Համշենական ինքնությունը՝ լեզու, կրոն, մշակույթ – Մահիր Օզքան

11 ՓԵՏՐՈՒԱՐ 2014 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՀԱՄՇԷՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ

Մահիր Օզքան

Պատմական, աշխարհագրական և մշակութային ասպեկտներից ելնելով՝ համշենական ինքնությունը հնարավոր է հասկանալ միայն հայկական և թուրքական ինքնությունների համատեքստում: Անկասկած, ամենակարևոր պատճառը կրոնական, լեզվական և մշակությաին ապաինտեգրումն է, որը համշենցիներն ապրել կամ էլ ստիպված են եղել ապրել: Խոսքը գնում է մարդկանց մասին, ովքեր այսօր իրենց համարում են հայկական, թուրքական, համշենցու, քրիստոնեական, իսլամական, աթեիստի և այլ ինքնություններից մեկ, երկու կամ մի քանի ինքնության կրող: Պատմական, աշխարհագրական, լեզվական, կրոնական և մշակութային փոփոխությունների պատճառով մեծ դժվարությամբ կարելի է բացահայտել այս ինքնությունների և համշենցիների հարաբերման ձևերն ու մակարդակը: Համշենցու ինքնությունը հնարավոր է հասկանալ լոկ այս ջանքերի շնորհիվ: Իսկ նախքան այդ` անհրաժեշտ է հակիճ ներկայացնել համշենցիների պատմությունն ու հասկանալ՝ աշխարհագրորեն որտեղ են բնակվում:

Պատմություն

Թեև համշենցիների պատմության վերաբերյալ աղբյուրները տարբեր կերպ են մեկնաբանվում, սակայն ընդհանուր առմամբ նույնն են: Եթե նայենք թե՛ թուրք, թե՛ հայ և թե՛ արևմտյան պատմաբանների հղումներին, ապա կհասկանանք, որ այդ աղբյուրների մեջ ամենակարևորը Ղևոնդն է: Ըստ Ղևոնդի՝ համշենցիների պապերը Ամատունիներն են. Վան և Ուրմիա լճերի միջև ընկած Վասպուրական շրջանի ներկայիս Դողուբայազետ (Արևելյան Բայազետ)-Գյուրբուլաք սահմանից 15 կմ Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net
հեռավորության վրա գտնվող Մակուի շրջանը ներառող Հյուսիսային Վասպուրականի շրջանում գտնվող Արտազից եկել են այսօրվա Հայաստանի Այրարատ նահանգի Արագածոտն և Կոտայք մարզեր, որոնց կենտրոնը Օսագա ամրոցն է եղել: Այնտեղից էլ 780-ական թթ. Համամ Ամատունու առաջնորդությամբ Գյոլեի և Օթլու-Նարմանի վրայով անցել են Ճորոխն ու բնակվել ներկայիս Համշենի շրջանում: Ամատունիները հայտնի հայկական իշխանատոհմ են եղել: Լևոն Խաչիկյանն այս տեղեկությունները փոխանցում է պատմիչ Ղևոնդից և այնուհետև հղում կատարելով աղբյուրներին, որոնք փաստում են Օսմանյան կայսրության կողմից Տրապիզոնի կայսրությունը նվաճելուց հետո Վեքե բեյի գերի ընկնելը և Համշենի վերջին հայ իշխանի՝ Դավիթի Սպեր աքսորը, գրում է, որ Համշենի հայկական իշխանությունն անկում է ապրել 1489 թ. [1]:

Կարելի է ասել, որ այդ թվականից հետո մուսուլման բնակչության բնակեցման և հարկային քաղաքականության արդյունքում շրջանի բնակչությունը սկսում է իսլամացվել: 1530 թ. աշխարհագիր մատյանների գրանցումներում Համշենի բնակչության 38 տոկոսը մուսուլման է եղել, 61,9 տոկոսը՝ ոչ մուսուլման [2]: Աճառյանն իր «Համշենի բարբառի ուսումնասիրություն» աշխատության մեջ հայտնում է, որ դարասկզբին Համշենում բնակվել է 20 հազար քրիստոնյա և մի փոքր ավելի մուսուլման համշենցի [3]: Ըստ այս տեղեկությունների` կարելի է ասել, որ շրջանն օսմանցիների ձեռքն անցնելուց հետո սկսված Համշենի և Թուրքիայի համշենցիների իսլամացման գործընթացն ամբողջացել է 1915 թ. հետո տեղի ունեցած զանգվածային գաղթերով:

Համշենցիներն այսօր

Սույն աշխատության մեջ փորձ է կատարվելու համշենցիներին բաժանել ոչ թե երեք խմբի, ինչպես վերջին շրջանի ուսումնասիրություններում է կատարվում, այլ երկու խմբի: Վերոնշյալ աշխատություններում համշենցիները բաժանվում են հետևյալ երեք խմբի՝ մուսուլման համշենցիներ, հայերենի արևելյան Համշենի բարբառով խոսող արևելյան համշենցիներ և արևմտյան համշենցիներ, ովքեր թեև իրենց բառաֆոնդում պահպանել են մոտ 500 հայերեն բառ, սակայն հայերեն չեն կարողանում խոսել: Ինչպես փորձելու ենք ցույց տալ ստորև, այս բաժանումը ինքնության և պատկանելության ընկալման տեսանկյունից բավարար չէ: Այդ իսկ պատճառով ինքնության տարբերակման մեջ ավելի հարմար է բաժանում կատարել կրոնի հենքի վրա:

Մուսուլման համշենցիներ և քրիստոնյա համշենցիներ

Քրիստոնյա համշենցիները կազմում են մի խումբ, որը նախքան Համշեն գալը նախ գաղթել է արևմուտք, այնուհետև՝ Սև ծովի ափ: Այս խումբը բնակվում է Ռուսաստանի Սոչի, Կրասնոդար, Վորոնեժ, Ռոստով, ինչպես նաև Աբխազիայի Սուխում և Գագրա քաղաքներում: Այս խմբի ինքնության հարցը կարևոր քննարկման առարկա չէ: Բացի այն, որ քրիստոնյա համշենցիները խոսում են հայկական բարբառով, գիտեն նաև արևելահայերեն, քանի որ հաճախում են հայկական դպրոց: Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են և իրենց անվանում են համշենահայ:

Մուսուլման համշենցիները բնակվում են Արդվինի Հոփա և Բորչկա գավառներում, Ռիզեի Հեմշին, Չամլըհեմշին, Փազար, Չայելի, Արդեշեն, Ֆընդըքլը և Գյունեյսու, Էրզրումի Սպեր, Թորթում և Ուզունդերե գավառներում, Տրապիզոնի Արաքլը գավառի Քարադերե հովտում, Դյուզջեի Աքչաքոջա, Սաքարիայի Քոջաալի և Քարասու գավառներում: Բացի այդ` վերջին 20-30 տարում տնտեսական պատճառներով մեծ թափ ստացած արտագաղթի հետևանքով համշենցիները բնակվում են նաև Ստամբուլում, Անկարայում, Բուրսայում, Քոջաելիում, Իզմիրում: Թուրքիայից դուրս մուսուլման համշենցիները բնակվում են նաև Ղրղզստանի Քըզըլքայա և Օշ քաղաքներում, ինչպես նաև Ուզբեկստանում. նրանք երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բաթումից են աքսորվել: Այս խմբի զգալի մասն այսօր բնակվում է Ռուսաստանի Սոչի, Կրասնոդար, Վորոնեժ և Ռոստով քաղաքներում: Այս խմբի ինքնությունը քննարկման առարկա է: Կարելի է ասել, որ այս խմբի միակ բնորոշումը, որը կարել է հասկանալ, համշենականությունն է, սակայն այստեղ էլ հարց է առաջանում, թե համշենականությունն ինչ է նշանակում:

Մուսուլման համշենցիների միասնական ինքնության հենքը

Վերոնշյալ արևելյան և արևմտյան համշենցիների բաժանումը մեծավ մասամբ լեզվական ֆակտորի վրա է կատարված: Լեզուն ինքնության բնորոշման ամենակարևոր ցուցիչներից մեկն է: Սակայն երբ խոսքը գնում է արևելյան և արևմտյան համշենցիների մասին, ապա այս չափորոշիչը բավարար չէ այս խմբերին որպես տարբեր ինքնություն որակելու համար: Պատճառն այն է, որ որպես արևմտյան համշենցի բնորոշվող խմբի լեզվի մնացուկները ապաստան են գտնել թուրքերենում, բացի այդ` արևելյան համշենցիների հետ ունեն համատեղ անցյալի ընկալում և համատեղ մշակութային արժեքներ:

Միասնական լեզու

Բավարար տվյալներ չունենք, թե արևմտյան խումբ կոչված համշենցիների լեզուն երբ է վերացել, սակայն որոշ վկայություններ ենթադրություններ կատարելու հնարավորություն են տալիս: Այս վկայություններից մեկը Ռուդիգեր Բենինգհաուզը մեջբերում է աշխարհագետ Կարլ Ռիթերից [4]. «իրենց մեջ, ինչպես հին ժամանակներում, դեռևս պահպանել են քրիստոնեական մշակույթը, լոկ արտաքնապես են հետևում Ղուրանի ուղուն: Նրանց կանայք, հայերենից բացի, այլ լեզու չեն ճանաչում … [5] »: Սա 19-րդ դարի կեսերին պատկանող վկայություն է: Իսկ Հոպայի համշենցիները, կարող ենք ասել, որ համեմատաբար նոր շրջանի վկաներ են: 82 տարեկան հայրս վկայում է, որ երբ 1950-ական թթ. գնացել է Չամլըհեմշին, Այդերում տարեց կանայք քիչ թե շատ խոսում էին համշեներեն, սակայն երիտասարդները, որոշ բառերից բացի, չգիտեին համշեներեն: Հետևաբար կարող ենք ասել, որ լեզվի մահանալու գործընթացը մեծ թափ է ստացել հանրապետության հիմնադրմամբ: Անկասկած Համշենում բնակվում են մարդիկ, ովքեր երբեք համշեներեն չեն խոսել, որովհետև գիտենք, որ օսմանյան ժամանակաշրջանում Համշենում այլ ընտանիքներ են բնակեցրել: Հետևաբար որպես առանձին ինքնություն հանդիսացող համշենցիները և լոկ այդ բնակավայրում բնակվելու պատճառով համշենցի կոչված բնակիչներն այս աշխարհագրական շրջանում միասին են ապրել: Եկվորների և տեղացիների միջև եղած փոխազդեցությունն ու լարվածությունը մեկ այլ ուսումնասիրության առարկա է: Բավարարվենք փոխազդեցության մեկ օրինակով. Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակաշրջանում մի փաստաթղթ, որն ասում են, թե պատվիրել են Հոջաօղլու Թայյարը, Սեդիրօղլու Դուրսունը, Ջևբիօղլու Իսմայիլը, վկայում է, որ շրջանում բնակվող որոշ ընտանիքներ և ռուս-թուրքական պատերազմից հետո բնակեցված մի քանի ընտանիք մուսուլման են եղել, և տեղական ղեկավարները պետք է գործեին` հաշվի առնելով այս հանգամանքը [6]:

Միասնական գերդաստաններ

Համշենցիների երկու խմբի բարեկամական կապերի ամենաակնհայտ ցուցանիշներից մեկն էլ տոհմական անուններն են: Պարզ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնպիսի տոհմական անուններ, ինչպիսիք են` Բաբօղլու, Բեքարօղլու, Քոչալօղլու, Բեշիրօղլու, Բոշնակօղլու, Ջիվելեքօղլու, Չոլօղլու, Գալաթաօղլու, Գեդիկօղլու, Թաթարօղլու, Ղազաօղլու, Խորթոլոշօղլու, Քարաալիօղլու, Քոլչաքօղլու, Քաթիլօղլու, Քյոսեօղլու, Լազօղլու, Մակարօղլու, Մարաշօղլու, Թոփալօղլու, Յաղջըօղլու, կան երկու խմբերում էլ: Սրա հետ մեկտեղ օգտագործում են այնպիսի հայկական տոհմանուններ, ինչպիսիք են` Մինասօղլու, Արթալօղլու, Գասպարօղլու, Խաչիկօղլու, Հոթիկօղլու, Դերթարօղլու: Հոպայի համշենցիների մոտ իրենց արմատների հարցը բազմաթիվ քննարկումների, գլուխկոտրուկների տեղիք կարող է տալ, սակայն չեն տատանվում ասել, որ բոլորը շրջանը եկել են Համշենից: Իսկ արևմտյան խմբում թեև այս բարեկամությունն ընդհանուր առմամբ ընդունում են, սակայն երբ ասում են, թե համշեներենը հայերենի մի բարբառ է, իսկ համշենցիներն էլ հայկական արմատներ ունեն, նրանց միջև տարանջատում են դնում, որը, սակայն, չի կարելի ասել՝ շատ տարածված է: Հետևաբար պետք է ասել, որ այս բաժանումը հեշտ ճանապարհ է` խուսափելու համար հայկական ինքնության հետ կապ ունենալուց:

Թուրքական և հայկական ինքնության ընկալումներն ազդում են համշենի ինքնության վրա

Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ցայսօր թուրքական ինքնության բովանդակությունը մշտապես քննարկման առարկա է եղել, որովհետև սկզբունքային և պրագմատիկ բնորոշումները մշտապես իրար են խառնվել, ժամանակ առ ժամանակ իրար տեղ են գրավել: Սա պետք է բացատրել այն հանգամանքով, որ կայսերական մնացորդ հասարակությունից ջանացել են իշխող տարրի վրա հենվող ազգային ինքնություն ստեղծել: Ժամանակ առ ժամանակ օսմանյան կայսրությունից մնացած մուսուլմանների վրա է շեշտը դրվել, կարելի է ասել, որ ժամանակ առ ժամանակ Չանաքքալեի և Ազգային-ազտագրական պատերազմից հետո (1919-1922 թթ. թուրք-հունական պատերազմ-Ակունքի խմբ.) տարբեր էթնիկ և կրոնական ինքնություն ունեցող հասարակության բոլոր տարրերին միավորելով՝ փորձել են ստեղծել ժամանակակից թուրք ազգը, որը որևէ ազգություն չունի: Սակայն տեսնում ենք, որ բանակը, որի արմատները պատկանում էր Մեթեհանին, տասնյակ կազմակերպությունները, որոնք տարիքով ավելի մեծ են, քան հանրապետությունը, նախագահականի գերբի աստղերը, արտաքին թուրքերի վերաբերյալ օրենսդրությունը, ազգային փոքրամասնությունների դպրոցում ազգությամբ թուրք ուսուցչի պարտադիր ներկայությունը և նման մի շարք կիրառումներ ցույց են տալիս, որ թուրքական ինքնությունը միաժամանակ նաև էթնիկ հղում ունի: Հետևաբար շատ հանգիստ կարող ենք ասել, որ հանրապետության փոքրամասնությունների վերաբերյալ քաղաքականությանը տալով նաև իսլամական երանգ` «մի նոր ազգ ստեղծեցինք» արտահայտությունը պրագմատիկ է: Տեղանունների փոփոխությամբ, տարբեր լեզուների և բարբառների վրա գործադրած ճնշումներով և տարածված պաշտոնական կրթությամբ միավորված պրագմատիկ արտահայտությունների արդյունքում տարբեր էթնիկ ինքնություն ունեցող մարդիկ սկսեցին իրենց թուրք (իսլամի պատճառով կամ էլ համատեղ ճակատագրի արդյունքում) ինքնությամբ բնորոշել: Թուրքիայում բնակվող բոլոր էթնիկ խմբերին բնորոշ այս իրավիճակը, կարող ենք ասել, որ շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել համշենցիների վրա: Սա հայկական ինքնության վերաբերյալ ընկալումներ ստեղծելու պատճառ է հանդիսանում:

Կարող ենք ասել, որ քրիստոնեությունը թե՛ հայերի և թե՛ մյուսների համար հայկական ինքնության ամենակարևոր մասն է կազմում: Համշենցիների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներում հայ գրողները կրոնափոխ եղած կամ այդ քայլին դիմելու ստիպված համշենցիներին բնորոշում են տաճկացած, թեև հայերեն են խոսում, պահպանում են հայկական ավանդույթները [7]: Նման ձևով Հատիկի (Համշենի մշակույթի ուսումնասիրության և պահպանման միություն) ֆեյսբուքյան էջում ինքնության քննարկումների ժամանակ կարելի է հանդիպել բազմաթիվ մեկնաբանությունների՝ հայերը երբեք չեն հրաժարվել քրիտոնեությունից, հայ` ասել է թե քրիստոնյա, համշենցիները մուսուլման են, հետևաբար թուրք են և այլն:

Էթնոսի տեսանկյունից ոչ թուրք, մուսուլման և ճակատագրի բերումով նույն հողի վրա բնակվող անհատին փաթաթած թուրքական ինքնությունը, ինչպես` նախկին հայկական ինքնությունը, որը դուրս է թողում նրանց, ովքեր քրիստոնյա չեն, կարևոր ազդեցություն են ունեցել համշենցու ինքնության ձևավորման վրա:

Հատկապես նկատելի է համշենցիների կրոնական տարբերության հենքի վրա տեղծված ինքնության ընկալման զգալի տարբերությունը: Քրիստոնյա համշենցիների համար համշենականությունը նշանակում է բնակվել որոշակի աշխարհագրական շրջանում և խոսել հայերենի բարբառով: Ինչպես վանեցի, սասունցի, դիրաբեքիրցի հայի համար, այնպես էլ նրանց համար համշենցիությունը հայկական ինքնությունից անկախ ինքնություն չի նշանակում: Իսկ մուսուլման համշենցիների համար համշենականությունն ավելի շատ էթնիկ ինքնություն է մատնանշում: Այս դրությունը թեև տարածություն է դնում համշենականության` մուսուլմանության և հայկականության միջև, միևնույն ժամանակ այն կարելի է համարել նաև նրա` որպես թուրքացման դեմ հանդես եկող ինքնության ի հայտ գալու ցուցանիշ: Այս իրավիճակը հատկապես ցայտուն կերպով զգացինք Սաքարիայի համշենական գյուղեր մեր այցելության ժամանակ. շրջակա գյուղերին ծանոթացնելիս համշենցիներն ասում էին` լազական գյուղ, աբխազական գյուղ, համշենական գյուղ և թուրքական գյուղ: Իսկ երբ հարցրեցինք, թե թուրքական գյուղերից դուրս բնակվող բնակչությունը թուրք չէ՞ արդյոք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե ապրում ենք Թուրքիայի Հանրապետությունում, ապա լազ, չերքեզ, համշենցի բոլորս թուրք ենք»: Սա ցույց է տալիս, որ թուրքական ինքնության հետ ամենաշատ կապ ունեցողներն անգամ իրենց թուրքերից առանձնացնում են` որպես էթնիկ ինքնություն:

Քաղաքական կեցվածքն ու համշենցիների ինքնությունը

Համշենցիների և հայերի համշենական ինքնության վերաբերյալ գոյություն ունեցող ընկալման կարևոր փոփոխականությունը քաղաքական կեցվածքն է: Հատիկի ֆեյսբուքյան էջի քննարկումներից պարզ երևում է, որ ազատամիտ, սոցիալիստ կամ լիբերալ դիրքորոշում ունեցող համշենցիներն ընդունում են, որ համշենական ինքնությունն առնչություն ունի հայկական ինքնության հետ, սակայն աջակողմյան, պահպանողական, ազգայնական դիրքորոշում ունեցող համշենցիներն ավելի շատ հարում են թուրքական ինքնությանը և դեմ են հայկական ինքնության հետ որևէ կապ ունենալուն [8]: Այս վիճակին աջակցում են այն համգամանքները, որ կարգ ու կանոնի դեմ ընդդիմադիր կեցվածք որդեգրած քաղաքական դիրքորոշում ունեցող մարդկանց կապը պաշտոնական գաղափարախոսության հետ թուլանում է, և ազատական քաղաքական խմբերը ինքնության խմբերի իրավական պահաջները սատարող քաղաքականություն են վարում: Նման զարգացումը, կարելի է ասել, անցողիկ է նաև հայերի քաղաքական կեցվածքի և համշենական ինքնության վերաբերյալ ունեած ընկալումների դեպքում: Ե՛ւ համշեներեն խոսող, և՛ չխոսող համշենցիների ծոցից դուրս եկած մտավորականների վերջին շրջանի աշխատություններն այդ մասին են վկայում: Այս իրավիճակի ակնհայտ օրինակներից է հետևյակ դեպքը. համշեներեն չիմացող մի լրագրող դատավարության ժամանակ ցանկացավ իր պաշտպանական խոսքը մայրենի լեզվով ասել, սակայն երկու բառ համշեներեն խոսելուց հետո նշեց, որ ասիմիլացիոն քաղաքականության արդյունքում իր պաշտպանությունը չի կարող համշեներեն շարունակել:

Ոչ թե համշենցի թուրք համ հայ դյոնմե, այլ մուսուլման համշենցի հայ

Թուրք ազգի ձևավորման գործընթացի մյուս տարրն էլ ոչ թուրք մուսուլման ազգերի թուրքացումն էր: Այս գործընթացում իսլամը, մյուս կարևոր գործոնների հետ, էական գործառույթ է կատարել: Քրդական ազատական շարժման ու ազգամիջյան կացության ազդեցությունը նկատելի է մուսուլման ազգերի ինքնության պահանջներում: Համշենցիների՝ սեփական մշակույթի և ինքնության վերաբերյալ կատարած աշխատությունները, իրավական պահանջներով հանդես գալն ու իրեց մասին հայտարարելը նվազեցնում են համշենական ինքնության ընկալման վրա կրոնական տարրի ազդեցությունը: Չնայած կրոնական տարբերություններին՝ կան բազմաթիվ ավանդույթներ, տոներ, նախաքրիստոնեական ժամանակից մնացած աղոթքներ, հավատքալիքներ և մշակությաին տարրեր, որոնք համշենական ու հայկական ինքնությունները բավականին մերձեցնում են: Այս իրավիճակը մի կողմից` համշենցի թուրքի ընկալման ազդեցությունն է նվազեցնում, մյուս կողմից` հետ է մղում քրիստոնեության հետ նույնականացվող հայկական ինքնության ընկալումը: Մեկը մյուսից սկիզբ առնող այս գործընթացը համշենցի թուրք կամ հայ դյոնմե հասկացության փոխարեն տարածում է մուսուլման հայի ընկալումը:

Գրականության ցանկ

[1] Levon Haçikyan, Hemşin Gizemi, Belge Yayınları, 1997

[2] BOA, TD.52,53.

[3] H. Acaryan, Knnutyun Hamşeni Barbari, Yerevan, 1947

[4] http://www.karalahana.com/makaleler/tarih/beeninghaus.htm g. 20.10.2013

[5] Ritter, Carl:Die Erdkunde von Asien18.Theil, Bd..IX, Theil 1 (Kleinasien)Berlin 1858

[6] http://www.hemsinli.com/link_hemsinseceresi.php g. 20.10.2013

[7] Hemşin ve Hemşinli Ermeniler, Konferans Makaleleri, Yerevan 2007

[8] https://www.facebook.com/groups/hadigsayfa/

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail