Բարի լույս բոլոր նրանց, ովքեր հոգում, սրտում, մտքում ու իրենց Գործով կրում են Հայրենիքը

Բարի լույս բոլոր նրանց, ովքեր հոգում, սրտում, մտքում ու իրենց Գործով կրում են Հայրենիքը, ովքեր էությամբ Ոգո՛վ են ու որոնց կարիք չկա քաջալերել «Դուխո՛վ»։

Սովորաբար, նվաճողական պատերազմներն ընթացել ու ընթանում են առանց հայտարարելու: Երբեմն հայտարարել են այն դեպքերում, երբ երկու և ավելի երկրների միջև, ինչ որ խնդրի շուրջ չի հաջողվել բանակցային ճանապարհով հասնել հանգուցալուծման և հրապարակային դիմել են, հակառակորդ երկրին, որ խնդրին կտան ռազմական լուծում:

Ուխտադրուժ են համարվել այն պատերազմները, երբ երկու և ավելի երկրների միջև գոյություն է ունեցել համաձայնագիր, որը կողմերից մեկն անսպասելի խախտել է զինված հարձակմամբ:

Իսկ սովորաբար պատերազմները սկսում ու ընթանում են առանց վեհ և ասպետական հայտարարություների: Ուղղակի ինչ որ մի ազգ կամ երկիր ոտնձգություն է անում մյուսի հանդեպ:

Ադրբեջանը մեզ երբեք պատերազմ չի հայտարարել, բայց արդեն շուրջ 24 տարի է պատերազմում է մեզ հետ: Որոշ տարիներ՝ լայնամասշտաբ ու հարձակողական մարտերով, որոշ տարիներ էլ՝ պասիվ գործողություններով:

Հենց միայն 1994 թվականի զինադադարն արդեն հուշում է, որ պատերազմը չի ավարտվել: Զինադադար տրվում է պատերազմի այն ժամանակահատվածում, երբ կողմերը որոշում են մի պահ կանգնեցնել մարտավարական գործողությունները և փորձեն խնդրի հանգուցալուծման շուրջ բանակցեն:

https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/videos/10208557303118111/UzpfSTE0NzQ2NjMzMzY6MTAyMTg1ODM4OTg5MzY3NDA/

1994 թվականից առ այսօր բանակցում ենք, հետևաբար անցած 21 տարին դիտվում է զինադադարի շրջան: Ճիշտ է՝ հրադադարի ռեժիմի տեղային խախտումներով, բայց շրջանը համարվում է զինադադարային, քանի որ չեն կիրառվում մարտավարական 2 հիմնական ձևերից մեկը՝ հարձակումը: Զինադադարի ժամանակ երկու կողմերն էլ գտնվում են մարտավարական մյուս հիմնական ձևի՝ պաշտպանության մեջ:

Վերջին 2 տարում, առավել ևս՝ վերջին ամսում առաջացել է հիբրիդային իրավիճակ. կարծես թե զինադադարը շարունակվում է, քանի որ ոչ մի կողմ պաշտոնապես չի հրաժարվել բանակցային գործընթացից, բայց միևնույն ժամանակ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, սկսել է էլ ավելի կոպիտ խախտել հրադադարի ռեժիմը և կիրառել կրակային այնպիսի միջոցներ, որոնք բնորոշ են մարտական գործողություններին, ինչպես նաև իրականացնել դիվերսիոն այնպիսի գործողություններ, որոնք նմանվում են հարձակողական մարտին:

Սրա արդյունքում մյուս՝ հայկական կողմը կիրառում է այնպիսի մարտավարական գործողություններ, որոնք բնորոշ են պաշտպանողական մարտին՝ կասեցնել հակառակորդի հարձակողական դիվերսիոն խմբերին, ինչպես նաև՝ բացահայտել ու ոչնչացնել հակառակորդի այն հենակետերն ու կրակային միջոցները (թեկուզ և՝ խորքային), որտեղից կազմակերպում և իրականացնում են դիվերսիաները, գնդակոծումներն ու ռմբակոծումները:

Հետևաբար, հիմա պետք չի տագնապահարույց խուճապային տրամադրություններ սերմանել հանրության մոտ, որ պատերազմ է հայտարարվել: Չի հայտարարվել ու դժվար էլ հայտարարվի, քանի որ, շուրջ քառորդ դար ընթացող հայ-ադրբեջանական պատերազմն այսպես թե այնպես չէր ավարտվել:

Ուղղակի, վերջին շրջանի գործողություններից ելնելով պետք է փաստել, իր բոլոր հետևություններով ու գործընթացներով, որ փաստացի այլևս չկա 1994 թվականից հայտարարված զինադադարը:

Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկն ու մեկը (բնականաբար՝ ոչ մենք) կհանձնվի կամ երկկողմանի համաձայնությամբ կհայտարարվի վերջնական խաղաղություն:

Իսկ մինչ այդ՝ չմոռանանք հայտնի ճշմարտությունը. «ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր ՊԱՏԵՐԱԶՄԻ»:

ԵՂԻՑԻ՛ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ:

Արթուր Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail