Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 19 – Մովսէս Նաճարեան
29 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մեր զարմանալի բառերը –
Յօդուածաշար, շարունակութիւն 19
Ի հարկէ այս օրերը բարդ ու ճակատագրական են Հայ ժողովրդի համար, սակայն յուսով ենք, որ կրկին կը յաղթահարենք։
Պատերազմը ոչ միայն տարածքային է, այլեւ գոյութենական։ Իսկ մեր գոյութեան գրաւականն է մեր լեզուն, պատմութիւնը եւ մշակոյթը առհասարակ։ Ինչքան լաւ կը տիրապետենք մեր հոգեւոր-մտաւոր գանձերին՝ այդքան ամուր կը կանգնենք մեր հայրենիքի սահմաններին․․․։
Ըստ մեր Փաւստոս Բիւզանդ մատենագրի, Հայոց Արշակունի Տիրան թագաւորը ունեցել է իւրայատուկ յատկանիշներով մի ձի, որը որակաւորուել է որպէս “ճարտուկ, ճանճկէն”։ Այս ձիու համբաւը հասել է սասանեան արքայից-արքային, որն էլ պահանջել է իրեն նուիրել այն։ Տիրանը չի ուզեցել բաժանուել իր սիրելի ձիուց, ու իր ենթականերին հրահանգել է գտնել նրան նմանուող մի ձի եւ ուղարկել արքայից արքային։
Չար լեզուները սասանեան արքայից-արքային տեղեկացրել են խարդախութեան մասին, եւ նա խորամանկաբար իբր թէ Տիրանին շնորհակալութիւն յայտնելու համար հրաւիրել է իր երկիր։
Սահմանից այն կողմ Տիրանին դիմաւորող եւ ուղեկցող սասանեան իշխանաւորները ճանապարհին կապկպել են Տիրանին ու երկու աչքերը շիկացրած “ածուղ”-ով կուրացնելուց յետոյ ետ են ուղարկել իր երկիր։
Այդ իսկ պատճառով Տիրանը գահազրկուել է, ու իր որդի Արշակը յաջորդել է նրան։
Այստեղ կան երեք բառեր, որոնք ըստ էութեան մնացել են անհասկանալի մեր հին եւ նոր մասնագէտների շրջանակներում։
Դրանք են, “ճարտուկ”, “Ճանճկէն” եւ “ածուղ” բառերը։
Սկսենք վերջինից։ Ի տարբերութիւն արհեստականօրէն ստացուող ածուխի՝ ածուղը հանքածուխն է, որի ջերմատւութիւնը շատ աւելի բարձր է լինում առաջինից։
Ըստ լեզուաբանական տառադարձութեան օրէնքների՝ Եւրոպական լեզուներում “ածուղ”-ի “ա”-ի անկումով մնացել է “ծուղ”-ը։ Քանի որ այդ լեզուներում բացակայում է “ծ” տառն ու հնչիւնը, ապա այն անգլերէնում փոխարինել են “C”-ով, գերմաներէնում “K”-ով, իսկ “ղ”-ն էլ “L”-ով։ Մնաց “ու” երկբարբառը։
Դա հնագոյն ժամանկներում մեր լեզւում հնչել է “օու” ձեւով եւ ոչ է ուղղակի “ու”, նաեւ հնչել է 2/4-րդ չափով։ Այդ իսկ պատճառով անգլերէնում դարձել է coal, գերմաներէնում kohl, առաջինում “a”-ն եւ երկրորդում “հ”-ն չեն հնչում, որովհետեւ 2/4-րդ չափի նշաններ են, այսինքն coal-ի ու kohl-ի “օ” ձայնաւորները երկար պիտի հնչեն, այլապէս coal-ը կը շփոթուի call-կանչել բայի հետ։ Երեւոյթի ուղղագրութեան բացատրութիւնը ոչ անգլիացիները գիտեն, ոչ էլ գերմանացիները։ Բարեւէք նրանց լեզուի մասնագէտներին։
Դուք երեւի գիտէք, որ ածուխը ստանում են փայտից, այն ծուխի ենթարկելով, այսինքն ջրազրկում են։ Նոյն կերպ էլ ջրազրկելով ստանում են ծխած միսը, ձուկը, եւայլն։
Հին Եգիպտոսից մարդկութեան յայտնի զմռսուած փառաւօններից ոմանք նոյն կերպ են պահպանուել։
Որոշ լեզուներում ջրազրկման այս ընթացքը “ածուխ”-ից “ծուխ”-ի անցումով վեր է ածուել անգլ․ “suck”-ի (հնչում է “սաք”, “խ”>”ck” անցում), “մայրական կաթը ծծել”-ու գործողութեան, որից նաեւ “սոք”- հիւթը։ Աւելացնենք, որ “սոխ”-ն ու “սխտոր”-ն էլ ունեն մարդուն ջրազկելու յատկութիւն։
Իսկ “ածուղ”-ից “ծուղ”-ի անցումով առաջացել է այսպէս ասած “կովկասեան լեզուաընտանիք”-ին պատկանող վրացերէնի “ծղալի”-“ջուր” բառը։
Հայերէնում ունենք “ծղօտ” բառը, որի հիմքը նոյն “ծուղ”-ն է եւ “աւտ”-ը, նոյնիքն անգլերէնի “out”-ը, եւ ցոյց է տալիս, որ բոյսը ենթարկուել է հիւթազրկման կամ ջրազրկման։
Շարունակութիւնը յաջորդիւ։
Մովսէս Նաճարեան