Ատրպէյճանի միատարրացումը կամ բնիկ ժողովուրդների բնաջնջման անաւարտ գործընթացը

Նկարը՝ Լեզգիներու բողոքի ցոյց Մոսկուայի մէջ՝ ընդդէմ Դերբենտ քաղաքի ատրպէյճանականացման. 2013 Յունիս

Նկարը՝ Լեզգիներու բողոքի ցոյց Մոսկուայի մէջ՝ ընդդէմ Դերբենտ քաղաքի ատրպէյճանականացման. 2013 Յունիս։

Լեւոն Մելիք-Շահնազարեան

Ատրպէյճանի կողմից պետական մակարդակով տարուող հակահայկական քարոզչութեան «յաղթաթղթերից» մէկը համարւում է ՀՀ-ին միատարրութեան մէջ «մեղադրելը»:

Միաժամանակ պաքուեցի քաղտեխնոլոկներն աշխատում են չյիշատակել Ատրպէյճանում ապրող ժողովուրդների անուանումները եւ միայն ժամանակ առ ժամանակ` իրենց թոյլ տալիս յիշել ռուսներին եւ հրեաներին: «Իսկ ահա Հայաստանում,- անհասկանալի եւ անհիմն չարախնդութեամբ նրանք գրեթէ ամէն օր բոլորին յայտարարում են,- գործնականում այլ ազգեր չկան, եւ բնակչութեան 97 տոկոսը կազմում են հայերը»:

Ամէն ինչ ճիշդ է. Հայաստանի բնակչութեան գրեթէ 97 եւ Արցախի բնակչութեան գրեթէ 98 տոկոսը կազմում են հայերը: Ճիշդ է նաեւ այն, որ Ատրպէյճանում, բացի անդրկովկասեան թուրքերից, ապրում են նաեւ ռուսներ եւ հրեաներ, ինչպէս նաեւ բնիկ ժողովուրդներ՝ թալիշներ, լեզգիներ, թաթեր եւ այլն: Նրանց թուի մասին մենք դեռ կը խօսենք, իսկ առայժմ փորձենք հասկանալ պետութիւնների միատարր լինելու պատճառը, այդ թուում եւ` հայերի, ինչպէս նաեւ` Ատրպէյճանի բազմազգ լինելու պատճառը:

Ակնյայտ մեծամասնութիւն կազմուող էթնոս ունեցող պետութիւններն աշխարհում քիչ չեն: Այսպէս, Ճաբոնիայի բնակչութեան 98 տոկոսը կազմում են էթնիկ ճաբոնացիներ, Իսլանտիայում` 97 տոկոսը իսլանտացիներ, Նորվէկիայում` 95 տոկոսը նորվէկացիներ, Ալպանիայում` 96 տոկոսը ալպանացիներ, Եմէնում` 98 տոկոսը եմէններ:

Եւրոպական երկրներից ամենաբարձր միատարրութիւն ունեն Իռլանտիան, Հունկարիան, Նորվէկիան եւ Մալթան` համապատասխանաբար 93, 94, 95 եւ 96 տոկոս: Իսկ ահա Հիւսիսային եւ Հրաւային Քորիաներում բնակչութիւնը գրեթէ բացառապէս կազմում են բնիկ քորիացիները` համապատասխանաբար 99.3 եւ 99.8 տոկոս:

Հեշտ է նկատել, որ միատարրութիւն նկատւում է այն երկրներում, որոնք ունեն բնիկ նստակեաց բնակչութիւն, որ այս կամ այն պատճառով կարողացել են խուսափել քոչուոր ցեղերի կամ ժողովուրդների արշաւանքներից եւ զաւթումներից:

Քոչուորները դրանք օրկանիզմներ են (տուեալ դէպքում` ցեղեր կամ ժողովուրդներ)` առաջացած կամ ձեւաւորուած մի վայրում, բայց արտագաղթած այլ վայր:

Քոչուորներ կամ եկուորներ այս կամ այն չափով կան բոլոր երկրներում, բայց եթէ պետութիւնների մի մասում նրանց թիւը շատ փոքր է եւ չի կարող էականօրէն ազդել ազգաբնակչութեան հիմնական կազմի վրայ, այլ երկրներում նրանց թիւը մեծ տոկոս է կազմում, իսկ երրորդ խմբի երկրներում էլ քոչուորներն արդէն ընդունւում են որպէս հիմնական էթնոս: Այսպէս, թուրքերը` Թուրքիայում, անկլոսաքսոնները` ԱՄՆ-ում, Աւստրալիայում, Նոր Զելանտիայում, գիրգիզները` Ղրղստանում, թուրքմէնները` Թուրքմէնստանում (նման օրինակները շատ են) համարւում են դասական քոչուորներ:

Քոչուոր են համարւում, օրինակ` արաբներն Իրաքում, չնայած այդ երկրում գործնականում չեն մնացել բնիկ ժողովուրդներ: Նոյնը կատարւում է նաեւ Ատրպէյճանում, որտեղ եկուոր ցեղերն այժմ ընկալւում են որպէս հիմնական:

Հայաստանի միատարրութիւնը, որտեղ հայ ժողովուրդը տեղաբնիկ է, բնական եւ տրամաբանական է: Անբնականն այն է, որ Հայոց երկրի 90 տոկոսը գերութեան մէջ է, եւ այնտեղ գործնականում հայ չկայ:

Անտրամաբանական է համարւում այն, որ ՀՀ-ից գործնականում պլոքուել է «ազգային մաշկը», եւ պետական սահմանի ամբողջ երակայնքով բազմացել են եկուոր թուրքական ցեղերի բնակավայրերը:

Բնական ու տրամաբանական իրավիճակը վերականգնուել է 1988 թ. աւարտին, չնայած դա տեղի է ունեցել բնական ճանապարհով` որպէս Ատրպէյճանի ԽՍՀ-ից հայերի մասսայական տեղահանութեան պատասխան գործողութիւն:

Բոլորովին այլ իրավիճակ է ստեղծուել Ատրպէյճանի հանրապետութիւնում, որտեղ եկուոր ցեղերը յանկարծ դարձել են «հիմնական» բնակչութիւն: 1918 թ. այդ տարածքը պետութիւն է անուանուել միայն որպէս նախադրեալ` հարեւան Իրանին տարածքային յաւակնութիւններ ներկայացնելու համար, որի հիւսիսային գաղութի անունից է «փոխառուել» «Ատրպէյճան» բառը: Այսինքն` «Ատրպէյճանի հանրապետութիւն» անուանումը մտածուած էր ոչ թէ էթնիկ, այլ` զաւթողամոլական սկզբունքով:

Բայց 1936 թ. սկսած այդ անուանումը ճակատագրական հետեւանքներ է ունեցել հանրապետութեան արմատական ժողովուրդների համար:

Սթալինը, նպատակ հետապնդելով Ատրպէյճանում ապրող թուրքական ցեղերի էթնոցեղային ձտգումների վեկթորը շեղել Թուրքիայից եւ Անատոլիայի թուրքերից, անդրկովկասեան թուրքերի համար ստեղծել է «Ատրպէյճանցի» անուանումը` դրանով ինքնաբերաբար նրանց ճանաչելով որպէս հանրապետութեան հիմնական էթնոս:

Ատրպէյճանը «դարձել» է «Ատրպէյճանցիների» հանրապետութիւնը, ինչպէս Հայաստանը համարւում է հայերի հանրապետութիւնը, իսկ Վրաստանը` վրացիների:

Այդ ժամանակուանից հանրապետութիւնում եկուոր ցեղերը սկսել են իրենց տէր ու տիրական զգալ, իսկ բնիկ ժողովուրդները նրանց կողմից ընդունուել են որպէս քամահրանքի եւ խտրականութեան օբյէկտ:

Ատրպէյճանի հանրապետութիւնում կտրուկ արագացել է բնիկ ժողովուրդների բռնի հեռացման եւ ձուլման գործընթացը, որոնց ներկայութիւնը անյարմարութիւն էր ստեղծում եկուոր ցեղերի գիտակցութեան մէջ: Ատրպէյճանի միատարրացման արագութիւնն աներեւակայելի է. մի քանի տասնեակ տարիների ընթացքում առնուազն թղթի վրայ եկուոր թիւը հասել է 93 տոկոսի:

Այսպէս, առաջին համամիութենական մարդահամարի տուեալներով «Ատրպէյճանցի» ազգութեան ի յայտ գալուց ի վեր նրանց թիւն Ատրպէյճանի հանրապետութիւնում կազմել է 58,35 տոկոս: Եւ դա այն դէպքում, որ 1936-1939 թթ. այդ ազգին են դասուել այրումները, մուղալները, պաթարները, որոնք նախկինում դիտարկւում էին որպէս ինքնուրոյն ցեղեր:

Յաջորդ տարիներին Ատրպէյճանում «Ատրպէյճանցիների» աւելացման տեմպերը միայն աճել են: Այսպէս, 1959 թ. մարդահամարի համաձայն Ատրպէյճանում «Ատրպէյճանցիները» կազմում էին 67.4 տոկոս, իսկ 1970 թ.` արդէն 73,8: Հետագայ առաջընթացը հեշտութեամբ կանխատեսելի էր. 1979 թ.` 78,1 տոկոս, 1989 թ.`82,7 տոկոս, 1999 թ.` 90,6 տոկոս, 2009 թ.` 91,6 տոկոս: Այսօր, համաձայն պաշտօնական վիճակագրութեան, Ատրպէյճանի հանրապետութեան 93 տոկոսը կազմում են եկուոր անդրկովկասեան թուրքերը` «Ատրպէյճանցիները»:

Հետեւաբար Ատրպէյճանի «հանդուրժող բազմատարրութիւնն» ընդամէնը արտացոլում է ձուլման, բնաջնջման եւ /կամ/հանրապետութիւնից բնիկ ժողովուրդներին ուժով հեռացնելու գործընթացի անաւարտ լինելը:

1979-2009 թթ. ընթացքում Ատրպէյճանցիների թիվն Ատրպէյճանում աճել է` 4 708 832-ից հասնելով 8 172 800 մարդու: Այդ նոյն ընթացքում «ոչնչից ի յայտ են եկել» երկու ազգեր` թալիշներ` 112 000 մարդ, եւ թաթերը` 25 200: Յիշեցնենք, որ թալիշները համարւում են Ատրպէյճանի տարածքում ապրող ամենամեծաթիւ բնիկ ժողովուրդները, իսկ թաթերը մինչեւ վերջերս բնակեցրել են ողջ Ապշերոնեան թերակղզին: Թալիշների եւ թաթերի թիւը Ատրպէյճանում կրճատուել է նուազագոյնը 10-12 հազարով:

Այդ ընթացքում Ատրպէյճանում ապրող ռուսների թիւը նուազել է ուղիղ 4 անգամ` 475 255-ից հասնելով 119 300 մարդու: Աւելացնենք, որ 2009 թ. մարդահամարից յետոյ ընկած ժամանակահատուածում Ատրպէյճանից հեռացել է մօտ 15 հազար ռուս, եւ հիմա նրանց թիւը հանարպետութիւնում հազիւ կ’անցնի 100 հազարը: Նուազել է նաեւ հրեաների թիւը` 35 487-ից հասնելով 9100-ի:

Ընդհանրապէս, Ատրպէյճանում ապրողներ ազգերի վիճակագրական տուեալները տեսանելի ձեռնարկ են` եկուորների կողմից բնիկ ժողովուրդներին դուրս հանելու եւ հանրապետութիւնը միատարր դարձնելու առումով:

Ատրպէյճանի բազմատարրութիւնը բնական է. տարածաշրջանում եկուոր համարուող թուրքերը դեռ չեն հասցրել լրիւութեամբ «ազատուել» արմատական բնակչութիւնից:

Հակառակը, Ատրպէյճանի միատարրութիւնը համարւում է անբնական եւ, ինչպէս եւ Թուրքիայում կամ ԱՄՆ-ում, ֆիզիքական բնաջնջման, բռնի ձուլման կամ բնիկ ժողովուրդների բռնի հեռացման հետեւանքով է առաջացել:

Ատրպէյճանում, ի հարկէ, շատ լաւ գիտեն դա: Հենց այդ պատճառով էլ պետական քարոզչամեքենան ձգտում է Ատրպէյճանից հեռացնել ձուլման, բռնի ուժով բնիկ ժողովուրդներին երկրից դուրս քշելու կամ ջնջելու համար տրամաբանական մեղադրանքները եւ փորձում սլաքն ուղղել Հայաստանի տրամաբանական միատարրութեան վրայ:

Միաժամանակ Պաքուի ռեժիմը Ատրպէյճանի պատմական գիտութեան առաջ խնդիր է դրել «ապացուցել» հանրապետութիւնում անդրկովկասեան թուրքերի բնիկ լինելը: Ատրպէյճանի հանրապետութեան իշխող ռեժիմը շատ է ուզում ծածկել իր յանցաւոր անցեալը, իսկ, միեւնույն ժամանակ, իրեն ապահովագրում արմատական ժողովուրդների հանդէպ տարուող ռասիստական քաղաքականութեան համար անխուսափելի մեղադրանքներից:

Լեւոն Մելիք-Շահնազարեան (1958-2015)

Քաղաքագէտ, Ղարաբաղեան շարժման գործիչ, 1991-1997 ԼՂՀ Գերագոյն խորհուրդի պատգամաւոր

azadkhosk.com/hotvadsner8605.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail