Թուրքիան փորձում է կանխել սահմանների վերաձեւումը

24 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

Սիրիայից զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի որոշումն անհանգստացնում է, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, այդ որոշումը Թուրքիայի համար նոր հնարավորություն կբացի զորքերը Սիրիա մտցնելու համար:

«Թուրքական զորքերի ներթափանցումը կկատարվի երկրի հյուսիսային եւ արեւելյան շրջանների ուղղությամբ, որոնք վերահսկվում են քրդերի կողմից: Սիրիայի այդ շրջաններում կենտրոնացած է հայ բնակչությունը: Մասնավորապես, վտանգ կարող է առաջանալ Էլ Կամիշլի քաղաքի բնակչության համար»,- ասել է նա:

Պաշտոնական Երեւանը չի մեկնաբանել Սիրիայից զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ նախագահի անսպասելի որոշումը, որը կայացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ զրույցից հետո: Եվրոպական երկրները, մասնավորապես Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել են, որ դեմ են Թրամփի որոշմանը: Ռուսաստանը դրական է արտահայտվել: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ զորքերն ապօրինի են մտել Սիրիա, իսկ թուրքական զորքի մուտքը պայմանավորված էր Դամասկոսի հետ:

Հատկանշական է, որ զուգահեռ թուրք-իսրայելական նոր սրացում է տեղի ունենում: Այնպիսի տպավորություն է, որ Թրամփը Նեթանյահուի հետ չի համաձայնեցրել իր որոշումը, կամ էլ ԱՄՆ-ն ու Իսրայելն իրենց խաղն են խաղում՝ փորձելով շատ ազատություն չտալ Անկարային:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մեղադրել է Իսրայելի վարչապետին Սիրիան մասնատելու ձգտման մեջ՝ քրդական գործոնի օգտագործմամբ:

Ավելի վաղ Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռակա բանավեճի էր բռնվել, որի առիթը պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրացումն էր: Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ Նեթանյահուն «չարիք է սերմանում՝ զբաղվելով պետական ահաբեկչությամբ»: Նեթանյահուն ի պատասխան Էրդողանին «հակասեմական բռնապետ» էր անվանել, որը «Իսրայելով է տառապում», ավելացնելով, որ թուրքական բանակը «քրդական գյուղերում սպանում է կանանց ու երեխաների»:

Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, Թրամփը Սիրիան թողել է Էրդողանի «հայեցողությանը»: Կիրակի երեկոյան Թրամփը Թվիթերում գրել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը «համոզիչ հավաստիացրել է», որ «արմատախիլ կանի Սիրիայում Իսլամական պետության մնացորդները»: «Իսկ նա այն մարդն է, որը դա կարող է անել: Բացի այդ, Թուրքիան մոտ է: Մեր զորքերը վերադառնում են տուն», – գրել է Թրամփը:

Միեւնույն ժամանակ, ականատեսների խոսքով, թուրքական զորքերն սկսել են կուտակվել սիրիական Մանբիջ քաղաքի մոտ, որը վերահսկում են ամերիկյան զորքն ու քուրդ դաշնակիցները: Թուրքիան ԱՄՆ-ից աջակցություն ստացող քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները ահաբեկչական կազմակերպություն է համարում եւ մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ, որն արդեն երկար տարիներ պայքար է մղում Թուրքիայում քրդերի համար ավելի լայն ինքնավարություն ստանալու համար:

Կարծիք կա, որ Թուրքիան փորձում է ոչ թե նոր տարածքներ գրավել, այլ թույլ չտալ Մերձավոր Արեւելքում սահմանների վերանայում, որոնք հաստատվել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի միջոցառումներից առաջ Էրդողանը ֆրանսիական Ֆիգարոյում հրապարակած իր հոդվածում նշել է, որ տարածաշրջանում սահմանների վերաձեւումն անթույլատրելի է, իսկ «Մերձավոր Արեւելքի բաժանման նոր Սայքս-Պիկո համաձայնագրի ընդունման կանխումը կարեւոր նշանակություն ունի ինչպես Եվրոպայի անվտանգության, այնպես էլ տարածաշրջանների երկրները հարգելու տեսանկյունից»:

Իսրայելը կաջակցի՞ քրդական շարժմանը եւ Մերձավոր Արեւելքում սահմանների վերանայմանը, որից այդքան վախենում է Թուրքիան: ԱՄՆ-ն հրաժարվե՞լ է նոր «արբիտրաժից»: Հայաստանն ինչպե՞ս կարձագանքի սահմանների վերանայման փորձերին:

www.lragir.am/2018/12/24/406150/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail