24-01-2019 18:51:24 | Լիբանան | Հարցազրույցներ
– Ի՞նչպես եք մեկնաբանում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի Դավոսյան հանդիպումը
.«Նոյյան Տապան»- ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
– Վարչապետի պարզաբանումները խուճապային մեկնաբանություններով չպետք է ըմբռնել, միաժամանակ նաեւ որոշ վերապահություններ չպետք է բացառել:
Նախ իհարկե կարեւոր է այն ըմբռնումը, որ այս հանդիպումները որեւէ ձեւով իբրեւ բանակցային փուլ չպետք է ընկալել։ Վերաբանակցելը երկկողմ ձեւաչափով նշանակում է հերթական անգամ Ստեփանակերտը իբրեւ բուն բանակցող կողմ դուրս մղել եւ այդ կերպ հակասած լինել նախապես ընդգծված կենսական անհրաժեշտությանը, կամ` նախապայմանային շեշտադրումով ընդգծված պաշտոնական Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականությանը: Իսկ խոսակցությունների առանցքի մինչեւ հիմա հրապարակայնացած տեսակետների բանաձեւ լինելը անմիջապես հուշում է, որ արծարծվել է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ նաեւ համահայկական խնդրի հանգամանք ունենալով սփյուռքահայության համաձայնության պայմանայնությունը։
Հարցադրումների տեսքով անպատասխան է մնում այն երեւույթը, որ Դուշանբեից սկսված՝ Բաքուն նվազագույնի է հասցրել շփման գծի կամ պետական սահմանի ուղղությամբ կրակոցները։ Քաղաքական բացատրությամբ հիմնավորյալ ենթադրությունը վերաբերվում է այն ձգտումին, որ Բաքուն է դրսեւորում՝ անգործադրելի դարձնել Վիեննայով եւ Սանկտ Պետերբուրգով հաստատված շփման գծի վրա մշտադիտարկման եւ հետաքննության համար սարքավորումներով կահավորումի պայմանավորվածությունները։
Մինչ Վաշինգտոնը հայ-ամերիկյան հարաբերությունների առանցք է բերում ՀՀ-ի երկկողմ ապաշրջափակումի մեկնարկ` արցախյան հարցի հանգուցալուծումը, Եւրոպայի ներկայացուցիչները հակամարտության լուծման նոր լիցք հաղորդելու ենթահողի նախադրյալներ են նկատում, իսկ համանախագահները երկու կողմերին հորդորում են ժողովրդներին նախապատրաստել խաղաղությանը:
Այս բոլորը նախանշում են, որ բանակցային գործընթացին վերադառնալու շարժիչ գործոններ են աշխատում. եթէ մինչ այժմ նախապես չպայմանավորված միջազգային հավաքների առիթով զրույցներ, հանդիպումներ են գրանցվում, այսուհետ կարող է հատուկ օրակարգով միջնորդների կողմից նախաձեռնված եւ կողմերի միջեւ համաձայնեցված ժամանակացույցի հիման վրա հրապարակվեն հանդիպման օր, վայր:
Հայկական կողմը դիրքորոշումի հետեւողականությունը պահելու հարկադրանքին առաջ է: Եւ եթե զրույցներից դեպի բանակցություն անցումային փուլ է, ապա պաշտոնական Ստեփանակերտի ներգրավումը անհրաժեշտ է:
Նոյյան տապան – Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից
nt.am/am/news/264164/