Կարինէ Աւետիսեան – «ԱՐԴԱՐԵ՜Ւ ԱՌԱՍՊԵԼՔ ԵՎ ԱՌԱՍՊԵԼԱՑ ԱՌԱՍՊԵԼ»…Խորենացու հետ և նրա նման բացականչում է Ղ.Ալիշանն՝ իր՝ «Հին հավատք և հեթանոսական կրօնք Հայոց»

«Մեհեան Միհրայ», Բագայառիճ (լուսանկարը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից)

Կարինէ Աւետիսեան – «ԱՐԴԱՐԵ՜Ւ ԱՌԱՍՊԵԼՔ ԵՎ ԱՌԱՍՊԵԼԱՑ ԱՌԱՍՊԵԼ»…Խորենացու հետ և նրա նման բացականչում է Ղ.Ալիշանն՝ իր՝ «Հին հավատք և հեթանոսական կրօնք Հայոց»

Կարինէ Աւետիսեան – «ԱՐԴԱՐԵ՜Ւ ԱՌԱՍՊԵԼՔ ԵՎ ԱՌԱՍՊԵԼԱՑ ԱՌԱՍՊԵԼ»…

26 ՅՈՒԼԻՍ 2020 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ: Կարինէ Աւետիսեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱՂԸ:

«…Արդարե՜ւ առասպելք՝ և առասպելաց առասպել»,- Խորենացու հետ և նրա նման բացականչում է Ղ.Ալիշանն՝ իր՝ «Հին հավատք և հեթանոսական կրօնք Հայոց» գրքում՝ Հայոց հավատալիքների քննությունն սկսելիս:

Վաղնջական պատկերացումների հիմքում, բնականաբար, Արարչագործչության, Կյանքի առեղծվածի գաղափարն է…

Անսահմանորեն մեծ տիեզերքի՝ մակրոկոսմոսի և նրան համանման անսահմանորեն փոքր տիեզերքի՝ միկրոկոսմոսի՝ Մարդու, նրան շրջապատող աշխարհի միջև եղած փոխհարաբերությունները (պատճառը, հետևանքները…) հետաքրքրել են անհիշելի ժամանակներից ի վեր:

Երկնային (սրբազան) ծագումով Հուրը կյանքի ու մահվան, նյութական ամեն ինչի սկիզբն ու ավարտն էր համարվում:
Կրակի՝ հուրի տարբեր տեսակներ կային՝ տիեզերական (Արևի Ցոլքը) և նյութի մեջ պարփակված, ինչպես հրաբուխը, կայծքարից, փայտի շփումից առաջացող կրակը, մարդու միջի «հուրը» (ջերմությունն է բուսական, մարդկային, կենդանական ամեն տեսակի կյանքի սկիզբը), առավել մանրամասն՝ հատուկ Միհրականությանը նվիրված՝ առաջիկա գրառմամբ …

Հայկյան Սրբազան ուսմունքի համաձայն՝ տարբեր աղբյուրներից ծագած Կրակի չորս տեսակները՝ Ատր, Աշտ, Կրակ և Հուր, ներկայացրել է Քուրմ Յարութ Առաքելեանը:

Հիշելով 15-րդ դարում ապրած մի կրոնավորի՝ Աննիուսի (Annius de Viterbe)՝ երկու Հայ միաբաններից վերցրած որոշ գրվածքները, Ղ. Ալիշանը շարադրում է իր վերոնշյալ գրքում.

«Աննիոսը կամ Նանի Ջիանին 15֊րդ դարի վիտերբիացի դոմինիկյան խորագետ բանասեր կրոնավոր էր (1498 թվականին նա Հռոմում տպագրել է Հին Աշխարհի պատմիչների երկերից վերցրած հատվածներով՝ 17 հատորանոց իր ուսումնասիրությունը, Կ.Ա.):

Այն ժամանակ միաբանող անվանված հայազգի դոմինիկյան կրոնավորներ կային նաև Նախիջևան գավառում, որտեղից շատ անգամ էին գալիս Հռոմ և իտալական այլ քաղաքներ։
Աննիոսը Ջենովայի դոմինիկյանների մեծավորն էր, երբ նրա վանքը եկան երկու հայ միաբաններ, որոնց գլխավորը Հ․ Մատաթիան էր։

Աննիոսը ասում է, որ սրանցից առել է կորուսյալ ու փափագելի պատմիչների շատ հին, հատուկտիր գրվածքներ, որոնցից էր և Բերոսոսի կորուսյալ պատմագրությունը։

Մատյանում ասվում էր, թե հին Հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին (ուշադրություն՝ հետագայի մտածողության ազդեցությամբ է կիրառված այս անունը, Բերոսոսի մոտ՝ Քսիսութրոս անվամբ է, այսինքն՝ այլաբանական կերպար է, տիեզերածին առասպելների հետ կապված, Կ.Ա.), որ Երկինքն է, և Արետիա (միթե Արարա՞տ) անվամբ նրա կնոջը՝ Երկրին, որը, երկնքից սերմանված, ծնել կամ գոյավորել է բոլոր արարածներին («ասոնցմէ առած կ’ըսէ շատ մի հին կորուսեալ և փափագելի պատմչաց հատուկտիր գրուածներ, որոնցմէ էր և կորուսեալ Բերոսոսի մի պատմագրութիւնն յորում կ’ըսուէր, թէ հին Հայկազունք իրենց գերագոյն Աստուած ճանաչէին զՆոյ որ և Երկինք և իրեն կին զԵրկիր՝ Արետիա անուամբ (միթէ Արարա՞տ), որ յԵրկնից սերմնառեալ՝ ծնանի կամ գոյաւորէ զամենայն արարածս»)»:

Եվ հավելում, որ «մեր նախայիշեալ և համացեղ ըսուած Փռյուգիացւոց մեջ» ևս համանման մի ավանություն կար՝

«Իբր ի սկզբանե կար Աղտն՝ անկերպարանք մի նյութ՝ քարի, ապառաժի նման, որ ձևացնում էր մի լայնատարած ցամաք։
Միհրը կամ Արեգակը բեղմանվորեց այն, և ծնվեց Դիորփոսը։

Հույները առասպելաբանում էին, որ սա իր մոր դեմ էր կռվի ելել (մայրը Երկիրն էր), ինչի պատճառով փոխակերպվել էր քարաժայռի։
Այս և սրա նման իրադարձությունների համար ստիպված ենք մեր պատմահոր՝ Խորենացու հետ շատ անգամ բացականչել․ «Արդարեւ՜ առասպել և առասպելաց առասպել»։ (Առասպելական պատումները կարևորելով՝ նրանց վրա ուշադրություն հրավիրելու՝ Ալիշանյան մի ձև…):

«Ն. Ադոնցը Կեղծ Պլուտարքոսից մի վկայություն է բերում Հայաստանում` Արաքսի մոտերքում գտնվող Դիորփոս կոչված մի լեռան մասին.

«Դիորփոս լեռը կոչվել է մի ոմն Դիորփոսի անունով, որը ծնվել է քարից և սերմը ստացել Միթրայից, և որովհետև ուզեցել էր չափվել Արեսի հետ, Դիորփոսը սպանվեց վերջինի կողմից, ապա աստվածների կողմից փոխակերպվեց լեռան» (մեջբերումը՝ Ժ.Խաչատրյանի՝ «Արտաշատի «Երազամոյն» վայրի տաճարը և կից համալիրները» ուսումնասիրությունից):

Դիորփոսը (հունարենով նշանակությունը՝ «մթաթափանց»), Պլուտարքոսի մոտ հիշատակվող՝ Երասխ (Արաքս) գետին մերձակա դիցական լեռն է՝ Մասիսը:

Լեռների, քարերի հետ նույնացվող Դիցերի մասին հիշատակվում է դեռևս հնագույն՝ Հուրիական (Հայկական) դիցաբանության մեջ («Կումարբիի շարքը»), ուր Փայլակի, Շանթի (Կայծակի) դիցի կերպավորումն էր Հազզի (Կասիոս) լեռը (մի գրառմամբ անդրադարձել ենք, հիշեցնենք, որ, մասնագետների համոզմամբ՝ Հուրիական դիցաբանությունից բխեցվող՝ հունական դիցաբանության մեջ նույն վայրում է նկարագրվում Զևսի և Տիփոնի մենամարտը):

facebook.com/karine.avetisyan.779/posts/624264658087569

Իր հակառակորդին՝ Ուլիխումին Թեշուբը հաղթում է հնագույն Դիցերից ստացած այն նույն գործիքով՝ տապարով (կացնով), որով մի ժամանակ զատվել էր Երկիրը՝ Երկնքից…

Այդ «զենքի» հեռավոր արձագանքն է հետագայում՝ Վիմածին (Ապառաժածին)՝ ժայռից ծնված Միհրի ձեռքին պատկերվող դաշույնը…

Չմոռանանք, որ խեթերը կացինը (տապարը, մուրճը), գործածում էին նաև որպես պատերազմական զենք («Իմ օտար թշնամիներին հաղթեցի տապարի հարվածի ուժի շնորհիվ»- մի արձանագրությունից):

Ըստ Ագաթանգեղոսի՝ Մեծն ու Արի Արամազդն էր արարիչը Երկնքի ու Երկրի ու մարդկանց, «Հայր Դիցն ամենայնի» (բոլոր դիցերի Հայրը)՝ լիություն և պարարտություն պարգևող…

Հայոց հնագույն պաշտամունքարանների, պաշտամունքավարների, կիրառվող սպասքի մասին սակավ տեղեկություններ են պահպանվել:

Այնուամենայնիվ, պատմիչների թողած գրավոր հիշատակումներում եղած կցկտուր ակնարկներից հնարավոր է որոշ պատկերացում կազմել:

Պաշտամունքի, ծեսի գլխավոր սրբատեղիները կարող էին լինել բացօթյա վայրերում (Դից Մայրի), բարձր ու ընդարձակ տարածքներում, բարձրաբերձ կառույցներում (Բագրևանդ, Աշտիշատ (անվան ստուգաբանությունը՝ Մեհենագյուղ, Դիցավան), ինչպես նաև՝ ստորգետնյա շինությունում, բնական քարանձավում՝ աղբյուրի մոտ (ինչպես միակտոր ժայռից փորված՝ Այրից վանքում՝ վիմափոր Գեղարդում, ուր վաղնջական շրջանից Ջրի պաշտամունքին նվիրված մեհյան-սրբավայր էր՝ այսօր էլ պահպանված ժայռաբուխ աղբյուրով, Բագառիճում):

«Արագածի Աղց գյուղի մոտ էլ՝ լեռան մեջ, փորված է մի խոր տեղ՝ մատուռի ձևով՝ խորանով հանդերձ, որի մեջ կանգնեցված է մի փոքրիկ սյուն՝ երկու կողմերում կիսաբոլոր խորշեր, մարդկանց ու կենդանիների քանդակապատկերներ։
Դրանք տեսնողը (Հովհ․ Շահխաթունյան) հիշատակում է նաև դրանց նման վայրեր Արմավիրում և Երվանդակերտում, որոնք արժանի են նոր քննության ու նկարագրության։

Եթե այսպիսի անծանոթ ու անկարծելի վայրերը խնամքով քննվեին, գուցե դեռ հեթանոսական պաշտամունքարանների ավելի շատ հետքեր երևային, քան թե հայտնի և բացօթյա տեղերում շինվածներն են, որոնք տեսանելի լինելու պատճառով էլ շուտով աներևույթ եղան Քրիստոսի խաչի զորությամբ և Լուսավորչի ու Տրդատի ձեռքով, որոնց ավերածներից պատմիչները հիշատակել են միայն գլխավորները, իսկ մնացածների մասին հայտնում են մեկ բառով՝ «ամենայն»։

Դրանք, եթե հայոց քրիստոնեական տաճարների բազմության հետ մտածվեն, նույնպես բազմաթիվ կարող էին լինել, բայց, ինչպես ասացինք, ոչ մեծ և ոչ նշանավոր։
Եվ մեր հեթանոս նախահայրերը ավելի շատ ուխտատեղիներ դիմող են երևում, քան առանձին աղոթողներ», – կարդում ենք Ալիշանի վերոհիշյալ գրքում:

Ագաթանգեղոսի հիշատակած՝ Տարոնի Երկրի՝ «մեծագանձ, լի ոսկով և արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով» Վահե Վահեան մեհյանի և համանման մյուս՝ ոսկեձույլ, պղնձաձույլ և մարմարե ակնազարդ քանդակներով հսկայական տաճարների մեծ մասի հիմքերի վրա հետագայում կառուցվեցին եկեղեցիներ:

Քրիստոնեության տարածումից հետո, ոչնչացվեցին հին հավատքի հետքերը, ինչպես Ագաթանգեղոսն է գրում՝ «ի հիմանց բրերով քանդեցին, կուտակված գանձերը ավարի մատնեցին» սակայն չջնջվեցին մեհյանների, Միհրական տաճարների, ազգային տոների մասին հիշողությունները…

Վերջին տասնամյակների հնագիտական պեղումներով հարստանում են գրավոր աղբյուրներից հայտնի մեր կցկտուր պատկերացումները Հայոց հնագույն սրբավայրերի մասին:

«Արտաշատի «Երազամոյն» վայրի տաճարը և կից համալիրները» ուսումնասիրության մեջ հեղինակը՝ Ժորես Խաչատրյանը, ներկայացնում է Արտաշատի հնագիտական արշավախմբի աշխատանքի արդյունքները:

Հնավայրի տարածքում, ի թիվս համալիրի՝ զանազան նշանակության բազմաթիվ շինությունների (գանձարանի, հասարակական բաղնիքի մնացորդների), հայտնաբերվել են տաճարին պատկանող մշակված, քանդակազարդ քարաբեկորներ, սյուների հատվածներ, արխիտրավի, խոյակի մի բեկոր, որոնք, ենթադրաբար, երբեմնի տաճարի փլատակներից են, նաև՝ ն.թ. 1-ին դարին պատկանող սկուտեղներ, պնակների բեկորներ…
Ամփոփելով պեղումների արդյունքները, հեղինակը եզրակացնում է.

«Այսպիսով, կասկածից վեր է, որ այստեղ է մեր ենթադրած «Երազամոյն» վայրի Արեգ–Միհր–Ապոլոն–Հերմես–Տիրի տաճարը»:

Վաղնջական ժամանակներից հայտնի՝ Հուրի պաշտամունքին առանձին կանդրադառնանք:

Հիշենք միայն, որ նրա դրսևորումներից է այսօր զոհերի հուշահամալիրներում Անշեջ կրակի գոյությունը (ինչպես Ծիծեռնակաբերդում)՝ Անմար կրակը՝ որպես Մշտնջենական Արեգակի (և այլ) խորհուրդ …

Հուրի պաշտամունքի հետ կապված՝ Միհրականության «առեղծվածներին» որոշ չափով մոտ ապագայում ծանոթանալու հույսով՝ ստորև՝ լուսանկարներ՝ վերցված Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ…

Ինչպես նաև՝ Ժ. Խաչատրյանի՝ «Արտաշատ մայրաքաղաքի վերջին տարիների պեղումների արդյունքները» ուսումնասիրությունից՝ որոշ «բեկորներ»…

«Թող ողջություն և խաղաղություն հասնի աստվածների օգնությամբ,
պարարտ լիություն՝ Արի Արամազդից, խնամակալություն՝ Անահիտ
Տիկնոջից, քաջություն ամենայն Հայոց Աշխարհիս՝ Քաջն Վահագնից…»,- ինչպես նշում են պատմիչները…

Զարզեվանի տաճարից մի հատված…
Հայոց հնագույն վիմափոր սրբատեղիներից մեկը՝ Ջրի պաշտամունքին նվիրված՝ Ժայռաբուխ Սրբազան Աղբյուրը՝ Այրիվանքում (Գեղարդավանքում)..
Տիգրանակերտից ոչ հեռու՝ Զարզեվանում՝ դեպի Միհրի ստորգետնյա տաճար..
Տիգրանակերտից ոչ հեռու՝ Զարզեվանի հնավայրից մի հատված (Միհրի տաճարի պեղումներն ընթացքում են)…
Ժ. Խաչատրյանի՝ «Արտաշատ մայրաքաղաքի վերջին տարիների պեղումների արդյունքները» ուսումնասիրությունից որոշ «բեկորներ»…
Ժ. Խաչատրյանի՝ «Արտաշատ մայրաքաղաքի վերջին տարիների պեղումների արդյունքները» ուսումնասիրությունից որոշ «բեկորներ»…

facebook.com/karine.avetisyan.779/posts/877148296132536

Facebooktwitterredditpinterestlinkedinmail