Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 23 – Մովսէս Նաճարեան

Մովսէս Նաճարեան –Սասունի լեռների քարտէսը որպէս Բ տառ

Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 23 – Մովսէս Նաճարեան

28 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մովսէս Նաճարեան

Մեր զարմանալի բառերը –

Յօդուածաշար, շարունակութիւն 23

Քանի որ գտնւում ենք այսպէս կոչուած “Նոր Տարուայ” նախաշեմին՝ ներկայացնենք մի կարեւորագոյն բառ, որը առնչւում է հենց նոր տարուան առաջին օրուան, եւ հիմքն է բոլո՜ր օրացոյցների։

Խիստ զգուշացում։

Նախ պէտք չէ նոյնացնել Նոր Տարին ու Ամանորը։ Մէկը միւսից ուղիղ 180 աստիճան (կէս տարի) հեռու են գտնւում եւ ժամանակաչափութեան երկու հանդիպակաց բեւեռներն են։

Երկրորդ, ով որ չգիտի “Կաղանդ” բառը, դրա լեզուաբանական ծագումնաբանութիւնն ու ճշգրիտ բացատրութիւնը՝ թող հեռու մնայ տօմարով զբաղուելուց, կարեւոր չէ, թէ ակադեմիկոս է, աստղաֆիզիկոս է, աստղագէտ է, լեզուաբան է, “քուրմ” է, հոգեւորական է, ազգագրագէտ է թէ հենց տօմարագէտ։

Մօտ 16 տարի համբերել եմ, հանրութեան չեմ ներկայացրել իմ վերականգնած հայ քրմական հնագոյն տօմարն ու օրացոյցը՝ յարգելով սոյն գործով զբաղուող ընկերներին, որոնց տեղեակ եմ պահել եւ ցոյց եմ տուել իմ աշխատանքի արդիւնքն ու լեզուաբանական հիմքերը՝ սակայն նրանք իրենց էշից չեն իջել, քանի որ “մի անգամ էշին նստելն է ամօթ՝ մէկ էլ նրանից իջնելը”։ Պատկերաւոր ասած՝ նրանք տարիներով իրենց սխալ ու չհիմնաւորուած գործերով իրենք-իրենց վրայ թուղթ ու գիր են արել, ու չեն կարող իրենց գրածները ջրել։

Կը ներէք, որ շատ խիստ եմ այս հարցում։ Որովհետեւ դա կապ ունի մեր ամբողջ անցեալի սրբութիւնների, գիտութեան, պատմութեան, ժամանակագրութեան, ազգային սովորութիւնների եւ նիստ ու կացի հետ, եւ դարաւոր բոլոր խախտումներն ու շեղումները այս բնագաւառում՝ մեզ վերածել են շփոթուած մի հանրութեան։

“Կաղանդ” բառը առհասարակ գիտեն արեւմտահայերը, որոնք նոր տարուայ գիշերն ու յաջորդ օրը այդպէս են կոչում, սակայն դա այսօր մեզ հրամցուած Դեկտեմբեր 31-ի գիշերն ու Յունուարի 1-ը չէ, ոչ էլ արեւմտեան աշխահում ընդունուած Դեկտեմբերի 25-ի “Ծննդեան օր”-ն է։

Բառի ստոյգ կառուցուածքն է “կ+աղանդ”, որից “աղանդ”-ը ի հարկէ պահպանուած է մեր լեզւում, ինչպէս նոր տարուայ սեղանին դրուող նոյնարմատ “աղանդեր”-ում, նաեւ բոլորիս ծանօթ “աղանդաւոր”-ի հիմքում է, սակայն մթագնած է դրա իսկական իմաստն ու բովանդակութիւնը։

Այսօր հայերէնը անզօր է ինքնուրոյնաբար բանալու “աղանդ”-ի իսկութիւնը, ուստի պիտի դիմենք մեզ հեռու-մօտիկ լեզուների օգնութեան։

Բազմիցս ասել եմ ու կը կրկնեմ, որ մեր բառերը երբ արտահանուել են՝ ձայնաւորով սկսուող բառի առջեւից սղուել է ձայնաւորը, ինչպէս “Արայ”-ն Եգիպտոսում դարձել է “Ռա(յ)”, “Արամ”-ը Հնդկաստանում դարձել է “Ռամա”, եւայլն։

Ուրեմն “աղանդ”-ը այլ լեզուներում պիտի որոնենք “ղանդ” ձեւի մէջ, որի “ղ” տառը կրկին անգամ ասեմ, որ այլ լեզուներում տառադարձուել է “լ”-ի, ինչպէս “Ղեւոնդ”-ը՝ “Լեւոնդ”, “Լիոնիդ” կամ “Լիոնիդես” եւայլն, մինչդեռ մեր “լ” տառը դարձել է կրկնակի՝ “լ+լ”։
Ստացուեց՝ “ԼԱՆԴ”, որը անգլերէնում գրւում է “Land”, եւ հասկացւում է “հող”, ինչպէս England, Scotland, Iceland-ի պարագաներում եւայլն:

Մեր մատենագրութեան մէջ հանդիպում ենք այսպիսի խօսքի, “Անաղանդ հաւատք”, որը մնացել է անբացատրելի, սակայն արդէն պարզ է մեր համար, որ ասել կ՛ուզի՝ “Անհող հաւատք”, այսինքն “անհիմն հաւատք”։

Մի օրինակ բերենք տեղանուններից։

Հեռաւոր կենտրոնական Ասիայի “Սամարղանդ” քաղաքանունը միջնադարում կոչուել է “Մարաղանդ”, ինչը պահպանել է հենց հայերէնի “աղանդ” բառաձեւը, եւ ամբողջութեան մէջ նշանակում է “Մարերի հող” կամ քաղաք։ Վերջինիս զուգահեռն է ԱՄՆ-ի նահանգներից մէկի անունը՝ “Maryland”-ը։

Իսկ “աղանդաւոր” բառը ցոյց է տալիս, որ նրանք հող-նիւթի պաշտողներ են, մատերիալիստներ են։

Հիմա տեսնենք թէ “կ”-ով ներկայացող “աղանդ”-ը ինչ է ներկայացնում։

“Կ” տառը Հայոց Այբուբենում կոչւում է “Կեն”, որից ունենք “կենալ”-“ապրել” բայը, իսկ մենք “կենաց” ենք խմում, այսինքն տուեալ անձին երկար ու առողջ “կեանք” ենք բարեմաղթում։

Իսկ “կենաք”-ը ինքնին ենթադրում է շարժում, աճ, զարգացում, առաջընթաց, որոնք կարելի է “պարուրաձեւ պտոյտ” կամ “ցիկլ” բառով արտայայտել։ Եւ քանի որ “կ” տառը դրուած է “կաղանդ”-ի բառասկզբում՝ ուստի “կաղանդ”-ը բովանդակում է “հող-աղանդի ցիկլի սկիզբը” իմաստը։

Նկատի ունենալ, որ այսօր համաշխարհայնօրէն “օրացոյց” հասկացողութեան հիմքն է մեր Կաղանդ բառը՝ որից էլ “կալենդար”-ը։

Ե՞րբ է հողը սկսում աշխատել։ Երբ Ձմռան սառոյցներն սկսկում են հալչել։

Մեր պապերը ո՞նց են կողմնորշուել, ո՞նց են իմացել Ձմռան աւարտն ու Գարնան սկիզբը։

Աւանդութեամբ մեզ է հասել մի հաստատուն տօնակատարութիւն, որը կոչւում է Տերնտես, երբ երիտասարդները խարոյկներ են վառում ու վրայից թռչկոտում։ Սա դարեր շարունակ անխափան կատարուել ու կատարւում է Փետրուարի 13-ի երեկոյեան։ Ինչքան էլ որ փոխուել են պաշտամունքի ենթակաները, տօմարները, օրացոյցներն ու ամսանունները՝ Տերնտեսի օրը մնացել է անսասան։

Տերնտեսը կապ չունի “Տէրը տեսնելու” կամ “Տիրոջն ընդառաջ” գնալու հետ, որովհետեւ այնտեղ “Տեր”-ը գրուել է “ե”-ով, մինչդեռ Քրիստոսի մակդիր “Տէր”-ը, եւ առհասարակ “Տէր նախարարները” գրուել են “է”-ով”, որը ածանցման կամ բարդութեան ժամանակ փոխւում է “ի” ձայնաւորին, ինչպէս “Տիրոջ” ձեւում։

Այս ուղղագրութեամբ “տեր”-ը նոյնպէս նշանակում է “շրջապտոյտ”-“ցիկլ”, որից անգլ․ Tyre-անիւը պտտուող, ապա եւ զբօսաշրջիկ-տուրիստը, եւայլն։ Նոյն խորհուրդն է կրում հնդկական պաշտամունքային անիւը։

Հետեւաբար “Տերնտես” նշանակում է “ցիկլը տեսնել”, ինչը վերաբերւում է հողի ցիկլին, հողի կենսունակութեան սկսելուն։

Տերնտեսը մեզ աւետիս է բերում, որ շուտով Գարունը բացուելու է, ինչը իրականանում է Տերնտեսից 6 օր յետոյ, Փետրուարի 19-ին, որը հենց Նոր Տարուայ առաջին օրն է, Կաղանդն է։

Այդ միջանկեալ վեց օրերը նախատօնական օրեր են, երբ մարդիկ ծոմ են պահել, մաքրուել են ֆիզիկապէս եւ հոգեպէս, որպէսզի նոր տարին դիմաւորեն մաքրուած մարմնով ու հոգով, քաջառողջ վիճակում, պատրաստ հողի մշակութեան եւ այլ գործերի։ Ծոմի ընթացքում ամբոջովին արգելւում էր ուտելն ու խմելը, ջուր խմելը։

Կաղանդի սեղանին հենց դրել են աղանդերներ, այսինքն հողի պարգեւած մշակուած սերմեր, աղանձ, ընկոյզ, պնդուկ, չրեղէն, եւ ոչ երբէք կենդանական ծագումով ուտեստներ, մսեղէն, որովհետեւ ծոմապահութիւնից նոր էին դուրս եկել, ու չէր կարելի միանգամից ծանրաբեռնել ստամոքսը, յատկապէս, որ Կաղանդի օրից մտնելու էին պահեցողութեան շրջան, որը կոչւում է Յիսնեակի պահք, եւ որի ընթացքում թուլատրւում է սնուել միայն բուսական ուտեստներով։

Ծոմապահութեան վառ օրինակ է օձի 10-օրեայ ինքնամեկուսացումը, երբ նա ոլորւում է ինքն իր շուրջ, ոչ սնւում է ոչ էլ ջուր խմում, եւ 11-րդ օրը դուրս է գալիս իր որջից նորոգուած տեսողութեամբ, նոր ժանիքներով, ու սողում է սրածայր քարերի վրայով, որպէսզի հին մաշկը քերծուի ու թափուի, քանի որ դրա տակ արդէն առաջացել է նոր մաշկը։

Սովորէք կենդանիներից, եթէ մոռացել էք մեր պապերի անգերազանցելի աւանդոյթները։

Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail