19 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ՊԱՏՄԱԿԱՆ:
1920 թվականի այս օրը՝ հունվարի 23-ին, Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի անունով ստացված հեռագիրը ազդարարում էր, որ Փարիզում Դաշնակից պետությունների Բարձրագույն խորհուրդը դե ֆակտո ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Դա տեղի էր ունեցել հեռագիրը ստացվելուց 4 օր առաջ՝ հունվարի 19-ին։
Ի տարբերություն Վրաստանի, որը 1921 թվականին, բոլշևիկյան Ռուսաստանի գրավումից շաբաթներ առաջ ճանաչվեց նաև դե յուրե, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը Դաշնակիցների կողմից իրավական ճանաչում չեն ստացել, թեև երկու երկրներն էլ դիվանագիտական հարաբերություններ ունեին տասնյակ պետությունների հետ և համարվում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դաշնակիցներ։
Խատիսյանի անունով ստացված հեռագրում ասվում էր, որ «Բարձրագույն խորհուրդը Փարիզում որոշեց, որ Հայաստանի կառավարությունը պիտի ճանաչվի իբրև կառավարություն դե ֆակտո այն պայմանով, որ այս ճանաչումը ոչ մի դեպքում չի կանխորոշում սահմանների խնդրի վերջնական լուծումը»:
Հայաստանն ու Ադրբեջանը ունեին լուրջ սահմանային վեճեր ու տարածքային հավակնություններ միմյանց նկատմամբ, և դա էր հիմնական պատճառներից մեկը, որ երկուսն էլ իրավական ճանաչում չստացան։ Ամիսներ անց՝ 1920-ի ապրիլի 28-ին բոլշևիկացվեց Ադրբեջանը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Հայաստանը։
«Այս ճանաչումը անպայման վերաբերում է Հայաստանի նրա այժմյան վիճակին, Երևան մայրաքաղաքով, սակայն ոչ մի կերպ չի վերաբերում Թուրքահայաստանին»,- ասվում էր հեռագրում:
Սա էլ ուշագրավ էր․ եվրոպացիները սպասում էին քեմալական շարժման վերջնարդյունքին, ինչը ողբերգական հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։
ՀՅԴ Բյուրոյի «Յառաջ» օրաթերթը «Հայաստանի անկախության ճանաչումը» խմբագրականում, հունվարի 24-ին, գրեց, որ քայլ առ քայլ հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, քայլ առ քայլ իրականանում են նրա դարերի ձգտումներն ու տենչանքները:
«Այսօր մեր հանրապետությունը ճանաչվեց փաստորեն անկախ՝ ներկա սահմաններում, պետք է խորապես համոզված լինել, որ վաղվա օրը կճանաչվի և՛ փաստորեն, և՛ իրավապես Միացյալ և Անկախ Հայաստանը: Մեր անկախությունը մի շնորհ չէ, որ տրվում է մեզ մեծ պետությունների կողմից, այլ արդյունք է այն անողոք պայքարի, որ մենք վարել ենք մեր դարավոր թշնամիների դեմ»,- ասվում էր խմբագրականում:
«Յառաջը» հույս էր հայտնում, որ հանրապետության համար կատարյալ հաղթանակի տոնը կլինի այն օրը, երբ «կստանանք Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը մեր ցանկացած սահմաններում»:
Ուշագրավ ևս մեկ իրողություն․Ադրբեջանի և Վրաստանի դե ֆակտո անկախությունը ճանաչվել էր Հայաստանի անկախության ճանաչումից մեկ շաբաթ առաջ։ Այդ առիթով «Յառաջը» հունվարի 15-ի համարում գրեց․ «Վրաստանի և Ադրբեջանի անկախության հետ միաժամանակ Հայաստանի անկախությունը չճանաչելու պատճառն այն է, որ Հայկական հարցը Բարձրագույն խորհրդի կողմից նկատվում է միջազգային հարց, որը շուտով լուծվելու է դրականապես և վերջնականապես՝ թուրքական հարցի հետ միասին»:
Երբ Երևանում ստացվեց Ադրբեջանի և Վրաստանի փաստացի ճանաչման լուրը, Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը շնորհավորական ուղերձներ հղեցին Բաքու և Թիֆլիս։ Խորհրդարանի փոխնախագահ Ավետիք Սահակյանի՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին հղած հեռագրում ասվում էր․ «Խորին հաճույքով և անկեղծ ուրախության զգացումով իմացա Ադրբեջանի անկախության ճանաչումը Բարձրագույն խորհրդի կողմից: Հայաստանի խորհրդարանի անունից շնորհավորում եմ Ադրբեջանի խորհրդարանին, որը կովկասյան ժողովուրդների համար ստեղծելու է նոր և բախտավոր դարաշրջան, հղում ենք Ձեզ մեր լավագույն ցանկությունները»:
«Յառաջը» հունվարի 15-ի խմբագրականում գրեց․ «Հայաստանի ողջ աշխատավորությունը միայն ողջունել կարող է իր հարևան, օտար լծի տակ հարյուր տարուց ավելի հյուծված և ճնշված ժողովուրդների ազատագրումը… Այսօր մեր հարևան երկու հանրապետությունները միանգամայն ազատ և անկախ պետություններ են՝ ընդունված մեծ պետությունների Բարձրագույն խորհրդի կողմից: Ողջունելի է մեր կողքին ապրող երկու ժողովուրդների վերջնական ազատագրումը նաև այն տեսակետից, որ Հայաստանի անկախությունն առանց իր հարևանների ազատության խորանալ և հիմնավորվել չէր կարող…»։
Ադրբեջանի և Վրաստանի կողմից շնորհավորանքներ ուղղվեցին Երևան, երբ ստացվեց Հայաստանի դե-ֆակտո ճանաչման լուրը։
Ադրբեջանի արտգործնախարար Ֆաթհալի Խան Խոյսկու՝ հունվարի 26-ին հղած հեռագրում ասվում էր․ «Անկեղծ զգացմունքի ուրախությամբ տեղեկացած Գերագույն Խորհրդի կողմից մեր հարևան Հայաստան Հանրապետության կառավարության փաստացի ճանաչումը, շտապում եմ Ձեզ հայտնել իմ սրտագին շնորհավորանքները հայ ժողովրդի կայնքում այս պատմական դեպքի առթիվ: Հավաստում եմ, որ այժմ Անդրկովկասի երեք դրացի ժողովուրդները մեծ պետությունների կողմից ստանալով իրենց անկախության հաստատումը, չեն հապաղի խտացնել իրենց շարքերը և միահամուռ գործակցությամբ երջանկության և զարգացման ճանապարհը բռնել»:
Թաթուլ Հակոբյան
aniarc.am/2019/01/19/armenia-recognition-de-facto-1920/?