Կարինէ Աւետիսեան – «ԱՐԳԻՇՏԻ ՈՐԴԻ՝ ՌՈՒՍԱՅԻ ԶԻՆԱՆՈՑԸ՝ «ԹԵՇԵԲԱ» ԱՆՎԱՄԲ»… Սեպագիր այս նախադասությունն է ն.թ.ա 7-րդ դարի առաջին կեսին

ԱՐԳԻՇՏԻ ՈՐԴԻ՝ ՌՈՒՍԱՅԻ ԶԻՆԱՆՈՑԸ

Կարինէ Աւետիսեան – «ԱՐԳԻՇՏԻ ՈՐԴԻ՝ ՌՈՒՍԱՅԻ ԶԻՆԱՆՈՑԸ՝ «ԹԵՇԵԲԱ» ԱՆՎԱՄԲ»… Սեպագիր այս նախադասությունն է ն.թ.ա 7-րդ դարի առաջին կեսին

01 ՅՈՒԼԻՍ 2020 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ: Կարինէ Աւետիսեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱՂԸ:

Rousa son of Argishti’s – Gold jewelry found during the excavations of the Red Hill

«ԱՐԳԻՇՏԻ ՈՐԴԻ՝ ՌՈՒՍԱՅԻ ԶԻՆԱՆՈՑԸ՝ «ԹԵՇԵԲԱ» ԱՆՎԱՄԲ» …

«Արգիշտի որդի՝ Ռուսայի զինանոցը՝ «Թեշեբա» անվամբ»…

Սեպագիր այս նախադասությունն է ն.թ.ա 7-րդ դարի առաջին կեսին, ի պատիվ Երկնառաք Հուրի Դիցի՝ Փայլակի (Շանթի՝ Կայծակի)՝ Թեշուբի անվանված ամրոցի՝ Թեշեբաինի բրոնզե դարպասի փականքի վրա՝ որպես հիշեցում Դիցերի զորությամբ բազմաթիվ բերդաքաղաքներ հիմնած, ջրանցքներ կառուցած ու այգիներ տնկած Արքայից Արքայի տիրույթի…

Հանուն իր հզոր տերության բարգավաճման, ի փառս Նաիրիի և Բիայնա երկրի և ի սարսափ թշնամյաց, Վանա լճից մինչև Ուրմիա լճի մերձակայքում նրա ձեռնարկած ծավալուն շինարարության արգասիքներն են ժամանակի հռչակավոր բերդ-ամրոցները, այսօր հայտնի՝ Ռուսախինիլին ու Բաստամի բերդը և, իհարկե, Թեշեբաինին՝ Կարմիր Բլուրը՝ ներկայիս Երևանի տարածքում …

«Բախտի բերմամբ, թե պատահմամբ» (ինչպես Խնկո Ապերն էր ասում), կամ՝ գուցե և լավ մշակված մի սցենարի համաձայն՝ 1936 թվականին, Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների քննությամբ զբաղվող մի ռուս երկրաբան (Ա.Պ.Դեմյոխին) «պատահաբար» հայտնաբերեց հղկված բազալտի մի կտոր, վրան՝ սեպագրերով:

Վերծանման շնորհիվ ընթերցվեց Հայկական Լեռնաշխարհում և շրջակայքում տարածված երբեմնի հզոր տերության արքաներից մեկի՝ Արգիշտի որդի Ռուսայի՝ Ռուսա Բ-ի՝ ն.թ.ա 7 -րդ դարի կեսերով թվագրվող 5 տողանոց արձանագրությունը:

Դեռևս 1827-29 թվականներից «Ասիական ընկերության» կողմից Հայաստան էր գործուղվել Ֆ. Շուլցը (F. E. Schulz) և Վանա լճի շրջակայքից բազմաթիվ բիայնական (ուրարտական) սեպագիր արձանագրություններ էին հայտնաբերվել:

Զվարթնոցի տաճարի պեղումների ժամանակ ևս, 1901 թվականին գտնված՝ Արգիշտիի որդի Ռուսայի (ն.թ.ա 685-645 թթ.) քարակոթողի սեպագիրը Կարմիր Բլուրի դիմաց, Հրազդանի աջ կողմում կատարված մեծ աշխատանքների մասին էր պատմում՝ հիշատակելով «անմշակ հողում խաղողի և մրգատու այգիների հիմնումը, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցումն ու այդ առիթով Դիցերին արված նվիրաբերությունները». (հնարամիտ ու լավ կազմակերպված ոռոգման համակարգը գյուղատնտեսության ու ողջ երկրի տնտեսության հզորության խթանման միջոց էր)…

Հիշենք, որ Ասորեստանի թագավորների ավերիչ հարձակումների շրջանն էր՝ ն.թ.ա 714 -ին Արդինի (Մուսասիրի) տաճարի կողոպուտին հաջորդող դարաշրջանը:

Կարմիր Բլուրում գտնվածը եկավ լրացնելու 19-րդ դարի վերջի հայտնագործությունները և, միաժամանակ, հետագայի հնագիտական բացառիկ բացահայտումների սկիզբն ազդարարեց՝ գրեթե 2.600 տարի կարմիր կավահողի հաստ շերտով ծածկված բնակավայրի զարմանալիորեն հարուստ գտածոներով…

Սանկ Պետերբուրգի Պետական թանգարանի՝ Էրմիտաժի հնագիտական արշավախմբի կողմից 1939 թվականից սկսված կանոնավոր պեղումների արդյունքում հսկայական տարածքում սփռված հնագիտական տարբեր շերտերի առկայությամբ այս հնավայրում ն.թ.ա 13-րդ դարից թվագրվող՝ շրջանաձև կամ քառանկյուն կառույցներից զատ հառնեց հնագույն քաղաք-ամրոցի մի հատվածը՝
երկհարկ միջնաբերդով, բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներով, գինու և գարեջրի մառաններով, հացահատիկի շտեմարաններով, անասնանոցներով (առաջին հարկում՝ մոտ 150 սենյակներով), սյունաշար սրահներով ու բնակելի սենյակներով (երկրորդ հարկում):

Ինչպես նաև Միջնաբերդի հյուսիսային մասում՝ արտաքին պարսպի մոտ, ձիթհանը՝ պեղված 1940 և 1947 թվականներին, պահեստներում՝ հատակների վրա դիզված քնջութի (սօսամնի) կույտերով և քնջութի պահպանման համար՝ հատուկ կարասներով (պեղումներն իրականացնող՝ Բ.Պիոտրովսկու տրամադրած լուսանկարների վերարտադրումը՝ ստորև՝ Զ.Ղասաբյանի՝ «Ձիթագործությունը Ուրարտուում» ուսումնասիրությունից, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր, թ.4, 1957թ.):

1958 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերվեցին գարեջրի պատրաստման արհեստանոցը՝ գարին կամ կորեկը թրջելու համար տուֆե մեծ տաշտով, օգտագործված ջուրն ամրոցից դուրս բերող խողովակներ, ավելի քան 40 երկարավուն անոթ` գարեջուր պահելու համար, կավե խեցեղեն՝ գարու և կորեկի գարեջրի հետքերով:

Քսենեփոնի հիշատակությամբ (ն.թ.ա 5-4-րդ դար), Հայոց տներում «պահվում էին ցորեն, գարի, բանջարեղեն, կավե կարասներում գարու գինի՝ երեսին լողացող գարեհատիկներով:

Ծարավելիս այն խմում էին մեջը դրված եղեգնյա փողերով»։

Թվարկելով Թեշեբաինի հնավայրի պեղումներից հայտնաբերված խեցեղենը՝ հսկայական չափերի կարասները, կժերը, կճուճները, Զ.Մ. Ղասաբյանն իր՝ «Թեշեբաինիի (Կարմիր Բլուրի) գինու կարասները» ուսումնասիրության մեջ գրում է.

«Կարմիր Բլուրի գինու ութ մառաններում հայտնաբերվել է մոտավորապես 450 կարաս:

Ամենամեծ մառանը հայտնաբերվել է միջնաբերդի երկրորդ հարկում, որտեղ հինգ շարքի վրա տեղադրված են եղել 120 կարաս:

Մնացած 7 մառանները հայտնաբերվել են միջնաբերդի ստորին հարկում»:

Նշելով, որ սենյակներից մեկում թրծված կավից պատրաստված՝ բրուտի դուրգի սկավառակն է հայտնաբերվել, հեղինակը շարունակում է.

«Կարասները պատրաստելու ժամանակ կավին խառնել են նաև ավազ՝ ամրություն տալու և թրծման ժամանակ ճաքելու վտանգը կանխելու համար»…

…«Կարմիր Բլուրի 8 մառաններում հնարավոր է եղել պահել մոտավորապես 400.000 – չորս հարիւր հազար լիտր գինի:

Այսպիսով, Կարմիր Բլուրի մառանները գերազանցել են մինչև այժմ հայտնի բոլոր ուրարտական գինու պահեստներին»:

Upper part of the Sarduri II quiver, top left. with cuneiform inscription:

Կարինէ Աւետիսեան -facebook.com/karine.avetisyan.779/posts/902055076975191

Facebooktwitterredditpinterestlinkedinmail