17.01.2019 – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա:
Լուսանկարում՝ 2015 թ. նախագահներ Պուտինն ու Էրդողանը 1904 թվականին ճարտրապետ Նիկոլայ Ժուկովի կառույց՝ մոսկովյան կենտրոնական «Ջում’ա-մզկիթի» վերաբացման արարողությանը: 2013-ին Մոսկվայում Հայկական եկեղեցական համալիրի բացմանը ռուսական որեւէ պաշտոնյա ներկա չգտնվեց
Ռուսական ազդեցիկ որոշ շրջանակներ սկսել են քննադատել ՎլադիմիրՊուտինին՝ իրենց հայրենիքը «եվրասիական», այլ կերպ ասած, թյուրքականերախը նետելու համար: Հայաստանը պետք է արձագանքի, բայց, փոխադարձության սկզբունքով: Սակայն դա էլ բավարար չէ:
«Ազդեցիկ» շրջանակներ ասելով առաջին հերթին պիտք է ենթադրել այդ երկրի ԶՈՒ-ը, քանի որ կրեմլյան ստրատեգների ստեղծած իրադրությունը իր ողջ ծանրությամբ իվերջո ընկնելու է ռուսական բանակի ուսերին: Հայաստանի հնարավոր չեզոք դիրքորոշումը ռուս-թուրկական անհամաձայնության դեպքում, որ ակնարկվեց Լրագրի վերջին հրապարակումներից մեկում (հեղ. Հ.Բադալյան), ըստ երեւույթին, հասել է ուր որ հարկն է Մոսկվայում: Արձագանքել է նաեւ Բաքվի մամուլը, ընդ որում, սպասվածի պես տարակուսանքով: Ինչեւէ, եթե Երեւանից կամ Ստեփանակերտից նայելու լինենք, Ռուսաստանի թյուրքական պայծառ ապագան միանգամայն հստակ է ուրվագծվում: Կարծես, դրա հեռանկարը նշմարելի է նաեւ մոսկովյան բաձրադիր կաբինետներից:
«1905 թվականի» փողոց, թիվ 7 հասցեից հրատարակվող «Մոսկովսկի Կոմսոմոլեց» (խմբագիր Պավել Գուսեւ) առաջատար թերթը իր 16 հունվարի համարով ներկայացրել է մի պատկերազարդ հոդված, որը բացառիկ կարելի է համարել ռուսական մամուլի համար: Հոդվածում մանրամասն նկարագրվում է ցարիզմի, այնուհետեւ բոլշեւիզմի հատուկ հովանավորության տակ գտնվող թյուրք եւ առհասարակ մահմեդական բնակչության արձագանքը ռուսական հայրենիքին ծառայելու պահանջին: 1916-ի արյունալի այս պատմությունը բոլորովին անծանոթ էր ընթերցողների լայն շրջանակին: Եւ ահա՝ Կրեմլին քննադատող եւ մեր ժամանակին խիստ համահունչ հրապարակում: Ինչի՞ մասին է խոսքը:
1916-ին ռուսական բանակը, որի շարքերում սխրանքներ էին գործում հարյուր հազարավոր հայ շարքայիններ եւ սպաներ, մեծ դժվարությունների առջեւ կանգնեց թե Կովկասյան, թե Արեւմտյան ճակատում: Ռուսաստանի մահմեդական բնակչության տղամարդկանց, որոնց մինչ այդ բնավ չէին զորակոչում, որոշվեց գոնե շինարարական ջոկատներում օգտագործել: Ռուսական կայսրությունը իրեն միացրած սիբիրյան եւ միջինասիական ընդարձակ շրջանների թյուրքալեզու բնակչության նկատմամբ տանում էր դրա թվաքանակի անշեղ ավելացման քաղաքականություն: Նույն քաղաքականությունն էր տարվում նաեւ Անդրկովկասում հայերին հայտնի «ծանի» ցեղախմբերի նկատմամբ, որոնք պաշտոնական Սանկտ-Պետերբուրգի կողմից միավորվել էին «թաթար» անվան տակ: 1937-ից «ծանիների» համար Մոսկվայում սահմանում են հերթական՝ «ազերբայդժանեց» անվանում:
1916-ի 25 հունիսին, Նիկոլայ Երկրորդ կայսեր հրամանագրով «օտարազգիների» (ռուս. ինորոդեց -խմբ.) 19-43 տարեկան տղամարդկանց փորձեցին զորակոչել շինարարական գումարտակներ՝ ստրոյբատ: Նկատենք, որ ի տարբերություն ֆրոնտում կռվող հայերի, մահմեդական «զինվորները» Մոսենի փոխարեն կրելու էին բահեր եւ նրանց կյանքին ոչինչ չէր սպառնալու: Ի պատասխան, Միջին Ասիայի ողջ տարածքում ծայր առավ տեղի ռուս անզեն գյուղական բնակչության զանգվածային սպանդ առջին հերթին ղիրղիզ եւ ղազախ ջարդարարների կողմից: Առավել գազանություններ գրանցվեցին Ղազախստանի ներկայիս մայրաքաղաք Ասթանայի շրջանում:
Հեղինակը քաղաքագիտական հետաքրքրական ընդհարացում է անում: Նա ենթադրում է, որ ռուսների սպանդը կազմակերպել էր գերմանացիների եւ թուրքերի միջինասիական ագենտուրան: Այս տրամաբանությամբ, 1917 հեղաշրջումից հետո ագենտուրայի դերը ստանձնած պիտի համարվեին բոլշեւիկներ Լենինն (Ուլյանով) ու քեմալական մարշալ Տրոցկին (Բրոնշտեյն): Ստալինյան ամենազոր նարկոմ Բերիան, ըստ քարտուղար Նիկիտա Խրուշչեւի, արդեն անգլիական ագենտ էր:
Համենայն դեպս, հիշեցնենք, որ Բորիս Ելցինի կառավարումը այժմյան ռեժիմի կողմից բնութագրվում է իբրեւ ամերիկյան ագենտուրայի կողմից վերահսկվող: Հարց է առաջանում, ի՞նչ բացառություն է կազմում ներկայիս ռուսական իշխանությունը: Իրականում, ռուսների, նաեւ հայերի ողբերգության շարանի հիմքում ընկած է արդեն XIV դարից բյուզանդահայության կայսերական եւ եկեղեցական հսկողության տակից դուրս պրծած բուն ռուսական քաղաքականությունը, որը դատապարտված է օտար հարափոփոխ «հարումների»:
Դատելով «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի նկարագրածից, Սաֆարովի, Մատաղիս ներխուժած ավազակների՝ իսկ մեկ դար առաջ Հայաստանում թուրք եւ քուրդ ջարդարարների ոճրագործությունները այլ բան չեն, քան միջինասիական «բնօրինակի», կամ այսպես ասած արխետիպի, կոլեկտիվ մատրիցայի կրկնապատճենը: 1916-ի ամռան վերջին, ռուսական միջինասիական գյուղերի բնակչությունից մնացել էին միայն գլխազերծ եւ մաշկազերծ ծերունիների, սեռական օրգաններից զրկված կանանց եւ մանկահասակ աղջիկների դիակներ՝ աննկարագրելի ուրիշ գազանությունների հազարավոր հրապարակային «կրեատիվ ցուցադրություններ»:
Ռուսների սպանդը դադարեցնելու նպատակով ֆրոնտից մեծ ուշացումով բերվեցին բանակային ստորաբաժանումներ, որոնք, բնականաբար, չխնայեցին այժմ նորանկախ բիշքեք ու ասթանաներում ազգային-ազատագրական համարվող ղիրղիզ-ղազախ «ապստամբներին»: Ռուսների պատասխան գործողություններ ակնկալող թյուրք բնակչությունը 1916 աշնանը մասսայաբար դիմեց փախուստի դեպի Չինաստան:
«Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի հոդվածագիրը հարց է տալիս. եթե Կրեմլը եւ երկրի ԱԳՆ շարունակ կշտամբում են Արեւմուտքին եւ պաշտոնական Կիեւին «նեոֆաշիզմ» տարածելու, Երկրորդ Աշխարհամարտի ազգային կոլաբորացիոնիստների, մասնավորապես Ստեփան Բանդերայի անունը փառաբանելու համար, ապա ինչո՞ւ չի խոսվում Ռուսաստանի թյուրք բնակչության կողմից ռուսական բանակի կռնակին խփած դավաճան դաշույնի մասին: Հեղինակը խնամքով շրջանցում է այս համեմատության կովկասյան եւ սիրիական հատվածները, նկատի ունենալով «ազերբայդժանեցների» եւ թուրքերի հետ Մոսկվայի հատուկ հարաբերությունները:
Այստեղ է, որ արդեն մենք պիտի հռետորական հարց տանք. եթե կարելի է եւ, նույնիսկ, հարկ է խոսել Նազարբաեւի նախնիների մասին, ապա ինչու չի խոսվում Բաքվի տիրակալի նախնյաց մասին: Չէ որ նույն 100 տարին է անցել: 1917 թվականի աշնանը Տրապիզոն նավահանգստից ծովով մասսայաբար դուրս էին բերվում Հայաստանում թուրքերի դեմ հայ կամավորների կողքին Բայբուրթ-Երզնկա-Բիթլիս-Վան ճակատը պահող ուկրաինացիներին: Իսկ 1918 հունվարին երկաթգծով՝ Բաքվի վրայով դեպի Ռուսաստան էին տեղափոխում հայկական ճակատը լքած արդեն ռուս զինվորներին: Հռոմեից եւ օսման կայսրությունների ժառանգ Տաճկահայաստանը, բոլշեւիկյան պարագլուխների մտահղացմամբ, «ազատ» էր միայնակ պայքարելու ազգերի ինքմնորոշման սկզբունքի համար:
Հայաստանից դեպի Ռուսաստան ճանապարհին, Առաջին Համաշխարհայինի չորս տարիներին այդպես էլ կարգին ֆրոնտ չտեսած «ծանիները» գնդացիրներից դիմահար կրակով ոչնչացրին հերթ-հերթի Շամխոր կայարան ժամանող էշելոնները: Վրացի ղեկավարությամբ նրաք սպանեցին տարբեր տվյալներով 5000-7000 ռուս զինծառայող: Վագոններում քնած ռուս զինվորների Շամխորյան սպանդը Բաքվում համարվեց անկախացած «ծանի-մուսուլմանների» մարտական մկրտությունը: Ոչինչ չի՞ հիշեցնում:
Մեկ սերունդ անց, Երկրորդ Աշխարհամարտի տարիներին տխուր պատմությունը կրկնվեց: Սովետ Միության թյուրքալեզուների զորակոչը իսկական պատուհասի վերածվեց հրամանատարության համար: Տղամարդկանց որոշվեց չթողնել ծննդավայրերում՝ անզեն ռուս էվակուանտներին վտանգի չենթարկելու նպատակով: Սակայն ճակատ հասնելուն պես նորակոչիկները վազում էին դեպի հակառակորդ, հնչեցնելով «ուզբեկ նադո՞» նշանավոր գաղտնաբառը: Առաջնագծում գերմանացիք հրաժարվում էին նրանց գերի վերցնել, ենթադրելով, որ Կարմիր բանակի շարքերում թողնելով, նրանք ավելի մեծ վնաս կհասցնեն հակառակորդին, քան գերելով կամ գնդակահարելով: Հայ զինծառայողների հայտնի զոհաբերության եւ թյուրքերի նկատմամբ մոսկովյան «հոգածության» հետեւանքով Անդրկովկասում առաջացավ բնակչության էական անհամաչափություն: Հատկապես՝ Նախիջեւանում:
Անշուշտ, ռուս հրապարակախոսն ամենեւին կարիք չունի կովկասյան թյուրքերի մասին «թամամ խոսքը» ասելու: Պարզ է, որ թիրախը միայն Նազարբաեւը չէ: Ավելին, իրական թիրախը նույնիսկ հոդվածի մեջ հիշատակած նախագահ Պուտինը չէ: Նյութը ուղղված է ռուսական քաղաքական վերնախավին: Ավելի ճիշտ, մտածելու ունակությունը դեռեւս պահպանող դրա հատվածին: Քաղաքական, տնտեսական եւ «ուղղափառ» քրիստոնեության հարցերով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանի հաճախորդ դարձած սլավոնական երկու խոշորագույն ազգերի առաջնորդներ Պուտինն ու Պորոշենկոն, դատելով մոսկովյան թերթի հոդվածից, այլեւս անհույս են համարվում:
Խնդիրն այն է, թե թուրքական շավղի վրա ռուսական ձախողման դեպքում առաջին հարվածի նշանակետ դարձող Հայաստանը ի՞նչ պետք է ձեռնարկի թե ներկա, թե հավանական ապագա ռուս իշխանության հետ բանակցելիս: Բացի փոխադարձության սկզբունքից, որ հայտավորվեց վարչապետ Փաշինյանի կողմից բարձրագույն մակարդակի վրա, կա եւս մեկ, արմատական հարց: Ինչի՞ն փոխադարձ: Մի հարց կա, որ ավելի ու ավելի համառ է տրվում հայ հասարակության քննական շրջանակում. իսկ ո՞րն է «ռուսականը», կա արդյոք այդպիսի բան, առհասարակ:
Ռուզաց ու վարանց (հգն-ուղղ. ռուզիք, վարանք, հին-գերմ. rous, vareing, սկանդինավյան սլավոնացած ցեղախմբեր, ռուսներ – խմբ.) բախտ է վիճակվել ճաշակել բյուզանդահայերի կողմից քաղաքակրթական շքեղ գաղութացման պտուղները: Սակայն անցել է արդեն 1000 տարի, եւ վերջնական թյուրքացման եզրին կանգնած ռուսական գաղափարը կարիք ունի հայկական նոր «բեղմնավորման»: Անորոշ է նաեւ արեւմտյան ուղղության բնութագիրը եւ մոտիվացիան: Մինչեւ ատամները զինված մեկ դեպքում թյուրքարմատ դրուժբայի, իսկ մյուս դեպքում՝ վակուումի հետ հնարավոր չէ հաղորդակցվել առանց քաղաքակրթական զորեղ լծակների գործադրման: Միջինասիական ջարդարար-բոլշեւիկ-ազգայնականների զարմանահրաշ մետամորֆոզները հուշում են, որ 1914-ի հայկական միամիտ «փորձը» չպիտի կրկնվի Արցախում:
Հասունացել է կենսական հարցերի մշակման համար երկրի վարչապետի մոտ փորձագիտական խմբի ստեղծման խնդիրը: Իսկ միջպետական հաղորդակցության հրապարակային ամբիոնի լավագույն տարբերակը հայոց նորոգ Խորհրդարանն է: Այս առիթով, ինչպե՞ս չնշել նախագահ Սերժ Սարգսյանի ավանդը: Առայժմ միայն այս կաղապարն է իրական:
lragir.am/2019/01/17/410413/