Վիեննայի պայմանավորվածությունները ներառում են Ադրբեջանին միջազգային պատասխանատվության կանչելու տարրեր

Վիեննայի պայմանավորվածությունները ներառում են Ադրբեջանին միջազգային պատասխանատվության կանչելու տարրեր, դրանցից պետք է կառչել և հասցնել պրակտիկ իրագործման․ Արթուր Ղազինյան

14 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի խոսքով՝ Վիեննայի պայմանավորվածությունները արդյունք են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ձեռնարկված ագրեսիայի և իրենց մեջ ներառում են Ադրբեջանին միջազգային պատասխանատվության կանչելու որոշակի տարրեր: Ըստ նրա՝ այն հայկական դիվանագիտության շոշափելի հաղթանակ է, որից պետք է կառչել և հասցնել պրակտիկ իրագործման:

Արթուր Ղազինյանի հետ Tert.am-ի հարցազրույցը առաջիկայում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից նրա ակնկալիքների և ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին է:

-Պարո՛ն Ղազինյան, հունվարի 16-ին Փարիզում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հեղափոխական ուժի իշխանության գալուց հետո սա 2 երկրների արտգործնախարարների 4-րդ հանդիպումն է: Ի՞նչ տպավորություն եք ստացել՝ հանդիպումներից, նշմարվու՞մ է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում նոր իշխանությունների կողմից որդեգրված նոր քաղաքականություն, թե՞ դրանք նախկինի պես «բանակցություններ են բանակցությունների համար»:

– Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արցախյան հակամարտության շուրջ ընթանում են ակտիվ գործընթացներ, որոնք առավելապես գտնվում են գաղտնի դիվանագիտության շրջանակներում, ինչը, իմ կարծիքով, լիովին բնական և տրամաբանական է` հաշվի առնելով հակամարտության նկատմամբ երեք հասարակությունների գերսուր արտահայտված նյարդային վերաբերմունքը: Գործընթացի ակտիվության մասին են վկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաճախակի հանդիպումները, դրանց արդյունքում հնչող լավատեսական տրամադրությունները և դրական ակնկալիքները, սահմանային միջադեպերի կտրուկ նվազումը, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի կողմից զինված ուժերի փոխարեն սահմանապահ ուժերի տեղակայումը: Որոշակի անհանգստություն է առաջացնում ադրբեջանական կողմի մոտ առկա օպտիմիզմը և ցանկալի կլիներ, որ նույնպիսի լավատեսական ակնկալիքների հիմքերը ներկայացներ նաև հայկական կողմը: Սակայն մեր դիվանագիտական ապարատն ու Կառավարության ղեկավարն առայժմ լուռ են և չեն արտահայտում իրենց դիրքորոշումն ու ակնկալիքները ընթացող բանակցությունների վերաբերյալ:

Արցախյան հակամարտության լիակատար կարգավորման մասին խոսելիս հարկ է ուշադրություն դարձնել ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի՝ մեր տարածաշրջան կատարած այցին, որն, ի դեպ, կայացավ Մոսկվայում ունեցած բարձր մակարդակի հանդիպումներից հետո: Այցի ընթացքում Բոլթոնը հայտարարեց, որ սպասում է Փաշինյանի իշխանության լիակատար հաստատմանը և «ուժեղ մանդատին», ինչը, իմ համոզմամբ, նշանակում է, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում առկա է որոշակի փոխըմբռնում ԱՄՆ-ի վարչակազմի և Ռուսաստանի իշխանությունների միջև: Հայաստանի նոր իշխանությունը` ի դեմս Փաշինյանի, անցած մի քանի ամիսների ընթացքում լուրջ խնդիրներ հարուցեց Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչն արտահայտվեց ՀԱՊԿ-ում ստեղծված որոշակի լարվածությամբ: ՀԱՊԿ-ում, կարծես թե, ձևավորվել է փոխհամաձայնություն Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրելու հարցում, ընդդիմանում է միայն Հայաստանը: Ռուսաստանի համար ներկայումս խիստ կարևոր է Ադրբեջանին ներգրավել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, իսկ դա հնարավոր է միայն Արցախյան հակամարտությունը, գոնե առերևույթ, կոնսերվացնելու պարագայում: Ինչո՞ւ եմ ասում կոնսերվացում, քանի որ հակամարտությունն այս պահին տեսանելի և կողմերի համար ընդունելի լուծում չունի:

-Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը հայտարարում են՝ Արցախի բանակցային սեղան վերադարձնելու իրենց մտադրության մասին: Նկատելի՞ են այդ ցանկությանն ուղղված իրական քայլեր: Ընդհանրապես ի՞նչ օրակարգերով ՀՀ-ը պետք է ներկայանա Ադրբեջանի հետ բանակցություններին:

-Արցախի բանակցությունների սեղան վերադարձնելու մասին խոսել են բոլոր իշխանությունները, սակայն դեռևս ոչ մեկին չի հաջողվել դա անել: Փաշինյանն իր ընտրության հաջորդ օրը մեկնեց Արցախ և հայտարարեց, որ լիազորված չէ Արցախի ժողովրդի անունից բանակցել Ադրբեջանի հետ: Այդ պնդումը հիմնավորվում էր այն փաստով, որ Հայաստանի նախորդ երկու առաջնորդները ծագումով Արցախից էին, և առկա էր անուղղակի վստահության և լիազորության մանդատ: Ֆորմալ առումով Փաշինյանը պահում է իր խոսքը` պաշտոնապես չհանդիպելով Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, սակայն բովանդակային առումով Հայաստանը շարունակում է բանակցել Արցախի ժողովրդի և իշխանությունների անունից, բայց արտաքին գործերի նախարարի մակարդակով:

Ինչ վերաբերվում է օրակարգին, ապա պետք է առանձնացնել երկու հարթություն. գործնական և հայեցակարգային: Սկսեմ հայեցակարգային հարթությունից: Ներկայումս բանակցությունները ընթանում են 2007թ. մշակված Մադրիդյան սկզբունքների հիմքի վրա, գոնե այլ սկզբունքներ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ չի հրապարակել: Ռուսաստանը մշակեց այս սկզբունքների նոր խմբագրություն, որը կոչվեց Կազանյան, որը, սակայն, չունեցավ շարունակություն և մերժվեց երկու պետությունների ղեկավարների կողմից:

Ակնհայտ է, որ 2007թ. միջազգային քաղաքականության և տարածաշրջանային իրավիճակը 180 աստիճանով տարբերվում է այսօրվա իրավիճակից: Կարծում եմ՝ այս պնդումը հիմնավորման որևէ անհրաժեշտություն չունի, հետևաբար 2007թ. մշակված փաստաթուղթը նոր աշխարհաքաղաքական իրողությունների ներքո Հայաստանը պետք է ճանաչի հնացած և ոչ կենսունակ: Մադրիդյան սկզբունքները թարմացնելու (update) պահանջը պետք է ներկայացնի հայկական կողմը` պնդելով ներառել հետ-կոնֆլիկտային իրավիճակի կոնկրետ նկարագրություն, ինչը պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում անվտանգ և ապահով ապրելու բնական իրավունքը` միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման սկզբունքի շրջանակներում: Հետ-կոնֆլիկտային իրավիճակը կամ կհանգեցնի իրական խաղաղության և ժողովուրդների բարեկամության, կամ կստեղծի հակամարտության վերսկսման առավել վտանգավոր իրավիճակ: Այդ սցենարին իրենց համաձայնությունը, բացի հակամարտող կողմերից, պետք է հայտնեն Մինսկի խմբի համանախագահող պետությունները, Իրանը և Թուրքիան` հետագա տարածաշրջանային գործընթացներն առավել կանխատեսելի և հասկանալի դարձնելու ու դրանց շուրջ լիակատար փոխհամաձայնություն ունենալու համար: Հետկոնֆլիկտային իրավիճակի նկարագրության ուղղությամբ արդեն արվել են որոշ փորձագիտական աշխատանքներ, պետք է միայն այդ հարցը պետական մակարդակով բարձրացնել և դնել բանակցությունների սեղանին:

Իսկ գործնական առումով Հայաստանը պետք է պնդի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործումը, քանի որ շփման գծի երկայնքով տեղակայված դիտարկող սարքավորումները ոչ միայն կֆիքսեն նախահարձակ լինող կողմին և հիմք կդառնան հասցեական մեղադրանքների համար, այլևս հոգեբանորեն կհաստատեն Արցախի և Ադրբեջանի միջև ներկայումս անցնող սահմանը: Ադրբեջանին հարկադրել են այս պայմանավորվածությունը` ապրիլյան ագրեսիայի հետևանքով, քանի որ դա ոչ մի կերպ չէր տեղավորվում նրանց շահերի մեջ: Այսինքն՝ կարող ենք փաստել, Վիեննայի պայմանավորվածությունները արդյունք են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ձեռնարկված ագրեսիայի և իրենց մեջ ներառում են Ադրբեջանին միջազգային պատասխանատվության կանչելու որոշակի տարրեր: Սա հայկական դիվանագիտության շոշափելի հաղթանակ է, որի պետք է կառչել և հասցնել պրակտիկ իրագործման:

-Նիկոլ Փաշինյանը վերջերս լրագրողների հետ զրույցում մատնանշել էր, որ Ադրբեջանը պնդել է` չկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Ադրբեջանը հրաժարվում է դրանք կատարելուց, միևնույն ժամանակ, մատնանշել էր Դուշանբեի հանդիպումը, որի ժամանակ ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համաձայնության են եկել օպերատիվ կապի ստեղծման շուրջ: Այս հայտարարությունները մտավախությա՞ն, թե առավել շատ հանգստանալու տեղիք են տալիս:

-Եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և եթե այն չի հանդիսանում դիվանագիտական մանյովր, ապա դա խիստ վտանգավոր է Արցախի համար և էապես թուլացնում է հայկական կողմի բանակցային դիրքերը: Փաշինյանն իր այս հաղորդմամբ փաստացի հաստատել է, որ Վիեննայի պայմանավորվածությունները փոխարինվել են Դուշանբեում վերելակի մեջ սահմանին չկրակելու և օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածության հետ: Համակարգային մոտենալով այս խնդրին՝ կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը ինստիտուցիոնալ երաշխիքը փոխել է խարխուլ պայմանավորվածությամբ, որը, հաշվի առնելով թուրքական դիվանագիտության առանձնահատկությունները, կարող է խախտվել ցանկացած ժամանակ` առանց որևէ պատասխանատվության մեխանիզմի: Կարծում են, ԱԳՆ-ը պետք է հստակ պատասխանի այս հարցին:

-Վերջին շրջանում սահմանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, Ադրբեջանն էլ «խաղաղասերի» հայտարարություններով է հանդես գալիս: Հատկապես շատ քննարկվեցին այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները կապված թե՛ Մնացականյանի հետ հանդիպմանը փոխըմբռնում հասնելու, թե՛ նրա հետ, որ պատրաստ են ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Ի՞նչ բացատրություն կարող է ունենալ ադրբեջանական կողմի հանկարծակի այս «բարեհոգությունը»:

-Ես սա ոչ մի պարագայում «բարեհոգություն» չէի համարի և առավել ևս հանկարծակի: Ադրբեջանն այդ մասին հայտարարում է հակամարտության առաջացման առաջին իսկ օրից և դա իրենց համար առավելագույնն է, որին կարող են հավակնել: Սա հոգեբանական ճնշում է Հայաստանի և Արցախի վրա և յուրօրինակ սպառնալիք առ այն, որ Հայաստանն ու Արցախը կամ համաձայնվում են այս լուծմանը, կամ պատերազմն անխուսափելի է: Ինձ համար սա զարմանալի չէ, բայց զարմանալի և անընդունելի է հայկական կողմից համաչափ պատասխանի բացակայությունը այն մասին, որ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի պետության և ժողովրդի անվտանգությունը Հայաստանը, Արցախն ու համայն հայությունը կապահովեն: Չի կարող Արցախի հայության անվտանգության միակ սպառնացողը ապահովել այդ նույն ժողովրդի անվտանգությունը: Սա հնչում է մոտավորապես այսպես. կամ հայերը կենթարկվեն իմ կողմից սահմանված խաղի կանոններին և կապրեք ապահով, կամ ուղղակի կոչնչանաք: Կարծում եմ արտահայտվեցի հնարավորինս հստակ և կոնկրետ:

-Արտգործնախարար Զոհրաբ Մնացակայանի վերջին հարցազրույցում մատնանշվել է, որ ՀՀ-ի համար առավել կարևոր է Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը պետք է ապահովվի կարգավիճակի միջոցով: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ դիվանագիտական հայտարարությունը, կարո՞ղ ենք ենթադրել, որ այս ընթացքում Մարդիդյան սկզբունքներից անցում է կատարվել այլ սկզբունքների քննարկմանը:

– Ես նշեցի արդեն, որ Մադրիդյան սկզբունքները հնացած են և կեսունակ չեն, իսկ թարմացվել են, թե ոչ, չգիտեմ: Դա գաղտնի է պահվում: Ինչ վերաբերվում է Հայաստանի համար կարևոր լինելուն, ապա այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող. Հայաստանի և Արցախի համար սկզբունքային կարևորություն ունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու երաշխավորված իրացումը` միջազգային իրավունքի գործող նորմերի և կառուցակարգերի շրջանակներում: Իսկ ժողովրդի անվտանգությունը կապահովեն, ինչպես մինչ այժմ ապահովել են, Արցախի պաշտպանության բանակն ու Հայկական բանակը, որը հանդիսանում է ազգային ինստիտուտ: Ադրբջանը չի կարող երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սա պետք է ընդունեն և Մինսկի խմբի համանախագահները, և Հայաստանի նոր իշխանությունները: Արցախի հակամարտության կարգավորման հարցում սեր և հանդուրժողականություն չի կարող լինել, կան հստակ դիրքորոշումներ և անկյունաքարային սկզբունքներ, որոնցից ցանկացած շեղում կհանգեցնի բանակցային գործընթացում մեր դիրքերի անթույլատրելի թուլացման:

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

www.tert.am/am/news/2019/01/14/Ghazinyan/2894303?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail