25 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԷՐ:
75 տարվա ընթացքում Հայաստանը տարածքով ընդարձակվել է չորս անգամ՝ 1918 թվականի 10 հազար քառակուսի կիլոմետրից հասնելով 42 հազարի 1994 թվականին: Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունը առնվազն քառապատկվել է:
Հայաստանի ընդարձակման և նեղացման՝ ստատուս-քվոների փոփոխության պատճառները տարբեր են՝ և՛ ներքին, և՛ արտաքին: Երբեմն արտաքին դերակատարների և միջազգային հանգամանքների պատճառով ենք կորցրել և ձեռք բերել տարածքներ:
1918 թվականի մայիս-հունիսին Հայաստանը հիմնադրվեց ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:
Վեց ամիս անց՝ 1918-ի նոյեմբերից, սկսվեց հանրապետության ընդարձակումը: Այն նախ և առաջ պայմանավորված էր նրանով, որ Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը սկսեց հեռանալ գրավյալ հայկական հողերից: 1919-ի գարնանը և ամռանը Հայաստանը էլ ավելի ընդարձակվեց, երբ, բրիտանական զորքերի օգնությամբ նաև, Հայաստանին միացվեցին Նախիջևանն ու Կարսը: Այսպիսով, հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց Հայաստանը տարածքով ընդլայնվեց գրեթե վեց անգամ:
Հայաստանը կարող էր է՛լ ավելի ընդարձակվել նույն այդ ժամանակահատվածում, եթե Արցախը ևս միացվեր Հայաստանին, սակայն նույն բրիտանացիները Արցախի և Սյունիքի հարցում այլ քաղաքականություն էին վարում և ամեն կերպ փորձում հայկական այդ երկու շրջանները միացնել Ադրբեջանին:
Սա օրինակներից մեկն է, թե ինչ ճակատագրական նշանակություն են ունենում մեծ տերությունները փոքր ժողովուրդների կյանքում՝ և՛ դրական, և՛ բացասական իմաստով:
1919-ի ամռանը Հայաստանի տարածքը փոքրացավ, երբ մենք չկարողացանք պահել Նախիջևանը: Այն գրավեցին թուրք-թաթարական ուժերը, իսկ արդեն 1921-ին այդ գրավմանը փաստաթղթային տեսք տվեցին ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները Մոսկվայում և Կարսում:
1920-ի ամռանը Հայաստանի տարածքը էլ ավելի նեղացավ, երբ ռուսները Հայաստանին ստիպեցին փաստաթուղթ ստորագրել և ժամակավորապես հրաժարվել Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի հանդեպ հավակնություններից: Նույն տարվա աշնանը սկսվեց քեմալականների հարձակումը արևմուտքից, և մենք կորցրեցինք Սարիղամիշը, Կարսը, Արդահանը, Սուրմալուն և Ալեքսանդրապոլը (Գյումրի): 1921-ի ապրիլին քեմալականները հեռացան Ախուրյանի մյուս ափը:
1920 թվականի օգոստոսից նոյեմբեր Հայաստանը կորցրեց իր տարածքի գրեթե կեսը:
Այսպիսով, 1918-ի կեսերին Հայաստանն ուներ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեկ տարի անց՝ գրեթե 60 հազար, իսկ 1920-ի ուշ աշնանը՝ մոտ 30 հազար: Ստատուս-քվոների այս փոփոխությունները, լինեն դրանք Հայաստանի օգտին կամ ի վնաս Հայաստանի, պայմանավորված են եղել ինչպես միջազգային իրադրությամբ և մեծ տերությունների թելադրանքով, այնպես էլ Երևանի վարած քաղաքականությամբ:
Եթե 1920-ի կեսերից թափ չառներ բոլշևիկ-քեմալական գործակցությունը, որի զոհերից առաջինը Հայաստանն էր, գուցե իրականություն դառնար հայկական երազանքը՝ Սևրը: Այդ շրջանում Հայաստանի սահմանները պետք է առավել ընդլայնվեին և հասնեին 160 հազար քառակուսի կիլոմետրի: Բայց այդպես չեղավ, իսկ Սևրի ստորագրումից ամիսներ անց Հայաստանը թուրքական ներխուժման և սպառնալիքների տակ հրաժարվեց Սևրից և ապա խորհրդայնացվեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:
Խորհրդային 70 տարիների ընթացքում Հայաստանի վարչական տարածքները գրեթե չփոփոխվեցին: Պատճառն այն չէր, որ հայերը չէին ուզում Արցախը կամ հայկական այլ շրջաններ, մասնավորապես՝ Կարսը, միավորված տեսնել Խորհրդային Հայաստանի հետ: Ավելին, հայերը հույս էին դրել Ստալինի վրա, որ նա Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Հայաստանին կմիացնի Կարսը: Խորհրդային Հայաստանը մի քանի փորձ արեց, որպեսզի Արցախը միացվի Հայաստանին, բայց չստացվեց, քանի որ դրան դեմ էին Մոսկվան և Բաքուն:
1991-ին Հայաստանն անկախացավ գրեթե 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Այսպես, Խորհրդային Հայաստանի գոյության յոթ տասնամյակների ընթացքում տարածքային կորուստներ և ձեռքբերումներ չունեցանք (բացառությամբ հայ-ադրբեջանական տարածքային փոքր փոխանակությունների, որոնք, ավելի հաճախ, ի վնաս մեզ էին), բայց այդ նույն ժամանակահատվածում ունեցանք բնակչության քառապատկում: Հենց այդ հայահավաքն էր նաև, որի շնորհիվ մենք կարողացանք ունենալ ազատագրական պայքար Արցախում:
88-ի Արցախյան շարժումը երեք տարի անց վերաճեց պատերազմի: Զինված հակամարտության տարիների ընթացքում տեղի ունեցան ստատուս-քվոյի բազմաթիվ փոփոխություններ՝ ի վնաս և հօգուտ հայերի: 1994-ի մայիսին հաստատվեց անժամկետ զինադադար, և հայկական բանակը կանգնեց 42 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա:
Ստատուս-քվոյի փոքր փոփոխություն տեղի ունեցավ 2016-ի ապրիլին, երբ ադրբեջանական բանակը կարողացավ գրավել երկու հողաշերտ Արցախի հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում՝ մոտ 800 հեկտար:
Պատմական այս համառոտ ակնարկը գրելու ընթացքում խուսափել ենք անուններ նշելուց, թե որ նախագահի կամ վարչապետի ժամանակ են ընդլայնվել Հայաստանի տարածքները և կամ որ նախագահների ու վարչապետների ժամանակ է Հայաստանը կորցրել տարածքներ: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմում հաղթում են պետությունները և ոչ ղեկավարները, որքան էլ անհատների դերը լինի առանցքային, երբեմն՝ ճակատագրական: Պատերազմում պարտվում են պետությունները:
Թաթուլ Հակոբյան
ՍիվիլՆեթ
aniarc.am/2019/01/25/status-quo-1918-2018-tatul-hakobyan-column/