Մովսէս Նաճարեան – ԱՐԱՅ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ ԱՐԱՀԵՏ, ՃԱՆԱՊԱՐՀ, ՌԱՀՎԻՐԱՅ եւ ԱՐՕՐ

28 ՅՈՒԼԻՍ 2016

Այստեղ պիտի անդրադառնանք Հայոց հին աստուածներից Արային:

Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:


Թէ ինչ է նշանակում Արայ բառը, նրանից ինչեր են բխել, աշխարհի որ ծայրերը է հասել Արայի համբաւն ու իշխանութիւնը, եւայլն:

Սփիւռքահայերը Արայ են դնում իրենց որդիների անունը՝ եւ այդպէս էլ կոչում են: Բայց Հայաստանում դժբախտաբար մարդիկ խուսափում են այդ անունից՝ որովհետեւ եթէ դնեն, ապա երեխուն պիտի կոչեն Արայիկ եւ ոչ թէ Արայ, որովհետեւ մարդուն Արա ասելը ամօթ է ու անարգական:

Բայց երբ այդ մարդը հասնում է ծերութեան, եւ շարունակւում է կոչուել Արայիկ՝ ինչպէս Արայիկ Շիրազ, սա արդէն ծիծաղելի է, որովհետեւ նա փոքրիկ չի, Արայիկ չի այլեւս, սակայն այդպէս են դիմում նրան մինչեւ մահ:

Ինչի՞ց է գալիս այս երեւոյթը:

Հայաստանի Հանրապետութեան սահմաններում իրար վիրաւորելու համար «արայ»-ով են դիմում, «Արա՛յ, ո՞վ ես, ի՞նչ ես անում Արա՛յ» ասելով, եւայլն:

Այսքան գռեհկացնելը Արայ աստուածութեանն ու Արայ կոչուած հայորդիներին՝ հայուն վայել չի, ու հայուն պատիւ չի բերում: Երբ մի դպրոցականի հարցրի թէ ինչո՞ւ «Արայով» են դիմում դիմացինին՝ նա ասաց. «Ընդհանրապէս մի անծանօթի դիմելու ձեւ է՝ եւ ո՛չ թէ անարգանքի»:

Գովելի էր դպրոցականի պատասխանը, բայց իրականութեան չէր համապատասխանում:

Հիմա տեսնենք թէ ո՞վ է Արան:

Ի հարկէ Արայ աստուածութիւնը Արայ գեղեցիկից չի առաջացել, որվհետեւ նա Արայ կոչուած հերթական մի անձ է եղել, եւ յարութիւն չի առել: Մինչդեռ Արայ աստուածութիւնը մեռնող ու յարութիւն առնող աստուածութիւն է եղել:

Եթէ լեզուաբանականօրէն մօտենանք խնդրին՝ կը տեսնենք որ Արան Եգիպտական աստուածութիւնների շարքում դարձել է Ռա:
Ոմանք կարծում են թէ Ռա-ն շուռ տուած Ար-ն է, մինչդեռ տառադարձութեան օրինաչափութեամբ՝ Արայի առաջին «ա»-ն ընկել է, եւ մնացել է «Ռա»: Արաբները այսօր էլ Ռա աստուածութեան անունը «Ռայ» են հնչեցնում: Որովհետեւ Արայ անուան վերջաւորութեան կայ «յ» տառ, որ 1/4-րդ չափի նշան է եւ չի հնչում հայերէնում՝ մինչեւ որ բառը բարդուի կամ ածանցուի, ինչպէս երբ Արայեան Արայ ենք ասում:

Այստեղ պատմական արժէք ու ճանաչողութիւն ունեցող մի միջամտութիւն անենք, եւ ասենք որ Արայեան Արան Արայ Գեղեցիկի որդին է եղել, որի բուն անունը Կարդոս է եղել ըստ Խորենացու, եւ նա Արայեան Կարդոս է կոչուել՝ նոյնպէս եւ Արի Կարդոս: Սրանից էլ առաջացել է արեւմտեան երկրներում յաճախ օգտագործուող Ռիկարդոս-ը, Ռիչըրդը, Ռէշառը՝ որպէս Արի Կարդոս:

Վերադառնանք Արային:

Եգիպտագէտներն ասում են թէ Ռա-ն արեւի աստուածն է՝ բայց սա իրականութեան չի համապատասխանում, որովհետեւ Եգիպտական պատկերներում Ռա-ն ներկայացուել է արեւի սկաւառակով, որի երկրահայեաց ներքեւի կողմում միայն ճառագայթներ են գծել, եւ ո՛չ թէ ամբողջ շրջագիծի վրայ, շեշտելու համար Ռայի «ճառագայթ» լինելը: Եթէ նա արեւը լինէր՝ արեւի ամբողջ շրջագծին պիտի դնէին ճառագայթներ:

Հիմա հաստատենք մեր տեսակէտը:

Տառադարձելով Արայ-ն անգլերէնի՝ կ՛ունենանք «R+a+y» ուղղագրութեամբ «Ռէյ» հնչող բառը, որ ճառագայթ է նշանակում: Այդ լեզւում «յ»-ն հնչեցուել են:

Բայց ճառագայթը կարող է լինել արեւի, լոյսի, նոյնիսկ Աստուծոյ ճառագայթ:

Նոյնպէս եթէ մի կլորի մէջ գիծ քաշենք՝ երկրաչափութեան լեզուով կը կոչուի ճառագայթ, այս անգամ որպէս նիւթականացուած ճառագայթ:

Եւրոպական լեզուներում «Ռէյ-Ռայ»-ից առաջացել է «Ռայոն» բառը, անգլերէնում region-ը, որը հայերէնում կոչւում է շրջան կամ արուարձան:

Այդ Ռայօն-արուարձանը անպայման բխած պիտի լինի մի կենտրոնից, ասենք մի քաղաքի, եւ կարող է ծաւալուել այդ քաղաքից դուրս, կարծես նրա ճառագայթը լինի:

Ռէյ/ Ռայ-ն ունի իր զոյգը:

Այդ զոյգը պահպանուել է արեւելահայոց մօտ: Այնտեղ Արայ անունը կրողին «Արայիկ»-ից զատ կանչում են նաեւ Արօյ ձեւով, ինչպէս Սագոյ, Կարօյ, Անդօյ եւայլն:

Սա պարզապէս մի պատահականութիւն կամ ժողովրդական փաղաքշական ձեւ չի, այլ բխում է «այ» երկբարբառի զոյգից՝ որ «օյ» է, բայց հնչում է «Օ», որովհետեւ այստեղ էլ «յ»-ն 1/4-րդ չափի նշան է պարզապէս:

Բայց եւրոպական լեզուներում Արօյ-ն դարձել է Roy` «Ա»-ի անկումով ու «յ»-ն հնչեցնելու նրանց հակումով:

Բայց ե՞րբ «այ»-ը «օյ» է դառնում՝ «օ» հնչիւնով, եւ ինչու:

Գրաբարեան գրականութիւնից յայտնի է, որ «աւ» երկբարբառը «օ» է հնչում, ինչպէս «Աւր» են գրել ու կարդացել են «Օր»:
Ուրեմն «այ»-ը «օյ»-ի վերածուելու համար՝ «ա» եւ «յ» տառերի միջեւ յայտնուել է չգրուող «ւ»-ը, որ միանալով «ա» տառին՝ դարձել է «օ»:

Հայոց այբուբենի «ւ»-ը պատկերում է բումերանգը, որ հոգու մարմնաւորուած պատկերն է:

Այս կարեւոր տուեալից հետեւում է, որ Արօյ դարձած Արան ոչ թէ ճառագայթ է նշանակում՝ այլ շնչաւոր էակ, որը Արեւի որդի է, Լոյսի որդի է, Աստուծոյ որդի է:

Եւրոպական լեզուներում Roy-ից է բխում Royal-ը՝ որ «արքայական» է նշակում, իսկ Roy-ը ֆրանսերէնում դարձել է Roi` «թագաւոր» իմաստով, քանի որ հին ժամանակների արքայական ընտանիքի անդամների եւ թագաւորների ծագումը եղել է Աստուծոյ որդիներից:

Մի քիչ էլ պիտի ցաւացնեմ ձեր գլուխները, դրա համար ձեր ներողամտութիւնն եմ խնդրեմ:
Ներկայացնենք նոյն հիմքով կառուցուած մի քանի հայերէն բառեր:

Արահետ, Ճանապարհ, Ռահվիրայ եւ նոյնիսկ Արօր

Քանի որ ճառագայթ իմաստով Արայ բառը երկրաչափութեան մէջ մի գծով է ներկայանում՝ ապա այդ պատկերի առնմանութեամբ հայերէնում ստեղծուել են մի շարք բառեր, ինչպէս յիշատակուածները:

Երբ արահետ ենք ասում՝ պարզ է դառնում որ սկզբի «արա»-ն ճառագայթն է, իսկ «հետ»-ը հետք բառի եզակին է, ուստի «արահետ»-ը «Արայ-ճառագայթ»-ի թողած հետք»-ն է:

Սա ամենադիւրին բացատրելին էր:
Տեսնենք թէ «ճանապարհ»-ը ինչ խորհուրդ ունի:
Կան մարդիկ, որոնք կարծում են թէ «ճանապարհ»-ի վերջին «հ»-ն աւելորդ ու դժուար հնչուող մի տառ է, եւ բառի ուղղագրութեան միջից պէտք է հանել այն:
Մենք կողմնակից չենք այդ տեսակէտին:
Ինչո՞ւ: Հիմա կը տեսնենք:

«Ճանապարհ» բառում առաջին արմատ «ճան»-ը արեւելահայերին ծանօթ մի բառ է: Արեւմտահայերի թրքախօս հատուածում «Ճան»-ի տեղ օգտագործել են «աշշըխ» բառը, որ ոսկորի այն կտորն է, որը երկու երկար ոսկորները իրար կապող գլխաւոր մասնիկ է, ինչպէս ծունկի կամ արմուկի մէջ:

Նոյնիսկ իմ տարեկիցներս մեր մանուկ հասակին այդ «ճան»-ով կամ «աշշըխ»-ով խաղացել ենք: Հայաստանում այսօր էլ գիտեն այդ խաղը:

Հայերէնի «ճան»-ը անգլերէնի «chain»-«չէյն» բառն է՝ որ շղթայ կամ օղակ է նշանակում: Այդ լեզւում «chain up»-«չէյն ապ» արտայատութիւնը մեր «ճանապարհ» բառի «ճանապ»-ն է, որն «օղակել կամ շղթայել» իմաստն ունի՝ ինչ որ բաներ իրար օղակելու կամ կապելու խորհուրդով:

Թէ իրարու ի՞նչ է կապում ճանապարհը՝ դրուած է վերջին «արհ» մասում:
Այս «արհ»-ը իրականութեան մէջ «Արահետ» բառի խտացուած ձեւն է, ուստի «արհ»-ի վերջին «հ»-ն «հետք»-ն է՝ եւ իրաւունք չունենք այն ջնջելու:

Ուրեմն «ճանապարհ»-ը «արահետ»-ներու շղթայ է՝ իրարու օղակուած կամ կապուած:

Հին ժամանակներում եւ հիմա էլ երկար ճանապարհների վրայ եղել են ու կան հանգոյցներ՝ ինչպէս հանգստեան կայաններ, կարավանատներ, խանութներ, կրպակներ, կամ հիւրանոցներ՝ որպէսզի ճամբորդները սնուեն, հանգստանան, նոյնիսկ գիշերելու հնարաւորութիւն ունենան:

Ամէն մի այդպիսի հանգոյց «ճան» է կոչուել՝ ուստի կարիք չկայ «ջէ»-ով «ջան»-ի փոխելու այդպիսի տեղերու անունները, ինչպէս «Դիլիջան»-ը:

Հիմա արդէն կարող էք գուշակել՝ թէ «Ռահվիրայ»-ի մէջ «Արայի» առաջին «ա»-ն ինկել է, եւ քանի որ հայերէնում չունինք «րէ»-ով սկսուող բառեր բացի «րոպէ» բառից՝ ուրեմն «րայի» «ր»-ն փոխարինուել է «ռ»-ով»: Հետեւաբար «ռահվիրայի» առաջին արմատը «ռա»-ն է՝ Եգիպտական Ռա-ի նման, իսկ «Ռահ»-ի «հ»-ն «հետք»-ն է: «Վիրա»-ի «Վիր»-ն էլ «վէրք»-ի եզակին է՝ ուստի եւ «Ռահվիրայ»-ն բնութեան երեսին կարծես վէրք բացող մի անձ լինի:

Հետեւաբար «ռահվիրայ»-ն «ճամբայ բացող անձ»-ն է:
Սոյն «Ռահ»-ը աւանդուել է արաբերէնում որպէս մի բայ՝ «գնաց» իմաստով, որից «ռահհալ»-ը՝ «ճանապարհորդ» իմաստով:
Վերջապէս ի՞նչ կապ ունի «Արօր»-ը Արայ-Արօյի հետ:
Արօրը այն գործիքն է՝ որ ցանելու ենթակայ «ճառագայթ»-ներ է բացում հողի երեսին: Ուստի բառի սկզբնական կառուցուածք պէտք է լինէր «Արայ+ար» կամ «Արօյ+ար», ուր վերջին «ար»-ը «արարել» բայն է՝ որից մնացել է «ր» տառը միայն:

Ամփոփենք:

Ճառագայթը կամ լոյսը չի մեռնում՝ բայց կարողանում է այլ կերպարանք ստանալ, մի ուրիշ նիւթի վերածուելով, որպէսզի յետոյ կրկին անգամ լոյսի փոխակերպուի: Այս սկզբունքն է դրուել ֆիզիկայի հիմքերում՝ ուր ասւում է. «Ոչ մի բան չի՛ կորում՝ այլ փոխւում է մի ուրիշ բանի»: Նոյնն է մարդու ծննդեան եւ մահուան պարագան՝ եւ դրա համար էլ մահացած մարդու հասցէին ասում ենք Աստուած հոգին լուսաւորի, այսինքն թող մարդու հոգին տիեզերական լոյսի վերածուի՝ որպէսզի յետոյ կրկին անգամ մարմնաւորուի երկրի վրայ, եւ հասնի կատարելութեան: Սուրբ Մեսրոպ Մաշտոցն էլ ասում է. «Ինչ որ տեսանելի է մեզ՝ լոյսի մի մասնիկն է, իր տարբեր ձեւերում»:

Հետեւաբար Արան որպէս մեռնող եւ յարութիւն առնող աստուածութիւն՝ մարդկային մտապատկերին հարմարացուած մի իրողութիւն է պարզապէս: Իսկ Արօն Աստուծոյ որդի է նշանակում:
Այս ամբողջը հիմա մի կողմ դնենք՝ եւ անդրադառնանք Եգիպտական Ռա աստուածութեան իսկութեան:
Արեւի ճառագայթներով ներկայացող այս աստուածութեան անունը կարծում ենք թէ մեր ժամանակներին մօտիկ դարերում է կազմուել, Քրիստոսի ծննդից մի քանի դար առաջ, կամ նոյնիսկ Քրիստոսի ծննդեան թուականներին: Մինչդեռ սոյն աստուածութեան աւելի հին ու կարելի է ասել ամենահին բնութագիրը ոչ մի առնչութիւն չունի արեւի եւ նրա ճառագայթների հետ, նրա պաշտամունքի հետ՝ հետեւաբար եւ Ռա անուան հետ:

Թերթատենք Անգլիացի Samuel Henry Hooke-ի հեղինակած ,,Middle Eastern Mythology – From the Assyrians to the Hebrew,, գիրքը, որն առաջին անգամ լոյս է տեսել 1963 թուականին, երբ հեղինակը 89 տարեկան է եղել:
Այս մանրամասները ներկայացրինք՝ որպէսզի իմանաք թէ Եւրոպայի կամ Ամերիկայի հին գրողներն ու հետազոտողները աւելի ճիշդ նկարագրած են իրականութիւնը՝ քան թէ կը թելադրեն մեր օրերու պրպտողները:
Նա գրում է. ,,Side by side the cult of Osiris, and possibly more ancient in origin was the cult of Re the sun-god, round whom another cycle of myths collected. In the course of time, the two cults became closely interwoven,, : (Տուեալ գիրքը, էջ 66)

Թարգմանենք. ,,Կողք-կողքի Օսիրիսի պաշտամունքի հետ, եւ թերեւս աւելի հին ծագում է ունեցել Ռէ-ի պաշտամունքը, արեւ-աստծունը, որի շուրջ են թեւածում առասպելների այլեւայլ շարքեր: Ժամանակի հոլովոյթում երկուսի պաշտամունքները միահիւսուել են իրար… :
Եթէ նկատեցիք, Hooke-ը մեզի ծանօթ արեւ-աստծուն կոչել է Ռէ՝ եւ ոչ թէ Ռա:
Սա արդէն բոլորովին յեղափոխում է մեր մտապատկերը այդ նոյն աստուածութեան նկատմամբ:
Ինչո՞ւ: Մի՞թէ այդքան կարեւոր է մի ձայնաւոր տառի փոփոխութիւնը, պիտի ասէք:
Այո, շատ ու շա՜տ կարեւոր է: Դուք արդէն ծանօթ էք Ռա-Արայի ստուգաբանութեանն ու կրած իմաստաբանութեան՝ մինչդեռ Ռէ-ն բոլորովին մի այլ իրականութիւն է բացում մեր առաջ:

Քանզի ի զարմանս մեզ՝ եգիպտական Ռէ-ն աւանդուել է մեր հայ գրականութեան մէջ, ի հարկէ ձեւափոխուած ըստ լեզուաբանական որոշակի օրինաչափութեան:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցն իր Յաճախապատում Ճառք երկում նկարագրում է Աստուածային Սուրբ Երրորդութիւնը՝ եւ յիշատակում է նրա անդամները, առաջինը «Էն», երկրորդը «Կայ»-ն, եւ երրորդը «Էր»-ը:

«Էն»-ը Հայր Աստուածն է՝ իր ամբողջութեան մէջ, «Կայ»-ն Աստուծոյ Հոգին է, իսկ «Էր»-ը Աստուծոյ Որդին է:
Եգիպտական լեզուի աջից ձախ գրելու եւ կարդալու սկզբունքի հետեւանքով՝ «Էր»-ը շրջուելով դարձել է «Ռէ»:
Ուստի հնագոյն Եգիպտական «Ռէ» աստուածութիւնն ու նրա գործառոյթները պէտք է քննել Աստուծոյ Որդու էութեան ու գործունէութեան դիտանկիւնից:

Hooke-ի խօսքը, թէ ժամանակի ընթացքում Օսիրիսի ու Ռէ-ի պաշտամունքն ու նրանց մասին առասպելները միախառնուել են իրար՝ մենք բնական ենք համարում, որովհետեւ Աստուծոյ Որդին մի քանի անգամ յայտնուել է երկրի վրայ, եւ Օսիրիս անունը նրա հերթական այցելութիւններից մէկի ժամանակ կրած անուանումն է, ինչպէս վերջին գալստեան ժամանակ նա կոչուել է Յիսուս:
Մենք ի հարկէ առաւել ընդարձակ բացայայտումներ ունենք Օսիրիսի ինքնութեան ու գործունէութեան մասին, սակայն այդ մասին կը խօսենք այլ առիթով:

Յոյս ունենք որ մտքի մարզանք անել սիրողները կը հետեւեն մեր հերթական ելոյթներին:

Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail