«ՍՐԲԱԶԱՆ» ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ
05 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ:
ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ Է ԱՆԱՌԱԿԱՆՈՑՆԵՐԸ ԵՒ ՀԱՐԿ ՎԵՐՑՐԵԼ .․․Մեղա քեզ տեր, կասեր տատս, մեր սուրբ եկեղեցին ի՞նչ կապ կարող է ունենալ անառականոցների հետ: Եթե հաշվի առնենք, որ իր ստեղծման օրից կարճ ժամանակում եկեղեցին կարողացավ վերացնել Հայոց պետականությունն ու փաստացի մինչև սովետական կարգերի հաստատումը տեր ու տիրական էր մեր երկրում, և եթե դա ճիշտ է, որ հարկ է հավաքել անառականոցներից, ապա հավանաբար այդ անառականոցները ստեղծել կամ հովանավորել է հենց եկեղեցին:
Պատկերացրեք մեր ժամանակներում առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի» որևէ մեկը ասենք գազալցակայան հիմներ… Հիմա տեսնենք այդ ինչ անառականոցների մասին է գրում նախաքրիստոնեական ժամանակներից «մնացած» մեր քրմերից մեկը՝ քուրմ Մանուկը (http://www.hayary.org/wph/?p=1478#).
Պարզվում է, որ այդ մասին մանրամասն նկարագրել է հենց 14-րդ դարի եկեղեցական պատմիչ (այդ ժամանակ այլ պատմիչներ չէին կարող լինել), արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը, ըստ որի Կիլիկյայի թագավորներից Հեթում Թագավորը դատ է բացում Կիլիկիո Կոնստանդին կաթողիկոսի նկատմամբ: Ըստ պատմիչի, կաթողիկոսին վերագրվում էր բազում մեղքեր, որոնք նույնիսկ լսողների համար անվայելուչ ու անպատշաճ են, մեղադրանքներից մեկն այն է լինում, որ նա «անառականոցներից հարկ է վերցնում» (Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմությունը, եր. 1986, գլ. ԿԸ):
Կաթողիկոսը բոլոր մեղադրանքները ընդունում է, նույնիսկ խոստովանում, որ իր մեղքերը դրանից բյուրապատիկ ավելին են: Մի կողմ թողնենք կաթողիկոսի բյուրապատիկ մեղքերը (դրանց մասին կխոսենք մի ուրիշ անգամ), հիմա փորձենք հասկանալ, թե այդ ինչպես էր եկեղեցին հարկ վերցնում անառականոցներից: Ստեփանոս Օրբելյան պատմիչի վկայությամբ անառականոցներ կային թե Հայաստանում և թե Կիլիկիայում (և եկեղեցին հարկ էր վերցնում ոչ միայն անառականոցներից, այլ նաև մյուս հանցավոր խմբերից), և եթե Կիլիկիայում թագավորական իշխանություն էր, ապա Հայաստանում տեր ու տնօրինություն էր անում բացառապես եկեղեցին, իսկ եթե եկեղեցին շահ ուներ այդ անառականոցներից, ապա շատ հնարավոր է, որ Հայաստանում անառականոցներ ստեղծվում էին հենց եկեղեցու կողմից, որն էլ հովանավորում էր այդ հիմնարկներն ու պաշտպանում էր այդ անառականոցները նրանց դեմ պայքարողներից՝ այսինքն բարոյական մարդկանցից… :
Հիմա տեսնենք, թե տեսականորեն արդյոք հնարավո՞ր է, որ եկեղեցին անառականոցներ ստեղծի:
Լուր տանք այդ եկեղեցու հիմնադիր Հիսուս Քրիստոսից, ում քրիստոնյա հոտը համարում է տիեզերքի ստեղծող և մարդկության փրկիչ: Եթե հիշում եք, Քրիստոսը վատ չեր տրամադրված անառակների նկատմամբ, նույնիսկ նա մի անառակ կնոջ փրկեց մահից, որին կատաղած ամբոխը ուզում էր քարկոծել, երբ դիմեցին նրան, նա հանճարեղորեն փրկեց անառակին, ասելով, որ « ով մեղք չի գործել, թող նա էլ առաջինը քար նետի»:
Բնականաբար պարզվեց որ այդպիսի մարդ չկա և բոլորը խեղճացած հեռացան, չմտածելով անգամ, որ ինչ կապ ունի այստեղ իրենց գործած կամ չգործած մեղքերը, եթե կինը մահացու մեղք է գործել, նա պետք է պատժվի: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ անառակ կինը սուրբ է, իսկ մնացածները սրիկաներ:
Հիմա տեսնենք ինչ է գրում մեր «բարեկամ» Ղուկասը մի այլ հարցի շուրջ իր ավետարանում. «Եվ եղաւ … որ [Հիսուսը] ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով, Եւ այն տասնեւերկուսն էլ նորա հետ. Եւ մի քանի կանայք, Մագթաղենացի կոչուած Մարիամը, և Յովհաննան, և Շուշանը և շատ ուրիշներ, որ իրանց ՍՏԱՑՈՒԱՑՔՆԵՐԻՑԸ նորան ծառայութիւն էին անում»: Ղուկաս, գլ. Ը, 1-4:
Ով երկնային տեր, պարզվում է, երբ Քրիստոսը իր խմբով մտնում էր որևէ գյուղ կամ քաղաք և քարոզում էր աստծո խոսքը, նրան ուղեկցող կանայք էլ պարապ չէին մնում, բավականին փող էին վաստակում և վաստակից մասնաբաժին էին հանում տիեզերքի ստեղծող Քրիստոսին: Այսինքն ստացվում է, որ եկեղեցու հիմնադիր Քրիստոսը հենց ինքն անառակներ էր պահում, հովանավորում և հարկ էր վերցնում նրանցից: Դե էլ ինչ ենք զարմանում ու զայրանում մեր եկեղեցու, « սուրբ հոգևորականների» վրա, նրանք ընդամենը սրբորեն հետևում են իրենց տիրոջը…
Իսկ մեզ մնում է զարմանալ մեր ժողովրդի այդ աստիճանի ոչխարացման վրա, որ արդեն 1700 տարուց ավելին սրբորեն հավատում են այս «սուրբ» եկեղեցու աստվածային ծագմանը … Իսկ ահա մեր այս «խեղճ ու կրակ» Կոստանդին կաթողիկոսը «անարդարացիորեն» ստիպված եղավ հրաժարական տալ և նույնիսկ բանտ նստել, իհարկե շնորհիվ Կիլիկիո թագավորնների տղամարդկության և իրենց երկրի լիիրավ տեր լինելուն:
Արա Հովհաննեսյան
bnaban.am