27.12.2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՂՑՔ – ՊԵՂՈՒՄՆԵՐ:
«Աղցք ավանի պեղումների ընթացքում վերջերս երկու կարևոր բաղադրիչ է բացվել, որը թույլ է տալիս ստանալ քաղաքաշինական պատկերը»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին ասել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը:
Խոսքը շուրջ 50 քմ տարածք զբաղեցնող գահասրահի և հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարերի մասին է: Մինչ այդ ունեցել ենք վաղ միջնադարյան տապանաքարեր, բայց ոչ մեկը հստակ չի կարողացել թվագրվել, որովհետև բոլորը տեղաշարժված վիճակում են եղել, մինչդեռ Աղցքում մեկ տասնյակից ավելի տապանաքարեր են բացվել, և բոլորը գտնվում են իրենց տեղում:
«Տապանաքարերի դեպքում ամենակարևորն այն է, որ դրանք արձանագիր են: Մեր վաղագույն վկայությունը վերաբերում է 8-րդ դարին, իսկ այստեղ արդեն 5-րդ դարի արձանագրություններ են: Սա արդեն մեծագույն հայտնագործություն է:
Տապանաքարերից մեկի վրա երկաթագիր, գեղեցիկ տառերով, գրված է. «Ստեփանոս Աղցքից վանական, սրով խողխողյալ վախճանյաց և արյամբ դարձավ ի հող»: Մյուս երեսի վրա գրված է. «Ով կհիշի, ողորմիա կտա, Աստված նրան ողորմի»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:
Աղցքը եզակի, միակ վաղ միջնադարյան արքայական հուշահամալիրն է, որը տարածաշրջանում եզակի է, քանի որ այստեղ, ըստ մեր պատմիչների, կատարվել է հայոց արքաների վերաթաղումը: Սա միակ վաղ միջնադարյա կառույցն է, որն ունի հստակ թվագրում, Աղցքի հուշահամալիրը կառուցվել է 359-364թթ.՝ հայ-պարսկական պատերազմի միջակայքում:
«Ունենք պեղված մայրաքաղաքներ, բայց ոչ մի տեղ վաղ միջնադարի նման իրավիճակ չունենք: Մի դեպքում այդ շերտերն ավերվել են, մեկ այլ դեպքում այնպես չի ուսումնասիրվել, ինչպես պետք է, իսկ Աղցքում ստացանք այդ հնարավորությունը: Աղցքում կան առաջնորդ արքաների դամբարաններ, որոնք մոտավորապես 4500 տարի առաջ են սկզբնավորվել: Գուցե Հայկյաններն են, որովհետև Հայկի և Բելի նշանավոր ճակատամարտից հետո են այստեղ կատարվել այդ թաղումները», – ասաց Սիմոնյանը:
Պեղումների ժամանակ սալահատակի տակ՝ խորանի առջև, բացվեցին այն քարե սունդուկները, որոնց մեջ գտնվում էին հայ արքաների աճյունները: Այն աճյունները, որ պարսիկները ուզում էին հափշտակել, բայց հայերը հետ են վերադարձրել:
«Աղցք ավանը զբաղեցրել է 50 հա տարածք, բայց պահպանվել է ընդամենը 0.4 հա-ը, և որպեսզի կարողանանք ամբողջովին վերականգնել, դարձնել ուխտագնացության կենտրոն, պետք է այդ ամբողջը բացել, պեղել վերականգնել»,- նշեց Հակոբ Սիմոնյանը:
Հակոբ Սիմոնյանի խոսքերով՝ կա նաև հաջորդ տարի պեղումները շարունակելու ծրագիր և հույս, որ պալատի ամբողջ տարածքը կբացեն, կբացահայտեն ավելի հետաքրքիր, ուշագրավ բաներ ո´չ միայն հայ, այլև հին արևելյան, վաղ միջնադարյան ճարտարապետության տեսանկյունից:
Տապանաքարերը մոտ 1 մետրի չափ իջել են պալատի շերտից, բացվել են հսկայական քանակի հարթաքանդակներով աղյուսներ, և այժմ դրանց քանակը 200-ից անցնում է: Մենք նման հարթաքանդակներ չունենք ոչ մի երկրի թանգարանում, մեկ-երկու բեկոր ինչ-որ տեղ կարող է լինել, բայց ոչ նման ծավալի: Բացվեց երրորդ գետնախարիսխը, այսինքն՝ եռահարկ գետնախարիսխի վրա դրված բավականին լուրջ կառույց է սա:
«Մենք Ճապոնիա ենք ուղարկել որոշ փորձանմուշներ, սպասում ենք պատասխանի, բայց ԴՆԹ տարալուծման, գենետիկ բացահայտման համար գերզգայուն սարքերով լաբորատորիաներ են պետք, որոնք բավականին թանկ հաճույք են, ամեն նմուշը հազարավոր դոլարներ արժի, հարցն անընդհատ բարձրացնում ենք:
3 արկղ բացեցինք, ամեն մեկում՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ, և եթե ամեն արկղից փորձանմուշ վերցնենք, 10 փորձանմուշը 40-50 հազար դոլար կարժենա, մեզ համար դա մեծ բեռ է, բայց պետության համար, իհարկե, բացարձակ իրենից բան չի ներկայացնում, որովհետև կունենանք արքաների գենետիկ նմուշներ»,- ասել է Սիմոնյանը:
www.shantnews.am/news/view/247203.html