2016-12-19-
«Ի՞նչ ուղերձ է պարունակում Լևոն Տեր -Պետրոսյանի՝ ազատագրված տարածքների մասին հայտարարությունը ՀԱԿ համագումարում և ում է այն ուղղված»: Մեկնաբանում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Դա ազգային և պետական դավաճանին հատուկ ուղերձ է և ուղղված է հասարակության լայն խավերին՝ դավաճանական և ինքնասպանական գաղափարը գեղեցկահունչ խոսքով ընդունելի դարձնելու համար:
Իսկ ուղերձի բովանդակությունն այն է՝ եթե Հայաստանն իր մի վերջին հատվածն էլ հանձնի Ադրբեջանին՝ կհաստատվի խաղաղություն և հայաստանցիներն այլևս երջանիկ կապրեն և կվայելեն ադրբեջանցիների լիակատար սերը, հարգանքն ու խաղաղությունը:
Դա մոտավորապես նույնն է՝ ինչ ասենք, որ իսրայելցիները, խաղաղ ապրելու համար պետք է իսլամ ընդունեն, իրենց տները և հողը նվիրեն պաղեստինցիներին և դրանից հետո խաղաղ և երանության մեջ սկսեն գոյակցել իրենց եղբայր պաղեստինցիների և ապա նաև այդ պահից սկսած իրենց պաշտող սաուդցիների հետ:
Եվ խոսքը չի վերաբերում միայն Արցախի այն յոթ շրջաններին, որ այսօրվա նախագահը «անվտանգության գոտի» է անվանում: Խոսքը վերաբերում է նաև բուն ԼՂԻՄ տարածքին, որն, անշուշտ խորհրդային կեղծ սահմաններով վարչական միավոր էր և Արցախի մի հատվածը միայն:
Առաջին նախագահն ուղղակի մոռանում է ասել, որ այդ փաթեթով հաջորդ քայլով անհրաժեշտ կլինի հանձնել նաև Զանգեզուրը, իսկ ապա նաև ադրբեջանցիների համար «Էրիվանի Խանություն» հանդիսացող տարածքը, որը «նենգաբար» այսօր հայերն են զբաղեցնում և այն «սխալաբար» կոչում են Երևան:
Որևէ այլ նորմալ երկրում այդպիսի քաղաքական գործչին ոչ միայն օստրակիզմի կենթարկեին, այլև՝ լրջագույն խնդիրներ կհարուցեին նրա համար այլ առումներով նույնպես: Բայց քանի որ սա Հայաստանն է, իսկ դավաճանությունն այս երկրում արդեն ինստիտուցիոնալ երևույթ է դարձել, ապա առաջին նախագահին և նրա գաղափարական հետնորդներին անգամ համակրողներ և արդարացնողներ կան:
Եթե Հայաստանը պետություն լիներ և ոչ պետականատիպ մի վարչական միավոր՝ ապա մարդուն, որ նման գաղափարներ է ունեցել, դրանց մի մասը, որպես գերագույն գլխավոր հրամանատար իրագործել է և հիմա էլ դրանք վերաշարադրում է՝ պետական դատարանով կամ պետական ռազմական տրիբունալով մահվան կդատապարտեին՝ ինչպես վայել է սեփական հայրենիքը անհիմն գաղափարների համար թշնամուն առանց պայքարի զոհաբերողներին, և հրապարակայնորեն կախաղան կբարձրացնեին:
Իհարկե, պետությունը, որ այսօր էլ մասամբ հենվում է ԼՏՊ-ի գաղափարների վրա՝ նման բան չի անի, որովհետև Երևանը այսօր էլ մասամբ բանակցում է հենց տերպետրոսյանական սկզբունքների շուրջ:
Այսպիսի անհատների կոչերին վարժվող ժողովուրդն իրոք արժանի կարող է լինել անհայրենիք, մշտապես ցեղասպանվող և վերջնականապես ոչնչացվող ազգ լինելու իրեն սպառնացող ճակատագրին: Հուսով եմ, որ մենք այդ ժողովուրդը չենք և ինչպես բազում դարեր վերապրել ենք, կվերապրենք և այսօր:
Իսկ մեծ և փոքր դավաճանները մի օր պետության և ժողովրդի առջև պատասխան կտան: Դա է այս ճակատագրական ժամանակաշրջանում գոյատևելու միակ գրավականը»:
Vesti.am
vesti.am/archives/81650?