Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 36 – Մովսէս Նաճարեան
16 ՅՈՒՆԻՍ 2022 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 36
Ի՞նչն է կարեւորը մարդու կեանքում։ Շատ փողը, նիւթական հարստութի՞ւնը՝ թէ գիտելիքներն ու աստուածահաճոյ բարոյական վարքագիծը։
Այսօր շատերը պիտի ասեն․ “Փողն է որոշում ամեն բան, ինչը փաստացի իրականութիւն է, ուստի յիմարութիւն է գիտութիւնից ու առաւել եւս կրօնական բարոյագիտութիւնից խօսալը, յատկապէս, որ ԿԵԱՆՔԸ ՄԻ ԱՆԳԱՄ Է ՏՐՒՈՒՄ, դրա համար էլ հարկաւոր է անխտիր բոլոր հնարաւոր միջոցներին դիմելով հարստանալ, եւ լիարժէքօրէն օգտուել այս կարճատեւ կեանքի ընծայած բարիքներից”։
Այս կեղծ տեսութեամբ առաջնորդուելով, յանուն փողի, հարստութեան եւ նիւթական -մարմնական վայելքների՝ մեծամասնութեամբ դարձել ենք կողոպտիչներ, ստախօսներ, իրար կեղեքողներ, նոյնիսկ մարդասպաններ, որովհետեւ ստեղծուած ներկայ պայմաններում՝ մաքուր աշխատանքով ու քրտինքով ունեցուածք վաստակելը ոչ մէկին չի կարող հարստացնել, էլ չենք ասում, կեանքի առաջնահերթ կարիքները ապահովել։
Ահա այս է իրողութիւնը, որի մէջ ապրում է համայն մարդկութիւնը։ Ամենամեծից մինչեւ ամենափոքր իշխանաւորներն ու պաշտօնեաները՝ լծուած են անձնական հարստութիւն կուտակելու, ի հարկէ ուրիշների աշխատանքի հաշուին։ Հայ իրականութիւնը ոչնչով չի տարբերւում ընդհանուրից։ Եւ ուզում ենք երկի՞ր կառուցել, սերո՞ւնդ դաստիարակել, ուզում ենք մեր պատմական իրաւունքնե՞րը վերականգնել, նոյնիսկ ՀԱ՞Յ կոչուել։
Ի՞նչ կ՛ասէք։ Ո՞ւր ենք գնում եւ ինչի՞ կը հասնենք այս մտածողութեամբ։ Մեր պապերը ի՞նչ ուղեցոյց են տուել մեզ։
Երեւի տեսած կը լինէք պարանի վրայ քայլող “լարախաղաց” դարձած փահլեւանին, ջամբազին։
Ահաւոր է։ Երբ “լարախաղաց” է ասւում, անմիջապէս մարդու մտքում պատկերւում է “երկու լարի վրայ խաղացող” մի փոփոխունակ, լպրծուն կամ առնուազն անվստահելի մարդ։
Սա կրկեսային մի “ներկայացում” չի եղել անցեալում, ոչ էլ պատահական ճանապարհների եզրին ներկայացուող ակնահաճոյ զուարճալի մի “խաղ”, այլ հնում եղել է ազգային Նաւասարդեան տօնակատարութիւններում, ապա եւ կրօնական մեծ տօնական օրերում, ինչպէս Զատկին՝ վանքերին կից բակում ներկայացուած սրբագործուած կարեւոր մի բեմադրութիւն։
Լարախաղացն ու նրա օգնականը՝ նրանց ներկայացումն ու հանդերձանքները, ունեցել են ծիսական ու խորհրդապաշտական խորութիւն, եւ դաստիարակչական նպատակ: Դրանք անմիջականօրէն կապ ունեն այբուբենի տառերի կառուցուածքային հիմնական 16 մասնիկների ու խորհուրդների հետ: Դրանցից են շեշտը, բութը, մեծ բութն ու ուղղահայեաց գիծը։ Տես՝ գծ․ “20”-ը։
Շեշտը հայրական կենսատու սերմն է, սովորական բութը մայրական արգանդում սաղմի կազմաւորման ժամանակամիջոցն է, իսկ մեծ բութը ծնունդից մինչեւ պատանեկութիւն երկարող հատուածն է, երբ անձը դեռեւս յենարանի կարիքն ունի, եւ օգտւում է ծնողների եւ շրջապատի աջակցութիւնից։ Իսկ ուղղահայեաց գիծը հասունացած անձն է։
Լարախաղացի լարն ամրացնող եւ իրար կապուած շեղ ցիցերից մէկը շեշտն է, միւսը բութը, նաեւ դրանք էութեան գոյութիւնն ապահովող չորս տարերքներն են: Հորիզոնական ձիգ պարանը՝ հասուն անձին երկրի վրայ գործելու համար տրուած կեանքի տեւողութեան ժամանակամիջոցն է (1), որը պէտք է անցնել արեւմուտքից դէպի արեւելք (դէպի լոյս եւ արարում):
Այբուբենում պարան-ժամանակամիջոցը արտայայտւում է կցորդող հորիզոնական գծիկներով (գծ. «21»-ում սլաքներով նշուած), որոնք հասունացման տարբեր պարբերաշրջանների տեւողութիւններն են, երաժշտական լեզուով՝ «ինտերվալները», գրաբարով՝ «ամանակ»-ները:
Մինչեւ ասպարէզ դուրս գալը՝ փահլեւանը(2) գետնի վրայ է, եւ «ոչինչ» է (3):
Ասպարէզ դուրս գալու համար նա մագլցում է շեղադիր պարանով՝ մեծ բութով, ցոյց տալով ծննդից ու անչափահասութիւնից հասունութեան եւ ինքնագործունէութեան անցման ուղին ու խորհուրդը:
Նրա «օգնական» ծաղրածուն՝ ոչնչութեան եւ անգիտակցութեան մէջ մոլորուած անձն է (4), որը չի՛ արժանացել մարմնաւորուելու կամ կեանք մտնելու որպէս ՄԱՐԴ:
Նա փորձում է հետեւել լարախաղացին՝ բայց ընկնում է առաջի՛ն իսկ քայլից, որովհետեւ դեռեւս չի գիտակցել իր անելիքը լոյս աշխարհում (օրինակ՝ մօր արգանդում մահացող կազմաւորուած սաղմը, մահացող նորածինը, մանուկը): Նա ստիպուած է ողորմութիւն խնդրել ներկաներից (իրականում երկնային հրեշտակներից)՝ մտաւոր-հոգեւոր տհասութիւնից դուրս գալու համար, նաեւ խնդրել Աստուծոյ ողորմածութիւնը՝ վերստին մա՛րդ ծնուելու համար:
Պարանի արեւմտեան ծայրին կանգնած փահլեւանը (ուղղահայեաց գիծ) հասունացած ու գործելու պատրաստ մարդն է: Նրա ձեռքի հաւասարակշռման գաւազանը (գլխի-ուղեղի աւազանը) խորհրդանշում է այն նժարը՝ որով կշռադատում է (վերուվար է անում) ու գործում է իր կեանքի ընթացքում:
Փահլեւան-անձի կեանքի ընթացքը պարանի վրայ ունի նաեւ շրջադարձային ուղղութիւն՝ ծերութիւն/իմաստութիւն, պառաւութիւն (երբ յենակով է շարժւում), մահ՝ եւ կրկին «ոչինչ»:
Այսպիսով փակւում է կեանքի շրջապտոյտը, սկիզբ տալով նոր մի պարբերաշրջանի ու նոր կեանքի՝ տարբեր մի հարթութեան վրայ:
Հետեւում է, որ “կեանքը մի անգամ չի տրւում”, կայ հաշուետւութիւն արածի ու չարածի համար, կայ վերածնունդ, նոյնիսկ յարութիւն։
Եթէ էակն իր կեանքի ընթացքում ձգտի կամ թեքուի դէպի աջ կամ ձախ՝ դատապարտուած կը լինի ընկնել-մեռնելու: Այսինքն նա իրաւունք չունի միայն հոգեւոր-մտաւոր եւ կամ միայն նիւթապաշտ լինելու: Երկուսն էլ մահացու են:
Քանզի «աջ»-ը հոգեւոր-մտաւոր ոլորտն է, իսկ «ձախ»-ը ֆիզիկական, նիւթականը (սրանով ակնարկում ենք նաեւ աջլիկներին ու ձախլիկներին): Առակս ցուցանէ, որ երկիր մոլորակի երկբնոյթ իրականութեան պայմաններում՝ անձը պէտք է կարողանայ հաւասարակշռել իր կենսագործունէութիւնը, յատկապէս թռիչքնե՛ր կատարելու պահերին (նիւթական, հոգեւոր թէ գիտական թռիչք): Այսինքն, նիւթականը իր տեղն ունի, հոգեւոր-մտաւորը՝ իրենը։ Չի կարելի անտեսել երկուսից որեւէ մէկի գոյութիւնը։ Ահա թէ ուր ենք սայթաքել։
Գորգերի վրայ հանդիպում ենք «փահլեւան»-ի (ու խաչի) խորհրդին (գծ. «22»)՝ սակայն խորհրդանշական մի փոքր այլ իմաստաւորումով, կապուած լարն ամրացնող երկու յենարանների հետ:
Ինչպէս տեսանք թուերի մեկնաբանութիւններում, գծ. «23»-ը «եօթ թիւ»-ն է (այբուբենում “Ա”-ն է), որի մէջ կայ նաեւ «երկինք» գաղափարը: Իսկ գծ. «24»-ն ունի «երկիր» իմաստը (այբուբենում “Ո”-ն է): Ուստի լարախաղացի լարը մի կողմից ամրացուած է երկնքին՝ միւս կողմից էլ երկրին: Հետեւաբար լարախաղացը գտնւում է երկրի եւ երկնքի միջեւ: Նա կա՛մ հասնելու է աստուածային բարձունքին՝ կամ էլ գլորուելու է երկրի անդունդները:
Շնորհակալութիւն ձեզ, ժամանակ տրամադրելու համար։
————————-
(1) Համեմատել հէքիաթներում «կեանքի կծիկը» քանդող պառաւի պատմութեան հետ:
(2) Փահլեւան բառը առաջացել է “Պահլ”, “Պահլաւունի” նախարարական տան անունից, որոնք մեր Պարթեւական տօհմի ներկայացուցիչներն են։ Յիշէք մեր երկու Տրդատ Պարթեւ թագաւորներին, որոնք Հռոմում Ողիմպիական մրցոյթներում յաղթանակներ են տարել։
(3) Նախ իր հօր մէջ է՝ ապա մօր արգանդում է:
(4) Հոգին «քաւարանում»՝ ինչը պէտք է հասկանալ նաեւ անգիտակից կենդանական կեանքը:
Մովսէս Նաճարեան