ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
17.01.2019 | Հարցազրույց
Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը
Պարոն Բադասյան, Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ բյուրոյի կազմի ընտրության ժամանակ իր թեկնածությունը չի դնելու։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը և, ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։
Դաշնակցությունում կարգն այնպիսին է, որ անձը չի դնում իր թեկնածությունը, այլ ընկերներն են առաջարկում, ժողովի մասնակիցները։ Կարող է առաջարկեն, ինքն էլ ասի՝ ես չեմ առաջարկել, առաջարկել են, ես էլ ենթարկվել եմ որոշմանը։ Այսինքն՝ դեռ պարզ չի, երբ լինի, նոր կխոսենք։ Բայց ՀՅԴ-ի փրկությունը 4 տարի առաջ Հրանտ Մարգարյանից ձերբազատվելն էր, այսօր կարող է նույնիսկ դա էլ չփրկի։ Դաշնակցությունը շուտ չի վերականգնվի, դրա համար քաղաքական գործընթացներ են պետք, որպեսզի ՀՅԴ-ն նորից իր հանդեպ հավատը ձեռք բերի։
Արցախից կարո՞ղ է սկսվել այդ հավատը ձեռք բերելու գործընթացը՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի Արցախում ընտրություններ են լինելու։
Չեմ կարծում, ՀՅԴ-ն այսօր ինչպես Հայաստանում, Արցախում էլ դիտվում է որպես մի ուժ, որը նախկինում ուներ ազգային կերպար, իսկ այսօր վեր է ածվել իշխանության կցորդի ու սպասարկուի։
Բայց այսօր Հայաստանում Դաշնակցությունը իշխանության կցորդ չէ։
Իշխանության կցորդ չէ, որովհետև ժողովրդի կողմից չստացավ վստահության քվե։ Իհարկե, առջևում դեռ էլի ընտրություններ կլինեն, կարող է իրեն դրսևորել։ Ես միշտ ասել եմ, որ Դաշնակցությունը մեկ փրկություն ունի. պետք է ղեկավար կազմը փոխվի և գնահատական տա նախորդ ղեկավար կազմին։ Դա այն կազմն է, որ 20 տարուց ավելի ղեկավարում է Դաշնակցությունը, և այդ ուժը ազգային կուսակցությունից վեր է ածվել իշխանության կերակրամանից օգտվող կույտի։ Պետք է ասեմ, որ ՀՅԴ-ն ունի հնարավորություն վերականգնվելու որպես ազգային ուժ, քանի որ շարքերում մնացել են մաքուր դաշնակցականնները, իսկ Բյուրոն և Հայաստանի Գերագույն մարմինը, նաև մարզային ղեկավար մարմինները վերածվել են հակադաշնակցականների։
Լինելով համահայկական կուսակցություն, ունենալով մեծ դերակատարություն արցախյան պատերազմի ընթացքում, ունենալով մեծ դերակատարություն Սփյուռքում հայապահպանման գործում, ցավոք, վերջին 20 տարում ՀՅԴ-ն դարձավ ժողովրդի աչքի փուշը, որովհետև հայրենիքում ՀՅԴ ղեկավարությունը կործանարար դեր ունեցավ մեր ժողովրդի, մեր պետականության համար։ Ես հենց այնպես դա չեմ ասում, կան օրինակներ, որ ՀՅԴ-ն չպետք է աներ այս կամ այն քայլը, բայց արել է։ Օրինակ, ինչու պետք է ՀՅԴ-ն կողմ լիներ, որ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեր մադրիդյան սկզբունքները Արցախի հարցում, կամ ինչու գնահատական չտվեցին, ընդհակառակը, օգնեցին, որ տնտեսական լծակները «պարտքի դիմաց» սկզբունքով հանձնեցին ռուսներին երկրորդ նախագահի օրոք։ Երբ սկսվեց տնտեսության մոնոպոլիզացիան, երբ օլիգարխներին բերեցին ԱԺ, դաշնակցականներն իրենք սկսեցին դառնալ օլիգարխներ, ոչ միայն Սերժ Սարգսյանին թույլ տվեցին, այլև իրենք մասնակցեցին այնպիսի հանցագործությունների, ինչպիսին վերպետական խայտառակ պայմանագրերի կնքումն է։ Այս ամենի համար պատասխանատու է նաև Դաշնակցությունը, քանի որ նաև իրենց լռության կամ իշխանության հետ համագործակցության պայմաններում է տեղի ունեցել։
Այնպես որ, եթե Հրանտ Մարգարյանը հավատարիմ մնա իր խոստմանը և չառաջադրվի, կամ առաջադրվի, բայց ՀՅԴ Ընդհանուր ժողովի պատգամավորները չընտրեն նրան Բյուրոյի ղեկավար կազմում, և ընդհանրապես, լրիվ նոր կազմ ընտրեն, կարծում եմ՝ հնարավոր կլինի վերականգնել կուսակցությունը։ Բայց ես քիչ եմ դրան հավատում, որովհետև եթե նույնիսկ նոր կազմ ընտրեն, եթե դա եղավ Հրանտ Մարգարյանի շրջապատից, այդ նույն ախոռապետական կերակրամանին մոտ եղած մարդկանցից, նույնպես վատ է լինելու։
Ընդհանրապես, ի՞նչ շանս ունի ՀՅԴ-ն Հայաստանում, որն այս ընտրություններում չհաղթահարեց նվազագույն շեմը։ Եթե ՀՅԴ ղեկավար կազմը փոփոխվի, շանսեր կունենա՞ հաջորդ ընտրություններում հայտնվել խորհրդարանում։
Սպասելիքները ՀՅԴ-ից մեծ չեն և կարծում եմ՝ երկար ժամանակով այդ կուսակցությունը կլինի լուսանցքում։
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին։ Նա հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ դա անհիմն մեղադրանք է։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։
Ինձ համար կարևոր չէ, թե ինչ է ասել Սեյրան Օհանյանը։ Հարցն այն է, որ նա 2008 թվականին երկրորդական, երրորդական շրջանակներում էր գտնվում որպես Գլխավոր շտաբի պետ։ Ես կարծում եմ, որ ինքն այն անձը չէ, ով պետք է մեղադրվեր Ռոբերտ Քոչարյանից, Միքայել Հարությունյանից, Խաչատուրովից հետո։ Օրինակ՝ կա մի անձ, որ Արցախից զինված մարդիկ է տարել Երևան։ Ընդ որում զինվորական համազգեստ է հագցրել փողոցային խաժամուժին, հարբեցողներին և այլն։ Այդ անձը հիմա էլ պետական պաշտոնյա է և աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ։ Փաշինյանն էլ գերազանց գիտի այդ մասին։ Եթե մեկը դատվում է, մյուսը չի դատվում, կամ մեկը չարած բաների համար դատվում է, մեղադրանք է առաջադրվում, իսկ մյուսը ոչ, ես սա դիտում եմ որպես ոչ օբյեկտիվ քննություն և անձնավորում։ Այս պայմաններում ի՞նչ արդարադատության մասին է խոսքը։
Երկրորդ՝ ՀՀ երկրորդ նախագահն ավելի ծանր հանցագործություններ ունի արած, ինչո՞ւ միայն «Մարտի 1»-ով է մեղադրանք առաջադրվել։ Միայն դրանի՞ց է բան հասկանում Նիկոլ Փաշինյանը, միայն դրանի՞ց է տեղյակ։ Երբ նայում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, նոր խորհրդարանի մակարդակը, նրանց վարվելակերպը, արդեն տեսնում ենք, որ ծրագիր էլ չունեն, թե ինչպես են տնտեսությունը զարգացնելու, ինչպես են պաշտպանության, անվտանգության ոլորտներում, կրթության, գիտության, երկրի կենսունակությունը ապահովող կարևոր բնագավառներում պետք է Նիկոլ Փաշինյանն անձամբ և կառավարությունը ծրագիր ներկայացնեն և ժողովուրդն իմանա, թե ինչ է լինելու իր ապագան։ Հիմա անորոշ է մեր ապագան, չգիտենք՝ ինչ է լինելու։ Բայց փորձում են անձնավորված կերպով հանցագործությունները բացահայտել, այնինչ հանցագործություններ էլ են բաժանում, որ մասը իրենց պետք է հրամցնում են հասարակությանը, իսկ մյուսները՝ ծածկում։
Երկրորդ նախագահի մասին արդեն ասացի, հիմա օրինակ բերեմ նաև Մանվել Գրիգորյանի մասով. Ինչո՞ւ են նրան բռնել միայն տուշոնկայի հարցով։ Կան ավելի ծանր հանցագործություններ։ Տուշոնկան նույնիսկ միայն բարոյական հարց է։ Նաև հակառակը կարող եմ ասել. ազատամարտի այլ մասնակիցների նկատմամբ շատ անհարգալից վերաբերմունք կա, որը նսեմացնում է ազատամարտը։ Օրինակ, Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Չնայած նա իմ քաղաքական հակառակորդն է, բայց դա կապ չունի, նա ազատամարտի հերոս է։ Կամ օրինակ գնդապետ Արարատ Մելքումյանին առանց պատճառաբանության ծառայությունից ազատելը, կամ Արցախի հերոսներից գեներալ Արմեն Աբրահամյանին աշխատանքից ազատելը հենց առաջին օրերին։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է՝ մեր բոլորի աչքի առջև արցախյան ազատամարտի հերոսների պատվի հետ խաղալ։ Սա ես համարում եմ բանակի պատվի հետ խաղալ։ Ես քանի-քանի գեներալների անուններ եմ նշել, որոնք կատարել են ծանր հանցագործություններ՝ պետական թալան և այլն։ Ուր են այդ մարդիկ։ Ես հենց այնպես անուններ չեմ տվել, նույնիսկ 2 տարի առաջ ինձ ներգրավել են քրեական գործում, որպես զրպարտող։ Ի դեպ, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը համագործակցում էր ինձ հետ, որպեսզի քրեական գործը հարուցվի։ Խոսքը Մովսես Հակոբյանի մասին է, և որտեղ է նա հիմա։ Նա բարձր պաշտոն է զբաղեցնում Հայաստանում։ Այդպիսի դեպքերից հետո էլ ի՞նչ արդարադատություն։
www.lragir.am/2019/01/17/410052/