Անօրինականություններ` Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացում

21 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ:

Գյումրիում տարիներ շարունակ բնակարանների բաշխման գործընթացում անօրինականություններ են թույլ տրվել, դրանք բացահայտվել են «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանի ուսումնասիրությունների արդյունքում: Թնջուկը բավականին մեծ է և կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնցով արդեն իսկ զբաղվում է Շիրակի մարզի դատախազությունը:

Խնդրի շուրջ այսօր «Երկխոսությունների» մեդիա կենտրոնում պատասխանատու կառույցների ներկայացուցիչների և հասարակական սեկտորի մասնակցությամբ ակտիվ քննարկում էր ծավալվել, որին ներկա է գտնվել նաև ՀԱՅ ՁԱՅՆ-ի Գյումրու թղթակիցը:

Բանախոսներից՝ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նախ ներկայացնում է այս տարիներին պետության և այլ հիմնադրամների միջոցով բնակարաններ ստացած քաղաքացիների վիճակագրությունը, որը բավականին խրթին է: «Վերջին հաշվառման ժամանակ՝ 2008թ-ին հաշվառվել էին 4274 ընտանիք Գյումրիում, նրանցից 2800-ը ստացել են կառուցված բնակարաններ Մուշ և Անի թաղամասերում, ևս 400 ընտանիքներ բնակարանների գնման վկայագրերով էին փոխհատուցվել»:

Թվում է, թե մաթեմատիկական հաշվարկից հետո պետք է մտածել, որ Գյումրիում անօթևանության խնդիրը կարելի էր լուծված համարել: Բայց քաղաքապետարանի ներկայացուցիչ՝ բնակտնտեսության ևհամատիրությունների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Նարինե Մելքոնյանի տվյալներով՝ 2018թ-ի ապրիլին կատարված հաշվառման համաձայն քաղաքում ոչ ավելի, ոչ պակաս դեռևս կան 4000 տնակներ. «Այսօր ներկա պահին տնակների մեծ մասը չի քանդվել, մնացել է տեղում, դրանց հիմքում բազմանդամության փաստն է: Կառավարության 2009թ-ի 408 որոշմամբ, այն քաղաքացիները, որոնք ունեին 2 համարակալմամբ տնակներ, մեկն ազատել են, մյուսը չեն ազատել, քանի որ ընտանիքի մի մասը տեղափոխվել է նոր բնակարան, մյուս մասը մնացել է տեղում»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն էլ արձանագրում է, այն որ բնակարանների բաշխման գործընթացում խախտումներ են եղել, դա բոլորին է հայտնի, քանի որ տարբեր ժամանակներում զբաղվել են տարբեր կառույցներ, հիմա՝ 30 տարի անց, ամոթի խարանն այլևս չունենալու համար պետք է այնքան հանրային դարձնենք այս հարցը, որ վերջնական լուծում տրվի. «Իրականում ով ճարպիկ էր, կարողացել էր տարբեր մեթոդներով բնակարաններ ստանալ, եղել են և օրենսդրական բացթողումներ և մինչև Գլենդել Հիլզի կառուցած բնաակարանների բաշխումը՝ «շունը տիրոջը չի ճանաչել»: Եղել է մի այնպիսի իրավիճակ, որ ով որտեղից եկել է, կարողացել է ստանալ բնակարան»:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանըգտնում է, մի շարք փաստեր են նպաստել, որ դեռևս Գյումրիում անօթևաններ կան, բայց այդ ամենը չի արդարացնում այն հանգամանքը, որ այս մարդիկ բնակարաններ ստանալու իրավունք չունեն. «Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, նվազագույն պայմաններից ավելի վատ պայմաններում ապրելը: Այսինքն պետությունը պետք է կրի այդ պատասխանատվությունը տվյալ անձանց մինիմում բարեկեցիկ պայմաններում ապրելու համար»:

Ինչ վերաբերում է բնակարանների բաշխման գործընթացի անօրինականություններին, ապա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանն առավել կոնկերտ փաստեր է մեջբերում. «Մի քանի բնակարաններ հատկացրել են մեկ փլված հասցեի դիմաց և այդ բնակարաններ ստացած մարդկանց անուններն ընդհանրապես կապ չունեն իրար հետ, անգամ որևէ ազգակցական կապեր չկան: Հետևաբար, հարց է առաջանում, որ նախքան 432 որոշում ընդունելը, պետութունը բնակարանները բաշխել է անձերի քանակով, ես դա կհասկանայի միայն այն դեպքում, եթե տեսնեի, որ բնակարանները տրամադրվել են երկու եղբոր ընտանիքի, քույր եղբոր ընտանիքի, բայց երբ երևէ կապ չունեն այս անձինք, արդեն շատ կասկածելի է: Այս հարցերի պատասխանները մեզ կտան իրավապահ մարմինները, համապատասխան դիմումի հիման վրա խնդրել եմ, որ ուսումնասիրություններ կատարվեն»:

Խնդիրը բազմակողմանի է, գործող անձինք՝ բազմաթիվ: Իսկ անօթևանության խնդրի իսպառ լուծման ուղղությամբ Գյումրիում դեռևս լավատեսություն չկա՝ աչքը տեսածից է վախենում:

Իմ խոսքը «Գյումրու անօթևանության հիմնախնդրի լուծման գործընթացը» թեմայով, այսօր կայացած քննարկման ընթացքում:

Posted by Vahan Tumasyan on Monday, January 21, 2019

Վահան Թոմասեանի խոսքը «Գյումրու անօթևանության հիմնախնդրի լուծման գործընթացը» թեմայով, այսօր կայացած քննարկման ընթացքում
haydzayn.com/am/page/anorinakanoutyounner-gyoumrioum-bnakaranneri-basxman-gorcentacoum?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail