Պատիժը՝ արդար եւ մարդկային – Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի եւ մնացածների

25 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի եւ մնացածների հանդեպ որեւէ համակրանք չունեմ. երբ նրանք «ձիու վրա» էին, դրա մասին բազմիցս գրել եմ: Բայց հիմա, երբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, կարեւոր եմ համարում մարդկային եւ իրավական ճիշտ մոտեցումները: Երբեմն հնչող համեմատությունները Թալեաթի կամ Հիտլերի հետ տեղին չեն ոչ այնքան ոճրագործությունների մասշտաբների, այլեւ պատմական համատեքստի տարբերության պատճառով:

1920-ական թվականների տրամաբանությամբ՝ Թալեաթը, որպես հանցագործ, պետք է գնդակահարվեր, բայց քանի որ Թուրքիայի այն ժամանակվա կառավարությունը պակաս հանցագործ չէր, դա արեց Սողոմոն Թեհլերյանը՝ փառք ու պատիվ նրան: 1940-ականների տրամաբանությամբ՝ նացիստական հանցագործները պետք է դատվեին եւ դրանցից մի քանիսը կախաղան հանվեին, ինչը եւ տեղի ունեցավ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: 1990-ականների տրամաբանությամբ՝ Բալկաններում պատերազմի ժամանակ նախկին Հարավսլավիայի հակամարտող տարբեր կողմերի գեներալներն ու պաշտոնյաները, որոնք հանցագործություններ են կատարել, կանգնել են Հաագայի դատարանի առաջ եւ համապատասխան ժամկետներով ազատազրկվել են:

2018 թվականին Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանի տրամաբանությամբ՝ մեր համաքաղաքացի «հաբռգածները», ժուլիկները, թալանողները, իրենց անպատժելի համարողները նույնպես պետք է կանգնեն դատարանի առաջ եւ ստանան ազատազրկման իրենց ժամկետները՝ ունենալով պաշտպանվելու բոլոր հնարավորությունները: Ընդ որում, նույն տրամաբանության մեջ դատավարությունից առաջ նրանց խափանման միջոցը կարող է լինել թե՛ կալանքը, թե՛, ասենք, բնակավայրից չբացակայելը: «Մինչեւ դատվելը մարդը պարտադիր պիտի նստի» համոզմունքը գալիս է խորհրդային կարծրատիպերից:

Այո, ժամանակակից Հայաստանի օրենսդրությունը հիմնված է եվրոպական հումանիստական արժեքների վրա: Շատ հնարավոր է, որ շատերին այդ օրենսդրությունը դուր չի գալիս:

Բայց այդ դեպքում մարդիկ պետք է փողոց դուրս գան ոչ թե այս կամ այն մարդու խափանման միջոցը փոխելու պահանջով (ընդ որում, այդ պահանջը ներկայացվում է վարչապետին, դատախազին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին, ինչը խոսում է իրավագիտակցության ցածր մակարդակի մասին), այլ պահանջելով արմատապես փոխել մեր երկրի ոչ միայն իրավական համակարգը, այլեւ ընդհանրապես արժեքային ուղղվածությունը:

Օրինակ՝ կարելի է նպատակ դնել, որ Հայաստանում գործեն «շարիաթի» օրենքները եւ դադարել դատարկ տեղը պարծենալ, որ մենք առաջին քրիստոնեական երկիրն ենք: Բայց քանի որ առայժմ մեր պետության ուղղվածությունը չի փոխվել, ուզում եմ կրկնել 2000 տարվա ճշմարտությունը՝ ցանկացած մարդ, նույնիսկ ամենասարսափելի հանցագործը, արժանի է մարդկային վերաբերմունքի:

21-րդ դարում դա, մասնավորապես, նշանակում է, որ մարդուն, եթե նրա հանցագործությունն ապացուցված է, պատժում են՝ հասարակությունից մեկուսացնելով, ոչ թե բանտային վատ պայմաններով, բուժման հնարավորությունից եւ պաշտպանության իրավունքից զրկելով:

Դրա գիտակցությունն անհրաժեշտ է ոչ թե նախորդ իշխանության, մեղմ ասած, ոչ համակրելի կերպարներին, այլ մեզ՝ հասարակությանը՝ առաջ գնալու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

aravot.am/2018/12/25/1004509/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail