18.01.2019 | Մեկնաբանություն | Lragir.am
Ռուսական հեղափոխություն Թուրքիայում. քաղաքապետ սուլթանի փոխարե՞ն
Ռուսական Դոժդ հեռուստաալիքը հայտնում է, որ ռուսաստանցի Անաստասիյա Պետրովա-Չետինկայան պատրաստվում է առաջադրվել Թուրքիայի քաղաքներից մեկի քաղաքապետի պաշտոնի թեկնածու: Անաստասիա Պետրովա-Չետինկայան 9 տարի առաջ է ամուսնացել ու տեղափոխվել Թուրքիա՝ Ալանիա քաղաք: Մեկ տարի առաջ ստացել է քաղաքացիություն եւ իրավունք ունի ընտրելու եւ ընտրվելու:
Ալանիան թուրքական զբոսաշրջային առանցքային քաղաքներից է, գտնվում է Միջերկրական ծովի ափին, Անթալիայի շրջանում եւ մեծ պահանջարկ ունեցող է ռուս զբոսաշրջիկների շրջանում:
Քաղաքապետի ընտրությունը լինելու է մարտի 31-ին: Անաստասիա Պետրովա-Չետինկայան դրան մասնակցելու է «Փոփոխությունը քո մեջ է» կարգախոսով:
Դա խորհրդանշական կարգախոս է, հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ ռուսաստանցի կինն առաջին անգամ պատրաստվում է առաջադրվել Թուրքիայի քաղաքներից մեկի քաղաքապետ: Սա փոփոխություն է, գուցե ինչ որ առումով հեղափոխություն, իհարկե պայմանականորեն, որովհետեւ մեղմ ասած պարզ չէ, թե արդյոք այդ հանգամանքը Թուրքիայի կյանքում կարող է արտահայտվել որեւէ այլ շարունակությամբ:
Մյուս կողմից, խորհրդանշականությունը յուրօրինակ է նաեւ ռուս-թուրքական հարաբերության ֆոնին, որտեղ Թուրքիան է թերեւս ավելի ու ավելի մեծ դերակատարում կամ ազդեցություն ստանում ռուսական կյանքի վրա, ընդ որում թե քաղաքական, թե այսպես ասած կենցաղային:
Ռուսաստանի Առաջին ալիքը ցուցադրում է «Իմ սրտի սուլթան» սերիալը, որը թուրք սուլթանի եւ նրան սիրահարված ՌԴ դեսպանատան աշխատակցուհու սիրո մասին է: Խիստ խորհրդանշական մի սերիալ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին տարիների «էվոլյուցիայի» ֆոնին, որտեղ տեղ է գտել ընդհուպ ՌԴ դեսպանի հրապարակային սպանության փաստը:
Ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի դիտանկյունից հասկանալիորեն զգայուն թեմա է, մշտական ուշադրություն պահանջող, քանի որ պատմականորեն ձեւավորվել է այնպես, որ Հայաստանի շահն ու անվտանգությունը զոհաբերվել են այդ հարաբերությանը: Երկու երկրների հարաբերության այդ տրամաբանությունն ու բնույթը գործնականում չեն փոխվել, եւ վերջին անգամ դրա հետեւանքին Հայաստանն ու Արցախը բախվեցին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին:
Դրանից հետո որոշակի տրանսֆորմացիա նշմարվեց, իրավիճակի բերումով, սակայն այդ առանց այդ էլ թույլ տրանսֆորմացիան շարունակում է մնալ մարտավարական մակարդակում, իսկ երկկողմ հարաբերության ռազմավարական հիմքում շարունակում է լինել հավատարմությունը ռուս-թուրքական հայտնի պայմանագրին, որ կնքվել եւ ստորագրվել է գործնականում հայերի արյամբ:
Հունվարի 18-ին լրանում է Փարիզի խաղաղության կոնֆերանսի 100-ամյակը: Կոնֆերանս, որտեղ ձեւավորվեց հայերի համար մեկ այլ, այս անգամ դրական իմաստով նշանակալի՝ Սեւրի պայմանագիրը, որը կնքվեց 1920 թվականին: Սակայն, նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանի գործուն օժանդակությամբ Թուրքիային հաջողվեց զերծ մնալ այդ պայմանագրի իրականացումից, իսկ հետո նաեւ չեզոքացնել՝ 1921 թվականին նախ կնքել ռուս-թուրքական պայմանագիրը, իսկ հետո էլ 1923-ին Սեւրը ավելի լայն իմաստով վերանայել Լոզանի պայմանագրով:
Անշուշտ, իրավա-պայմանագրային այս «բազան» ներկայում դիտարկելն իր մեջ պարունակում է զգալի հարաբերականություն, սակայն խորքային առումով այդ ամենը կազմում են մտածողությունների եւ չափումների մի ամբողջական համակարգ, որն էլ առ այսօր ռուս-թուրքական հարաբերության ռազմավարական հիմքում է: Ըստ այդմ ինչն էլ ուրվագծում է հայկական պետականության, քաղաքական նոր ձեւավորվելիք դասի, քաղաքական նոր էլիտայի ռազմավարական առաջնահերթություններից ու խնդիրներից մեկը՝ ոչ միայն պետական, նաեւ հասարակական, փորձագիտական, տեղեկատվական հարթակներում դնել Հայաստանի շահերի ու անվտանգության սպառնալիքների վրա կառուցված ռուս-թուրքական հարաբերության ռազմավարական եւ մտածողական հենքի չեզոքացման հարցը:
lragir.am/2019/01/18/410727/