Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Ուղերձը` ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովին

23 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ –:

16 յունուար 2019-ից Արցախում ընթացող ՀՅ Դաշնակցութեան 33-րդ Ընդհանուր ժողովը ստացել է Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի ողջոյնի ուղերձը:

Այն ներկայացնում ենք` առանց մեկնաբանութեան:

«Ողջունում եմ Հայ յեղափոխական դաշնակցութեան 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամաւորներին եւ հիւրերին:

ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի` հերոսական ու ողբերգական, երբեմն` հակասական ու վիճելի, երբեմն` միարժէքօրէն իրաւացի, յաճախ` հալածուած, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը:

Բացառիկ է Դաշնակցութեան դերը աշխարհասփիւռ հայութեան ազգային ինքնութեան պահպանման, գաղթօճախների կազմակերպման, հայկական կառոյցների կայացման գործում:

Հայ յեղափոխական դաշնակցութեան վերադարձը, նրա վերընձիւղումը մայր հայրենիքում, ինչպէս դուք էք աւելի ճշգրիտ բնորոշում, կարեւոր իրադարձութիւն էր ո՛չ միայն կուսակցութեան, այլեւ ողջ հայութեան եւ յատկապէս Հայաստանի եւ Արցախի քաղաքական կեանքում:

Ընդհանուր ժողովին մաղթում եմ յաջող ընթացք, արդիւնաւէտ աշխատանք, նաեւ իմաստուն ու հեռատես որոշումների ընդունում: Ժողովի մասնակիցներին, ինչպէս նաեւ Դաշնակցութեան ընտանիքի բոլոր անդամներին մաղթում եմ յաջողութիւններ` իրենց հայրենանուէր գործերում:

Իմ եւ Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնութեան անունից յայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցութեան ՀՅԴ-ի հետ: Մենք նաեւ բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկութիւնների եւ քննադատութեան հանդէպ:

Յոյսով եմ, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովից յետոյ Դաշնակցութիւնն իր անդամներին, համակիրներին եւ ողջ հայութեանը կը ներկայանայ ո՛չ միայն իր մեծ` 129-ամեայ փորձով, հարուստ աւանդոյթներով, այլեւ նոր լիցքերով, թարմ գաղափարներով եւ երիտասարդ ոգով:

Յաջողութիւն ձեր աշխատանքներին»:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ

22 յունուար 2019

aztagdaily.com/archives/424282

Facebooktwitterredditpinterestlinkedinmail