11 Jul 2016 – Գաւազան, Մովսէս Անդրանիկի Նաճարեան, Նախորդը:
Ինչո՞ւ ենք անդրադառնում «Գաւազան» բառին՝ եւ կարեւորում դրա մեկնութիւնը:
Քանզի գաւազանն առնչւում է թէ՛ հոգեւոր եւ թէ՛ ֆիզիկանան իրականութիւնների: Գաւազան կրում են թէ՛ հոգեւոր հայրերը, թէ՛ թագաւորներն ու արքաները եւ թէ՛ սովորական հովիւները՝ ինչպէս եւ ծերունիները:
Ուստի իւրաքանչիւրի գաւազանն իր ձեւով ու կառուցուածքով պիտի տարբերուի միւսներից: Էլ չենք խօսում հրաշքներ գործող մոգական կամ կախարդական գաւազանների մասին:
Գաւազանն առնչւում է նաեւ բժշկագիտութեան՝ եւ նոյնիսկ դարձել է դեղագործների կամ դեղարանների խորհրդանշանը:
Անցնենք բառի ստուգաբանութեան:
Գաւազանը հայերէնի այն բառերից է՝ որի արմատներից մէկը արտայայտուել է միայն մի տառով: Այդ պատճառով էլ հնարաւոր չէ այն ստուգաբանել ընդունուած լեզուաբանական օրէնքներով՝ ինչպէս ասենք վանկային բաժանումներով, օրինակ «գաւ+ազ+ան» կամ «գաւ» գումարած «ա» յօդակապ, գումարած «զան», կամ էլ «գա+ւազ+ան» մասերով, որովհետեւ այս վանկերի հաղորդած իմաստները իրար կապելով՝ որեւէ պատշաճ խորհուրդ չենք ստանում, առաւել եւս՝ նրանք չեն յուշում գաւազանի պատկերը:
Մինչդեռ բառը բաժանելով «Գ» եւ «աւազան» մասերի՝ բացայայտւում է նրա խորհուրդն ու պատկերը ամբողջ խորութեամբ:
Քանզի «Գ» տառը ինքնին նշանակում է «գոյ» եւ «գլուխ»՝ ուր գոյը որեւէ շնչաւոր էակ է, որի գլխաւոր մասնիկն էլ գլուխն է:
Այսպիսով գաւազան բառն ՛ունենում է «Գոյի գլխի աւազան» իմաստաբանութիւնը, այլապէս դա շնչաւոր որեւէ էակի գլխի աւազանն է:
Պիտի ասէք՝ փայտից կամ որեւէ նիւթից սարքուած գաւազանը էական ի՞նչ առնչութիւն կարող է ունենալ շնչաւոր էակի հետ, եւ յատկապէս նրա գլխի հետ:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ասում է թէ մարդ արարածը որեւէ մի նիւթեղէն իր ստեղծելիս՝ որպէս պատճեն է վերցնում մարդու, կենդանու կամ բնութեան մի երեւոյթը, կամ նրանց որեւէ մասի պատկերը:
Այս սկզբունքով առաջնորդուելով բացայայտենք, թէ ի՞նչ կարող է լինել մի շնչաւոր էակի գլխի աւազանը՝ որպէս գաւազան:
Այստեղ մեր օգնականը տրամաբանութիւնն է:
1.Գլուխը կլորաւուն է եւ գաւազանի տեսք չունի՝ ուստի գլխի պատկերը չի՛ կարող գաւազան կոչուել:
2.Գլխի աւազանը սկզբունքօրէն տարածւում է մտածողութեան, տեսնելու, լսելու, հոտոտելու սնուելու եւ խօսելու ծիրից ներս, նաեւ մարմինը կառավարելու մէջ:
Բայց գլուխը ինչո՞վ է կառավարում այդ ամէնը՝ եթէ ոչ ուղեղով, որն ունի աւելի ընդարձակ գործունէութեան դաշտ՝ քան գլուխն առանձին վերցրած, քանզի նա ողնուղեղի միջոցով երկարում է մինչեւ մարդու ողնաշարի ծայրը՝ պոչուկը:
Ահա եւ ուրուագծուեց գաւազանի պատկերի առնչութիւնը մարդու կառուցուածքի հետ՝ մարմնաւորելով նրա գլուխն ուղեղի հետ՝ ամբողջ ողնաշարով: Տես՝ պատկեր «1»:
Պատկեր «1»
Եւ իսկապէս, թէ՛ արքաները եւ թէ՛ հոգեւորականները կրել են գլխիկով գաւազաններ՝ յատկանշելու համար տուեալ երկրի ժողովուրդի կամ հաւատացեալ հօտի գլխաւորը լինելու իրենց հանգամանքը, իսկ գաւազանի սիւնը կամ ողնաշարն էլ պատկերել է գլխաւորի ենթականերին:
Մեր մտքում ծագում է թերեւս տարօրինակ թուացող բայց տրամաբանական երկրորդ հարցը:
Եթէ ուղեղի աւազանի ստորին ծայրամասը մարդու պոչուկն է՝ ապա ո՞րն է ուղեղի աւազանի վերի՛ն ծայրամասը կամ սկիզբը:
Ուշադիր եղէք՝ որովհետեւ բժշկագիտութիւնն ու անատոմիան չունեն պատասխանը:
Ինչքան էլ զարմանալի է՝ հարցի պատասխանը գտնուեց հայ ժողովրդական ասացուածքներում:
Դրանցից մէկն ասում է. «Մարդը քիթի ծա՛կ ունի՛՛: Երկրորդն ասում է. «Մարդը հոտառութիւն ունի»՝ որով արեւելահայերը հասկնում են թէ տուեալ անձը «ֆահիմ» ունի, այսինքն կուռ եւ ճկուն մտածողութիւն ունի:
Նկատելով քթի եւ մտածող ուղեղի առնչութիւնը՝ անմիջապէս նկարեցի ուղղահայեաց մի գաւազան, որի վերի ծայրին ուրուագծեցի գլխի կողմնային կամ պրոֆիլային կորութիւնը, որն աւարտուեց կեռ քթի ծայրով: Պատկերացրէք մեր «Ր» տառը՝ որի վերի ծայրին մի կեռիկ աւելացուած լինի: Տես՝ Պատկեր «2»:
Պատկեր «2»
Յաջորդ պահին աներեւոյթ մէկը կարծես ինձ մխթեց՝ որ հեռուստացոյցը միացնեմ: Եւ ի՞նչ տեսնեմ որ լաւ լինի: Այդ օրերում Լատինական Ամերիկայում կայանալիք քրիստոնեայ եկեղեցիների համաշխարհային ժողովին հրաւիրուած մի հոգեւորական իջնում էր օդանաւից՝ եւ նրա ձեռքին կար գծագրածս գաւազանը: Ցաւօք չկարողացայ ճշդել այդ անձի պատկանելիութիւնը:
Ուրեմն սխալած չէի՛ իմ պատկերացումներում:
Այդ ձեւն ունեցող գաւազանը կրած պիտի լինեն յատկապէս բարձրակարգ վարդապետներն ու հին ժամանակների քրմերը՝ ի նշան նրանց մտաւոր-իմացական պատրաստուածութեան:
Հին Եգիպտական որմնանկարներում յաճախ տեսնում ենք գաւազանակիր անձանց՝ որոնց գաւազանը տարբերւում է մեր նկարագրածներից: Նրա վերին ծայրն աւարտւում է հայոց բութ նշանի կերպարանքով՝ եւ գլխի կորութեան բացակայութեամբ:
Պատկեր «3»
Առակս ի՞նչ է ցուցանում:
Ի տարբերութիւն մարդ արարածի՝ կենդանիների գլխուղեղը շատ փոքր է լինում, եւ գանգերնին էլ տափակ, որի պատճառով էլ դրանց առաջնորդող հովիւների գաւազանն էլ բութով է սկսւում, ինչպէս ոչխարի հովիւի գաւազանը:
Պիտի ասէք թէ այս մանրուքները մեզ ի՞նչ են տալիս:
Շա՜տ գիտելիքներ: Օրինակ սրանցով բացայայտւում է պատմական մի իրողութիւն, որը այդ որմնանկարների պատրաստման օրերում Եգիպտոսի իշխանաւորները իրենց ենթակայ մարդկանց անասուն են համարել՝ կամ էլ հնագոյն քրմական գիտելիքները արդէն ոչնչացուած են եղել:
Հիմա վերադառնանք քթին:
Այսպէս կոչուած քթի ծակը, կամ քթով շնչառութիւնն ու հոտառութիւնը ի՞նչ կապ ունեն մտածողութեան եւ ուղեղի գործունէութեան հետ:
Բժշկութեան մէջ յայտնի է մի հիւանդութիւն՝ որը կոչւում է «սրտի անբաւարարութիւն»:
Տարիներ շարունակ ես անձնապէս տասնեակ անգամներ ընկել եմ այդպիսի իրավիճակի մէջ՝ որի հետեւանքով էլ կորցրել եմ գիտակցութիւնս ու տապալուել: Երբ ուշքի են բերել ինձ՝ օդը չի հերիքել ինձ, ու ինչքան էլ բերանս լայն բանալով օդ եմ շնչել՝ չեմ հագեցել: Սրտի անբաւարարութիւն են կոչել երեւոյթը:
Սակայն բժշկական հետազօտութիւնը գրանցեց, որ սիրտս նորմալ վիճակ ունի՝ եւ բնականոն է աշխատում:
Հանելուկը ինքնուրոյնաբար լուծել եմ ՛՛գաւազան՛՛ բառի վերլուծումով:
Բանն այն է, որ երբ օդը քթով ենք ներշնչում՝ դա նախ գնում է ուղեղին, ու դրան է սնուցում՝ ապա անցնում է թոքերին: Եւ քանի որ ուղեղը շատ նուրբ եւ զգայուն կառոյց է՝ նրան պէտք է հասնի փոշիներից մաքրուած օդը, եւ քիթն իր մազմզուքներով ու լորձով կատարում է զտման կամ ֆիլտրացման այդ գործողութիւնը: Մինչդեռ երբ երկար ժամանակ միայն բերնով ենք շնչում՝ ուղեղը խեղճանում է, անձը գլխացաւեր է ունենում, եւ ուղեղը դադարում է նորմալ գործելուց, եւ ի վերջոյ մարդն ունենում է ուղեղի մթաքնում՝ մահուան դռանն հասնելով: Այդ ընթացքում սիրտն սկսում է ամէն ջանք թափել՝ որ մաքուր օդով հագեցած արիւն սրսկի ուղեղին, ու վերակենդանացնի այն, սակայն մի պահ էլ անզօր գտնուելով՝ ճաքում կամ պայթում է, ու անձն էլ մահանում: Այդ միջոցին սրտի հե՛ւքն է՝ որ բժիշկները կոչել են սրտի անբաւարարութիւն, մինչդեռ ինչպէս իմացաք՝ երեւոյթի բուն պատճառը սրտի՛ աշխատանքը չի, այլ քթի՛նն է:
Ուրեմն այդպիսի պարագաներում որպէս առաջին շտապ օգնութիւն՝ պէտք է մարդու ռունգերը վեր բարձրացնելով քթանցքը լայնացնել, որպէսզի օդը հասնի ուղեղին…
Հազար ներողութիւիւն՝ որ մի լեզուաբան միջամտում է բժիշկների գործերին…
Կայ գաւազանի մի տեսակ՝ որը նոյնպէս առնչւում է բժշկագիտութեան: Այսօր արդէն բժշկութիւնը խօսում է մարդու ծոծրակին գտնուող ոսկրային ելուստի մասին՝ ինչը յստակօրէն տեղ ունի որոշ հնագոյն գաւազանների վրայ:
Ասում են, թէ ողնաշարի այդ ոսկորը երեխայի մինչեւ 7 տարեկան հասակը կրճիկի նման է լինում, ու այդ տարիքից յետոյ սկսում է կարծրանալ: Մինչեւ 7 տարեկան երեխան դրա միջոցով կապի մէջ է գտնւում տիեզերքի հետ, ու դրա ոսկրանալուց յետոյ կապը խզւում է: Բժշկագիտութիւնն աշխատում է արհեստականօրէն աշխուժացնել այն՝ որովհետեւ դրա միջոցով մարդ անհատը կարող է տիեզերքից այլեւայլ գիտելիքներ կամ չբացայայտուած ընդունակութիւններ ձեռք բերել…: Տես՝ Պատկեր «4»:
Պատկեր «4»
Բժշկութեան եւ դեղագործութեան մէջ որպէս խորհրդանիշ ծառայող ուղղաձիգ գաւազանի շուրջ փաթաթուած երկու օձերը ընդհանուր առմամբ սողուն օձերի հետ առնչութիւն չունեն՝ թէեւ օձի թոյնն էլ օգտագործւում է դեղագործութեան մէջ: Օձի կերպարանքը պարզապէս լաւագոյնս բնութագրում է նրանց աշխատանքի ասպարէզը: Տես՝ Պատկեր «5»:
Պատկեր «5»
Այստեղ ուղղահայեաց գիծը ներկայացնում է շնչաւոր էակի ֆիզիկական հիմք-ողնաշարը, իսկ նրա շուրջ փաթաթուած երկու օձերը խորհրդանշում են կենդանական աշխարհի կայացման հիմքը հանդիսացող արեան DNA-ը կամ DNK-ն: Այս գծագիր-խորհրդանիշը մեր կարծիքով կենաց ծառի մի պատկերն է՝ քանզի բժիշկներն ու բուժական հաստատութիւններն էլ ինչ որ չափով ապահովում են մարդկանց կենդանութիւնը:
Արեան DNA-ի կամ DNK-ի օձով ներկայացուելուն պատճառով էլ որոշ արեւելեան լեզուներում «կեանք» եւ «օձ» բառերը նոյն հիմքից են կազմուած, ինչպէս արաբերէնի «Հ*այ» բառը «կենդանի» իմաստով, եւ «Հ*այյէ»-ն՝ «օձ» իմաստով: Սա մեզ երբէք իրաւունք չի՛ տալիս ասելու՝ որ «Հայ» բառը «օձ» է նշանակում, ինչպէս պնդում են որոշ ո՛չ բանիմաց հետազօտողներ:
Նոյն գաղափարից է առաջացել այս անգամ երկրին ու հողի՛ն կեանք պարգեւող ջրի խորհրդանիշը օձի կերպարանքով՝ ինչպէս.
1.Օղակաձեւ օձով արտայայտուած է սկզբնապէս երկիր մոլորակը ծածկող ովկիանոսը: Տես՝ Պատկեր «6»:
2. Ջրերից դուրս եկած առաջին ցամաքակղզին շրջափակող ովկիանոսը,
Պատկեր «6»
3.Ալիքաձեւ օձով արտայայտուած է հոսող ջուրն ու գետը՝ ինչպէս Երասխը, Եփրատն ու Ճորոխը Մայր Անահիտի երկու պատկերներում, տես Պատկեր «7» եւ «8», երբ նոյնիսկ Տիգրիս գետի ակունքների տարածքը թարգմանաբար կոչուել է Արղանայ՝ որը նշանակում է Ար-արարիչի արիւն:
Պատկեր «7 Պատկեր «8»
Այս բոլորը ցոյց են տալիս, որ արեան DNA-ի կամ DNK-ի մասին իմացել են նախապատմական ժամանակներում՝ թէ՛ հին Եգիպտոսում, եւ թէ՛ Հայաստանում:
Աւելացնենք նաեւ, որ հին եգիպտական պատկերագրերում իրար փաթաթուած զոյգ օձերով DNA-ի կամ DNK-ի խորհրդանշանը որպէս տառ հնչում է «Հ», որն էլ առաւել պարզեցուած ձեւով ներկայանում է Հայոց այբուբենի փոքրատառ «հ»-ով: Տես՝ Պատկեր «9»:
Պատկեր «9»
Հիմա միասնաբար մի քիչ փիլիսոփայենք:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ասում է թէ Աստուած ամէն ինչ զոյգերով է յօրինել, եւ գիւտ արած չենք լինի՝ ասելով թէ կեանքի հանդիպակաց զոյգն էլ մահն է:
Սրանից հարց է առաջանում:
Կեանքի խորհրդանիշ արեան DNA կամ DNK-օձին հակադրուող մահը ի՞նչ պատկերով կարող էր աւանդուել:
Մեր տրամաբանութիւնը յուշում է, որ մահուան խորհրդանշանը պիտի լինէր դեղատունների սիմբոլի ողնաշար-գաւազանը՝ առանց արեան DNA-ի կամ DNK-ի զոյգ օձերին:
Այսպիսով կրկին վերադարձանք գաւազանին:
Իսկ չէ՞ որ մահուան դրօշակակիրը սատանան է:
Առակս ցոյց է տալիս, որ գաւազան կրելը նշանակում է իշխանութիւն ունենալ ֆիզիկական մարմնի, մահուան, եւ սատանայի վրայ:
Վերադառնանք մեր նիւթին:
Երբ գաւազան բառի վրայ էի աշխատում՝ այդ օրերին յանկարծ աներեւոյթ մի ոյժ կրկին մխթեց ինձ, որ հեռուստացոյցը միացնեմ:
Սուրբ Էջմիածնի մայր տաճարի գանձարանի տնօրէն քահանան խօսում էր Հայ եկեղեցու հայրերի կրած գաւազանների մասին: Նա շատ պարզ ասաց՝ որ մեզ հասած գաւազանները եւ նրանց պատկերները աւանդուել են Կիլիկեան Հայաստանի թագաւորութեան շրջանից ու դրանից յետոյ, երբ գիտենք որ այդ ժամանակ Հռովմի կաթոլիկ եկեղեցու ազդեցութիւնը մեծացել էր Հայ Առաքելական եկեղեցու վրայ:
Թէ դրանից առաջ ի՞նչ ձեւ են ունեցել եկեղեցական գաւազանները՝ յայտնի չէ:
Սա կարեւոր մի տուեալ էր մեզ համար:
Ըստ վաղ միջնադարի հայ պատմագիրների՝ մեր եկեղեցու հոգեւոր հայրերը ընդհանուր առմամբ շատ համեստ են եղել իրենց կենցաղում եւ զգեստաւորման մէջ: Այս իրողութիւնից բխում է, որ նրանց գաւազաններն էլ համեստ պիտի լինէին՝ ինչպիսին մեր նկարագրած Պատկեր «2»-ի պարզունակ բայց խորիմաստ գաւազանն է:
Այսքանով աւարտում ենք մեր զրոյցը սոյն նիւթի շուրջ:
Մովսէս Նաճարեան
www.magaghat.am/archives/35603