Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 22 – Մովսէս Նաճարեան
19 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մեր զարմանալի բառերը –
Յօդուածաշար, շարունակութիւն 22
Նախորդ յօդուածում “հուր” բառի մեր բացատրութիւնը որպէս “հոգի, որդի, ուտելիք”, տեղի տուեց կասկածանքի, եւ անիմաստ վիճաբանութիւնների։ Ուստի ստիպուած ենք որոշ չափով ներկայացնել մեր հիմնաւորումները։
“Հ” տառը սկզբնական “հոգի” եւ “հուր” իմաստներն ունի, եւ եթէ հայերէնում “մի հոգի” ենք ասում՝ “մի անձ” ենք հասկանում, եւ ոչ թէ “մի կրակ”, որպէս թէ “հուր”։ Հոգի-հուրը շնչաւոր էակի սաղմնային կայացման առաջին նախադրեալն է, որը բխում է իւրաքանչիւր էակի հօրից` որպէս հայրական կենսատու սերմ, փոխանցուած մայրական ձուին: Սակայն սա նոյնքան կենսատու եւ անմահ Ահուր/աուրան չէ:
Այսքանը որպէս սկիզբ։
Հիմա ձեզ համբերութիւն եմ մաղթեմ։ Դիմացէք։
Չորս տարերքները հնագոյն մատենագրութեամբ ներկայացուած են հակոտնեայ զոյգերով, այսպէս․ Հուր-ջուր, հող-հողմ, ուր հողմը “օդ”-ն է։ Սրանք նաեւ տարուայ չորս եղանակների բնութագրերն են, նաեւ երկիր մոլորակի չորս կողմերի ցուցիչներն են, երբ “հուր”-ը սերմատու եւ պտղաբեր Աշունն է, եւ մոլորակի արեւմտակողմն է, “ջուր”-ը դրա հանդիպակաց հոսքաբեր-անձրեւաբեր Գարունն է ու արեւելքը, “հող”-ը մահաբեր ու սառցաբեր Ձմեռն է, եւ մոլորակի հիւսիսակողմն է, իսկ հանդիպակաց “հողմ”-“օդ”-ը ցանքսերն ու պտուղները հասունացնող Ամառն է, նաեւ մոլորակի հարաւակողմը։ Տեսնո՞ւմ էք “հուր”-ի առնչութիւնը ոսկէ Աշնան պտղաբերութեան հետ։
Հուրը արական բնոյթի խորհրդանիշն է, իսկ ջուրը իգականի, երբ “հայրը”-ը հենց նշանակում է “հուր/սերմ ունեցող այր”, որից անգլերէնում “կրակ” դարձած “հայր”-fire-ն է (հնչում է ֆայր), իսկ “մայր”-ը ներկայացնում է ջուր տարերքը։ “Մայր”-ը “մայ-ի մասնիկ” է, երբ “մայ”-ը “երկնային ջուր” է նշանակում՝ այստեղից մինչեւ արաբստան, ասորեստան, ռուսաստան ու ամերիկեան “մայա”-ները։ Կարող ենք մանրամասնել, եթէ հաւատք չէք ընծայում ասուածին։
Հիմա մի քիչ էլ բժշկանան, աստուածաբանական ասպարէզ մտնենք։
Ինչով է տարբերւում “հուր”-ը “ջերմ”-ից, “ջերմութիւն”-ից”։
“Ջ” տառը ինքնին նշանակում է “ջերմութիւն”։
Եթէ “ջ”-ով կազմուած “աջ” բառը վերցնենք, ապա եւ “աջահամբոյր”, “առաջ”, “առաջընթաց”, “առաջդիմել” եզրերը, ու փորձենք հասկանալ դրանց բովանդակութիւնը՝ կ՛ընկնենք անտրամաբանական հակասութիւնների մէջ։
Օրինակ, “առաջդիմել” եւ “առաջընթաց” բառերը ինչպէ՞ս էք պատկերացնում, երբ առաջինը “դէպի աջ դիմել” է նշանակում, իսկ երկրորդը “դէպի աջ ընթանալ” է, իսկ դուք “աջ”-ը հասկանում էք “աջ կողմ”։ Ապա տեսնեմ, ո՞նց էք դէպի աջ դիմում կամ ընթանում առաջդիմելով ու առաջընթացով։ Ծիծաղելի թատերական պատկեր է ուրուագծուելու։
Մինչդեռ Աճառեանը “աջ” բառի տակ հանճարեղօրէն բերել է սոգդիյերէն “սրի” նոյնիմաստ բառը, եւ ներկայացրել է դրա “երկրորդական” թուացող մի իմաստը, “այն որ գլուխն է” ձեւակերպումով։
Իրականում “աջ”-ը ոչ “աջ կողմ” է, ոչ “աջ ձեռք” կամ “աջ ոտք” է, ոչ էլ “գլուխ” է, այլ գլխից բխող էներգակիր է, որպէս միտք, խօսք թէ ջերմութիւն։
Ուրեմն “առաջ”-ը նշանակում է մի գուցէ գնալ կամ նայել “դէպի մտքի էներգակիրը”, “դէպի խօսքի բովանդակութիւնը”, “առաջդիմել”-ը “դէպի գլուխը դիմել”, “դէպի գլխաւորը դիմել”, “առաջընթաց”-ը “դէպի միտքը ընթանալ”, “դէպի գլխաւորը ընթանալ”, իսկ “աջահամբոյր”-ը՝ ո՛չ երբէք “աջ ձեռքը համբուրել”-ն է։ Ախր աւանդաբար գիտէք երեւի, որ երբ նորապսակները մօտենում են ծնողներին ու նրանց ձեռքն են համբուրում՝ ծնողներն էլ նրանց “աջ”-ն են համբուրում, այսինքն՝ ճակատը։
Ահա եւ ձեզ “աջահամբոյր”-ը։ Նոյնը հոգեւորականներին դիմելու ձեւն է, երբ նրանց ձեռքն էք համբուրում՝ նրանք էլ ձեր ճակատը պիտի համբուրեն։
Այս սովորութիւնը այսօր էլ պահպանուած է Արեւմտեան Հայաստանում, մեր այլախօս ու այլակրօն հայերի մօտ։
Ե՞րբ է “գործը աջ գնում”, երբ մարդն իր գլուխը կամ միտքն է աշխատացնում, ու հոգի է դնում իր գործի մէջ։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցն իր “Յաճախապատում Ճառք” իմաստասիրական, ինքնաճանաչողական, աստուածագիտական եւ բարոյեագիտական երկում յիշատակել է էութեան երրորդութիւնից բխող երեք հիմնական էներգակիրները, որոնցից առաջինը “ջերմութիւն” բառով է արտայայտել, երկրորդը “տապ”-ով, եւ երրորդը “հուր”-ով։
Անձի երրորդութեան առաջին եւ գլխաւոր կենտրոնը գլուխն է, երկրորդը սիրտն է, իսկ երրորդը սեռական գործարանն է, որոնցից որեւէ մէկի անէացման դէպքում՝ անձը կը դադարի գոյութիւն ունենալուց։
Ուստի նշուած էներգակիրները հերթագայութեամբ բխում են այդ երեք կենտրոններից։
Երբ մարդու գլուխն ունենում է առողջական խնդիրներ, գլխացաւեր՝ նրանից բխում է ոչ բնականոն “ջերմութիւն”, որով չափւում է էութեան գլխի տուեալ պահի տաքութեան աստիճանը։
Դա ներկայիս կատարւում է լեզուի տակ ջերմաչափ դնելով։ Հին ժամանակներում այդ նպատակով բժիշկները իրենց ձեռքը դնում էին հիւանդի ճակատին եւ ստուգում։
Քանզի գլխից ելնող երեւէ արտադրանք, միտք, խօսք կամ ջերմութիւն՝ գլխի էներգակիրն է։
Երբ մարդն ունի սրտի առողջական խնդիրներ, ապա նրա անութի տակ (թեւատակին) դրւում է ջերմաչափը, եւ ստուգւում է նրա սրտից բխող տաքութիւնը, Մաշտոցի խօսքով՝ տապը։
Երբ մարդն ունի ստորին օրգանների անհանգստութիւն՝ նրա հետանցքում է դրւում ջերմաչափը, որպէսզի ստուգուի այնտեղ տիրող իրավիճակը։ Դժբախտաբար, այսօր բժիշկները չունեն այս գիտակցութիւնը, եւ ջերմային չափումները կատարում են կամայական, կամ ըստ պահի յարմարութեան, հետեւաբար էլ իրենց եզրակացութիւնները կարող են ճշգրիտ չլինել։
Իսկ անձի երրորդութեան ստորին օղակներում գտնուող օրգաններից բխող որեւէ էներգակիր՝ “հուր” է կոչւում, դա կը լինի տաքութիւն, արական սեռական սերմ, իգական ձու/դաշտան, թէ յղի կնոջից ծնուող երեխայ, ծառի պտուղ։
Մենք ունենք բառեր, որոնց վերջաւորութեան “հ” տառը առանձինն՝ նշանակում է “հուր”- “որդի”։
Ասենք, “սեպուհ”, որի կառուցուածքն է “սեպոյ հուր”, եւ նշանակում է “սեպի որդի”, երբ “սեպ”-ը հիւսիսային բեւեռն է, երկրի վրայ Արագածի տարածքը, նաեւ “Սեպէոս” համաստեղութեան առաջին պատկերը երկրի վրայ, Սեւանայ լճի հիւսիս-արեւմտեան շրջանի Փամպակի լեռների շրջանում (տես՝ քարտէսը), եւ այդ տարածքի բնակիչները նախկինում կոչուել են “սեպուհ”-ներ, ապա բառի իմաստափոխութեամբ՝ այն վերագրուել է արքայական ընտանիքից սեռած մարդկանց։
Պարսկական “Շապուհ” անունը մեզ յայտնի է պատմութիւնից, սակայն պարսիկների մօտ այն կոչւում է “Շապուր”։
Այս անունը շատ խտացուած է, ուստի երբ մեզ յայտնի ձեւը բացում ենք, ստացւում է “Շապոյ հուր”, որից հայերէնում “հուր”-“որդի”-ն արտայայտուել է հենց վերջի “հ” տառով, իսկ պարսից մօտ “հուր”-ից մնացել է նոյնիմաստ “ր”-ն”։
Հիմա որ բանամ բառի բուն պատկերը՝ պիտի ասէք, այս մարդը ցափռտում է։ Ի զուր։
Բառի բուն կառուցուծքը եղել է “Վի-շապոյ հուր”, “վիշապի զաւակ” իմաստով։
Երբ այս եզրակացութեան հասել էի՝ ինքս էլ չէի հաւատում։
Գնացի ճարտարապետ եւ դասախօս ընկերոջս մօտ, եւ երբ ներկայացրի մտքինս՝ նա ասաց․ “Դու տեսե՞լ ես Պարսկաստանում, Շապուհի յուշարձանը”։
Ես Պարսկաստանում չեմ եղել դժբախտաբար։
Նա ասաց․ “Հենց հիմա գծանկարեմ, ու կը պատկերացնես”։
Ուրեմն գծագրեց կանգնած մի վիշապաքար՝ որի եռախից դուրս էր գալիս Շապուհ արքան։
Հիմա խօսելու եւ գրելու հերթը ձերն է։
“Հ”-ն որոշ բառերի վերջում, ունի նաեւ “հետք” իմաստը, ինչպէս “ճանապարհ” բառում։
Չասէք, որ թաքցնում եմ։
—————————–
Սեպէոս համաստեղութեան երկրային առաջին պատկերը
Նկար – Մովսէս Նաճարեան – Ապարան, Արագած, Դալին, Աշտարակ
Մովսէս Նաճարեան