Շահումեանի Կառավարիչը Կ՛ամփոփէ Անցնող Տարին

04 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ՀԱՅԱՇԽԱՐՀ – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ:

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

«Շրջանի ցանկացած ոլորտի զարգացման առաջին գրաւականը ենթակառուցուածքների զարգացումն է: Իմ պաշտօնավարման ամիսների ընթացքում հիմնական շեշտը դրել եմ հէնց ենթակառուցուածքների զարգացման վրայ», ամփոփելով անցնող 2018 թուականը՝ մեզ հետ զրոյցում նշեց Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեանը: Խօսելով պաշտօնավարման վեց ամիսների ընթացքում կատարուած աշխատանքներից՝ մեր զրուցակիցը նախ առանձնացրեց ենթակառուցուածքների բարելաւումները.

«Շրջանում կառուցուել է 110,000 վոլտանոց ենթակայան, ինչը  թոյլ է տալիս ունենալ կայուն, առանց տատանումների էլեկտրականութիւն: Ծայրամասային գիւղերում էլեկտրականութեան հզօրութիւնը թուլանում էր, հիմա այդ պրոբլեմը (հարցը-Խմբ.) լուծուել է: Վերանորոգուել են մօտ 90 կմ. միջհամայնքային ճանապարհներ, այդ ճանապարհները վերանորոգելիս նաեւ բնակիչների հոգսը թեթեւացնելու համար հնարաւորութեան սահմաններում բացել ենք անտառային եւ դէպի արօտավայրեր տանող ճանապարհներ»:

0104shahumianԵնթակառուցուածքային յաջորդ բարեփոխումը վերաբերում է Քարվաճառ քաղաքի ջրագծերին: Վերանորոգուել են քաղաքին ջրով ապահովող խողովակները: Քանի որ ջրամատակարումն անընդհատ սպասարկում է պահանջում, 2019 թուականի Յունուարի 1ից այս ոլորտի սպասարկումը նախատեսւում է յանձնել «Միջնաբերդշին» ՓԲԸին: «Գարնանը կը նորոգուեն նաեւ ճանապարհների խողովակները, որպէսզի ջուրը փողոցներ չլցուի, եւ կ՛ունենանք երկու ջրագիծ, որոնցից մէկը կը նախատեսուի ոռոգման համար: Ինչպէս աշխարհի բոլոր քաղաքացիները, մեր քաղաքացիները եւս պէտք է վճարեն ջրի սպասարկման, աղբահանութեան համար եւ պահանջեն պատշաճ սպասարկում»:

Խօսելով կատարուած այլ աշխատանքներից, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ անցնող տարում վերանորոգուել է Զուար համայնքի դպրոցը, վերանորոգւում է Դադիվանքի համայնքապետարանի տանիքը, վերանորոգւում է Ակնաբերդի մանկապարտէզի տանիքը, ֆինանսական միջոցների առկայութեան դէպքում կը վերանորոգուի նաեւ մանկապարտէզի շէնքն ամբողջութեամբ:

Տեղադրուել է Նոր Կարաչինար համայնքի դպրոցի ջեռուցման համակարգը. դպրոցը վերանորոգուել էր բարերարների կողմից: Կարգաւորուել է նաեւ Եղէգնուտի դպրոցի ջեռուցման համակարգը, որը սխալ տեղադրուած լինելու պատճառով չէր աշխատում:

Փոխուել են Նոր Բրաջուր համայքնի դպրոցի հոսանքագծերը, Նոր Գետաշէն համայքնում կառուցուել է հետիոտնային կամուրջ: Օրերս աւարտուել է Շահումեանի շրջանի մշակոյթի եւ երիտասարդութեան կենտրոնի շէնքի տանիքի վերանորոգումը, որն իրականացւում էր «Արարատ» հիմնադրամի նախաձեռնութեամբ եւ ֆինանսաւորմամբ, աշխատանքները կատարել են «Միջնաբերդշին» ՓԲԸի շինարարները: 2019 թուականին նախատեսւում է փուլ առ փուլ շարունակել կենտրոնի շէնքի վերանորոգումը:

«Ակնաբերդ համայքնում փոխւում են վերանորոգման կարիք ունեցող բոլոր տների տանիքները: Ծրագրում ենք գիւղ առ գիւղ աւարտել տանիքների վերանորոգումը», տեղեկացրեց Գագիկ Մարտիրոսեանը:

Շրջանում սկսուել է նաեւ համայնքների քարտէզագրման եւ տների ճշգրիտ չափագրման գործընթացը: «Այս պահին քարտէզագրուել են Ակնաբերդ, Չարեքտար համայնքներն ամբողջութեամբ: Ծրագիր կայ համայնք առ համայնք քարտէզագրել ամբողջ շրջանը»:

0104shahoumiannorprajour

Շահումեանի Նոր Բրաջուր գիւղը, Լուսանկարը՝ ՐԱՖՖԻ ԳՈՃԵԱՆի

Խօսելով 2019 թուականի ծրագրերից՝ շրջանի վարչակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ շրջանում մեքենատրակտորային կայան կառուցելու նախագիծ կայ, քանի որ «Արցախուղի» ՓԲԸից մեքենաներ են տրամադրուելու «Միջնաբերդշին» ՓԲԸին: «Օրերս ՀՅԴ «Սիմոն Զաւարեան» կոմիտէի նուիրատուութեան շնորհիւ ձեռք ենք բերել կեղտամաքրման մեքենայ, եւ շրջանում միայն մի վերամբարձ կռունկ է պակասում, դա էլ յոյս ունենք բարերարների շնորհիւ ձեռք բերել, եւ շրջանը տեխնիկապէս ինքնաբաւ կը դառնայ, կը կարողանանք առաջացած խնդիրները տեղում մեր ուժերով լուծել»:

Շրջանի հինգ՝ Չարեքտար, Դադիվանք, Նոր Գետաշէն, Նոր Բրաջուր, Նոր Վերինշէն գիւղերում ջրագծերի կառուցման նախագծման աշխատանքներն աւարտուել են, շինարարութիւնը նախատեսւում է աւարտել 2019 թուականին: Ընթացքի մէջ է նաեւ Զուար գիւղի ջրամատակարման ցանցի նախագծումը:

Եկող տարի շրջանում բնակարաններ կը կառուցուեն բազմազաւակ եօթ ընտանիքների համար:

«Նաեւ համայնքների մօտ 60 կմ. ներքին ճանապարհների սալապատման, համայնքներն աւերակներից մաքրելու ծրագրեր կան», տեղեկացրեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ շատ բան կախուած է ներդրումներից:

«Ներդրումները լինում են ոչ միայն ֆինանսների, այլեւ՝ աշխատանքի տեսքով: Ցանկանում եմ, որ գալիք տարում մեր բոլոր բնակիչներն իրենց անձնական ներդրմամբ՝ աշխատասիրութեամբ, բարելաւեն իրենց համայնքները: Բոլորիս ընտանիքներին ցանկանում եմ սէր, խաղաղութիւն եւ բարգաւաճում», ամփոփեց մեր զրուցակիցը:

 

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ՝

«Արարատ» հիմնադրամի կողմից

asbarez.com/arm/334307/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail