ բնութագրական չափանիշները, զարմանալիորեն առանձին խմբեր է դիտարկում նոյնիսկ «թուրքմէններին» եւ «ղզլբաշներին»՝ նոյնիսկ չմասնաւորեցնելով, թէ կոնկրետ ո՞ր ղզլբաշների մասին է խօսում՝ թուրքմէ՞ն, քրմանջախօս քու՞րդ, զապախօ՞ս:

Բոլոր դէպքերում Եվրոպացիներին հասցագրուած այս ոչ միշտ արդարացի ակնարկը ամէնեւին չի կարող տարածուել 19րդ դարի հայ յեղինակների վրայ, որոնցից շատերը կայսրութեան բնակիչներ էին, լաւ գիտէին ազգային եւ կրօնական կազմն ու նրանց բնութագրերը, ինքնապատկերացումները, փոխադարձ կապէրը, ինքնութիւնները, ինքութիւնն արտահայտող անունները, եւ նրանց աշխատանքներում շատ մանրակրկիտ նյոթեր կան կայսրութեան բնակչութեան կազմի եւ առանձին միաւորների բնութագրերի վերաբերուալ: Բայց Կարպատն, իհարկէ, այդ աշխատանքներին ծանոթ չէր:

ՄՇԱԿՈՅԹ-Կրիայի քանդակ․ Արևմտյան Հայաստան, Արճեշի շրջան

————————————————————————-

[i] Lettres sur la Turquie, Paris, 1953, էջ 22:

[ii] Նոյն, էջ 25:

[iii] Նույն, էջ 22-23:

[iv] Նոյն, էջ 27:

[v] Убичини, Жан Анри Абдолоним. Современное состояние Отоманской империи: Статистика, правление, администрация, финансы, армия, общины немусульманские и пр. : По офиц. ежегоднику на 1875-76 г. (Салнаме на 1293 г. Хиджры) и по др. новейшим док. сост. А. Убичини, авт. известных «Писем о Турции»[Օսմանեան կայսրութեան ժամանակակաից վիճակը. Վիճակագրութիւն, կառաւարում, վարչակազմ, ֆինանսներ, ոչ մահմեդական յամայնքնէր ևւ այլ. Ըստ 1875-76թթ. պաշտօնական տարեգրքի(Հիջրայի 1293 թ. Սալնամե)] (Lettres sur la Turquie) и П. де-Куртейль, проф. турец. яз. и лит. в «Collége de France» / Пер. и изд. О.И. Бакст. – Санкт-Петербург: Тип. О.И. Бакста, 1877, էջ 83 (https://dlib.rsl.ru/viewer/01003608058#/?page=5) (Վերջին այցելութիւնը 19.11.2018):

[vi] Karpat K.H. Ottoman population 1830-1914. Demographic and Social Characteristics. Paris, 1985, Էջ 57(https://www.academia.edu/27913581/OTTOMAN_POPULATION_1830-1914_Demographic_and_Social_Characteristics_By_KEMAL_H._KARPAT)

[vii] Karpat K.H., Էջ 55:

www.lragir.am/2020/04/18/538679/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail