UNESCO-ն հայոց լեզվի` Համշենի բարբառն ընդգրկել է «անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների» մեջ

UNESCO-ն հայոց լեզվի` Համշենի բարբառն ընդգրկել է «անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների» մեջ. համշենահայ Ջեմիլ Աքսուի մեկնաբանությունը «Ակօս»-ին

2018/08/22 – ԼԵԶՈՒ – ՀԱՄՇԵՆ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

UNESCO-ն վերջերս հայոց լեզվի` Համշենի բարբառը վերստին ներառեց «անհետացման վտանգի տակ գտնվող» լեզուների շարքում: Ըստ UNESCO-ի հրապարակած ցանկի` Թուրքիայում նման վտանգի տակ են գտնվում 18 լեզուներ:

Այդ կապակցությամբ ներկայիս Թուրքիայի Արդվին նահանգի Խոփա գավառում բնակվող համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն մեկնաբանություն է տվել պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթին:

Ըստ Akunq.net-ի` Աքսուն մասնավորապես ասել է. «Ներկայում իրենց համշենցի համարողների բնակավայրեր կան Թուրքիայի Արևելասևծովյան շրջանի Արդվին, Ռիզե, Տրապիզոն նահանգների բազմաթիվ գավառներում, ինչպես նաև` Էրզրում, Դյուզջե և Սաքարյա նահանգներում:

Ընդհանրապես, համարվում է, որ Թուրքիայում բնակվող համշենցիներն աշխարհագրորեն բաժանվում են երկու հիմնական խմբի` արևելյան և արևմտյան: Արևելյան Համշենը կազմված է Արդվինի Խոփա և Բորչկա գավառներում բնակվողներից, ինչպես նաև` հիշյալ գավառներից Սաքարյայի Քոջաալի, Քարասու և Դյուզջեի Աքչաքոջա բնակավայրեր գաղթած համշենցիներից:

Արևմտյան Համշենն ընդգրկում է Ռիզե նահանգի Չամլըհեմշին, Հեմշին, Փազար, Իքիզդերե, Չայելի, Արդեշեն և Ֆընդըքլը գավառները և Տրապիզոնի Արաքլը գավառը, Էրզրումի Սպերը, Ուզունդերեն, Թորթումը և Նարման:

Ենթադրվում է, որ այդ աշխարհագրական բաժանումը միևնույն ժամանակ ունի լեզվական առումով մշակութային տարբերություն:

Այն դեպքում, երբ Արևմտյան Համշենում խոսում են թուրքերեն, արևելյան խմբի համշենցիները երկու լեզվով են խոսում` թուրքերեն և հոմշեցնակ-համշենահայերեն կոչվող արևմտահայերենից»:

http://www.agos.com.tr/tr/yazi/21138/unesco-hemsince-yi-tehlike-altindaki-dil-olarak-tanimladi

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail