09 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ:
Հատված Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից: Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:
ԱՆԻ-ին հիշեցնում է, որ առանձին հոդվածների վերնագրերը ինքն է դնում, որոնք սովորաբար տեքստից վերցված նշանակալի հատվածներ են: Հիշեցնենք, որ այս շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ դեսպանատների և դեսպանների մակարդակով, Ադրբեջանի խորհրդարանում հայերն ունեին 12 աթոռ, իսկ երկու հայեր մաս էին կազմում 1919-ի մարտին Ադրբեջանի վարչապետ դարձած Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կառավարությանը:
Այս ասածներս լոկ տեսութիւններ չեն, այլ իրական կեանքի մէջ գործադրւում եւ իրականութիւն էին: Աւելի լաւ է այդ մասին խօսքը տանք Ադրբեջանի վարչապետին եւ Հայաստանում Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցիչներին:
Երեւանում դիւանագիտական ներկայացուցիչ նշանակելու օրից՝ սկսւում է Հայաստանը քայքայելու տենդոտ աշխատանքը: Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակել է ժամանակին իր ձեռքը անցած 75 գաղտնի ու ծածկագրուած հեռագիրներ (Տես «Գաղտնի փաստաթղթերը, Ադրբեջանի դաւադրական դաւադրական գործունեութիւնից մի էջ». «Ռազմիկ»ի գրադարան, թիւ 1, Գլխաւոր Շտապի տպարան, Երեւան, 1920): Ահա փաստերը, որոնք այնքան պերճախօս են, որ բացատրութիւնների կարիքը չունին:
Թիւ 6, 22 Մարտ 1919
Բագու, Արտաքին գործերի նախարարին.
… Ուղարկեցէք միայն 200 փութ մազութ, աւելին կարող է կառավարութիւնն օգտագործել: … Եթէ ֆինանսական տեսակէտից դժուարութիւններ յարուցանէք, (Հայաստանը) շուտով ծանր դրութեան մեջ կ’ընկնի: Եկամուտների բացակայութեան պատճառով, Հայաստանը չի կարող ինքնուրոյն կեանք վարել: Հնդիկ զինուորները ուղեւերուեցին դէպի Նախիջեւան: Եթէ անհրաժեշտ գտնէք, Կարսի կառավարութեան հետ կապ կը հաստատեմ…:
Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ
(Փաստաթուղթ 1)
*****
Թիւ 75, 1 Մայիս, 1919
Բագու, Նախարարապետին,
Ապրիլ 30ին ժամանեցին Մակինսկին (Գանիզադէ) եւ Նախիջեւանսկին: Տոմսոնը Երեւանում արգիլեց Մակինսկուն անցնել Նախիջեւան, այն պատճառաբանութեամբ՝ թէ այդ շրջանը գտնւում է Հայաստանի կառավարութեան վարչութեան ներքոյ: Մակինսկին դրամները յանձնեց ինձ. սպասում եմ ցուցմունքների, թէ ինչպէ՞ս գործածել Նախիջեւանին յատկացուած գումարները:
…Անգլիացիները Մակինսկու վագոնը վերցրին:
Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ
(Փաստաթուղթ 8)
*****
Թիւ 82, 4 Մայիս, 1919
Բագու, Նախարարապետին, պատճէնը՝ Արտաքին գործերի նախարարի օգնականին.
Դէպի Նախիջեւան անցան Հայկական գնդերը: Հայաստանի վրայ ճնշում գործ դնելու համար, անհրաժեշտ եմ գտնում, որ անյապաղ մեր գնդերը կենդրոնացուեն հայկական սահմանների վրայ: Նախիջեւանի ազգաբնակչութիւնը պատրաստ է դիմադրութիւն ցոյց տալ, միայն վախենում է, որ անգլիացիք միջամտեն յօգուտ հայերի: Մայիս 2ին գեներալ Դեւին Երեւանից մեկնեց Նախիջեւան: Դիլիջանում կանգնած է միայն չորրորդ գունդը՝ թերի կազմով:
Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ
(Փաստաթուղթ 9)
*****
Թիւ 36, 5 Մայիս, 1919
Երեւան, Դիւանագիտական ներկայացուցիչ Թեքինսկուն:
Դէպի Նախիջեւան զօրամասեր եւ կամաւորներ ուղարկելու մասին ներկայումս խօսք լինել չի կարող. այդ հարցը եռանդուն կերպով քննւում է կառավարութեան եւ Աւագների Խորհրդի մէջ:
Հետեւանքների մասին կը հաղորդենք: Եռագուն կերպով բողոքեցէք Նախիջեւանը գրաւելու նպատակով ձեռնարկուած ամէն տեսակ գործողութիւնների եւ Ադրբեջանի ինքնիշխան իրաւունքների նսեմացման դէմ:
Ի տեղի Արտաքին գործերի նախարարին՝ ԶԻԱԹԽԱՆՈՎ
(Փաստաթուղթ 11)
*****
Թիւ 658, 6 Մայիս, 1919
Երեւան, Ադրբեջանի Դիւանագիտական ներկայացուցիչ Թեքինսկուն.
Անյապաղ կապ հաստատեցէք Կարսի կառավարութեան հետ: Ցոյց տուէք նրան ամէն տեսակ աջակցութիւն, իմացէք թէ ինչ կարիքներ ունի, հեռագրեցէք մեզ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու համար: Հաստատ պնդեցէք, որ վերադարձուին գերի կանայք. բողոքեցէք Ադրբեջանի տերիտորիան, Գեօգչայի շրջանը զօրքեր ուղարկելու դէմ: Ամէնի մասին հաղորդեցէք Դաշնակից հրամատարութեանը. մենք արդէն հաղորդեցինք:
Նախարարապետ՝ ԽՈՅՍԿԻ
(Փաստաթուղթ 12)
*****
Թիւ 93, 10 Մայիս, 1919
Բագու՝ Նախարարապետին, պատճէնը՝ Արտաքին գործերի նախարարի օգնականին.
Լուրերի համաձայն, անգլիացիները Շարուր-Նախիջեւանի շրջանը յանձնում են հայերին, պայմանով որ հայերը Ղարաբաղը ճանաչեն որպէս Ադրբեջանի մաս:
Այդ լուրը տարածել են հայերը, բայց կարծում եմ, որ Հայաստանին Կարսն էլ բաւական է. ինչպէս Հայաստանի այլ մասերում, այնպէս էլ Շարուր-Նախիջեւանում մուսուլմանները սարսափելի կացութեան մէջ են, չի կարելի այդ շրջանի հոծ մահմետականութիւնը ենթարկել հայերին: Նրանց սարսափելի ծանր դրութեան մասին ես ապացոյցներ ունեմ: Այս ամէնը պէտք է բացատրել Դաշնակից հրամանատարութեանը Թիֆլիսում, եւ միշտ համաձայնութեան մէջ լինել նրանց հետ, հակառակ դէպքում՝ մեր դիւանագիտութիւնը տանուլ կը տայ:
Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ
(Փաստաթուղթ 15)
*****
Շարունակելի
Լուսանկարում՝ Նախիջևանը` 20-րդ դարասկզբին, լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից
Կարդալ նաև՝
ՀՅԴ-ԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐ՝ ՄՈՒՍԱՎԱԹԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ (1919Թ.)
www.aniarc.am/2019/01/09/