24 հունվարի, 2019, ՄՇԱԿՈՅԹ:
«Google Earth» ծրագրի տիեզերական լուսանկարները զննելու արդյունքում Քաշաթաղի շրջանի Քարոտան գյուղի հարավային մասում՝ Որոտան ու Հակարի գետերի միախառնման կետում, վերջերս հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հնագետ Գագիկ Սարգսյանը՝ նշելով, որ ամրոցը զբաղեցնում է երկու գետերի մակարդակից մոտ 20 մ բարձրությամբ հյուսիս-հարավ ձգվող բլրի էլիպսաձև, ձեռակերտ հարթեցված գագաթնամասը:
«Կառույցը պաշտպանված է շրջապարսպով, որի ներփակ տարածքի առավելագույն երկարությունը 107 մ է, լայնությունը՝ 36 մ, ինչը կազմում է 3680 քառ/մ: Պարսպապատերի ընդհանուր երկարությունը 278 մ է: Պարիսպները կառուցված են միջին չափերի ճեղքած մոխրագույն ավազաքարից և գետաբերաններից բերված գլաքարերից կապակցված ամուր կրաշաղախով: Այսօր գետնի մակերեսին երևում է միայն 1.5-2.2 մ լայնությամբ պարսպապատի հիմնամասերի ուրվագիծը: Նկատվում է նաև, որ շրջապարիսպը ուժեղացված է եղել ոչ համաչափ դասավորված փոքր, ուղղանկյուն որմնահեծերով: Ամրոցի ներսի տարածքը հիմնականում հարթ է ու դատարկ: Կառուցապատման հետքեր նկատվում են միայն հարավային կողմում՝ այն էլ հատվածաբար ուրվագծվող հիմնապատերի տեսքով»,-ավելացրել է հնագետը:
Ըստ Գ. Սարգսյանի՝ ուշագրավ է ամրոցի գլխավոր մուտքի կառուցվածքը: Մուտքի արևելյան աշտարակը չափերով արտաքինից հնգանիստ զանգված է, որի պահպանված ստորին մասը միաձույլ է: Ամենայն հավանականությամբ նրա վերևի հատվածն ունեցել է սնամեջ ծավալ: Ճիշտ նմանատիպ մի աշտարակ էլ կանգնեցված է ամրոցի հարավ-արևմտյան անկյունում:
«Երկու աշտարակներից բացի երևացող հիմնապատերից պահպանվել են նաև ցոկոլային մասի 1.5-2 մ բարձրությամբ զանգվածները: Վերջիններս գլխիվայր ընկած են իրենց իսկ հիմքերի դիմաց: Ընկած զանգվածների դիրքն ակնհայտորեն վկայում է, որ այս երկու աշտարակները ժամանակին պայթեցվել են: Ամրոցի կրաշաղախով կառուցված պարիսպների ավերվածության աստիճանը թույլ է տալիս մտածելու, որ նրա կործանման մեջ առկա է նաև մարդկային գործոնը: Բլրի լանջերին կառուցապատման ցայտուն հետքեր չեն պահպանվել: Ամրոցի արևելքում հիմնական պարսպագծի տակ փորված պաշտպանական խրամատը, ըստ ամենայնի, Արցախյան ազատագրական պատերազմի հետևանք է»,-մանրամասնել է հնագետը և հավելել, որ հուշարձանի տարածքը հարուստ է վերգետնյա խեցեղենով: Ճարտարապետական մանրամասների և վերգետնյա խեցեղենի վերլուծության հիման վրա հուշարձանը թվագրվում է 14-18-րդ դարերին:
artsakhpress.am/arm/news/100086/qashataxi–shrjanum—-haytnabervel–e–14-18-rd–dareri-amroc-hnaget.html